Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խարիսխը, որով մենք պետք է կառչենք անսասան Ժայռին, մեր նախնիների լույս հավատն է

Խարիսխը, որով մենք պետք է կառչենք  անսասան Ժայռին, մեր նախնիների լույս հավատն է
17.06.2014 | 11:18

Իսկապես որ կարող ենք այս շաբաթվա օրերի մեծ մասը Տոնաշաբաթ անվանել, քանզի նման տոնական օրերի շքերթ այլևս չի կրկնվում մեր եկեղեցու տոնացույցում։ Իսկ հիմա մանրամասն. եթե մեր եկեղեցական օրացույցը բացելու լինենք, ապա կզարմանանք այս օրերի սրբերի տոների ցանկից. 16 հունիս` սրբուհի Հռիփսիմեի տոն, 17 հունիս` սրբուհի Գայանեի տոն, 19 հունիս` Շողակաթի, սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինես եպիսկոպոսի տոն, 21 հունիս` Խոր վիրապից սուրբ Գրիգոր Լուսավորչի ելնելու տոն, վերջապես կիրակի օրը՝ 22 հունիսի, սուրբ Էջմիածնի տոնը։ ՈՒ ինչպես հասկացավ ընթերցողը բոլոր տոները մեր առաքելական եկեղեցու հաստատման հետ են կապված։ Այդպես էլ կա, քանզի Տերն Իր սկսած գործը կիսատ չէր թողնում։
Հայտնի է նաև, որ Տերը Իր համբարձումից առաջ պատվիրեց առաքյալներին ու աշակերտներին. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր մարդկանց» (Մարկոս 16.15): Այդպես էլ եղավ, Տիրոջ կենարար խոսքը սերմանվեց աշխարհով մեկ՝ բոլոր ազգերին: Բայց ով սերմանում է, բերքի հույսով է սերմանում: Տերը սպասեց երեք հարյուր տարի, մինչև Իր առաքյալների՝ Թադեոսի ու Բարդուղիմեոսի սերմանած ավետարանի խոսքերն առաջինը հայոց ազգը պտղակալեց ու հասունացավ, ու դարձավ Սուրբ Հոգու բերքի առաջին երախայրին: Հետո Հռիփսիմյանց կույսերը եկան Հայաստան աշխարհում սերմանվածը փխրեցնելու և պարարտացնելու իրենց սեփական արյան ոռոգումով. քանզի այդ էր Արարչի կամքը: Կուսածին Որդու մեծ ու փառավոր Անունը կրելու համար դրախտաբույր այդ երկիրը պետք է ոռոգվեր սուրբ ու անարատ կույսերի արյունով: Եվ երբ դա կատարվեց ու երեսունչորս կույսեր նահատակվեցին Տրդատ թագավորի հրամանով, Արարատյան դաշտավայրը ոռոգվեց սրբուհիների կուսական արյունով, տեղն աճեցին ու հառնեցին ապագա սուրբ Էջմիածնի այժմյան եկեղեցիները։ Կա մատենագրական փաստագրում, որ երբ թագավորի զինվորները սպանում ու սրախողխող էին անում սրբուհիներին, նրանք մունջ գառների նման իրենց սպանողներին էին հանձնվում որպես հայոց ազգին մատաղացու։ Իսկ երբ նրանց դիերը թողեցին ամայի դաշտում որպես այդ շրջապատում թափառող կենդանիներին կեր, նրանցից ոչ ոք իհարկե չէր հասկանում, որ դրանով իսկ ապագա քրիստոնեական Հայաստանի հավատի հիմքերն է ոռոգում։ Անցնում է ինը օր։ ՈՒ հենց այդ օրերի ընթացքում կատարվում է մեկ այլ խորախորհուրդ իրադարձություն. թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի հնգապատկված երազներին անսալով, պալատական արքունիքը գնում-հանում է Խոր վիրապից տասներեք տարվա մահապարտ Գրիգոր Պարթևին՝ ապագա Լուսավորչին, ով պետք է առաջին Հայոց հայրապետը դառնար ու մի գահ հաստատեր, որ մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալուստը անսասան ու հաստատուն մնար։ Այդպես էլ եղավ ու այդպես էլ կա և կլինի։ Իսկ երբ Գրիգորը իմանում է, թե իր ելքից առաջ ինչեր են կատարվել, նա առաջինը գնում և քրիստոնավայել թաղում է սրբուհիների մարմինները, որոնց մի կենդանի չէր համարձակվել մոտենալ ու վնասել, ինչն ապագա հրաշքների դուռն էր բացելու Հայաստան աշխարհի հավատի հաստատման համար։ Եվ դրանցից առաջինը եղավ այն, որ Գրիգոր Լուսավորչի աղոթքով դիվահարությունից ազատվեց Տրդատ արքան, ով մինչև իսկ խոզերի կերպարանք էր ստացել իր անմարդկային դաժանության համար։
Այս առիթով մի թաքնված խորհուրդ ևս կա. երբ կույս աղջնակ Հռիփսիմեն մարտնչում էր ամեհի ու զորավոր Տրդատի հետ, այդ պահին խորախորհուրդ պայքար էր գնում «կույս»՝ արտաքնապես տկար թվացող քրիստոնեության և բիրտ ու մարմնավոր հեթանոսության միջև: Եվ ամոթահար պարտվեց ամեհի Տրդատը, իր հետ և հեթանոսությունը՝ ծնկելով Կուսածին Քրիստոսի առաջ, Նրան Տեր ու Աստված դավանելով: Երկնեց Սիոնը ու Սուրբ Հոգին ծնեց Քրիստոսի Սուրբ Անունը դավանողներից անդրանիկին: Եվ դեռ նոր վերահաստատված Տրդատի թագավորությանը բախտ վիճակվեց առաջինը Քրիստոս Աստծո համար խաչը վերցնել ու Նրան հետևել, պատերազմելով հռոմեական իշխանության դեմ ու հաղթող լինելով: Բայց սատանան իր ոխը մինչև վերջ պահեց այդ քաջ ու նվիրյալ Աստծո ծառայի՝ Տրդատի հանդեպ, քանզի նրան իր դեռևս հեթանոս, գողամիտ ու պղծասեր նախարարների միջոցով մահաթույն խմեցնելով հայոց մեծաբորբոք ջահը մարեցին, խավարեցնելով Հայաստան աշխարհը: ՈՒ չտարակուսենք Տիրոջ նախասահմանյալ խորհուրդների այդ թողտվության համար, քանզի ինչպես կանանցից ծնվածներից ամենամեծը՝ Հովհաննես Մկրտիչը, կնոջ ձեռքով գլխատվեց, այդպես էլ հեթանոս արքաներից ամենաքաջը մի կույս աղջնակով պարտության մատնվեց և վերջում էլ հեթանոս հայորդիների ձեռքով նահատակության բաժակն ըմպեց: Այդպես է՝ մարդկային մտքից ու իմաստությունից վեր է Տիրոջ գործելակերպը, քանզի Նրա ծրագրերը հավիտենականությունից են բխում: ՈՒ այդ է պատճառը, որ հոգու հավատով երկնային բուրմունք չհոտոտած ոմն մշակութային անձեր անմտաբար նսեմացնում են տիեզերածավալ այս խորհուրդները, իրենց երկրաքարշ մտային կարողությամբ այն որպես պատմագեղարվեստական խղճուկ արժեքներ, իրենց տկարամիտ «արշինով» չափ ու ձև անելով ու կարկատելով, հայոց ազգի դարձի պատմությունը մեզ են հրամցնում իրականության խրտվիլակը, կամ էլ ավելի վատթարը՝ քննադատում են Գրիգոր Լուսավորչին ու Տրդատին, որ նրանք հայոց հին մշակույթի տաճարներն են քանդել ու բռնի քրիստոնեություն տարածել: Տկարամտության այդ ջատագովներին հարց եմ տալիս այս գրքի էջերից (քանի որ լրագրա-հեռուստատեսային իշխանության բարձրունքները իրենց ձեռքում են գտնվում). դո՛ւք, որ ճոխացված ու պաճուճազարդ խոսքերով փորձում եք բարբառել երկնային անճառ խորհուրդներից, խոստովանե՛ք ամենատես Աստծո և հայ ժողովրդի առաջ, որից փառք ու պատիվ եք ակնկալում, նսեմացնելով մեր հայոց մեծերին, ազգի ուղն ու ծուծը համարվող սրբերին՝ հանձինս Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և այլոց ընտիրների հավատն ու հոգու դավանանքը, գոնե մի անգամ սկզբից մինչև վերջ կարդացե՞լ եք մեր ազգի համար սուրբ համարվող գիրքը՝ Աստվածաշունչը: Ինչո՞վ եք զբաղված Տիրոջ սուրբ օրերին՝ կիրակիներին ու եկեղեցական տոներին. ձեր մարմնի ու մտքի հեշտասեր կա՞մքն եք կատարում, թե՞ հոգիներիդ քաղցն ու ծարավն եք հագեցնում Աստծո անունով կայացած շինություններում, որ կոչում եք եկեղեցիներ: Վերջին անգամ ե՞րբ եք աղոթք արել ու եթե արել էլ եք, ապա ո՞ւմ, Աստծո՞ւն, Որի խոսքն եք զանց արել կյանքով ու գործով: Ծոմ ու պահք պահե՞լ եք, զղջումով ու խոստովանությամբ սուրբ կենարար Հաղորդության խորհրդին մոտեցե՞լ եք, նախապես ձեր դեմ բան ունեցող չարակամներին ու հայհոյողներին օրհնելով, ձեզ ատողներին ներելով, ձեր դեմ թշնամացածների մոտ գնալով ու հաշտվելով, որբերին ու որբևայրիներին այցելելով, նրանց ցավն ու վիշտը կիսելով, հաց ու հանդերձ բաժին հանելով: Իսկ եթե չեք արել, Տերն այն ահեղ Օրը ձեզ պիտի ասի. «Գնացե՛ք մի կողմ, անպիտան ծառաներ, Ես չգիտեմ` դուք որտեղից եք»: Եվ դարձյալ. եթե մեկի ընտանիքի մեջ բորոտության մահաբեր վարակ տարածված լիներ, դրանից ազատվելու համար նա կխնայե՞ր այդ ախտով վարակված հագուստները կամ տան եղած չեղածը, թե՞ դրանք ամբողջովին կայրեր կյանքերը փրկելու համար: Իհարկե, ամեն գնով կազատվեր դրանցից, ինչքան էլ դրանք թանկարժեք լինեին, այլապես նորից վարակվելու ահը միշտ սրտներում կլիներ, որը ավելի վատթար է, քան ինքը՝ բորոտությունը:
Երկրորդ ավանդությունը կապված է Տրդատ թագավորի հետ, որը նույնպես սիրում էր այդ հրաշագործ վայրը, և հաճախակի այցելությունների էր գալիս, և իր մահից հետո էլ թաղվում է նույն տաճարին կից: Այդ վայրում նաև կուսաստան է եղել, որտեղ աղոթքով իրենց հրեշտակային կյանքն են ապրել Հռիփսիմեանց կույսերը: Հետագայում Գրիգոր Լուսավորիչն այդ վայրն ընդարձակելով մի հրաշալի վանք է կառուցում: Իսկ Տրդատ արքան էլ որպես ապաշխարություն իր մեղքերի իր հզոր թիկունքին դրած Արարատի փեշերից հսկայական քարեր էր կրում ապագա Մայր Տաճարի շինարարության հիմքերի համար. հիմքեր, որոնք անսասան էին ու հաստատուն էին մնալու ի հեճուկս ամենակուլ ժամանակի ու գալիք բարբարոսների և արյունարբուների, որոնք ասպատակելու էին մեր երկիրը, բայց մինչև հիմքեր չէին սասանելու։
Հայորդի մեր ընթերցող, այդ հիմքերի ամրացման ու հաստատուն պահելու համար այժմ էլ են մշակներ պետք, քանզի աշխարհն ալեկոծվում է ավերող փոթորիկներից, ինչպես որ տեսնում ու լսում ենք. ազգը ազգի հետևից, երկիրը երկրի հետևից ավերակների կույտերի ու թշվառությունների երախներ են բացվում։ Մարդկային արյունը գետի պես է հոսում։ Մեզնից առավել զորեղ ազգերը մեկը մյուսի հետևից ծնկի են գալիս մի աներևույթ կործանող ուժի առջև,. և այդ ուժի անունն է Նեռի իշխանություն, որ իր թագավորությունն է ուզում հաստատել աշխարհում։ Մեր ազգի փոքրիկ նավակը չի կարող դիմանալ այդ փոթորիկներին, եթե խարսխված չլինի հաստատուն ժայռին, իսկ այդ Ժայռի անունն է Հիսուս Քրիստոս՝ Որդին Աստծո, Ով Իր Խաչով հաղթեց այս աշխարհի իշխանին՝ սատանային։
Մնում է ավելացնել. խարիսխը, որով մենք պետք է կառչենք այդ անսասան Ժայռին, մեր նախնիների լույս հավատն է, սուրբ Խաչով կնքված ու սուրբ մեռոնով օծված։
Տերը օրհնի և հաստատ պահի մեր Հայաստան աշխարհը Իր այս շաբաթվա տոնելիք բոլոր հաղթող սրբերի բարեխոսությամբ. ամեն։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ