Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վկայություններ

Վկայություններ
08.07.2014 | 11:22

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ՍԱՐԳԻՍ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՆԻ ԳԱՎԱՌԻ ՎԱՆԻ
ԳԱՎԱՌԱԿԻ ՀԱՅՈՑ ՁՈՐԻ ՔՅՈՇԿ ԳՅՈՒՂԻ ԿՈՏՈՐԱԾԻ ՄԱՍԻՆ

Քէօշկ գիւղը 25 տուն, 240 հայ բնակչութենէ: Նոյնպէս ունէր 1 եկեղեցի, որն գիւղին հետ միասին գրեթէ աւերակ է:
Մեր գիւղը ալանցի ցեղէն Աղսին գիւղ բնակող Մհէ պէյի տրամադրութեան ներքոյ լինելով բռնապետական օրերէն ի վեր, հետևաբար մենք՝ բոլոր գիւղացիները, ինչպէս միշտ, 1914-ի պատերազմի ժամանակ ալ զերծ էինք զինուորագրութենէն: 1914 թուին, իբրև պատերազմի տուրք, կառավարութիւնը բռի ոստիկաններու բիրտ ուժով հաւաքեց 70 ոչխար, 20 լիտր իւղ, 10 չափ պլղուր, 40 զոյգ ձեռնոց, 30 զոյգ չարուխ, 20 զոյգ չուալ, 30 հատ եզ և պարտադրել ըրաւ զինուորական պարէն, ռազմամթերք և նման իրերու փոխադրութիւնը, առանց դրամ իսկ տալու:
Մեզմէ առնուած բոլոր իրերը մեր կենդանիներով, սայլերով փոխադրեցինք Նորտուզ, Ոստան, Սարայի, Բերկրի ու ամբարեցինք:
Կառավարութեան ամէն բան ձրի տալ, փոխադրել, ծառայելէն զատ, նոյնպէս ստիպուած էինք մեր պէյին և իր ծառաներուն ալ ծառայել, որովհետև պէյին շնորհիւ մենք ազատ էինք զինուորական ծառայութենէն: Մենք ստիպուած էինք թողել մեր տան գործերը և կատարել այն բոլորը, այնպէս, որ մեր հունձքերու քառորդ մասը հազիւ կարողացանք հնձել:
Իսկ ձմեռ ժամանակ բոլոր տղամարդիկս՝ 14-70 տարեկանները իբրև ամալիե թապուրի, զինուորներուն կռնակով պաշար ու ռազմամթերք կը տանէինք օրերով ու ժամերով հեռու՝ Վան, Սարայի, Բաղէշ, Արճէշ, Խլաթ և զանազան վայրեր, գրեթէ մերկ, բոպիկ, անօթի ու ծարաւ, տաժանելի պայմաններու մէջ ապրելով: Վերջապէս ամէն բան տարինք, ամէն չարչարանքի ու նեղութեան տոկացինք
1915 թ. ապրիլ 12-ին ամէն մէկս մեր աշխատանքի ու գործի հետ էինք, յանկարծ մեր պէյի ծառաներէն Թըմէն, Իպօն, Խասօն, Գատըրը, Ահմէն, Ըլօն՝ թուով 10 հոգի, զինուած եկան մեր գիւղը և գիւղապէտին միջոցաւ յայտնեցին, որ Վանի կուսակալ Ջևտէթ պէյն բոլոր պէյերուն, աղաներուն հրահանգած է, որ ամէն մէկը իր կողմի հայերուն պիտի կոտորեն, իսկ Մհէ պէյն, որպէս իր հայերուն, կ’ուզէ ձեզ պաշտպանել: Հաւաքեցին մեզ, թուով 45, տարին պէյին գիւղը ու բանտարկեցին պէյի գիւղին մէջ՝ Ըլոյի մարագը: 4 ժամէն վերջ եկան մեզ բաց թողուցին, որպէսզի երթանք պէյի գիւղի հայերուն տները հաց ուտենք և վերադառնանք մարագը, սակայն մենք սկսանք կասկածիլ, երբ մեզ հսկողութեան տակ էին առած և խիստ կը վերաբերուէին մեզ հետ: Շատ չանցած՝ մեր կասկածը իրականացաւ, եղբայրս՝ Մարգարը, որ պէյին ծառայ էր իբրև մշակ, գաղտնի իմացած էր իրողութիւնը, եկաւ և մեզ յայտնեց քրտերուն նենգամտութիւնը, որից ես երկու ընկերով միջոց ունեցանք փախչիլ Սէգ սարը, որտեղ թափառեցանք 5-6 օր:
Եղբայրս եկաւ ինձ որոնելու, գտաւ և պատմեց, որ մեր փախչելու երկրորդ օրը 42-ին էլ սպաննած էին մարագին մէջ և դիակները ձգած էին արևին դիմաց՝ մարագին ետևը: Սպաննուողներին մէջ էին մեր գիւղի գիւղապետը՝ Յովհաննէս Մելքոնեանը, և իր տղայի ընտանիքի անդամներէն Մարտիրոս Յովհաննէսեանը և Թովմաս Յարութիւնեանը: Եղբայրս գիւղէն դուրս ելած միջոցին քրտերը գաղտնի լրտեսած էին և մեզ բռնեցին ու սկսան սարը խուզարկել, որտեղ գտան նաև 14 հոգի ալ զանազան գիւղերուց, որոնք քրտական գազանութիւններէն քօղարկուելով՝ ապաստանած էին Սէգ սարը: Անոնց մեզ ընկերացուցին, բերին ու պէյի ախոռներուն մէջ բանտարկեցին: Հազիւ թէ հանգստացած էինք, մեզ կանչեցին պէյի ներկայութեան, որտեղ նստած էր մոլլա մը: Առաջարկեց պէյն՝ իսլամութիւն ընդունենք, մենք մերժեցինք: Որովհետև գիւղապետ Յովհաննէսը իր տղաներով ընդունած էին մահմետականութիւնը, ամէնից առաջ սոսկալի տանջանքներով ու դաշոյնով անդամները մէկ-մէկ կտրելով սպաննած էին: Նաև հակառակեցաւ մոլլան. «Որովհետև,-ըսաւ,-իրենց կեանքերը փրկելու համար ամէն միջոցի կը դիմեն, հետևաբար վախի ազդեցութեան և նման պարագաներու մէջ Ղուրանը հակառակ է այդպիսիներու իսլամացման», ընդհատելով խօսքը՝ գնաց, իսկ մենք դարձեալ առաջնորդուեցանք ախոռը:
Ապրիլ 25-ին մոլլա Սայիտ կանոնաւոր զօրքերով ու ահագին խուժանով եկան Աղսին: Եղբայրս յայտնեց, որ ռուսեր գրաւեր են Վանը, ասոնք պարտուած փախան, եկան, եղբայրս անոնց վախէն մեր քով եկաւ:
Իրիկունը՝ արև մայր մտած ժամանակ, կանոնաւոր զօրքն ու խուժանը պաշարեցին ախոռի դուռ ու երդիկը: Մենք բարձրացանք երդիկ՝ փախչելու համար, սակայն հոն ալ հսկողութեան տակ առած էին: Խուժանի ստիպմամբ՝ դուռը բացեցինք, ներս լեցուեցան, ոմանք մանգաղ, կացին, գերանդի և նման գործիքներ բերած էին, մեզ դուրս հանեցին մարագներուն քով: Նախ՝ բոլորին մերկացուցին, հրացանները ուղղեցին և հրամանի կը սպասէին: Աղայի ծառաներէն մէկը, որ ինձ հետ մասնաւոր թշնամութիւն ունէր, խնդրեց խուժանին, որ ինձ իրեն յանձնեն՝ աւելի չարչարանքներով սպաննէ: Ընդունեցին սիրով: Ինձ զատեցին ընկերներէս, և մի քանի քայլ հեռացանք անոնցմէ: Սկսաւ ինձ փայտով ծեծել: Նկատեցի, որ անպայման մեռնելու եմ, յարձակեցայ վրան: Պոռաց ընկերներուն, թէ ինձ սպաննեց, մէկ ալ տեսայ, բոլորը հրացան արձակելով վազեցին դէպի ինձ, բայց, բարեբախտաբար, անձրևոտ և մութ գիշեր ըլլալով՝ գութնուսած մի արտի մէջ պահուըտեցայ, որովհետև անզոր էի ճամբաս շարունակելու: Ոտքերս թուլցած գետին ինկայ: Երկար փնտռտուքէ վերջ վերադարձան գայլի ոհմակի նման, դաշոյնով, մանգաղներով և փայտի հարուածներով 16-ին էլ սպաննեցին: Երբ անոնք վերադարձան գիւղը, ես ալ բաւական հանգստանալէն յետոյ բարձրացայ Սէգ սարը, 5-6 օր ալ այդտեղ ձիւնի, բուքի, անձրևի, անօթի, ծարաւ և բոլորովին մերկ թափառելէն վերջ, մեր գիւղի քանի մը կիներ գտայ այդ սարերը: Հասկցայ, որ գիւղը ամբողջապէս այրեր, աւարի տուեր ու անխնայ կոտորած են բոլորին: Անոնց հետս առնելով՝ անցանք Հայոց Ձոր: Արդէն ռուսական ու կամաւորական բանակներ մտան Վան ու գրաւեցին շրջակայքը, իսկ մենք մնացինք հոդ մինչև յուլիսեան մեծ նահանջը: Բերկրիի գծով գաղթեցինք, որտեղ հայտարանցի և գիլանցի աւատապետեր յարձակեցան մեզ վրայ, սակայն կամաւորներու դիմադրութեան հանդիպելով՝ մենք անվնաս անցանք Կովկաս-Էջմիածին, որտեղ ճանապարհի սաստիկ յոգնածութենէն, շոգէն ու տապէն հիւանդացան ու մեռան 30 հոգի:
Մնացորդը՝ թուով 15 հոգի, տեղաւորված են Ղամարլուի և Էջմիածնի շրջանի գիւղերը, և մինչև այսօր հայրենիք չվերադարձանք: Մեր կալուածները թափուր վիճակի մէջ են:

Վանի նահանգի Հաքյարի գավառի Գյավառի գավառակի Դիզա գյուղացի 10-ամյա Մուշեղի վկայությունը իր ձեռքերը գամելու մասին
(1916 թ., Բաքու)

Հայրիկս և հօրեղբայրներս չգիտեմ ի՞նչ եղան:

Խալիլ պէյը եկաւ մեր գիւղ, հաւաքեց բոլոր տղաներն և մարդերն և տարաւ գիւղին բերդը: Բերդին մէջ տղաները այնտեղ թողուց, իսկ մարդիկը չգիտեմ ուր տարաւ: Մենք այնտեղ մնացինք։ Քիւրտերը, հրացաններ առած, մեզ վրայ կանգնեցան, մենք վախէն կու լայինք, իմ ընկերներէն Յակոբը ինծի կանչեց՝ Մուշե՛ղ, քիւրտը լսեց, բարկացաւ և ինծի կանչելով ասաց, թէ. «Անունդ ի՞նչ է»: Ես ասացի՝ Մուշեղ: «Քո անունը Մուշեղ է, հա՞, դուն շէ՞խ ես, սպասիր, քեզ շէխ ըլլալ ցոյց կու տամ» և ինծի տարաւ, ձեռքերս գամեց փայտի մը, ասելով. «Ահա շէխի տեղը»: Ես լացի, նա դաշոյն քաշեց, որ ինծի մորթէ, ես ալ վախցայ, ձայնս կտրեցի: Իւզբաշին եկաւ, ինծի տեսաւ, ձեռքիցս գամերը քաշեց և ղրկեց: Եղբօյրս՝ Սմբատի հետ գացի մայրիկիս մօտ: Մէկ-երկու օր ալ մնաց, կամաւորներ եկան, մեզի ղրկեցին Սալմաստ, բժիշկը իմ ձեռքերը լաւացուց, և մենք եկանք Բագու: Հիմա մայրիկիս քով կը մնամ:

Էջը պատրաստվել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ: Փաստաթղթերի ժողովածու» եռահատորի 1-ին հատորի (Վանի նահանգ) հիման վրա: Հրատարակիչ՝ Հայաստանի ազգային արխիվ: Գլխավոր խմբագիր, հեղինակ և կազմող՝ Ամատունի Վիրաբյան, հեղինակ և կազմող՝ Գոհար Ավագյան:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ