«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Առաքելոց վանքի կռիվը

Առաքելոց  վանքի կռիվը
04.07.2014 | 11:30

Վրեժ
ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Մշո Առաքելոց վանքի երկփեղկյա էբենոսյա նախշազարդ դռները միանգամից բացվեցին: Առաջինը մտան Անդրանիկն ու Գևորգը, հետո երեսունյոթ ֆիդայիներն ու երկու տասնյակ զինված գյուղացիներ... 1901 թվականի նոյեմբերի երեքն էր, շաբաթ։
-Վարդապե՛տ, Աստված օգնական,- ընդառաջ գնաց Անդրանիկը:
-Աստված պահապան, Փաշա՛,- պատասխանեց Հովհաննես վարդապետը՝ ֆիդայիների անսպասելի այցից նկատելի խոժոռվելով:
-Վարդապե՛տ, Առաքելոց վանքից կռիվ ենք հայտարարում Թուրքիո իշխանություններին: Մենք պետք է գրավենք եվրոպական երկրների ուշադրությունը, քանի որ նրանք ախորժակը սրել են Թուրքիայի վրա: Այսօր դա մեզ համար նպաստավոր է: Միաժամանակ, Սուլթան Աբդուլ Համիդին ուզում ենք ապացուցել, որ Սասունի 1894-96 թվականների ջարդերից հետո Հայոց ոգին չի մեռել: Ժողովուրդը չպետք է հուսահատվի և պիտի համոզվի, որ իր կյանքը պահպանելու միակ միջոցը զենքն է,- Հովհաննես վարդապետին վճռական բացատրեց Զորավարն ու կարգադրեց վանքի պատերի տակ պատնեշներ և դիրքեր շինել, ջրով լցնել գինու բոլոր կարասներն ու մատաղի կաթսաները, մեկ զինվորի համար երեք դիրք պատրաստել՝ թշնամուն շփոթեցնելու համար։ Որպեսզի վարդապետն ազատվի պատասխանատվությունից՝ խորհուրդ տվեց հեռանալ Մուշ։
...Զինվորական փողի ձայնից րոպե անց տասնվեց զինյալներ, թուրք հարյուրապետի հրամանատարությամբ, մոտեցան վանքին:
Վանքի պարսպի վեց մետր բարձրությամբ, նույնչափ լայնությամբ և հինգ մետր խորությամբ դուռն ամուր փակվեց: Քիչ անց դրսում հավաքվեցին նաև շրջակա գյուղերի քուրդ ու թուրք զինվորներ:
-Վարպե՛տ, վարպե՛տ, վանքի դռներն ինչո՞ւ են փակ,- կատարվածից անտեղյակ ձևանալով՝ ներքևից անթաքույց նենգությամբ գոռացին թուրքերը:
-Անցյալ օրը երեսուն զինված ոստիկաններ ու քրդեր եկան կրակեցին, որբերը վախեցան: Դրա համար էլ Մշո Առաջնորդի հրամանով դռները չենք բացում զինված մարդկանց առջև,-համարժեք խորամանկությամբ պատասխանեց Անդրանիկը:
-Հա՛, այդպե՞ս է, մենք էլ թագավորի զավակներն ենք, որբերն էլ, մենք քո՛ւրդ չենք, մեր հարյուրապետը եկել և փափագում է վանքում շրջել,- ներքևից թուրքավարի բացատրեցին: Հայդուկապետը կրկին մերժեց:
-Կարելի՞ է մի կարպետ նետեք մեր հարյուրապետի համար,- խնդրեցին ներքևից:
Կարպետը գետնին փռեցին, հարյուրապետը նստեց վրան: Մեջները փսփսուք սկսվեց: Բոլորը հասկացել էին, որ այցը հետախուզական է: Բայց և այնպես՝ Անդրանիկը հրամայեց բոլորին ներս թողնել: Քառորդ ժամ նստելուց հետո հեռացան:
Երեկոյան բերվեցին թնդանոթները:
-Հիմա կճշտեմ թուրքերի վճռականությունը,- ասաց Գևորգը, բարձրացավ վանքի գմբեթներից մեկի վրա և սկսեց պարել:
Թշնամին հասկացավ ծաղրանքը: Կրակեցին Գևորգի ուղղությամբ և անմիջապես լռեցին։
Երկու օր անընդմեջ թուրքական իշխանությունները ֆիդայիներից պահանջեցին թողնել վանքն ու հեռանալ: Անդրանիկը կտրականապես մերժեց: Նոյեմբերի յոթին թուրքական կանոնավոր մի զորագունդ՝ երկու հազար զինվորով, Ֆերիք և Ալի փաշաների գլխավորությամբ պաշարեց վանքը: Գրավել հնարավոր չէր: Չորս օրվա ընթացքում թուրքական զորքը հասավ վեց հազարի:
Սոսկալի ցրտից ու ձյունախառն բքից պաշտպանվելու համար թուրքերը որոշեցին գետնափոր տնակներ ու դիրքեր պատրաստել: Մոտակա գյուղերից՝ Բերդակից, Արախից, Տերեվանքից և Ալիզռնանից քշելով բերեցին վեց հարյուր լծկան եզ, իսկ Մուշից ու շրջակա գյուղերից բռնի հավաքեցին հայ վարպետներ և գյուղացիներ: Վեց օրում պատրաստեցին 190 գետնափոր տուն և մի քանի հարյուր դիրք:
-Գևորգ, վեցհազարանոց զորքը, տարբեր դիրքերի վրա ամրացած, կարծում է՝ մեզ ափի մեջ է առել: Նրանք երազում արդեն տեսնում են, որ այսօր կամ վաղը մեզ կբռնեն և մեր գլուխները, ձողերի վրա անցկացրած, պիտի ցույց տան Մուշի և Բիթլիսի հրապարակներում՝ իրենց կուրծքը զարդարելով պատվանշաններով և նոր աստիճանների արժանանալով,- մաուզերը լիցքավորելով՝ ասաց Անդրանիկը:- Թշնամին ստորացված է իրեն զգում, հուսահատ կատաղությամբ և մոլեգին ատելությամբ կրակում է վանքի վրա: Պահը հասունացել է, կարծում եմ՝ Թուրքիո իշխանությունները արդեն կուզեն մեր պահանջները լսել:
...Կեսօրին մոտ էր, հնչեցին դադարի փողերը, լռեցին թշնամու հազարավոր հրացանները: Քիչ անց, օդում թափահարելով ձեռքերը, վանքին մոտեցավ մի կին և դռան ճեղքից ներս գցեց թուրքական կողմից ուղարկված երկտողը. «Ի՞նչ եք ուզում, ի՞նչ է ձեր պահանջը և նպատակը»: Կարդալով թուղթը՝ Անդրանիկը պատասխանեց. «Ես իմ անելիքները գրավոր չեմ կարող ասել, որովհետև շատ երկար է: ՈՒզում եմ, որ Ֆերիկ և Ալի փաշաները Բիթլիսի կուսակալի հետ այստեղ գան, և ես այն ժամանակ բերանացի կասեմ իմ ասելիքը»: Նամակն առնելով՝ կինը վերադարձավ թուրքական դիրքերը:
Անդրանիկը կարգադրեց քարերով, փայտերով և հողով հետևի կողմից ամրացնել վանքի պարսպի դուռը, որ լեռնային թեթև թնդանոթով հնարավոր չլինի ավերել:
Գիշերը գրկեց Մշո սարերն ու Առաքելոց վանքը, խավարը նենգորեն սահեց բերդի պարիսպներին, ոչինչ չէր երևում: Թուրք զինվորները գոմի կողմից գաղտնի ծակեցին վանքի պատը և խուժեցին ներս, հետո գոմի պատը ծակելով՝ մտան կից մարագը, դիրքեր բռնեցին ֆիդայիներից յոթանասուն մետր հեռավորության վրա: Նրանցից մեկը, հանկարծ քրդերեն բարձրաձայն հայհոյելով, գոռաց. «Անդրանի՛կ փաշա, Անդրանի՛կ փաշա, ես Մերտինի զավակն եմ, Հասանի էլ հայրը. ո՞ւր պիտի ազատվես իմ ձեռքից»: Անդրանիկը քրդերեն չգիտեր: Գևորգին պատվիրեց թարգմանել և պատասխանել: Գևորգը գոռաց. «Ես պստիկ Գևո՛րգն եմ և Հասանի մոր սիրեկանը (......). դու ո՞նց պիտի ազատվես իմ ձեռքից»: Հայհոյանքների հրաձգությունը չավարտված՝ մարագից անմիջապես լսվեց զարմացած թուրքի ձայնը՝ «Գևորգ Չավո՛ւշ, դո՞ւ ես»:
«Այ քեզ բա՛ն, այս պահից Գևորգին կասենք Գևորգ Չավուշ», շատ կարևոր գյուտ արածի պես ժպտաց Անդրանիկն ու ոգևորված շարունակեց՝ «Գևորգ Չավո՞ւշ, հայհոյիր ինչքան կուզես և ում կուզես»: Գևորգ Չավուշի ճոխ հայհոյանքներին հաջորդեց համազարկը, թշնամին փախավ վանքի տարածքից: Դիրքապահներից երկուսը մտան գոմ, տեսան ֆիդայի Արաբոյի իննսունհինգամյա հորը գետնին ընկած: Գրկած բերեցին Զորավարի մոտ:
-Փաշա՛, մի թուրք զինվոր հրացանը դրեց կրծքիս, որ սպանի, մի խորոտիկ կարմիր դեմքով և սպիտակ վզնոցով մարդ կար, չթողեց: Երեսին էլ մի սպի ուներ։
Անդրանիկը անմիջապես ժպտաց. «Հայությունից իսլամ դարձած և ֆիդայիներին գաղտնի աջակցող Մեհմետ էֆենդին է եղել, նույն ինքը՝ մանազկերտցի Ավետիսը»: Առաջին նվիրյալ հայդուկներից Արաբոյի հայրը երկու օր անց աչքերը փակեց։ Վանքի զանգակատան կողքին հուղարկավորելիս՝ Արաբոյի կողմից Զորավարը մի բուռ հող լցրեց ֆիդայու պատանքով փաթաթած ծերունու աճյունին:
-Ափո՛, Արաբոյի հե՛ր, դո՛ւ էլ ֆիդայի ես։ Երեսուն տարի առաջ Արաբոյին Առաքելոց վանքի դպրոց բերիր: Արաբոն իր ազգի դասերը սովորեց ու նվիրյալ դարձավ, իսկ դու հավերժ մնալու ես Առաքելոցում, որ մեզ հետ կանչող էղնի: Եվ հարկ է, որ սրբերի կողքին ֆիդայի էղնի։- Որբերի և ուսուցիչների ազգային երգերի խրոխտ մեղեդիները գնում հասնում էին թշնամու դիրքերը, ուր այդ պահին թուրք զինվորները նամազի վերջին բառերն էին երկինք ուղարկում։
-Ես ձե՛ր...,- մի քանի անհարմար բառ կեսբերան շշնջաց Գևորգը՝ շրջվելով դեպի Զորավարը:
-Փաշա՛, Անգլիայի հյուպատոսը Մուշից շտապ Բիթլիս է մեկնել: Ռուսաստանի և Անգլիայի հյուպատոսների միջև ներքին պայքար է սկսվել: Ռուս հյուպատոս ՈՒմանսկին ամեն կերպ ջանում է մեր ժողովրդին դեպի օրթոդոքս եկեղեցին տանել, ինչը դուր չի գալիս Անգլիայի հյուպատոսին: Իրենց հերթին թուրք պաշտոնյաներն ու ցարական հյուպատոսը անհանգստացած են, որ անգլիական հյուպատոսից հրահանգներ ու ռազմամթերք ենք ստանում։ Ամեն մեկն ուզում է կրակն իր բաղարջի տակ քաշել. մեջտեղում մենք ենք տապակվում,- կրծքի փամփշտակալները լրացնելով՝ շարունակեց Չավուշը:- Միակ ճշմարտությունը սա՛ է։
-Ռուսական արջն ու անգլիական աղվեսը թուրքական բորենու ճանկերից են ուզում մեզ խլել, բայց իրենց համար... Պիտի դիմանանք էդ գազաններին: Բողոքական և կաթոլիկ միսիոներները, անհաղորդ մեր ցավին, ձրի Սուրբ գրքերով Ավետարանի մխիթարանքն ու խոստացած արքայությունն են բաժանում հայ գեղջուկին, որի ութսուն տոկոսը գրի սևն ու սպիտակը չի ջոկում,- աջ ափում սրի նախշազարդ կոթը ամուր սեղմեց հայդուկապետը:
Ձմեռնամուտի սառը գիշերը կոտրվում էր, բայց բուքը դեռ նենգորեն թափառում էր վանքի պարիսպներին: Անդրանիկը մոտեցավ սրբոց թարգմանչաց գերեզմաններին: Գիտեր, որ այդտեղ են ամփոփված նաև պատմահայր Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը... Մթի մեջ շոշափեց շիրմաքարերը: Ափը տաքացավ, մի աներևույթ ուժ հաղթեց օդի սառնությունը։ Այդ ջերմությունը Զորավարի շուրթերին արթնացրեց Խորենացու «Ողբի» հայտնի տողը. «Ողբամ զքեզ, Հայո՛ց աշխարհ»: Քարից շարունակում էր ջերմություն գալ։
«Տե՛ր, ինչո՞ւ 1500 տարի չի փոխվում այս ողբը,- շիրմաքարին թեքվեց Զորավարը: -Ե՞րբ ենք փոխելու, ինչքա՞ն պիտի մնանք ճակատագրի գերին, աշխարհեաշխարհ ընկած՝ բախտ ենք որոնում: Զենքը չէ, որ պակասում է մեզ, այլ հավատը»:
Զորավարը անհանգիստ մտորումներով շարժվեց ներքևի պարիսպների պահակակետերը ստուգելու: Բուքը ոռնոցի հետ երգի բառեր հասցրեց Զորավարի ականջին: Թիկունքից աննկատ մոտեցավ զինվորին: Կամաց էր երգում, որ չլսեն: Ֆիդայական օրենքով արգելված է հիշել սիրո ու կնոջ մասին: Երգելիս ֆիդային գրկել էր հրացանը: Զորավարը հասկացավ, որ այդ երգը նամակի պես կոնկրետ հասցե ունի, սպասող...
Իմ խորոտիկ յար
Բախչեն բառգեր է,
Քամին զարգեր է,
Դոշվին բացվեր է,
Դոշվնի շողքեն
Լուսնակ խամրեր է,
Յարիկ տեսեր է,
Հոգին քաղվեր է,
Յարոջ էրեսեն
Բաք մի քաղեր է,
Կռունկ գեղոցգեղ
Խաբրիկ տարեր է...
Զորավարը երանությամբ լսեց մինչև վերջ: Զինվորը թիկունքին ծակող հայացքի տաքություն զգաց: Շրջվեց:
-Փաշա՛, ներո՛ղ եղիր, էդ երգը ինքնիրեն եկավ,- մեղավորի պես արդարացավ երիտասարդ ֆիդային:
-Էրնե՛կ խաղաղություն էղներ, քզի պսակեինք, ու ես էլ քավոր էղնեի,- զինվորին ժպտալով գրկեց Անդրանիկը:- Քու երգ քո հոգու մեջ պահե, առանց երգի մարդ չի ապրի: Բայց էդ երգ խաղաղ օրվա երգ է. օրը գա, բարին՝ հետը։
Զինվորի աչքերից երանության ու հպարտության մի քանի կաթիլ իջավ սիրտը։
Բուքը կարծես խաղաղվում էր: Զորավարի աչքերը կիսախավարում գրապահոցը որսացին: «Գնամ մի անգամ էլ «Մշո ճառընտիրը» տեսնեմ, ինչ իմանամ...»,- քայլերը Անդրանիկին տարան գրապահոց: Հազիվ էր մտել, երբ համհարզը շտապ մոտեցավ. «Փաշա՛, վիրավոր Հարությունը քեզ է ուզում տեսնել»:
-Փաշա՛, մեռնում եմ: Դու իմ վերքերը շատ ես կապել ու իմ վերջին խոսքը քեզ պիտի ասեմ: Եղբորս տղին դպրոց տվեք և իմ հագի աբան իրեն ուղարկեք: Տասը արծաթ տվել էիր Համբարձումին թաղելու համար: Ահա ավելացրածը, վերցրու: Վստահ եմ, որ դուք իմ վրեժը տասն անգամ ավելի պիտի լուծեք։
Հարությունը փակեց աչքերը։ Զորավարը կարգադրեց, որ բոլորը դիրքերից հերթով գան, համբուրեն Հարությունին ու վերջին հրաժեշտը ֆիդայաբար տան հերոսին:
Վանքի պարիսպներին արդեն ուրվագծվում էր Ծիրնկատարի գագաթը, որի վրա հալվում էին Մշո սարերից իջնող ադամամութի առաջին պաղ շողերը։ Շուտով լույսը կբացվի, ամեն օրվա պես Առաքելոցի զանգերի ղողանջներին կխառնվի վանքի որբերի ու սաների արևագալի մաղթանքը.
Առավոտ լուսո
Արեգակն արդար
Առ իս լույս ծագեա...
Հաջորդ օրը թշնամին որոշեց ֆիդայիներին դիվանագիտորեն խաբելով վանքից հանել: Մուշից չորս պատվիրակ եկավ՝ բանակցելու Անդրանիկի հետ: Զորավարը գիտեր, որ թշնամին հույսը դրել էր նաև ֆիդայիների փամփուշտները վերջանալու վրա:
-Գևո՛րգ, խորամանկ քայլ է պետք: Փամփուշտների բոլոր դատարկ արկղերը և մոմերի սնդուկները դասավորեք ներքևում, դրանց վրա դրեք փամփուշտների մնացած վերջին լիքը արկղերը, բերանները բաց թողեք, որ թուրքերը տեսնեն ու հասկանան՝ զինամթերքի սակավությունից չէ, որ գնում ենք բանակցությունների,- Գևորգ Չավուշին մտադրությունը հայտնեց Անդրանիկը:
Նոյեմբերի քսաներեքի կեսօրին հնչեցին թուրքական բանակի փողերը: Պատվիրակության մեջ էին Մուղդատ ու հայությունից իսլամափոխ եղած Մեհմետ էֆենդիները, նաև երկու հայ հոգևորական՝ Մուշի առաջնորդ Խոսրով վարդապետ Պերիկյանը և վանահայր Հովհաննես Վարդապետը: Առաքելոցի աղմուկն ու խայտառակությունը արդեն Սուլթան Աբդուլ Համիդի քունը փախցրել էին: Նրա կարգադրությամբ Պոլսի Հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը, այլ ելք չունենալով, Մշո առաջնորդին պատվիրել էր աջակցել տեղական թուրք իշխանություններին և մի կերպ Անդրանիկին համոզել, որ դուրս գա վանքից ու անձնատուր լինի, թեև պատրիարքը ներքուստ համոզված էր, որ Անդրանիկը հանձնվողը չէ: Կատարելով Օրմանյանի պատվերը՝ առաջնորդը պատվիրակության մեջ էր մտցրել իր այդ երկու ներկայացուցիչներին, ովքեր պիտի փորձեին Անդրանիկին համոզել դադարեցնել կռիվը: Նրանք Զորավարին էին բերել հորդորներով լի երկու նամակ: Խոսրով վարդապետը նախ իր աջը երկարեց Անդրանիկին՝ ասելով. «Համբուրե՛, զավակս, համբուրե»։
-Մտածելիք ունեմ, պետք է համբուրե՞մ, թե՞ ոչ,-չոր պատասխանեց Անդրանիկը:
-Աստված օրհնե, համբուրե՛, համբուրե՛: Եթե ոչ ձեռքս, գոնե Կարմիր Իրիցու Տան «Կոճղեզ» Ավետարանը համբուրե,- անհարմար վիճակից դուրս գալու ելք փնտրեց վարդապետը:
-Եթե էդ Ավետարանը ձեռքիդ կպել է, ձեռքդ էլ կհամբուրեմ,- քայլ արեց հայդուկապետը և առանց ջերմության համբուրեց վարդապետի աջը:
-Ես փափագում էի, որ Ալի և Ֆերիկ փաշաները այստեղ լինեին Բիթլիսի կուսակալի հետ, բայց քանի որ Սուլթան Համիդը ձեզ է հանձնարարել գալ, և դուք եկել եք, լա՛վ,- հանգիստ տոնով եզրափակեց Զորավարը՝ աչքի պոչով տնտղելով փամփուշտի լիքը արկղերին զարմանքով ակնապիշ նայող թուրքերին:
Երեք ժամ նրանք Անդրանիկին համոզում էին հանձնվել և հավատալ սուլթանի ողորմածությանը, ով երաշխավորում էր ֆիդայիների կյանքի անվտանգությունը: Թուրքի ազնիվ խոսքին դեռ մանկուց ծանոթ էր Անդրանիկը:
-Տիգրանակերտից միչև Պարսից սահմանագլուխ 150 000 քուրդ ու համիդիե սուլթանի կամքն են կատարում,- զայրույթով սկսեց Անդրանիկը:- Նրանք թուրքերի հետ իրավունք ունեն իրենց տների մեջ ազատորեն պատերից կախելու հրացաններ, ատրճանակներ և թրեր, բայց հայը գրպանի մի փոքր դանակ անգամ իրավունք չունի: Ո՞Ւմ դեմ են ուղղված նրանց զենքերը. միա՛յն հայերի... Դուք հեղափոխականներիս ավազակ եք կոչում, այնինչ կառավարությունը ավազակներ պետք է իր մեջ փնտրի, ովքեր մեծ կեղծիքներ են անում և կաշառք վերցնում։ Ով մեր ժողովրդի դեմ չարիք է գործում, մենք նրան ենք պատժում: Ահա այս խանչալով եմ կտրել Սասունի քուրդ ցեղապետ Բշարե Խալիլի վիզը, ով մորթել էր Սերոբ Փաշին և նրա գլուխը ցուցադրել Մուշի ու Բիթլիսի հրապարակներում: Սա էլ Սուլթան Համիդի կողմից Խալիլին տված պատվանշանն է: Նույն խանչալով մորթել եմ նաև նրան աջակցողներին:
Ֆիդայապետը երկար թվարկեց հայերի հանդեպ գործվող ոճիրները, վճռականորեն մերժեց սուլթանի պահանջը ու ներկայացրեց իրենց հակապահանջները։ Թուրքական կառավարությունը պետք է վերջ տա հայ ժողովրդի հարստահարումներին ու կողոպուտներին, բռնություններին ու սպանություններին, սանձահարի քուրդ ելուզակներին, ազատ արձակի քաղաքական մեղադրանքով Տարոնում ձերբակալված հայերին, պատժի Հիթենք, Սպաղանք ու Շուշնամերկ գյուղերը հրդեհողներին և բնակիչներին սրի քաշողներին, կանխի թուրք իշխանությունների` Օրին հայկական գյուղը քրդերին ծախելու մտադրությունը, Տարոնի հովտում դատի 1901-ի ամռանը 60 հայերի սպանողներին և դարմանի տուժած ընտանիքների ցավը: Անդրանիկը նաև պայման դրեց, որ իրենք վանքից դուրս կգան միայն այն դեպքում, եթե, ի պատասխան իրենց բողոքի, Սուլթան Համիդը և Պոլսում գտնվող Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի դեսպաններն ու Հայոց պատրիարքը իրենց կնիքներով կնքած գրավոր դրական պատասխան ուղարկեն վանք:
-Մենք ո՛ւժ ունենք վեց ամիս դիմադրելու,- թշնամուն մոլորեցնող խորամանկությամբ շեշտեց Անդրանիկը՝ արմունկները մոմերի քառասուն դատարկ սնդուկների ու արկղների վրա հենած՝ ցաքուցրիվ թափած վերջին փամփուշտները, անգլիական և տեղական վառոդի տոպրակներն ու սարքերը հայացքով ցույց տալով:
-Փաշա՛, մեր պատվիրակությունը չի ընդունում ձեր հակապահանջները,- առարկեցին Մուղդատ և Մեհմետ էֆենդիները:
-Ես իմ ասելիքն ասացի,- խիստ տոնով եզրափակեց հայդուկապետը և մոտեցավ դիտանցքին:
Պարսպի ներսի կողմում վանականի հագուստով հայդուկը ցուցադրաբար նոր խրամատ էր փորում: Ներս մտած փալաբեղ ֆիդային Զորավարին զեկուցեց. «Փաշա, Ալի փաշայի ասկյարները, ֆեսերը հրացանների ծերերին դրած, դիրքերում խաղացնում են, որ մեր փամփուշտները պակասեցնեն: Զարկե՞նք թե չէ»:
-Եթե թուրքի գլուխ է, զարկե՛ք,- կարգադրեց հայդուկապետը՝ երանությամբ նայելով, թե ինչպես էր անհանգիստ շարժվում ու դողացնում սուլթանի գլխավոր բանագնացը: Քիչ անց զինվորական գլխարկների հետ թուրքի մի քանի գլուխ ևս թափվեց ձյան վրա: Պետքարան մտնելու պատրվակով՝ ծպտյալ Մեհմետ էֆենդին հասցրեց մի քանի կարևոր լուր հաղորդել Գևորգ Չավուշին: Երբ վերադարձավ՝ մեկ անգամ էլ ձևականորեն սպառնաց Անդրանիկին, որ ինքը հայդուկապետի գլուխը կկտրի և կնվիրի սուլթանին: Զորավարը մտքում Մեհմետ էֆենդուն էր օրհնում. «Ապրե՛ս, Ավետիս, ապրե՛ս»: Իսկ Մուխտի էֆենդին դեռ շարունակում էր դողալ: Թուրքական պատվիրակությունը ձեռնունայն վերադարձավ Մուշ:
Անդրանիկի պահանջներից կատարվեց միայն մեկը՝ երեք օր հետո Պոլսից եկած հրամանով ազատ արձակվեցին հայ 31 քաղբանտարկյալները: Ֆիդայիների հանդուգն քայլը ցնցել էր սուլթանի պալատը, ոգևորվել էր Վանի, Բիթլիսի, Կարնո, Խարբերդի, Տիգրանակերտի և մյուս նահանգների հայությունը, լուրը հասել էր Եվրոպա, թերթերը գրում էին... Զորավարի սրտով էր:
Բազմաթիվ զոհերից բացի, բուքը, ցրտահարությունն ու հիվանդությունները թուրքական բանակում դժգոհությունն էին ավելացնում: Նույնիսկ Պոլսից բժիշկներ էին բերում:
Դրությունը ծանր էր նաև վանքի պարիսպներից ներս: Սնունդն ու ռազմամթերքը վերջանալու վրա է: Հարկավոր է աննկատ հեռանալ վանքից, ինչի մասին նույնիսկ մտածելը երևակայությունից վեր են: Անդրանիկն իր մոտ կանչեց Գևորգ Չավուշին, Վաղարշակին և Հաջի Հակոբին:
-Մենք այս գիշեր վանքից դուրս ենք գալու, բայց հիմա պիտի թուրքերին ցույց տանք, որ առնվազն վեց ամիս մնալու ենք վանքում՝ մինչև բավարարվեն մեր պահանջները: Վեցհազարանոց զորքը երեսուն հոգով ճեղքել-դուրս գալը մի ավելի ծանր խայտառակություն, ծաղր ու ծանակ կլինի թուրքական բանակին և իշխանություններին: Մենք պիտի անփորձանք դուրս գանք, ու ոչ մեկի քիթը չպիտի արյունի,- հանդուգն ծրագիրը ներկայացրեց Անդրանիկը՝ բացատրելով մանրամասները:
Զորավարը կանչեց վանքի ուսուցիչներին, հայտնեց, որ վանքը պիտի թողնեն ֆիդայիները:
-Սո՛ւրբ հայրեր, եղբայրք, ներողամիտ եղեք, ձևականության համար ձեզ պիտի ծեծեմ որբերի առջև և բանտարկեմ, որպեսզի ձեզ ազատեմ թուրքերի մոտ որևէ պատասխանատվությունից մեր հեռանալուց հետո,- ուսուցիչներին դիմեց Անդրանիկը: Նա մի քանի զինվորի պատվիրեց, որ ցուցադրաբար ծեծեն ու բանտարկեն ուսուցիչներին։ Հետո բանտ նետեցին նաև որբերին։ Զորավարը դիմեց վանքի ութսուն տարեկան տնտեսվարին. «Մայրի՛կ, ուսուցիչները և որբերը բանտարկված են, ահա բանալին այս ցեխերի մեջ եմ գցում: Երբ մենք դուրս կգանք, դուռը կփակես և երկաթը կանցկացնես: Վանքի դուռը չես բացի, մինչև Ֆերիկ փաշան, վանահայրը և Առաջնորդը չգան»:
Պաշարման քսաներեքերորդ օրն էր՝ 1901 թվականի նոյեմբերի քսանյոթը, գիշերվա երեքն անց տասնհինգը։ Դուրս գալու պահին Զորավարը կարգադրեց. «Բոլորդ հետևե՛ք ինձ, Հարությունի և Ղազարի գերեզմանները համբուրենք և մեր վերջին հարգանքը տանք»: Հետո վանքի էբենոսյան դուռը համբուրելով՝ մի կարճ աղոթք ասացին։
Բուք էր, քիչ հեռվում թուրք զինվորները դիրքերում կրակներ էին վառել և խիստ հրամանով հսկում էին վանքը: Բայց հանգիստ էին՝ հավքն իր թևով, օձն իր պորտով վեցհազարանոց զորքի շրջափակումից դուրս գալ չի կարող։
Վանքի դուռը կամաց բացվեց։ Սպիտակ սավաններով հինգ ֆիդայի, Անդրանիկն առջևից, շարժվեցին՝ իրենց հետ վերցնելով վանքի դռան առջև սպասող տասներկու զինվորներին, հետո նրանց հետևեցին երեք դիրքերի ինը տղաները: Ֆիդայիները հասան թշնամու դիրքերի գծին:
-Դուք ո՞վ եք,- մթի մեջ լսվեց թուրք զինվորի ձայնը:
Միանգամից հինգ հրացան դեմ առավ նրա կրծքին:
-Չճանաչեցի՞ր ինձ, ես հարյուրապետ Մեհմետ էֆենդին եմ: Կես ժամ է՝ էստեղ խուզարկում եմ, իսկ դուք քնած եք: Այսպե՞ս պիտի պահեք ու հսկեք ֆիդայիներին, արգելեք նրանց փախուստը,- թուրք զինվորին անակնկալ շփոթեցրեց Անդրանիկը՝ շրջվելով դեպի Գևորգ Չավուշը՝ «Մեհմետ Չավուշ, այս մարդը քնած էր, այդպես չէ՞»:
-Այո՛, էֆենդի, քնա՛ծ էր,- հաստատեց Գևորգը:
Անդրանիկը ֆիդայիներին ձեռքով հասկացրեց անցնելու, սակայն նրանք մի պահ վարանեցին: Ժամանակ շահելու նպատակով Անդրանիկը նորից դիմեց զինվորին:
-Անունդ ի՞նչ է:
-Հասան,- թուքը կուլ տվեց մոլորված զինվորը:
-Որտեղի՞ց ես և ո՞ւմ որդին: Այս անտարբերության համար առավոտ պատիժդ կստանաս:
-Ալլա՛հ, Ալլա՛հ, չգիտեմ դուք ինչ տեսակ մարդիկ եք,-շփոթությունից փոքր-ինչ սթափվեց զինվորը:
-Ձայնդ կտրի՛, թե չէ շան պես կսատկես,- սպառնաց Անդրանիկը՝ հրացանը սեղմելով թուրքի կրծքին:
Ֆիդայիներն արագ անցան: Վերջում իր խմբով հեռացավ Անդրանիկը՝ մշուշի մեջ որոնելով Արաբոյի քարը, հետո Արծվի քարով կբարձրանան Հավատորիք՝ Ծիրնկատարի ամենաբարձր գագաթը։
Մի քանի վայրկյան անց զինվորի լալկված լեզուն բացվեց. «Ֆիդայիները փախա՛ն, ֆիդայիները փախա՛ն...»: Թուրքական հազարավոր հրացանների գնդակները սուրում էին ֆիդայիների գլխավերևում, բզկտում խավարը։
Պատասխան կրակից սպանվեց երեք թուրք, ֆիդայիներից ընկավ միայն տերզեվանցի Յահուտի Բարսեղը։
Խայտառակության գիշերը շարունակող ամոթի առավոտյան ժամը վեցին թուրք զինվորները մոտեցան վանքին և բացված դռնից գլխիկոր ներս մտան։
Իսկ Անդրանիկն իր քաջերով բարձրացավ Սասնա լեռները։

Ամիսներ շարունակ ողջ Արևմտահայաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում ու Եվրոպայում Առաքելոց վանքի կռվի լեգենդն էին պատմում: Թուրքիայում հավատարմագրված դեսպաններն ու հյուպատոսները մանրամասն զեկուցագրեր ուղարկեցին իրենց կառավարություններին: Թուրքական, ռուսական և եվրոպական բազմաթիվ թերթեր անդրադարձան այդ անհավատալի կռվին: Ցարական «Ռուսկոյե սլովո»-ն գրեց. «Այդ ժամանակից սկսած Անդրանիկի փառքը տարածվել է Թուրքիայի սահմաններից շատ հեռու: Ոչ միայն Կովկասում և Ռուսաստանում, այլև Արևմտյան Եվրոպայում սկսեցին խոսել նրա մասին...»: Կոստանդնուպոլսում Ցարական Ռուսաստանի դեսպան Զինովևը իր կառավարությանն ուղարկած գաղտնի գրության մեջ նշեց. «Սասունում կենտրոնացած հրոսակախմբերի գլուխ է կանգնած ոմն Անդրանիկ, որին հաջողվել է ընդհանուր ճանաչում նվաճել այդ երկրամասում՝ իր համարձակ արշավանքների շնորհիվ»:
Հուսահատված ժողովուրդը Առաքելոց վանքի կռվից նորից արթնացավ, հավատաց, որ հնարավոր է սեփական շատ փոքրաթիվ ուժերով ինքնությունը պահել։ Այդ օրերի փաստաթղթերից մեկում նշված է. «Մեր ժողովուրդը, մի կողմից տաճկաց լծի ծանրության տակ հյուծված և արնաքամ եղած, այն դրությանն է հասել, որ ինքնաբերաբար խմբական կրոնափոխության է դիմել և վերջերս էլ Մշո դաշտում հազարավոր ստորագրություններով պատրաստ է դիմելու օրթոդոքսության անդունդը գլորվելու։ Եվ նրան այդ անդունդից հանեց Անդրանիկը՝ յուր ժամանակավոր հաղթություններով Առաքելոց վանքի պաշարման շրջանում»:
Իսկ ժողովուրդն արդեն երգում էր.
Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք-գետին տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանիկ...
Ականատեսները վկայել են, որ Առաքելոց վանքի պարիսպների տակ քսանմեկ օրում սպանվել և հիվանդությունից մեռել է 1800 թուրք զինվոր:
Առաքելոց վանքի կռիվը թևեր առավ, ճախրե՜ց Սասնո լեռներում, Մշո դաշտում, ամեն տեղ, ուր մի մոլորված ու հույսը կորցրած հայ կար, հավատ տվեց ու համոզեց, որ երեսունյոթ հոգով հնարավոր է դիմակայել կանոնավոր 6000-անոց զորքին ու դառնալ լեգենդ։
Բայց դա լեգենդ չէ։ Դա Առաքելոց վանքի կռիվն է։

Դիտվել է՝ 163702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ