Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բանայնականություն

Բանայնականություն
01.07.2014 | 11:10

Մի՛ ծանրացեք այս բառի թարգմանության վրա, քանզի դեռ կխոսենք դրա նշանակության մասին, ինչը մեր արծարծելիք թեմային է վերաբերելու։
Ինչպես գիտենք, մարդը հոգի, շունչ և մարմին եռամիասնությունից է բաղկացած, և նա միակն է որպես այդպիսին համայն արարչության մեջ, քանզի հրեշտակները միայն հոգի են, կենդանական աշխարհը՝ մարմին, իսկ մարդ արարածը դրանց զարմանահրաշ համատեղությունը։ Մարդու այդ եռամիասնության մասին Պողոս առաքյալը գրում է. «Ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը թող անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը» (Ա Թեսաղ. 5.23)։ Եվ շնչավոր մասում է ընդգրկվում ու գործում մարդու բանական-գիտակցական մասը։ Շնչավոր մարդը, չհավատալով աներևույթ Աստծուն, մարդկային անտեսանելի հոգու գոյությունը իր բնույթով հակադրում է հոգևորին, և նրա համար այն, ինչ տեսանելի, շոշափելի, զգալի է ու ենթարկվում է տրամաբանությանը՝ ընդունելի է, իսկ մնացածը, այսինքն հոգևոր բնագավառի անտեսանելի իրականությունը շնչավոր մարդու համար անընդունելի ու մերժելի է։ Այս ամենը խոհական մտքի մզվածք չէ, այլ Սուրբ գրքի ճշմարտությունից քաղված իրականություն։ Իսկ շնչավորի ու հոգևորի տարբերության մասին նույն առաքյալն այսպես է գրում. «Եվ ինչ որ հայտնում ենք, ոչ թե ճարտար խոսքերի մարդկային ուսուցումով է, այլ Հոգու վարդապետությամբ. հոգևոր բաները հոգևոր խոսքերով ենք բացատրում. քանզի ոչ հոգևոր մարդը Աստծու Հոգուց եկած ճշմարտությունները չի ընդունում, որովհետև այդ հիմարություն է նրա համար և չի կարող հասկանալ, քանզի հոգևոր կերպով են քննվում դրանք: Իսկ հոգևոր մարդը քննում է ամեն ինչ» (Ա Կորնթ. 3.10-15)։
Եվ դարձյալ այս նույն բանի մասին. «Այսպես է նաև մեռելների հարությունը… սերմանվում է շնչավոր մարմին և հարություն է առնում հոգևոր մարմին. եթե կա շնչավոր մարմին, կա և հոգևոր: Այսպես էլ գրված է. Առաջին մարդը՝ Ադամը, եղավ կենդանի շունչ. վերջին Ադամը՝ կենդանարար հոգի» ( Ա Կորնթ. 15.41-44)։
Ըստ սուրբ առաքյալի խոսքի՝ ադամական մարդը մնում է շնչավոր, իսկ շնչավորը չի կարողանում ընդունել հոգևոր արժեքները, քանի որ մերժում է Երկրորդ Ադամին՝ Քրիստոս Հիսուսին։
Հոգու և բանականության ներքին հակադրության մասին գրելիս Օրմանյան պատրիարքը մի նորահնար բառ է գտել՝ բանայնականություն, որը մեր իմացած ռացիոնալիզմ կամ բանապաշտություն բառի հայոց նոր բառատեսակն է։
Այս գրվեց որպես բնաբան այն տարածվող գաղափարախոսության դեմ, մանավանդ ոչ վաղուց հրատարակված Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքի, որը, ի ցավ մեր ազգի, շատ մտավորականների երկմտության մեջ գցեց ու սասանեց նրանց անհաստատ հավատը Աստծո և Հայաստանյայց առաքելական եկեղեցու Աստվածադիր առաքելության վերաբերյալ։ Հեղինակն այնքան վստահ էր իր իմացության ճշմարտության վրա, որ գիրքը նվիրել էր իր զավակներին և ի սեր նրանց՝ ապագա Հայաստանին։ ՈՒ այդպես շատերն իրենց բանայնականությանը վստահելով՝ իրենց ջանքերը անեծքագրի են վերածում, հակադրվելով միակ Ճշմարտությանը՝ Աստվածաշնչին։
Ըստ այդ վայ-մշակութաբանների, իբր Գրիգոր Լուսավորիչը ոչնչացրել է հեթանոսական մեր ունեցած արժեքներն ու մեր ունեցած մինչմաշտոցյան չեղած գրերը։ Այս «փլավը» շատ ջուր է քաշել գիտնականների շրջանում, բայց այդպես էլ մինչև վերջ չի եփվել ու չի էլ եփվի, որովհետև այդ գաղափարական վարկածը որպես վերջնական գիտական փաստ առաջարկելը անհիմն սովորության է վերածվել, չբերելով և ոչ մի հատիկ իրական փաստ։ Ըստ նրանց՝ չորրորդ դարի հույն հեղինակ Հիպոզիտեսի գրվածքի՝ հայերը դպրություն են ունեցել։ Բայց, հարգելիներս, դպրություն ունենալը դեռ չի նշանակում հայերենատառ սեփական գրեր ունենալ, որովհետև մենք իսկապես այդ դարերում օգտվել ենք հունական և ասորական գրերից և ունեցել ոչ հայերենատառ հայոց գրականություն։ Բայց մինչ այսօր գեթ մի նշույլ կամ պատառիկ չունենք նախամաշտոցյան գրերից, իսկ եթե մագաղաթներն են ոչնչացվել, ապա գոնե քարեղեն արձանագրությունները կմնային հայոց գրերով, ինչպես դրանից դեռ շատ առաջ գրվել ու մինչ այսօր պահպանվել են ուրարտական ու պարսկական սեպագիր քարեղեն արձանագրությունները, այդ թվում՝ հունարեն, պահլավերեն, ասորերեն բազմաթիվ արձանագրություններ։ ՈՒ հենց այդ է պատճառ եղել, որ քրիստոնեությունն ընդունելուց հետո մենք կենսական անհրաժեշտություն ունեցանք մեր իսկ լեզվի սեփական գրերն ունենալու, ու այդ ժամանակների ամենամեծերը՝ Սահակ Պարթևը որպես ամենայն հայոց հայրապետ, Վռամշապուհը՝ որպես երկրի արքա զորավիգ եղան Մեսրոպ Մաշտոցին ստեղծելու հայոց գրերը։ Եվ, ի վերջո, երկնային նախախնամությունն օգնեց առաջին քրիստոնեական ազգին իր սեփական գրերով Աստվածաշունչ ունենալու, որպեսզի այդ ժամանակների զորեղ ազգերի ու մշակույթների հեթանոսական կամ զրադաշտական մոլորությունները չներթափանցեն անաղարտ երկնատուր հայոց քրիստոնեական հավատի մեջ։
Ժամանակակից մոլորյալ մշակութաբաններ էլ կան, որ ասում են, թե մեր նախամաշտոցյան գիրն ու գրականությունը ոչնչացվել են Գրիգոր Լուսավորչի ջանքերով։ Այդպես մտածողներն ուզում են դարերի փոշու տակ ծվարած ոչ թե եղելության ժամանակի խամրած, բայց անգնահատելի գանձերը ի հայտ բերել, այլ դրանց վրա շերտացած ցեխն ու աղբը։ Այս անհիմն գաղափարի մեր պատմամշակութային ներկայիս մի քանի ջատագովներ չգիտես ինչու մոռանում են, որ նախ դա առանց Տրդատ արքայի ու նախարարների ու նրանց զորքի հնարավոր չէր իրագործել։ Տրդատի, որն իր քաջագործություններով հայտնի էր հեթանոսական աշխարհին, և ինքն էլ այն ժամանակվա «աստվածների», հանձին Անահիտ դիցուհու, մոլեռանդ երկրպագողներից էր, ինչի նախանձախնդրությունից առաջնորդված անլուր տանջանքների ենթարկել տվեց իր հավատարիմ գործակցին՝ Գրիգոր Պարթևին, ով պաշտում և հավատում էր երկինքն ու երկիրը ստեղծող միակ Աստծուն՝ հանձին Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի։
Բայց, հայորդի մեր զավակներ, ինչո՞ւ եք մոռանում շեշտել, որ այդ նույն արքան, որ Գրիգորին մահապարտների գուբը նետեց, ու ամոթահար լինելով Հռիփսիմե կույսից պարտվելով, սուրբ Գայանյանց ու Հռիփսիմյանց 37 քրիստոնյա կույսերին նահատակեց հանուն իր պաշտած կուռքերի։ Հետո, այսահարվելով այդ կուռքերի հետևում կանգնած դևերից, խոզակերպ արտաքինով ճահճուտներում էր արածում։ ՈՒ երբ ժամանակը լրացավ, Գրիգորը 14 տարի հետո Խոր վիրապից դուրս կանչվեց։ Կան նաև խեղաթյուրող «գիտնականներ», որ պնդում են, թե Գրիգոր Լուսավորիչը գուբում 14 տարի չի մնացել։ Ասել է՝ բանայնականության զոհ այդ գիտնականները չեն կարող հավատով ընդունել Աստծո հրաշքների մեծությունը։ Եվ հայոց հեթանոս թագավորը Բաբելոնի Նաբուգոդոնոսոր հզոր արքայի նման, ով Տիրոջ հրամանով յոթ տարի անասունի կերպարանք հագավ ու խոտաճարակ դարձավ, հասկացավ, որ միայն Բարձրյալն է տիրում աշխարհի ու նրա բոլոր թագավորների վրա։ ՈՒ Տրդատը, բժշկվելով Գրիգոր Լուսավորչի աղոթքով, ինքն էլ հասկացավ, որ Աստված է միայն Տերն ամենքի, իսկ այն կուռքերը, որոնք պաշտում են հեթանոսները, ընդամենը սատանայի խաբկանք են։ Ո՞Ւր էին Տրդատի դիվական փորձության ժամանակ կռատների դարավոր հմտությունն ու զորությունը, որ օգնեին Տրդատ արքային, բժշկեին դիվահարությունից ու ազատեին խոզակերպ կապանքներից. նրանք անզոր էին Տիրոջ խրատող հարվածի դեմ։
ՈՒ արքան մի ամբողջ զորաբանակ հատկացրեց, որ Գրիգոր Լուսավորչի առաջնորդությամբ գնան և հեթանոսական խավարի դիվատները քանդեն ու տեղը Հիսուսի հաղթական Խաչը կանգնեցնեն։
Իսկ հետո այդ նույն կռատների քուրմերի զավակները, որոնք տեսան Տիրոջ Աջով կատարվող բժշկություններն ու զորությունները, իրենք էլ մերժեցին իրենց հայրերի մոլորությունը և, մկրտվելով, քրիստոնեությունն ընդունեցին, դառնալով կազմավորվող եկեղեցու առաջին եպիսկոպոսները։
Հետագայում դեռևս հեթանոսական մոլոր հավատի ջատագովները՝ հայոց մի քանի նախարարներ, որոնց հետնորդները, ինչպես համոզվում ենք, դեռևս կան մեր ազգի մեջ, հայոց երկիրը պարսիկների ձեռքից ազատագրած ու կես դար թշնամիների դեմ բազում հաղթանակներ տարած քրիստոնյա Տրդատ արքային նենգորեն թունավորելով, սպանեցին։ Այդպես վարվեցին նաև սուրբ Ներսես Մեծի և այլոց հետ, որոնք իսպառ մերժել էին հեթանոսության մոլար, ու շատ դեպքերում նաև պիղծ արժեքները։ Այո՛, պիղծ, որովհետև մեր իմաստուն նախնիները մեզնից լավ գիտեին, թե հեթանոսական տաճարներում ինչ այլասերություն ու պղծություն էին տարածվել այն ժամանակներում։ Այս մասին արդեն գրվել է, բայց կրկնվելու միջոցով դարձյալ հիշեցվում է՝ դիվապաշտ ու մոլորյալ հեթանոս հայ ծնողները, իրենց անարատ ու դեռատի կույս աղջիկներին տաճարական «առնականների», այսպես կոչված, «սուրբ ցուլերի» մոտ էին տանում, որպեսզի տաճարներում առանձնացված «սրբարաններում» նրանց կուսությունից զրկելով «սրբացնեն», որից հետո հեթանոս «բարեպաշտները» հաճույքով ամուսնանում էին այդ «սրբացած» կանանց հետ ու արդեն պղծությամբ հղացված պոռնկածիններ բազմացնում: Դե ի՛նչ, ավելի՞ խորանանք հեթանոսական գարշաղբի մեջ, կանանց ու տղամարդկանց սեռական անդամների՝ ֆալլոսների երկրպագությո՞ւնը ջատագովենք, որոնց սիրահոժար գրկախառնվում ու համբուրում էին պղծամոլ ու վավաշամիտ կռապաշտ հեթանոս նախնիները։
Այս բոլորը անցյալում, իսկ հիմա գանք մեր ժամանակները. երեկ սկայպով խոսում էի Գերմանիայում ապրող սանիկիս ընտանիքի հետ։ Դեսից-դենից խոսելուց հետո, երբ հարցրի, թե ինչպես են ընթանում սանիկիս դպրոցական հարցերը, քանի որ լսում են, որ այդ երկրի դպրոցներում ոչ թե դաստիարակում են երեխաներին, այլ հեթանոսական ժամանակների բարքերով են ապականում։ Տղաներին աղջիկների յուբկա-համազգեստով են պարտադրում դասի գալ, աղջիկներն էլ իրենց բեղ ու մորուս են նկարում։ Նույնիսկ տղամարդ ուսուցիչներն են կանացի շրջազգեստով դասի գալիս, որպես օրինակ մնացած աշակերտներին։ Խոսակցության ժամանակ պատմեցին, թե ինչպես են երեխաների ծնողներին դպրոց հրավիրել ու որպես ուրախ լուր ասել, որ ուսումնական տարվա ավարտի առթիվ դպրոցը մի քանի օրով կազմակերպել է հանգստյան ճամբար տանել երեխաներին, իսկ վերջում էլ խորհուրդ են տվել, թե ինչ անհրաժեշտ պարագաներ դնեն երեխաների հետ. սրբիչներ, ատամի խոզանակ, մի ձեռք փոխնորդ հագուստ և, իհարկե, մի քանի հատ էլ պահպանակ, անվտանգության համար, որպեսզի երեխաներն այն, ինչ սովորել են դպրոցում սեռական «դաստիարակության» վերաբերյալ, այնտեղ գործնականում միմյանց հետ կենակցել սովորեն։ Սա գույժ է Եվրոպայի համար։ Աշխարհը հիրավի հեթանոսության խավարն է գահավիժում. դա ակնհայտ է։
Երկնքի արքայությունը թանկարժեք մարգարտի է նման, որի արժեքը միայն հավիտենական արժեքներ փնտրող հոգիները կհասկանան: Եվ մեր ազգը իր հոգու դեռ հեթանոսական անիմանալի խորքերից փնտրելով, առաջինը գտավ հավիտենական թագավորությունը տանող Դուռը՝ մեր Փրկչին, որից հետո, շա՜տ հետո, ավելի զորավոր կարծված ազգեր, մեզ որպես բարի օրինակ ունենալով, համարձակվեցին իրենց չաստվածների դեմ ելնել ու իրենց հեթանոսական տաճարներն ավերել, սատանայախորհուրդ որջեր համարելով դրանք, այդ թվում՝ հունական մշակույթի այրերը:
Հայորդի դեռևս հեթանոս զավակներ, դուք, որ մերժելով մեր քսանդարյա հոգևոր ու մշակութային ազգային արժեքները, ուզում եք դարձյալ արժեքավորել հայոց նախնի իմաստուն հայրերի մերժած հեթանոսական հավատն ու սովորությունները, գոնե մի անգամ սկզբից մինչև վերջ կարդացե՞լ եք մեր ազգի համար սուրբ համարվող գիրքը՝ Աստվածաշունչը, որի դեմ եք բարբառում հիմա։ ՈՒնե՞ք արդյոք ձեր սրտերում հավիտենական կյանքի արժեքներ ու դեպի այն տանող ճանապարհը։ Եթե ոչ, ապա կույրերի նման ուզում եք ձեզ նման ուրիշ կույրերի առաջնորդել՝ չիմանալով թե ուր, և ի վերջո մեղքի ու կորստի փոսը պետք է ընկնեք։
Եվ դարձյալ. Գրիգոր Լուսավորչին մի անսուրբ բարբարոս համարելով, որն իբր մեր ազգին թշնամություն անելով ոչնչացրել է հեթանոսական ժամանակների մեր ունեցած արժեքները, դրանով իսկ դուք անմիտների ու անսուրբների շարքն եք դասում մեր բոլոր հայոց սրբերին ու իմաստուն մեծերին, որոնք նման անմիտ հանդգնությամբ չեն խորհել, այլ եղածն ընդունել են որպես անհրաժեշտություն՝ հին ապականյալը քանդվել է, որ նորն ու ապրեցնողը հաստատվեն։ Ինչը կարելի է նմանեցնել այն մեկին, ով իր զգեստապահարանից հանում ու ոչնչացնում է ցեցակեր հագուստը, որ մնացածներին չվնասի։
Եվ, ի վերջո, եթե մեր քրիստոնյա սուրբ նախնիները սուրբը անսուրբից, օգտակարը վնասակարից չեն կարողացել տարբերել, ուրեմն մենք ազգովին քսան դար մոլորության մեջ ենք դեգերել, ու ներկայիս սերունդն էլ ընդամենը դրանց խղճուկ մնացորդն է։ Այդ չէ՞ արդյոք պատճառը, որ մեր անարմատ հակառակորդ ազերիներն իրենց այս հինավուրց երկրի բնիկ ժողովուրդն են համարում։
Որպես հաստատում վերը գրվածի՝ հիմա կարդանք ու համոզվենք, որ այս մասին դեռ դարեր առաջ Սուրբ գրքի մարգարեական խոսքով զգուշացվել է մեզ՝ եկող սերնդիս. «Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրա և դևերի վարդապետությունների վրա» (Ա Տիմոթ. 4.1)։
Եվ դարձյալ. «Անօրենի գալուստը սատանայի ներգործությամբ է, ամենայն զորությամբ, նշաններով, խաբեբայական զորավոր գործերով և անիրավության բոլոր պատրանքներով կորստյան մատնվածների վրա. և այդ ամենը այն բանի փոխարեն, որ չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն: Դրա համար էլ Աստված նրանց պիտի ուղարկի զորավոր մի մոլորություն, որ նրանք հավատան ստին և դատապարտվեն բոլոր նրանք, որ չհավատացին ճշմարտությանը և հաճույք գտան անօրենության մեջ» (Բ Թեսաղ. 2. 9-11)։
Մի քանի շաբաթ առաջ չտեսա՞ք, թե քրիստոնեական արժեքները մերժած ու հեթանոսական բարքեր որդեգրած այդ մեծ պոռնիկ Եվրոպան ում ընտրեց որպես իր նոր կուռք՝ Կոնչիտա անունով մարդանման անսեռ էակին։ Եթե դեռևս կան մարդիկ, որոնք այսքան փաստարկները քիչ են համարում ու դեռ ձգտում են եվրոպական պղծված տաշտակից կերակուր ուտել, ապա հիրավի ճշմարիտ է դրանց համար Պետրոս առաքյալի գրածը. «Նրանց հարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թե՝ շունը վերստին է դառնում իր փսխածին և թե՝ լվացված խոզը վերստին է թավալվում տիղմի մեջ» (Բ Պետրոս 21.22):
ՈՒրեմն, իմանալով այս զգուշացումը, չլինի թե մոլար ոգիների վարդապետությունների հետևորդ ազգ դառնանք, ու դրանով իսկ Աստծո օրհնության փոխարեն Նրա բարկությունը դիզենք մեզ վրա։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ