USD484.70
EUR553.96
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Դեպրեսիան սև հագած մի կին է, որ ծեծում է քո դուռը»

«Դեպրեսիան սև հագած մի կին է,  որ ծեծում է քո դուռը»
04.07.2014 | 15:49

Ըստ վիճակագրության` դեպրեսիան կարող է դառնալ աշխարհի թիվ մեկ խնդիրը և լուրջ վնաս հասցնել զարգացած երկրների տնտեսությանը: Այս մասին երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց կլինիկական հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ, նշելով, որ անցած դարի 90-ականներից առայսօր դեպրեսիայի կտրուկ աճ է արձանագրվել, ընդ որում, սոցիալապես ապահով երկրներում դեպրեսիայով տառապողների թիվն ավելի մեծ է, քան սոցիալապես անապահով երկրներում: Այս առումով աշխարհում ամենաբարձր ցուցանիշը սկանդինավյան երկրներինն է:
«Դեպրեսիան տրամադրության երկարատև անկումն է, որը կարող է դառնալ ամենօրյա խնդիր ու խանգարել կյանքի որակին,- պարզաբանեց բանախոսը:- Ախտանիշները բազմապիսի են. մարդը չի կարողանում ճիշտ որոշում ընդունել, ունենում է մեղքի զգացում, բացասական վերաբերմունք սեփական անձի նկատմամբ, կորցնում է հումորի զգացումը, առաջ են գալիս քնի խանգարում, ախորժակի կորուստ: Դեպրեսիան ունենում է դիմակներ, հաճախ արտահայտվում է մարմնական ցավերի միջոցով: Ռուսաստանի ընդհանուր պրոֆիլային հիվանդանոցում անցկացված վիճակագրության համաձայն` կամայական մասնագետներին դիմող 70 տոկոս այցելուների մոտ արձանագրվել է դեպրեսիվ սինդրոմ»: Մեր օրերում դեպրեսիայի պատճառներից մեկը տեխնիկան է:
«Ամեն ինչ շատ արագ է դարձել, ու չկա ժամանակ շփումները կազմակերպելու, բացի այդ, հոգսերն են ավելանում, հոգնածության աստիճանը: Մենք սկսում ենք սպառել ինքներս մեզ, առանց հաշվի առնելու, որ ժամանակ և հնարավորություն պետք է տանք այդ ռեսուրսները վերականգնելու»,- նշեց հոգեբանը:
Հարց հնչեց` ինչպե՞ս խուսափել դեպրեսիայից:
«Դեպրեսիան ճանապարհ է, ինչ-որ խնդիր է լուծում: Յունգն ասում է՝ դեպրեսիան սև հագած մի կին է, որ ծեծում է քո դուռը, եթե դու դուռը չբացես, նա կմնա դռան հետևում միշտ կանգնած: Եթե ուզում ես ազատվել նրանից, պիտի դուռը բացես, հյուրասիրես նրան, հարցնես` ի՞նչ է ուզում, հետո ճանապարհ դնես»,- ասաց բանախոսը, փաստելով, որ այսօր ավելի հաճախ են դիմում հոգեբանի օգնությանը և փորձում խնդիրը լուծել ավելի քիչ ժամանակ ու ռեսուրս ծախսելով:
Մեր հարցին` ինչո՞վ բացատրել, որ սոցիալապես ապահով երկրներում դեպրեսիայով տառապողների թիվն ավելի մեծ է, Միհրդատ Մադաթյանը պատասխանեց. «Արժեքների փոփոխությամբ: Սոցիալապես անապահով երկրներում արժեքները դեռևս պահպանվում են, ավելի բարձր է նաև երջանկության տոկոսը. ինչքան բարձրանում է սոցիալական ապահովվածությունը, այնքան տեղի են տալիս ուրբանիզացիային ու տեխնիկային»:


Ակումբավար`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao