Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թուրքիան նախագահական ընտրություններից առաջ և աշխարհաքաղաքական գործընթացներում

Թուրքիան նախագահական ընտրություններից  առաջ և աշխարհաքաղաքական գործընթացներում
17.06.2014 | 00:12

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIL) կազմակերպության ահաբեկիչ-վահաբիստների հարձակումը Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքի վրա, որին հաջորդեց Թուրքիայի դիվանագիտական ակտիվացումը միջազգային ասպարեզում, վերստին դիտորդների ուշադրությունը բևեռեց Թուրքիայի ներսում կատարվող իրադարձություններին և այն քաղաքականությանը, որ Թուրքիան փորձում է իրականացնել իր սահմաններից դուրս: Սեփական խնդիրների մեջ խեղդվող պետությունը հանկարծ հնարավորություն ստացավ իր մասին հիշեցնելու աշխարհին` պահանջելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ Մոսուլի պատճառով: Ինչպե՞ս չմտածես, որ ISIL խմբավորման (որը ահաբեկչություն է սփռում Սիրիայում և բացահայտորեն վայելում է ինչ-որ երկրների և հատուկ ծառայությունների աջակցությունը) գործունեության որոշ հովանավորներ վճռել են Իրաքի հյուսիսի վրա ահաբեկիչների հարձակում կազմակերպելով «օգնել» Թուրքիային` վերադարձնելու դիրքերը միջազգային ասպարեզում: Չէ՞ որ Անկարայի դիրքերը Սիրիայի և, իհարկե, հայկական Քեսաբի պատճառով էականորեն թուլացան, առավել ևս Սիրիայի նախագահական ընտրությունների անցկացումից հետո:
2013-ից նույնիսկ Հայաստանում, վերջապես, «բացահայտեցին», որ ժամանակակից Թուրքիայի` ԱՄՆ-ի կողմից խրախուսվող նեոօսմանիզմի քաղաքականությունը ձախողվել է: Նախ և առաջ այն պատճառով, որ ամերիկացիները և թուրքերը պատրաստվում էին «մոդեռնացնել» Թուրքիան` հարևան բոլոր երկրներին ու ազգերին ճնշելու հաշվին: Բայց ձախողումը սկսվեց Սիրիայից և դարձավ անդառնալի, որովհետև Հյուսիսային Սիրիայում թուրքական ներգործությանն ու ներկայությանը ընդդիմացան սիրիահայերն ու քրդերը: ԱՄՆ-ը առավել հաճախ է դժգոհում Թուրքիայի մոդեռնացման դանդաղումից ու շրջակա տարածքներում խաղացած դերից և չի բացառում, որ «մայդանացման» գլխավոր թեկնածուն (ՈՒկրաինայից հետո) դառնա հենց Թուրքիան, ընդ որում` «չափավոր իսլամիստների» հակառակորդները պատրաստ են, ԱՄՆ-ի համակողմանի օգնությանը զուգահեռ, օգտագործել չնչին պատրվակներ` նախաձեռնելու քաղաքական ընդվզումների հերթական ալիքը: Այդ փաստարկների ցուցադրումն ու հալածանքներն էին, որ սկսեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Նուրչուլար» օրդենի և նրա գաղափարական առաջնորդ Ֆեթուլա Գյուլենի դեմ, որ վայելում է ԱՄՆ-ի ու Իսրայելի հատուկ ծառայությունների հովանավորությունը, և հասարակության ելույթները Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակի Գիզայի պուրակի առիթով (2013-ի մայիս և հետագա ամիսներ, մինչև 2014-ի ձմեռ-գարուն): Ընդ որում` «Գիզայի պուրակի համար» ելույթները, և նույնիսկ Youtube-ում տեսաձայնագրության արտահոսքի կազմակերպումը, թե ինչպես են Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունն ու զինվորականները ծրագրում ներխուժել Սիրիա (հայկական Քեսաբի ողբերգության օրերին), շատերը վերագրեցին հենց Գյուլենին և նրա կողմնակիցներին:
Բայց վերհիշեցնենք. Ֆեթուլա Գյուլենը և «Նուրչուլար» օրդենը չեն կարող ընկալվել իբրև ինքնուրույն քաղաքական խաղի գործոններ, որովհետև նրանց թիկունքում ԱՄՆ-ն է (իսկ չբարձրաձայնված` Իսրայելը), որտեղ էլ Գյուլենը հիմնավորվել է վերջին տարիներին: Մի քանի երկրներում, այդ թվում` Ռուսաստանում, «Նուրչուլարը» արգելված է իբրև տոտալիտար և ահաբեկչությանը նպաստող, արմատական, հանցավոր կազմակերպություն: Հիմա «Նուրչուլարի» սկզբնական կառույցներն արմատախիլ են արվում Ռուսաստանին միացած Ղրիմում, երկար տարիներ ՈՒկրաինայի իշխանությունները բացահայտ խրախուսել են Ղրիմի պանթուրքիստներին ու պանիսլամիստներին:
Թուրքիան, այնուհանդերձ, շարունակում է պատրաստվել հերթական ընտրական գործընթացին: Գործնականում ոչ ոք չի կասկածում, որ վարչապետ Էրդողանը անպայման կփորձի դառնալ Թուրքիայի նախագահ: Իհարկե, Հայաստանի բնակչության տարբեր խավեր կարող են ձևացնել, որ Թուրքիայի հետագա ճակատագիրը և հարաբերություններն արտաքին աշխարհի հետ իրենց ընդհանրապես չեն վերաբերում: Եվ կարող են շարունակել այս ու այնտեղ հայտարարել, որ, իբր «Թուրքիան չէ հայերի թշնամին» կամ «եթե մեզ ԱՄՆ-ը խորհուրդ է տալիս հաշտվել Թուրքիայի հետ, դա լավ է ու հօգուտ հայերի է»: Վերջին՝ նվազագույնը 99 տարիների ողբերգական փորձը համոզում է հակառակը: Հիմա այն պահն է, երբ Թուրքիայի և նրա շրջակայքի իրադարձությունների հետևողական ուսումնասիրությանը զուգահեռ, հայերիս կարի անհրաժեշտ է հիշել այն, ինչ անկեղծորեն խոստովանել է ԱՄՆ-ի Անդրկովկասի և ամբողջ Կովկասի գծով ռազմավարության «նախագծողներից» մեկը: Այս տարվա մարտի 20-ին Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ամերիկյան խորհրդի ավագ վերլուծաբան ՈՒեյն Մերին Երևանում «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում: Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» կոնֆերանսում հստակ և անսակարկ բոլորին հայտարարեց, որ միայն ու միայն Թուրքիան է Կովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի միակ անդամը և ԱՄՆ-ի միակ դաշնակիցը աշխարհի այդ մասում: Ընդ որում, ԱՄՆ-ի ներկայացուցիչն ընդգծեց, որ «դաշնակիցներ» է համարում ալյանսի անդամ երկրներին, տվյալ դեպքում` ՆԱՏՕ-ի: «ԱՄՆ-ի համար Թուրքիայի դերը Կովկասում մեծանում է, ընդ որում, շատ ավելի դինամիկ, քան 10-15 տարի առաջ: Վաշինգտոնի համար Անկարայի կարևորության աստիճանը հետո էլ մեծանալու է: Այսօր ոչինչ ավելի ակտուալ չէ, քան Թուրքիայի կողմից մշտական կապերի պահպանման անհրաժեշտությունը տարածաշրջանային բոլոր պետությունների հետ, մասնավորապես, Իրանի և Ռուսաստանի: Թուրքիան պետք է նորմալ դիվանագիտական և տնտեսական կապեր պահպանի Հարավային Կովկասի երեք պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ»,- հայտարարեց Մերին` հավելելով, որ ինքն անձամբ, լինելով «ոչ վերջին մարդը, որ ներգրավված է Հարավկովկասյան երեք պետությունների` ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ծրագրի ներգրավման մեջ», հանդես է գալիս հօգուտ Անդրկովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի դերի մեծացման: Ամերիկացի փորձագետն առանձնակի անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ընդգծելով, որ այդ հարաբերությունների նորմալացումը ԱՄՆ-ի համար իրադարձությունների ամենաօպտիմալ զարգացումն է: «Վաշինգտոնում ոչ ոք չի ժխտում, որ իրադարձությունների զարգացման տարբերակներից ամենադրականը Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նորմալացումն է, վաղուց ժամանակն է»,- ասել է Մերին: Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի ավագ վերլուծաբանը նշել է, որ ամերիկացիները հիմնականում հիասթափված են տարածաշրջանից, իսկ ինքը գործ ունի Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի այն ներկայացուցիչների հետ, «ովքեր դեռ չէին ծնվել, երբ ես առաջին անգամ այցելել եմ այդ երկրները»:
Այլ խոսքով, Հայաստանի և հայերի համար (այդ թվում` Սիրիայի ու Միջագետքի) ԱՄՆ-ի վերաբերմունքը Թուրքիայի և հայերի նկատմամբ հիշելն առաջնահերթ խնդիրներից մեկն է: Հիշել և չմոռանալ, որ հենց Թուրքիայի միջոցով էին ամերիկացիները երկար տարիներ իրականացնում ու շարունակում են իրականացնել հակահայկական ծրագրեր: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված Թուրքիայում ծավալվող բոլոր իրադարձությունների, Թուրքիայի սահմաններից դուրս ձեռնարկվող բոլոր ակցիաների ու քայլերի, ինչպես նաև այլ երկրների` Թուրքիային ուղղված բոլոր ակցիաների ու քայլերի մանրազնին ուսումնասիրության անհրաժեշտությունը: Այս հրապարակման շրջանակներում ես չեմ ցանկանում ընթերցողներին երկար բացատրել` ինչ է Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհուրդը և ինչ վիթխարի ներդրում ունի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ձևավորման գործում: Փառք Աստծո, կա ինտերնետ, ով հետաքրքրվում է, ինքնուրույն կարող է ամեն ինչ պարզել ու ճշտել, այդ թեմայով նյութերը շատ են: Բայց ընթերցողի ուշադրությունն եմ ուզում բևեռել ՈՒեյն Մերիի թուրքամետ հայտարարության հետևյալ կետերի վրա. 1) Նա խոսում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին` ոչ մի բառ չասելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է ճնշում գործադրելու Անկարայի վրա հայերի ցեղասպանության ճանաչման հարցում: 2) Նա ասում է, որ ԱՄՆ-ը հետագայում էլ Կովկասի հարցում իր քաղաքականության մեջ պատրաստվում է հենվել Թուրքիայի և միայն Թուրքիայի վրա, միայն Թուրքիան է դիտարկվում իբրև հիմնական պատնեշ Ռուսաստանի և Իրանի շահերի դեմ Անդրկովկասում: Ահա ում օգտին են «աշխատում» Երևանում խրամատավորված ամերիկամետ տրամադրված Հայաստանի քաղաքացիները, ահա ինչ գաղափարի համար են «գործում», երբ հաջորդաբար բարձրացնում են հակառուսական պրոպագանդայի ու ագիտացիայի ալիքներ: Նրանք ԱՄՆ-ի համար չեն աշխատում, նրանք աշխատում են ԱՄՆ-ի հենարան Թուրքիայի ուժեղացման օգտին: Ընդհանուր առմամբ այդ տեսքն ունի ազգային դավաճանությունը, որ ժողովրդի մասին էլ խոսենք։
Հասկանալի է, որ ներքին քաղաքականության մեջ ամերիկացիները հիմա աշխատում են հերթական կեղծ-ընդդիմություն ստեղծելու վրա: Այդ դերի համար են «Նուրչուլար» օրդենը և նրա գաղտնի առաջնորդ Ֆեթուլա Գյուլենը, որ երկար տարիներ սնուցվել են ԱՄՆ-ի բյուջետային միջոցներից: Իշխող «չափավոր իսլամիստներն» էլ` Էրդողանի ղեկավարությամբ, ԱՄՆ-ի դրածոն են, նրանցով ամերիկացիները փոխարինեցին նախկին իսլամիստական «Ռեֆախ» կուսակցությանը, հրաման տալով թուրք զինվորականներին (1996-97 թթ.) ձերբակալել և բանտարկել «Ռեֆախի» առաջնորդ Նեջմեթին Էրբաքանին: Այն ժամանակ՝ 90-ականների երկրորդ կեսին, քաղաքական դաշինք էր ձևավորվում «Ռեֆախի» և Ալփարսլան Թուրքեշի թուրքական ուլտրաազգայնականների միջև «Բոզ քուրդից» («Գորշ գայլեր»): Բայց Թուրքեշը «հանկարծամահ եղավ» ճիշտ ժամանակին, թե չէ նա պատրաստվում էր ՀՀՇ-ի և ՀՀՇ-ական վարչակարգի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով Երևան գալ: Էրբաքանը ռեպրեսիաների ենթարկվեց, Գյուլենը, որ այն ժամանակ «օրհնել էր» «Ռեֆախի» ու «Բոզ քուրդի» սպասվող դաշինքը, բարեհաջող խուսափեց ձերբակալությունից ու հայտնվեց… ԱՄՆ-ում, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հովանու ներքո:
Այնուհանդերձ, Թուրքիայի ամբողջ ներքաղաքական գունապնակն այսքան պարզ չէ: Անկարայի արտաքին քաղաքականությունն էլ հարկադրված բազմապլան ու բազմերանգ է: Կա և ԱՄՆ-ի ձեռքից չկերակրվող ընդդիմություն, կան էթնիկ և կոնֆեսիոնալ փոքրամասնություններ: Հասկանալի է, որ ամերիկացները ջանում են հնարավորինս վերահսկել մեծ թվով քաղաքական գործիչների, զինվորականների, հետախույզների և այլոց: Նույնը վերաբերում է էթնիկ և կոնֆեսիոնալ համայնքներին: Ահա ինչու երբ հայտնվեց հերթական առիթը` Սոմայի հանքահորի ողբերգությունը բազմաթիվ զոհերով, անմիջապես համարյա ամբողջ Թուրքիայում կտրուկ սրվեց քաղաքական վիճակը: Մայրաքաղաքում ու Ստամբուլում նույնիսկ բախումներ եղան բողոքավորների ու ոստիկանների միջև: Եղան զոհեր ու վիրավորներ: Իսկ հունիսի 7-ին նույնիսկ ոմն 32-ամյա քաղաքացի Ստամբուլում մունիցիպալ նոր շենքի բացման արարողության ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ ձեռարկեց: Ճիշտ է, հետո միջադեպը ներկայացվեց վարչապետին «վախեցնելու ցանկություն», այլ ոչ մահափորձ, և ասվեց, որ մահափորձ ձեռնարկողը «կապված չէ երկրի բողոքող կամ ընդդիմադիր որևէ կազմակերպության հետ»: Այդ դեպքում ինչո՞ւ ձերբակալվածի անունը չի հրապարակվում: Թող խելագար անվանեին, բայց անուն-ազգանունով: Իզուր չէ, որ Սոմայի իրադարձությունների պատճառով ժողովրդի ու իրավապահների բախումների և հունիսի 7-ի մահափորձից հետո Էրդողանը հանկարծ… խոսեց Թուրքիայում պետական հեղաշրջման սպառնալիքի մասին: Եվ ասաց, թե ինքը բնավ չի կասկածում, որ պետական հեղաշրջման դեպքում իրեն ու իր ընտանիքին ֆիզիկապես կոչնչացնեն:
Ժամանակը ցույց կտա` ինչ կա վարագույրի հետևում. լիովին ամերիկամետ «չափավոր իսլամիստ» Էրդողանի փո՞րձն է ավելի «ձգել պտուտակները» և խստացնել ճնշումները, Գյուլենն էլ, ասում են, ոչ այն է` տնային կալանքի տակ է, ոչ այն է` նորից արտաքսված է Թուրքիայից, կամ էլ՝ Գյուլենի հետ կապված իրավիճակի պատճառով Էրդողանը լրջորեն զգուշանում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է իրեն զոհաբերելու: Իսկ ի՞նչ: Սիրիայում թուրքերը տանուլ տվեցին, նշանակում է տանուլ տվեց ԱՄՆ-ը: Թուրքիային չհաջողվեց «մաքրել» Սիրիայի հյուսիսը հայերից ու քրդերից, Թուրքիայի հովանավորած օտարերկրյա վարձկաններին չհաջողվեց գրավել ո՛չ ալավիների Լաթաքիան, ո՛չ կիսաքրիստոնեական Հալեպը, ո՛չ ռազմավարական կարևորության Հոմսը: Պարտավոր են, չէ՞, ամերիկացիները կոնկրետ մեկին «պատժել» իրենց ռազմավարական ծրագրերի ձախողման համար Մերձավոր Արևելքում: ՈՒստի բացառված չէ, որ պետական հեղաշրջման ու իր կյանքի դեմ սպառնալիքի մասին ռեպլիկով Էրդողանը ոչ միայն իր ու Թուրքիայի մասին տեղեկատվության արտահոսք թույլ տվեց, այլև տարածաշրջանում ու Անդրկովկասում ԱՄՆ-ի ծրագրերի: Նաև «մեսիջ» ուղարկեց այն երկրներին, որ շարունակում են, մի կողմից զգուշավոր նայել Թուրքիային ու նրա ղեկավարությանը, իրավացիորեն Անկարան համարելով ամերիկյան քաղաքականություն վարող երկիր, մյուս կողմից չեն դադարում Թուրքիային «փաղաքշելուց»` փորձելով կամ ապակողմնորոշել, կամ չեզոքացնել, կամ «իրենց կողմը քաշել»: Խոսքը, հարկավ, Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի մասին է, որ բոլորովին վերջերս սկսել են դոլարից ձերբազատվելու բավականին հետաքրքիր ռազմավարական նախագիծ, համենայն դեպս Եվրասիական տարածքում: Եվ տեսնում ենք, որ անակնկալ Անկարա են ուղևորվում… Նուրսուլթան Նազարբաևն ու Իլհամ Ալիևը: Պետք չէ կարծել, թե ղազախն ու ադրբեջանցին նետվեցին Անկարա` «հաշվետու լինելու» Աստանայում Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մասին, որ ահա, իբր, «տեղը դրեցինք» Սերժ Սարգսյանին: Ամեն ինչ ավելի բարդ է, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը կարծես թե «կանչում է» Թուրքիային ու Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միություն, իսկ Ադրբեջանը կտրուկ հայտարարում է, որ մտադրություն չի ունեցել ու չունի որևէ մեկին միանալու, քանի որ «կա Թուրքիա»:
«Թուրքական միության» կողմնակիցների անհանգստությունը կապվա՞ծ է Էրդողանի պետական հեղաշրջման սպառնալիքի տագնապի, Թուրքիայում սկսվող ընտրական գործընթացների ու ԱՄՆ-ի ծրագրերի հետ` հետագայում օգտագործելու Անկարային Կովկասում ու Միջին Ասիայում իր ծրագրերում: Մեր կարծիքով` այո: ՈՒեյն Մերին բառացիորեն սառը ջուր լցրեց Հայաստանի հասարակության վրա մարտի 20-ին, բայց նրան պետք է շնորհակալություն հայտնել, որ նա փորձեց ներշնչել մեր տնաբույծ ամերիկամետներին, որ ոչ մի Հայաստան ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերում չի եղել, չկա ու երբեք չի լինի: Համենայն դեպս, 50-100 տարվա հեռանկարում: Բայց զարմանալի չէ, որ միաժամանակ այս ամենի հետ թուրքերը խստացրին ճնշումները քրդերի ու ձախ քաղաքական ուժերի դեմ: Միայն մայիսի 26-ին Ստամբուլում թուրքական ոստիկանությունը ձերբակալեց 38 քրդերի: Իսկ զուգահեռ Էրդողանը ուժեղացնում է «թուրքական համերաշխությունը», ընդ որում, ոչ միայն Ղազախստանի ու Ադրբեջանի հետ, այլև չեզոք Թուրքմենստանի: Մայիսի 27-ին թուրքերը վերստին փորձեցին «խցկվել» արցախյան խնդրի կարգավորման գործընթաց. ընթերցողներին առաջարկում եմ վերհիշել Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը: Թուրքիան ուզում է «մեկ ոտքի տեղ ապահովել ավտոբուսի ոտնակի վրա» և Ղրիմի հարցում, ավելի ճիշտ` Ղրիմի թաթարների խնդրի շրջանակներում: Թուրքիան ակտիվացել է նաև Մոլդովայում ու ռուսական Մերձդնեստրում: Ո՞վ է հրահանգել Թուրքիային սկսել համաժամանակյա ու ընդգծված հակառուսական քայլեր, եթե ոչ ԱՄՆ-ը: Այս եզրակացությունն ինքնին է ծագում, իհարկե, ևս մեկ անգամ կրկնեմ, եթե Էրդողանի «երկակի խաղը» չէ արդեն ԱՄՆ-ի նկատմամբ, վախենալով, որ ամերիկացիները պատրաստ են ռեալ պետական հեղաշրջում նախաձեռնել ու զոհաբերել իրեն:
Ապրիլ-հունիսյան ներքաղաքական բոլոր ընդվզումների մասին մենք չենք կարող իմանալ: Բայց եթե նույնիսկ իմանայինք, հազիվ թե ի վիճակի ենք ընդգրկել թուրքական ներքին խնդիրներն ու մարտահրավերները ողջ խորքով մեկ հրապարակման շրջանակներում: Դե, օրինակ, մայիսի 30-ին Անկարայում զանգվածային սոցիալական բողոքի ակցիա էր իսլամիստների վարած «աշխատատեղերի սեփականաշնորհման» քաղաքականության դեմ: Ելույթներն այնքան սուր էին, որ իշխանությունները նորից ուղարկեցին ոստիկանությանը ցուցարարներին ցրելու: Նորից ձերբակալվածներ, վիրավորներ: Երկիրը բացահայտորեն հիվանդ է: Հավելեք, որ մայիսի վերջին Արևմտյան Հայաստանի քրդաբնակ շրջաններում ևս իրավիճակը անակնկալ սրվեց: Հունիսից Արևմտյան Հայաստանում սկսվել ու չեն դադարում բախումները քրդերի ու անվտանգության ուժերի միջև: Օրինակ, ինչպես հաղորդել է թուրքական «Hurriyet Daily News»-ը, հինգ թուրք զինվորական վիրավորվել է ժանդարմների ու քուրդ ցուցարարների բախումների ժամանակ, որոնք բողոքում էին անվտանգության ուժերի պահակակետերի շինարարության դեմ հարավ-արևելյան Դիարբեքիր նահանգում հունիսի 4-ին: Այդ նահանգի Լիջի շրջանում լարված իրավիճակ է մայիսի 31-ի բախումներից հետո, երբ երեք զինվոր վիրավորվեց: Ցուցարարները, որոնց շարքերում ենթադրաբար կան Հայրենասիրական հեղափոխական երիտասարդության շարժման (YDG - H), որ կապված է Քրդստանի Աշխատավորական կուսակցության հետ (PKK), անդամներ, հունիսի 4-ին փակեցին Դիարբեքիրը Բինգյոլին միացնող ճանապարհը: Հաղորդվեց, որ ցուցարարները ճանապարհին փոսեր էին փորել` կաթվածահար անելով երթևեկությունը: Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ կիրառեց և ջրցան մեքենաներ դուրս բերեց ցուցարարների դեմ, ի պատասխան նրանք անվտանգության ուժերի վրա ֆայերներ ու ճայթռուկներ նետեցին, հաղորդում է «Dogan» գործակալությունը: Վիրավոր հինգ զինվորները հիվանդանոց տեղափոխվեցին, միջադեպի վայր եկան ճանապարհաշինարարները՝ վերականգնելու երթևեկը: Համանման բախումներ եղան ոստիկանների ու ցուցարարների միջև, որ երկու օր փակել էին Բինգյոլ-Մուշ ճանապարհը` ևս մեկ ռազմական պահակակետի շինարարության դեմ ընդվզելով: Մասնավորապես` բողոքի ակցիային Կարգապազար գյուղի մերձակայքում մասնակցում էր 1000 ցուցարար: Վերջին տեղեկությունները վկայում են, որ Արևմտյան Հայաստանում քրդական խմորումները չեն հանդարտվել: Ավելին` արդեն խլրտումներ են սկսվել ալավիներով բնակեցված Կիլիկիայում: Հիշելով, որ ալավիների նշանակալից մասը Թուրքիայում հենց քրդերն են, դժվար չէ կռահել, որ քրդերի ու ալավիների սկսած գործընթացները Արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում լիովին կարող են փոխկապակցված լինել:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ