Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

2014-ի հունիսյան երեք օրերին Իրանը «ոչ» ասաց ամերիկացիներին

2014-ի հունիսյան երեք օրերին  Իրանը «ոչ» ասաց ամերիկացիներին
27.06.2014 | 00:13

Ասված է` «Չկա չարիք առանց բարիքի», թեպետ այս ասույթը ոչ այնքան կոռեկտ է մուսուլմանական ավանդույթի վերաբերյալ` հանգստյան օր համարել ուրբաթը, այլ ոչ շաբաթն ու կիրակին: Բայց հենց հունիսի 20-23-ին մեր հարավային հարևան ու գործընկեր Իրանը հանդես եկավ հայտարարություններով, որոնք… Դադար վերցնենք: Սկզբունքորեն Իրանում այդ օրերին հնչած հայտարարությունները զարմանալի չեն տարածաշրջանային մեծ պետության համար, որ ընտելացել է ապրել ու զարգանալ Արևմուտքի` ԱՄՆ-ի գլխավորությամբ, պատժամիջոցների պայմաններում: Բայց դրանք, անկասկած, դարձան ծայրաստիճան անցանկալի անանկնկալ, բնականաբար, պաշտոնական Վաշինգտոնի, ակնհայտորեն` Եվրահանձնաժողովի համար: Այդ թվում` ամերիկամետ տրամադրություններ ունեցող ու Ամերիկային սիրահարված մեր որոշ հայրենակիցների համար: Արևմուտքի տհաճ «զգացողությունների» պատճառները հասկանալի են յուրաքանչյուրին, ով քիչ թե շատ կայուն ժամանակ հետևում է և ԱՄՆ-Իրան հարաբերությունների ընթացքին, և Իրանի ու Արևմուտքի միջև կոնֆլիկտի զարգացմանը «իրանյան միջուկային դոսիեի» պատճառով, և բանակցությունների ընթացքին Թեհրանի ու մեծ վեցյակի միջև (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներ + Գերմանիա): Իսկ ահա հայերի` Հայաստանի քաղաքացիների «միամտության» պատճառները, որ ուզում էին ապացուցել, թե «ապագան Իրան-ԱՄՆ դաշինքի մեջ է` ընդդեմ Ռուսաստանի» և «շուտով Ռուսաստանի վերջը կգա իրան-ամերիկյան դաշինքով», դժվարանում եմ հասկանալ: Հավանաբար մեր հայրենակից ամերիկամետների «միամտության» պատճառը շռայլ հոնորարներն են, որ տրվում են կամ ամերիկացիների ձեռքով, կամ նրանց հանձնարարությամբ ինչ-որ արևմտաեվրոպական «հիմնադրամների»: Կամ էլ պարզապես գենային ատելությունն է ամեն ինչի նկատմամբ, որ առնչվում է Ռուսաստանին ու ռուսներին: Աստված իրենց հետ: Հայաստանի ոչ մի քաղաքացի չպետք է զբաղվի ՌԴ-ի «փաստաբանությամբ»` այդ տերությունը Հայաստանի որևէ քաղաքացու «պաշտպանության» կարիքը չունի: Ժամանակն է վերջ դնելու անհամաչափ հավակնություններին ու տեղային ազգայնականության ոչնչով չամրագրված հոխորտանքին: Ժամանակն է մտածել գոնե տարածաշրջանային կատեգորիաներով, այլ ոչ թե ճչալ` «Ով ու ինչ է մեզ պարտական»: Առաջարկվող խոսակցությունն ավելի հետաքրքիր է, քան մեր արևմտամետ հայրենակիցների ինտելեկտուալ ու բարոյական անկման պատմությունը: Այսպես, հունիսի 20-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրեց ԱՄՆ-ին Իրաքում երկակի ստանդարտների քաղաքականություն վարելու մեջ, ինչպես ավելի վաղ Սիրիայում: Ավելին, Իրանի ու Իրաքի բարձրագույն շիական ղեկավարությունը նույն օրը բացահայտ մեղադրեց հենց ԱՄՆ-ին Իրաքում ու Սիրիայում սալաֆիտավահաբիստական ավազակախմբերի ստեղծման ու «աճի» մեջ: Դա ամենաուղղակի պատասխանն էր ԱՄՆ-ի երկու հայտարարությունների:
Հիշեցնեմ` ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին լրատվամիջոցների համար մեկնաբանելով իրավիճակն Իրաքում` չէր բացառել ռազմական գործողությունները և նույնիսկ ակնարկել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցելու Իրանի հետ Իրաքի հարցում: Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, Քերին ընդգծել է, որ «ամերիկյան վարչակազմն ուսումնասիրում է ահաբեկիչների գործողությունների մասին տեղեկությունների փոխանակման հնարավորությունը Թեհրանի հետ, սակայն որևէ համատեղ գործողություն չի ծրագրվում»: Պետդեպարտամենտի ղեկավարից հետո ֆինանսների նախարար Ջեկ Լյուն բացահայտ հայտարարեց, որ ԱՄՆ-ը չի շտապում հանել Իրանի դեմ պատժամիջոցները, քանի որ Թեհրանի դեմ պատժամիջոցները «երկրի տնտեսությունը դրել են բարդ վիճակի մեջ» և «եղել են գործուն միջոց Թեհրանի հետ երկխոսության մեջ միջուկային ծրագրի վերաբերյալ»` հաղորդել է բրիտանական Reuter գործակալությունը: Նախարար Լյուն ասել է. «Տնտեսական ճնշումն Իրանի վրա պետք է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի վստահեցրել միջազգային հանրությանը իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին»: Արդեն հունիսի 21-ին Իրանի արտաքին գործերի արաբական ու աֆրիկյան երկրների գծով փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը դիվանագիտական ևս մեկ ապտակ հասցրեց ԱՄՆ-ին` հերքելով արևմտյան աղբյուրների հաղորդումները Թեհրանի ու Վաշինգտոնի իբր հնարավոր փոխգործակցության մասին Իրաքի ահաբեկիչների դեմ պայքարում, հայտարարելով, որ իր երկիրը ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարել Իրաքի վրա իսլամիստների հարձակումների վերաբերյալ` հաղորդել է իրանական ISNA գործակալությունը: «Մենք ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չենք վարել Իրաքի վերջին իրադարձությունների առիթով: Մենք չենք զգացել ու չենք զգում ԱՄՆ-ի հետ համագործակցության կարիքը այդ հարցում»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլահիանը լրագրողներին ապարտեիդի վարչակարգից ՀԱՀ-ի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառման կուլուարներում: Նա նաև մանրամասնել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարել Իրաքի ահաբեկիչների դեմ պայքարի հարցի վերաբերյալ, որովհետև Թեհրանը համարում է, որ «Իրաքի ժողովուրդը, բանակը և զինված ուժերը կարող են հաղթահարել արհեստական ճգնաժամը, որ ստեղծվել է երկրում»: Իրանցի պաշտոնյան հավատացրել է, որ Իրաքի իրադարձություններից ոչ մի վտանգ չկա Իրանի սահմանների համար. «Թեպետ Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններին որևէ սպառնալիք չկա, մենք, այնուհանդերձ, անհրաժեշտ միջոցները ձեռնարկել ենք»: Բնականաբար նա նաև կտրականապես հերքեց ամերիկյան ինտերվենցիայի հնարավորությունը Իրաք:
Պատասխանելով Իրանի ու ԱՄՆ-ի միջև շփումների հնարավորության հարցին միջուկային ծրագրի շուրջ Վիեննայի բանակցությունների կուլուարներում` Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ասել է. «Մենք ամերիկյան կողմի հետ Վիեննայում խոսելու ենք միայն միջուկային հարցերի վերաբերյալ»: Չափազանց նկատելի է, որ ԱՄՆ-ի վերաբերյալ իրանական կողմի հայտարարությունների տոնը խստացել է: Այսպիսով, Իրանը հրաժարվում է «օգնել» ԱՄՆ-ին Իրաքի հարցում: ՈՒզում եմ հարց տալ Հայաստանի ամերիկամետ քաղաքացիներին` ուրեմն, ինչպե՞ս եք դուք պատկերացնում ԱՄՆ-ի դաշինքն Իրանի հետ տարածաշրջանային աշխարհաքաղաքական որևէ հարցի շուրջ:
Նույն հունիսի 21-ին ավելի ուշ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ հենց ԱՄՆ-ը առաջիկայում պետք է «դժվար որոշումներ» ընդունի` հաղորդեց ISNA գործակալությունը` ընդգծելով, որ այդպիսով Թեհրանն առաջարկում է Վաշինգտոնին առաջինը հանել հակաիրանական պատժամիջոցները: «Առաջինը ԱՄՆ-ն է Իրանը պատժամիջոցների ու ճնշումների ենթարկել: Դա նշանակալից դեր է ունեցել երկրի համար, որ առավել ակտիվ էր ճնշումների ենթարկում Իրանին: Հիմա այդ երկիրը կոշտ որոշումների ընդունման կարիք ունի... Մենք հուսով ենք, որ ամերիկացիներն իրոք պատրաստ են այդ դժվար որոշումներն ընդունել»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը լրագրողներին Վիեննայում մամլո ասուլիսում Իրանի ու վեցյակի բանակցությունների հինգերորդ ռաունդից հետո: Պարոն Զարիֆը նաև հավատացրել է, որ Իրանը միշտ հաջող է գործել Թեհրանի ու Արևմուտքի տարաձայնությունների կարգավորման որոնումներում. «Եթե մենք ոչ մի տեղ ու ոչ մեկի մոտ չենք գնում ու ոչինչ չենք խնդրում, պատճառն այն է, որ խնդիրը Իրանի դիրքորոշումը չէր, այլ բխում էր վեցյակից»:
Իրանի ցենտրիֆուգաների թվի մասին հարցին պատասխանելով` նա ասել է. «Ցենտրիֆուգաները պետք են մեզ, և մենք այդ հարցով որոշումներ ենք ընդունում: Մենք պետք է պայմանավորվենք անհրաժեշտ ժամանակի մասին, որը պետք է որոշ խնդիրներ լուծելու համար` ժնևյան պայմանավորվածությունների հիման վրա: Մենք դրանով էլ զբաղված ենք: ՈՒրանի հարստացումը ուղղված է մարդկանց կարիքների բավարարմանը, և մենք չենք խնդրում ուրիշներին ամենի համար, որ պետք է մեր երկրի ժողովրդին»:
Ի՞նչ է սա նշանակում: Նախ և առաջ` Իրանը պահանջում է, ռազմական լեզվով ասած` ԱՄՆ-ի լիակատար կապիտուլյացիա միջուկային հարցում: Թեհրանը հիանալի գիտի, դա ապացուցում են արևմտաեվրոպական շատ ընկերությունների ներկա ջանքերը, որ Եվրոպան երազում է իրանական շուկա վերադառնալ: Եվ միայն Եվրամիության ու առանձին եվրոպական երկրների լիակատար անինքնուրույնությունն է զսպում նրանց ու հնարավորություն չի տալիս դուրս գալու ամերիկյան հանդուգն պարտադրանքից: Բայց Իրանը նաև Վաշինգտոնի համար բավականին վտանգավոր մեսիջներ է հղել, որ ապացույցներ ունի իրաքյան ու սիրիական ահաբեկչական կազմակերպություններին ԱՄՆ-ի առնչությունների մասին: Դա արդեն ոչ միայն դիվանագիտական ապտակ է, այլև Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիվանագիտական ծեծ, ընդ որում` ամբողջ աշխարհի աչքի առաջ` թեթև շանտաժով, որ կհրապարակվեն հատուկ ծառայություններին հայտնի տեղեկություններ:
Թվում է` թվարկածը բավական է հասկանալու, որ որևէ գերմերձեցում ԱՄՆ-ի ու Իրանի միջև առաջիկա ամիսներին ու տարիներին չի սպասվում: Սակայն Իրանը Իրան չէր լինի, եթե տաք հետքերով Վաշինգտոնին ևս մեկ դիվանագիտական ու քաղաքական ապտակ չհասցներ: Հունիսի 23-ին Թեհրանից առավել կարևոր նորություններ տարածվեցին, հաշվի առնելով տխրահռչակ միջուկային գործոնը համաշխարհային քաղաքականության մեջ: Իրանը և Ռուսաստանը սկզբունքային համաձայնության են հասել ԱԷԿ-ի երկու նոր էներգաբլոկների շինարարության վերաբերյալ: Իրանական Mehr գործակալությունը հաղորդել է` հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին, որ Իրանը մտադիր է Բուշեր նահանգում Ռուսաստանի աջակցությամբ ԱԷԿ-ում կառուցել ևս երկու էներգաբլոկ` յուրաքանչյուրի հզորությունը` 1000 ՄՎտ: Ռուսական «Росатом» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն իրավիճակը մեկնաբանել է իրանական գործակալության համար. «Բանակցություններն արդեն ավարտին են մոտենում: Մենք տարեվերջին պատրաստ կլինենք վերջնականապես ստորագրել և միջպետական համաձայնագրի լրացումը, և համապատասխան համաձայնագիրը»:
Այսպիսով, «ԱՄՆ-ի ու Իրանի դաշինքը ընդդեմ Ռուսաստանի» ողջունող մեր արևմտամետ հայրենակիցներին հակառակ` Թեհրանն ու Մոսկվան գնում են զուտ ռազմավարական համագործակցության առավել խորացման ու զարգացման ճանապարհով մեր տարածաշրջանում ու Առաջավոր Ասիայում: Որպեսզի ոչ ոք չկասկածի, որ Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը ԱԷԿ-ի հերթական բլոկների շինարարության հարցում շարունակվում է, պարզապես հիշեցնեմ. երբ հարցը վերաբերում է միջուկային էներգիայի այս կամ այն կերպ օգտագործմանը, խոսքն արդեն պայմանավորվող կողմերի բացառապես ռազմավարական շահերի մասին է, ընդ որում` երկարաժամկետ հեռանկարով, այլ ոչ մի քանի օրվա: Դա մանր առևտուր չէ էժանացված գներով, ասենք, սեփական երկրի ազգային շահերի` մանրածախ կամ մեծածախ: Կամալվանդիի ու Կիրիենկոյի հայտարարությունները վկայում են, որ Արևմուտքի, նախ և առաջ ԱՄՆ-ի, փորձը «խցկվել» Իրանի միջուկային ոլորտ` դուրս մղելով Ռուսաստանին ձախողվել է, գոնե այս փուլում:
Հունիսի 20-23-ին Իրանից հնչած բոլոր հայտարարությունները հիշեցրին մեկ շաբաթյա վաղեմության հայտարարությունները Ռուսաստանից ու Իրանից, որտեղ, օրինակ, Մոսկվան զգուշորեն խոսեց Ռուսաստան-Հայաստան երկաթուղու վրացական հատվածի հնարավոր շահագործման մասին: Ընդ որում` Ռուսաստանից խոսեցին և Ռուսաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության հնարավոր «շարունակության» մասին (Աբխազիայի ու Վրաստանի տարածքով) դեպի Իրան: Այսինքն` Մոսկվան է մտածում Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության ֆինանսավորման մասին: Թեհրանից ի պատասխան ակնարկեցին, որ «վաղուց ժամանակն է» և ֆինանսների մի մասն էլ պատրաստ են որոնել:
Չեմ պնդի, որ Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան-Հայաստան-Իրան երկաթուղային հաղորդակցությունը Մոսկվային ու Թեհրանին պետք է բացառապես «ԱԷԿ-ի երկու էներգաբլոկների շինարարության» համար, «ԱՄՆ-ի ու Իրանի դաշինքի` ընդդեմ Ռուսաստանի»: Թեպետ պարզ է, որ երկաթուղային հաղորդակցությունը նշանակալից կթեթևացնի և Ռուսաստանի, և Իրանի համար փոխադարձ պարտավորությունների կատարումը Իրանում միջուկային շինարարության հերթական փուլերում` ձեռք բերված սկզբունքային համաձայնությամբ: Չեմ պնդի նաև, թե Հայաստանը կշահի նման երկաթուղու առկայությամբ ու շահագործմամբ երկու խոշոր գործընկերների կողմից: Թող ընթերցողները իրենք որոշեն` ձեռնտո՞ւ է մեր երկրին, թե՞ ոչ:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ