Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռոբերտ Քոչարյանը խոսում է չինովնիկների «անկշտությունից» և «հարստացումից»

Ռոբերտ Քոչարյանը խոսում է չինովնիկների «անկշտությունից» և «հարստացումից»
23.06.2014 | 15:10

Այսօր Yerkir.am-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է քառյակի մի քանի պահանջներին` գրեթե յուրաքանչյուր պատասխանի մեջ շեշտելով չինովնիկի «ախորժակի, անկշտության» մասին: Նախ՝ «Որոտան» ՀԷԿ-ի սեփականաշնորհման մասին: «Այդ գործարքի մեջ միակ դրական հանգամանքը ՀՀ էներգետիկայում ամերիկյան ընկերության նեգրավումն է: Մնացածը որևէ կերպ չի տեղավորվում սթափ մտածողության սահմաններում: Հայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձևով՝ անտեսելով օրենսդրության պահանջները (շրջանցելով խորհրդարանը): Փաստորեն, «Որոտանի ՀԷԿ» ՓԲԸ-ի բոլոր էներգետիկ օբյեկտները վաճառվել են գույքի օտարման եղանակով: Այնպես, ասես վաճառվում է ընկերության հնացած գրասենյակային կահույքը: Ընդ որում` առք ու վաճառքի համաձայնագիրը անթույլատրելիորեն ասիմետրիկ է, անտեսում է ՀՀ շահերը և չափազանց խոցելի է դարձնում մեր հանրապետությունը բոլոր հնարավոր դատական վեճերում: Ակնհայտ է նաև, որ Որոտանի վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, իսկ դա նշանակում է, որ չինովնիկների սխալների (կամ անկշտության) դիմաց վարձահատույց է լինելու ամբողջ Հայաստանը»: Այս գործարքի հետ առնչություն ունեցած անձինք, ըստ նրա, չեն խուսափի պատասխանատվությունից:

Խոսելով տեսանկարահանող և լուսանկարող սարքերի ու կարմիր գծերի համակարգերի, տուգանքների մեծ չափերի մասին, Քոչարյանը մի քանի «անընդունելի» կետեր առանձնացնելով, նշում է. «Սա անհեթհեթություն ու ցինիզմ է, որը չի տեղավորվում բարոյականության որևէ սահմանում, հակասում է առողջ բանականությանը և քաղաքակիրթ աշխարհի փորձին: Այստեղ կոսմետիկ միջոցները հարց չեն լուծի: Պետք է վերանայել պետական, համայնքային և մասնավոր գործընկերության բուն բանաձևը՝ տուգանքների չափից մինչև դրանց բաշխման կարգը: Քաղաքացիների տուգանքները չպետք է դառնան մասնավոր անձանց հարստացման միջոց, իսկ այդպիսի մենաշնորհային գործունեությունից ստացված շահույթը ծայրահեղ դեպքում չպետք է գերազանցի դեպոզիտային դրույքաչափի մակարդակը: Մի՞թե իշխանությունները չեն կարող փոխառել այսպիսի գործունեության կազմակերպման փորձը որևէ գերմանական քաղաքից»:
Անցնելով 100 տոկոս համամասնական ընտրակարգին, երկրորդ նախագահը մտքեր է ասում ներկուսակցական ժողովրդավարության մասին: «Ջանքեր են պետք ներկուսակցական ժողովրդավարության զարգացման և կուսակցությունների ինքնաառողջացման ավանդույթների ձևավորման համար` լճացած և հեղինակազրկված կուսակցական գործիչների փոփոխության ճանապարհով: Առանց դրա պատգամավորական կորպուսի որակը առանձնապես չի բարձրանա, չէ՞ որ խորհրդարանը, միևնույն է, կլինի դրանում ընդգրկված քաղաքական կուսակցությունների արտացոլանքը»:
Ընդդիմությանը վերահսկողական լծակներով օժտելու առնչությամբ էլ վերջինս խոսում է «արհամարհված» լինելու մասին: «Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով կոռուպցիայի ծավալներն ու կառավարչական անարդյունավետությունը (ծանոթացեք Վերահսկիչ պալատի վերջին տարիների ստուգումների նյութերին), դա, հավանաբար, կարող է իրական զսպիչ գործոն դառնալ չհիմնավորված, իսկ երբեմն՝ աբսուրդային բյուջետային ծախսերի և պաշտոնատար անձանց անսահման ախորժակի դեմ: Ես չգիտեմ, թե քառյակի կողմից որքան խորն է այս առաջարկությունը մշակվել ու կոնկրետացվել, բայց ակնհայտ է, որ այստեղ անհրաժեշտ են ազդեցության զգալի մեխանիզմներ, այլ ոչ թե ընդամենը տեղեկատվություն ստանալու հնարավորություն: Չէ որ այդպիսի տեղակատվության պակաս նախորդ կառավարության օրոք չկար, խնդիրը դրա լիակատար արհամարհումն է»:

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ