Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Յոզեֆ Մարկվարտը ցեղասպանության մասին

Յոզեֆ Մարկվարտը ցեղասպանության մասին
17.06.2014 | 12:06

Երբ է կայացվել Հայոց ցեղասպանության որոշումը և ում կողմից

Ֆրանսաբնակ պատմաբան Արթուր Բեյլերյանը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության արխիվում հայտնաբերել է մի փաստաթուղթ, ըստ որի 1915 թ. հունվարի սկզբին տեղի է ունեցել հույժ գաղտնի մի ժողով, որին մասնակցել են 5 հոգի` Թալեաթը, դոկտոր Բեհաեդդին Շաքիրը, Կոստանդնուպոլսի քաղաքագլուխ Իսմայիլ Ջանբոլաթը, դոկտոր Նազըմը և ռազմական նախարարության քաղաքական բաժնի փոխտնօրեն գնդապետ Սեյֆին: Երկարատև քննարկումից հետո ժողովն ընդունում է այսպես կոչված «10 հրահանգ», որի բովանդակությունը հետևյալն է.
«1. «Միություն և առաջադիմություն» կոմիտեի երրորդ և չորրորդ հոդվածների հիման վրա արգելել բոլոր հայկական միությունները, ձերբակալել այն հայերին, ովքեր հակակառավարական գործունեություն են ծավալել, աքսորել նրանց այնպիսի գավառներ, ինչպես Բաղդադ կամ Մոսուլ, և ոչնչացնել նրանց ճանապարհին կամ նշանակման վայրը հասնելուց հետո:
2. Բռնագրավել զենքերը:
3. Գրգռել մահմեդական հասարակությանը այն մեթոդներով, որոնք կիրառվել են այնպիսի նահանգներում, ինչպես Վանը, Էրզրումը կամ Ադանան, որտեղ հայերը իրենց դեմ հարուցեցին մահմեդականների ատելությունը, և առաջ բերել կազմակերպված ջարդ։
4. Այդ բանն իրականացնելու համար հիմնվել Էրզրումի, Վանի, Մամուրեթ-ուլ-Ազիզի (Խարբերդի- Խ.Դ.) և Բիթլիսի նահանգների բնակչության վրա և օգտագործել կարգի պահպանության զինված ուժերը (ինչպես, օրինակ, ոստիկանությունը¤, այն հաշվով, որ դա կրի ջարդը դադարեցնելու բացահայտ բնույթ, և, ընդհակառակը, այդ նույն ուժերը ներգրավել մահմեդականներին ակտիվ օգնություն ցույց տալու համար այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Ադանան, Սվազը, Բրուսան, Իզմիթը և Իզմիրը:
5. Միջոցներ ձեռնարկել ոչնչացնելու համար մինչև 50 տարեկան բոլոր տղամարդկանց, քահանաներին և դպրոցական ուսուցիչներին. օրիորդներին ու երեխաներին թույլ տալ ընդունել իսլամի դավանանքը:
6. Տեղահանել այն ընտանիքներին, որոնց ավագներին կհաջողվի փրկվել և այդպիսով խզել նրանց բոլոր կապերը հայրենի երկրի հետ:
7. Վկայակոչելով այն, որ հայ ծառայողները կարող են լրտեսներ լինել, հեռացնել նրանց բոլոր պաշտոններից ու դիրքերից և բացարձակապես հեռացնել նրանց բոլոր այն հիմնարկներից, որոնք ենթարկվում են պետական կառավարմանը:
8. Հարմար մեթոդներով ոչնչացնել բանակում ծառայող բոլոր հայերին` այդ գործը հանձնարարելով զինվորականներին:
9. Ամենուրեք գործողությունն սկսել միաժամանակ, այն հաշվով, որ ժամանակ չտրվի պաշտպանական միջոցներ ձեռնարկելու համար:
10. Հետևել այդ հրահանգների խիստ գաղտնի բնույթին, որոնք չպետք է հայտնի լինեն ավելի քան երկու կամ երեք անձանց»:

«Այժմ մենք պետք է ազնվորեն հետևություն անենք...»

Յոզեֆ Մարկվարտ (1864-1930), հայոց պատմության մասնագետ, Բեռլինի համալսարանի
հայագիտության ամբիոնի վարիչ

. Ոչինչ այնքան սխալ չէ, այնքան անհարիր ճշմարտությանը, որքան հաճախ կրկնվող այն պնդումը, թե հայերը թուրքական գերիշխանության ներքո մինչև 1878 թ. իրենց շատ լավ էին զգում և թուրքերի հետ հաշտ էին ապրում: Բավական է մի հայացք ձգել հայ վարդապետ Առաքել Դավրիժեցու պատմության վրա, գաղափար կազմելու համար, թե ինչ ձևով էին վարվում օսմանցիները հայերի և ընդհանրապես քրիստոնյաների հետ տակավին XVII դարում:
. Գրեթե որպես հրաշք պետք է դիտել այն իրողությունը, որ չնայած թուրք պաշտոնյաների կամայականությանը, կյանքի, պատվի և ունեցվածքի ապահովության կատարյալ բացակայությանը, 19-րդ դարում դեռ կարելի է հանդիպել հայերի, որոնք կենդանի են մնացել:
. Խորամանկ Աբդուլ-Լայինը (Աբդուլ Համիդը) հորինեց մի շատ արդյունավետ միջոց` կազմակերպելով քրդերին համիդյան հեծելազորում: Այդ եղանակով պաշտոնապես հիմք դրվեց քրիստոնյաների առավել դաժան ճնշմանը:
. Այո, մեզ հարկ եղավ տեսնելու, ամոթն ու զայրույթը մեր սրտերում, թե ինչպես քրիստոնյա ողջ Եվրոպայում և ոչ մի ձեռք չբարձրացավ` պատժելու համար այդ հանցագործությունները, որոնց արձագանքը մինչև երկինք էր հասնում:
. Գերմանական կառավարությունն իր վրա անջնջելի ամոթի մի հետք կթողնի այն բանի համար, որ այդ պահին արգելեց հանգանակություն անցկացնել սպանդի զոհերի օգտին... Այդ իրադարձություններից անմիջապես հետո Վիլհելմ Կալիգուլան իր նկարն ուղարկեց իր բարեկամ Կարմիր սուլթանին:
. Նույնիսկ Սահմանադրության հռչակումից հետո օսմանյան քաղաքականության նշանաբանը մնում էր նույնը. «Երբ հայեր այլևս չեն լինի, չի լինի նաև հայկական հարց»: Ադանայի սարսափելի կոտորածները ցույց տվեցին, որ երիտասարդ թուրքերը, որոնք այնքան տարօրինակ ձևով Եվրոպայի հասարակական կարծիքի առջև իրենց համար ազատամիտ գործիչների համբավ էին ստեղծել, իրենց կամայական դաժանությամբ ոչնչով չէին զիջում մեծ դահիճ Աբդուլ Համիդին:
. Ոչ մի կասկած չկա, որ օսմանյան կառավարությունը համաշխարհային պատերազմի մոտեցումը գնահատեց որպես առավել բարենպաստ մի պահ երկար ժամանակ իր փայփայած նախագիծը կյանքում կիրառելու համար: Ջիհադը` ի պատիվ ալլահի կատարվող սպանությունն ու կողոպուտը, մեղմ ասած` այդ «սրբազան պատերազմը», որը Թուրքիան հայտարարեց գերմանական կառավարության հրահրմամբ կամ համենայն դեպս նրա հավանությամբ..., միայն այն հետևանքն ունեցավ, որ թուրքերին հնարավորություն ընձեռեց ավելի հեշտությամբ իրականացնելու իրենց ծրագիրը` Արևելքի բոլոր քրիստոնյաների և, հատկապես, հայերի գրեթե լրիվ ոչնչացումը:
. Արդարացնելու համար մահմեդականների ձեռնարկած սատանայական միջոցառումները հանդեպ մի ժողովրդի, որի միակ մեղքն այն էր, որ չէր ցանկանում հօգուտ իսլամի հրաժարվել իր ազգությունից ու իր նախնիների քրիստոնեական հավատից, գերմանական մամուլը անտեղյակ քաղքենուն հեղեղեց զրպարտիչ լուրերով, որոնք մասամբ գալիս էին թուրքական աղբյուրներից, մասամբ էլ այդ նույն մամուլի հորինած կեղծիքն էին: Հայերը ներկայացվում էին ամենամռայլ գույներով, սոսկ որպես չարչիների և ըմբոստ վաշխառուների մի խառնամբոխ, մինչդեռ «օսմանյան փառապանծ դաշնակիցները», ինչպես Բալկանյան պատերազմների ժամանակ, երկինք հանվեցին իրենց կարծեցյալ խիզախության համար:
. Մինչև 1918 թվականի հոկտեմբերը կառավարությունը խստիվ արգելել էր հայանպաստ ամեն մի տեղեկություն` լիներ դա առանձին հոդվածների ձևով մամուլում կամ բրոշյուրներում, թուրքական հերյուրանքների ամեն մի ուղղում, որը կարող էր հասարակայնության աչքերը բացել և ցույց տալ, թե ինչ է կատարվում իրականում: Հայերի նկատմամբ կիրառվող գազանությունների վերաբերյալ երբեմն ներթափանցող լուրերը ներկայացվում էին որպես մեր թշնամիների չար դիտավորություններ:
. Ռայխստագի վրա ընկնող պատասխանատվությունը նվազ ծանր չէ. բրոշյուրներով ու բանավոր հաղորդումների միջոցով նա ստույգ տեղեկություն ուներ այն մասին, թե ինչ էր տեղի ունենում իրականում և ցանկացած պահի կարող էր կառավարությունից լրացուցիչ բացատրություն պահանջել: Չնայած այդ բանին, բացառությամբ երեք անկախ սոցիալիստների` Լիբկնեխտի, Լեդեբուրի և Հաազեի ելույթների, Ռայխստագը համառ լռություն պահպանեց:
. Թուրքասեր քաղաքականության ներկայացուցիչները նորմալ են համարում XX դարում`
1. Բազմաթիվ քրիստոնյաներին մահմեդականություն պարտադրելը, ոչնչացնելը կամ քրիստոնեական հարյուրավոր եկեղեցիներն ու վանքերը մզկիթների վերածելը:
2. Հազարավոր քրիստոնյա կանանց ու աղջիկներին անարգելը և թուրքական հարեմներին նրանց վաճառելը:
3. Հազարավոր տներ ու քրիստոնեաբնակ գյուղեր քարուքանդ անելը` կողոպուտի ու թալանի տալով բնակիչների սեփականությունը և բռնագրավելով նրանց հողերը` մահմեդականներին հանձնելու համար:
4. Առանց տարիքն ու սեռը հաշվի առնելու մեկ միլիոն 300 հազարից ավելի քրիստոնյաների սպանելը, ոչ թե սովորական կռվում ընկած թշնամիների կամ ժողովրդական հուզումների ժամանակ սպանված խռովարարների, այլ զոհերի, որոնց կառավարության հրամանով ու նախօրոք կազմած ծրագրի համաձայն, սառնասրտորեն կոտորել են, մյուսներին քշել դեպի անապատ` այնտեղ քաղցից ու հիվանդություններից մահանալու: Եվ այս ամենը լոկ այն բանի համար, որ նրանք քրիստոնյա էին և ամենևին չէին ցանկանում դառնալ թուրք կամ մահմեդական...
. Այժմ մենք պետք է ազնվորեն հետևություն անենք փաստերից ու եռանդուն կերպով գործի անցնենք` մեր ուժերի ներածի չափով քավելու դաժան հանցագործությունները, որ օգնել ենք կատարելու:
Ամենից առաջ պետք է գերմանական կառավարությունից պահանջել, որ նա անհապաղ հանձնի Էնվեր փաշային ու Թալեաթ փաշային` զանգվածային սպանությունների հեղինակներին... Նրանք պետք է հանձնվեն ոչ թե թուրքական նոր կառավարությանը, այլ Հայկական Հանրապետությանը կամ Անտանտին այն հաշվով, որ նրանց դատի միջազգային դատարանը:

Բեհաեդդին Շաքիր


Մենք` հեղափոխականներս, հանուն թուրք ազգի օսմանյան պետությունը ազգային սկզբունքների վրա հիմնելով, «Միության և առաջադիմության» իշխանությունը հաստատեցինք: Մենք մեր ազգային մշակույթում միայն թուրք սերմի աճը կարող ենք թույլատրել և մենք պարտավոր ենք մեր հայրենիքը մաքրել հնուց մնացած ազգերից` անհարազատ և վնասակար խոտերի նման արմատախիլ անելով նրանց: Այս է մեր հեղափոխության նպատակն ու նշանաբանը: Սրա համար էր, որ մենք «Իթթիհաթ վե թերաքիի» իշխանությանը «Նոր Թուրքիայի կառավարություն» տիտղոսը տվեցինք և օսմանցի անվան արժեքը զրոյի իջեցրինք: Արդարև, ի՞նչ իմաստ կարող էր ունենալ օսմանցի բառը... ի՞նչ կարող է ավելանալ Օսմանի անվան հետ կապված պետության մշակույթում: Դերվիշների նման, զանազան ազգությունների թափառականները` ապավինելով Օսմանի անվանը, տարօրինակ մի խառնուրդ են կազմել: Տեսականորեն ու գիտականորեն սրան չի կարելի պետություն անվանել, այն նմանվում է Օսմանից իր զավակներին ժառանգած ընդարձակ մի կալվածքի: Զանազան տարրերից բաղկացած օսմանյան խառնուրդը չի կարելի ընդունել որպես ազգային մարմին, այն հիշեցնում է մի ագարակի մեջ հավաքված ընտանի կենդանիների: Հույն, հայ, բուլղար, բոշնակ, փոմաք, սերբ, առնաուտ, քուրդ, չերքեզ, արաբ, վրացի, լազ, այս զանազան տարրերը օսմանցի անվան տակ իբր թե մի զանգված են կազմել: Անհրաժեշտ է փոխել այս համոզումը: Ինչպես որ մի ագարակում սագը, բադը, հավը, ոչխարը, այծը, կովը, եզը, գոմեշը, ձին մնացել են նույնը, առանց տեսակը փոխելու, նույն ձևով էլ մեր հայրենիքում մնացել են հույնը, հայը, բուլղարը, բոշնակը, փոմաքը, սերբը, առնաուտը, չերքեզը, վրացին, արաբը, քուրդը` պահպանելով իրենց ազգությունն ու լեզուն: Առիթը ներկայանալուն պես նրանք անջատվել են` փշրելով թուրքին ու գրավելով նրա երկիրը: Ահավասիկ ռումինացիները, սերբերը, բուլղարները և ամենավերջինը` առնաուտները... Եթե Մովսեսի նման մի թշվառական, Հիսուսի նման մի վտարված, Մահմեդի նման մի որբ այս աշխարհում հիմնել են առանձին մեծագույն կրոնները, ինչո՞ւ մեզ պես կամքի տեր մտավորական մարդիկ չընդհանրացնենք ու չտարածենք «Թուրանի» կրոնն ու գաղափարը:

Ինչպես են ժխտում ցեղասպանությունը

1980 թ. ոմն ֆրանսիացի Պիեռ Մոզեր Փարիզում հրատարակեց «Հայերը, որտե՞ղ է ճշմարտությունը» (Pierre Mozer, Les Armeniens. Ou est la re՛alite?) գիրքը, ուր մասնավորապես ասվում էր.
. Հայերը, խռովություն բարձրացնելով, առաջինը դիմեցին ջարդի, և այդ ժամանակից ի վեր տեղի ունեցած իրադարձությունները կրում էին ներքին պատերազմի բնույթ:
. Թուրքերը սպանվեցին նույնքան, որքան և հայերը: Իրադարձություններն իսկապես երկու կողմից էլ ցավալի էին, բայց անարդարացի կլիներ միակողմանի կերպով թուրքերին մեղադրել ցեղասպանության մեջ:
. Այսպես կոչված ցեղասպանությունը պատմականորեն երբեք չի ապացուցվել: Միջազգային բարձր մարմինները միշտ էլ մերժել են ճանաչել այն:
Սրանք են այսօրվա թուրք մերժողականների և նրանց ձայնակիցների «փաստարկները»:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ