Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կիլիկիայի հայոց ցեղասպանությունը

Կիլիկիայի հայոց ցեղասպանությունը
01.07.2014 | 12:04

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին հայերի թիվը Կիլիկիայում 400000 էր: Եվ այստեղ երիտթուրքերի կառավարությունը տարագրությանն ու զանգվածային կոտորածներին ձեռնամուխ եղավ շատ ավելի վաղ, քան Արևմտյան Հայաստանում և հայաբնակ այլ շրջաններում: Պատերազմ հայտարարելուց հետո սկսվեց զորահավաք, և 21-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ զորակոչվեցին: Ապա թուրքական կառավարությունը պատերազմական ժամանակի, ռազմական դրության և բանակի կարիքները հոգալու պատրվակով սկսեց բռնագրավել հայերի ողջ ունեցվածքը` դա ուղեկցելով ահավոր բռնություններով:
Տեղահանությունն սկսվեց Զեյթունից: Հայաթափումն սկսվեց 1914 թ. սեպտեմբերին և ավարտվեց 1915 թ. մայիս-հունիս ամիսներին: Մարաշի կառավարիչ նշանակվեց հայատյաց Ալի Հայդարը: Նա ձերբակալեց Զեյթունի վերնախավի հայտնի և հարգարժան անձանց` 320 հոգու, այդ թվում` 1895-1896 թթ. հերոսամարտի կազմակերպիչներից մեկին` քաղաքագլուխ Նազարեթ Չաուշին: Նրանց բոլորին ուղարկեցին Մարաշի բանտ, որտեղ մեծ մասն սպանվեց:
Մարտի 26-ից (ապրիլի 7-ից) թուրքերը սկսում են տեղահանել զեյթունցիներին: Ապրիլին տարագրության ճամփան բռնեցին Զեյթունի Պոզպայրի, Գարըկլար և Միջին թաղերի բնակիչները: Նույն ժամանակահատվածում տեղահանվեցին նաև գավառակի Արեգին, Ալապողան, Գոչող, Ղուրա, Հաճիտերե, Կոսճուղաս, Սյունե, Քյոմե-Սյոյոլա, Ֆենկ, Ֆռնուզ, Շիվիլիկ գյուղերը, իսկ մայիսի կեսին բռնագաղթի ենթարկվեցին գյուղաքաղաքի և գավառակի վերջին 400 ընտանիքները:
Զեյթունի և գավառակի բռնագաղթի ենթարկված 30000 հայությունից ավելի քան 8000-ը աքսորվեցին Կոնիա, իսկ մնացածը` Տեր Զոր: Տարագրությունը տեղի էր ունենում ամենադաժան և դժոխային պայմաններում, բավական է նշել, որ Պողանթիից Ադանա ընկած ճանապարհին` Գարա-Փունար կոչվող վայրում, զեյթունցի տարագրյալներից օրական 150-200 մարդ էր մահանում:
Զեյթունի հայության տարագրությունից հետո թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ Լեռնային Կիլիկիայի մնացած բնակավայրերի հայության տեղահանությանը: Զեյթունի հետ տեղի ունեցավ Դյորթ-Յոլի բռնագաղթը: Մայիսի 5-ից հունիսի 6-ը մասնակի ջարդերի իրականացումով տարագրվեց Դյորթ-Յոլի և շրջակայքի 22000 հայությունը, որից անմիջապես հետո ամբողջ շրջանը բնակեցվեց թուրքերով:
Վերոհիշյալ դեպքերից հետո ջարդերը տարածվեցին Կիլիկիայի վարչատնտեսական կենտրոն Ադանայում: Ինչպես այլուր, այնպես էլ այստեղ երիտթուրքերն առաջին հերթին տարագրեցին ու ոչնչացրին մտավորականությանը, ազգային գործիչներին, հայտնի քաղաքացիներին և ազդեցիկ անձանց: Ադանայի վիլայեթից և արևելյան շրջաններից տարագրված հայ ընտանիքների թիվը 10000 էր: Տարագրության և կոտորածների ենթարկվեց քաղաքի և հարակից շրջանների մոտ 38000 հայությունը: Տեղահանելով հայերին` թուրքերը տարագրության ճանապարհին գործի էին դնում սպանության բոլոր միջոցները` գաղթախմբերի վրա էին հարձակվում թուրք խառնամբոխը, կանոնավոր բանակի զորամասերը, հատուկ ստեղծված ավազակախմբերը, ոստիկանությունը, քրդական ուժերը, իսկ պակասը լրացնում էին ճանապարհի դժվարությունները, անապատային տաժանելի պայմանները, սովը, հիվանդություններ:
Հաճնի տարագրությունն իրականացրեց Ադանայի պատերազմական ատյանի (ռազմական դատարանի) նախագահ Ավնի բեյը: Ապստամբության բարձրացման կեղծ մեղադրանքով նա ձերբակալեց հնչակյան կուսակցության 35 անդամի: Զինաթափելուց մոտ 20 օր անց Հաճն մտավ Զեյթունի հայությանը տարագրող Ֆահրի փաշան: Նա ձերբակալեց քաղաքի առավել ազդեցիկ, հարուստ և տեղի հայության շրջանում մեծ հեղինակություն վայելող 200 հայի` դրանով իսկ բարոյապես գլխատելով քաղաքի հայությանը: Կարճ ժամանակում տարագրվեց Հաճնի 35000 հայությունը: Ողջ մնացին ընդամենը 350 մանուկներ ու ծերեր, իսկ տարագրության վերջնակետեր հասավ բռնագաղթի ենթարկվածների ընդհանուր թվի Զ-ից էլ քիչ մասը:
Հաճնի հայության հետ դատաստան տեսնելուց հետո երիտթուրքերն անմիջապես ձեռնամուխ եղան Կիլիկիայի տնտեսական և մշակութային խոշոր կենտրոններից մեկի` Հալեպի վիլայեթի Այնթապի շուրջ 30 հազար հայության տեղահանությանը: Աղետը պայթեց հունիսի 15-ին, երբ կառավարությունն ազդարարեց, թե Այնթապի հայերը, ռազմական անհրաժեշտությունից ելնելով, երեք ամսով պետք է տեղահանվեն: Ընդամենը երկու օր անց` հունիսի 17-ին, խումբ առ խումբ սկսվեց այնթապցիների տեղահանությունը, որը շարունակվեց մի քանի ամիս:
Ֆ. Նանսենի վկայությամբ` Այնթապի վերջին 5000-8000 հայությունը տարագրվեց 1916 թ. հունվարին: Իսկ 1916 թ. ապրիլին 14000 այնթապցիներ վայրագորեն սրի քաշվեցին Ռաս ՈՒլ-Այնում: Օրական 300-500 հայեր գետի ափին խողխողվում էին թուրք բարբարոսների կողմից:
1915 թ. գարնանը թուրքական կառավարությունը ձեռնարկեց նաև Մարաշ քաղաքի և սանջակի հայ բնակչության (առանց Զեյթունի` մոտ 32000) տեղահանությունը: Սկզբում ձերբակալվեցին Մարաշի ազդեցիկ հայերը, և անմիջապես սկսվեցին վայրենի կոտորածներն ու ահասարսուռ ջարդերը: Քաղաքի ամերիկյան դպրոցներից մեկում մորթոտվեցին 100-ից ավելի կանայք ու երեխաներ:
Մայիսի 2-ին տեղահանվեց Մարաշի հայության առաջին` 2000 տարագրյալներից բաղկացած քարավանը: Հաջորդ ամիսների ընթացքում ամբողջ սանջակը կոտորածների և բռնագաղթի միջոցով «մաքրվեց» հայերից: Օգոստոսի 7-ին սկսվեց Մարաշի զանգվածային գաղթը: Յոթ օր անց գնդակահարվեց 34 հայ, այդ թվում` 12-ամյա երկու տղա, հաջորդ օրը` ևս 24 հոգի: Հալեպում գերմանական հյուպատոս Վ. Ռյոսլերը 1916 թ. մայիսի 12-ին հայտնում էր, որ Ջեմալ փաշայի հրամանով տեղի են ունեցել Մարաշի վերջին 3000 հայերի բռնագաղթն ու եղեռնը, քանզի վերջիններս «դավադրություն» էին կազմակերպել երիտթուրքերի կառավարության դեմ:
1915 թ. ապրիլ-հունիս ամիսներին հիմնականում ավարտելով Կիլիկիայի հայության խոշոր կենտրոնների (Ադանա, Մարաշ, Հաճն, Այնթապ, Զեյթուն և այլն) ու հարակից շրջանների հայերի ցեղասպանությունը, երիտթուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ Կիլիկիայի մնացած վայրերի հայության տեղահանությանն ու ջարդերին: Այսպես, հուլիսի 27-ին թուրքական ոստիկանությունը բռնագաղթի ենթարկեց ծովափնյա բնակավայրերի և Անտիոքի հայ բնակչությանը, իսկ հուլիսի 28-ին սկսվեց Քիլիսի հայության տարագրությունը: Թուրքական 6000 բարբարոսներից բաղկացած զորամասը ներխուժեց Սիս և դաժան հաշվեհարդար տեսավ հայ բնակչության հետ. մի մասին կոտորեցին, իսկ մյուս մասին տեղահանեցին` ենթարկելով անլուր չարչարանքների: Որոշ բնակավայրերում թուրք հրոսակներն ամբողջովին ոչնչացրին հայերին։ Այսպես, Ալպիսթանից ոչ հեռու ընկած Բյովերեն գյուղում սրի քաշվեց ողջ բնակչությունը: Պատահականության քմահաճույքով կենդանի մնաց միայն 12-ամյա մի տղա… Մարաշի սանջակի Գյուրուն գյուղից տեղահանված 2800 թշվառներին Ինկուզեկ տաղ կոչվող կիրճում թուրք խուժանը նախ կողոպտեց, ապա սպանեց 200 հոգու, իսկ 70 ծանր վիրավորների թողեց տեղում:
1915 թ. ապրիլի 7-ի թվակիր նամակում Սահակ կաթողիկոսը Զավեն արքեպիսկոպոսին հաղորդում էր, որ կրակի է մատնվել Օսմանիե գյուղաքաղաքը, որի բնակչությանն արդեն սկսել էին տարագրել: Հալեպի գերմանական դպրոցի ուսուցիչ Մարտին Նիպահեն վկայում էր, որ եթե բռնագաղթի ենթարկված խմբերը բաղկացած էին 2000-3000 հոգուց, ապա որոշված վայրերն էին հասնում ընդամենը 200-300-ը:
Տեղահանվեց նաև Հալեպի վիլայեթի հայ բնակչությունը (Ալպիսթանից, Գյոքսունից, Անտիոքից, Թաշոլուկից, Գեբենից, Շիվիլիկից և այլն): Անմեղ զոհերը ենթարկվում էին անմարդկային տանջանքների, հոգեկան և ֆիզիկական անլուր տառապանքների, մարդկային արժանապատվությունը ստորացնող անթիվ բռնությունների: Տարագրյալներից այլընտրանք կար միայն կանանց համար, եթե վերջիններս ընդունեին մահմեդականություն և ամուսնանային թուրքերի հետ, սակայն նման շատ քիչ փաստեր են հայտնի:
Հայերին կոտորում էին տարբեր մեթոդներով` այրում էին կենդանի, գնդակահարում, դաշունահարում, կապում միմյանց և ցած շպրտում բարձրությունից, նետում ջրհորները, մորթազերծ անում, տրորում ձիերի սմբակների տակ, թաղում կենդանի: Բավական է նշել, որ միայն Եփրատի ափին գտնվող Մեսքենե գաղթակայանում սրի քաշվեց 55000 մարդ: Անցնելով Տեր Զորից մինչև Մոսուլ ընկած 350 կմ տարածությունը` 19000 հայերից ողջ մնացին ընդամենը 2500-ը:
Ավարտելով այս անմարդկային սգաքրոնիկոնը, հավելենք, որ միայն 1915-1916 թթ. Օսմանյան Թուրքիայում երիտթուրքերի կողմից իրականացված ցեղասպանության 1,5 միլիոն զոհերից մոտ 250000-300000-ը կիլիկիահայեր էին: Ողջ մնաց ընդամենը 4000 մարդ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ