«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Գնում էին Մոսկվա, մի «չամադան» կոնյակ էին տանում, գործերը դզում էին, հետ գալիս»

«Գնում էին Մոսկվա, մի «չամադան» կոնյակ էին տանում, գործերը դզում էին, հետ գալիս»
11.07.2014 | 00:20

«Քանի որ Երևանի ՋԷԿ-ը, որը որևէ շահույթ չունի, բայց պարբերաբար պետք է կանգնի վերանորոգման, այդ ծախսերը մարելու համար հոսանքը բարձրացրին,- էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման առնչությամբ երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց Հանրային խորհրդի անդամ, քաղաքական գործիչ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ, բնութագրելով ատոմակայանի վիճակը։- Ամեն Աստծո օր վախենում եմ, որ ատոմակայանին մի բան չպատահի, ու Հայաստանում մի հատ էլ Չեռնոբիլ չլինի: Այս վտանգը մինչև 2026-ը կախված պիտի լինի հայ ժողովրդի գլխին: Էդ վտանգավոր ատոմակայանին պիտի հետևեն, որ գոնե էսօր չտրաքի, վաղը տրաքի: Պարզվում է, որ ատոմակայանի վերանորոգման ծախսերն էլ հայ ժողովուրդը պիտի հոգա»:
Իրեն բնորոշ բառուբանով 4-րդ խոսափողի երբեմնի «տիրակալը» նշեց, որ եթե անգամ ենթադրենք, թե ինչ-որ «դեպքի» պատճառով է թանկացում լինում, պետք է այն լինի ժամանակավոր: «Երբ էդ անտեր ատոմակայանը սկսի աշխատել, կամ անձրևները սկսեն նորմալ գալ, գինը պետք է նորից վերադառնա հնին: Գրեք, որ թանկացումը ժամանակավոր է: Հազար անգամ ես պահանջել եմ սա, ասել եմ հանձնաժողովի նիստում, փոխարենն ասում են` ուրիշ դեպքեր էլ կան: Է՜, կրա՞կն ենք ընկել»,- հեգնախառը նկատեց ակումբի հյուրը, շեշտելով, որ աշխարհում էլեկտրաէներգիայի ոլորտն օրեցօր կատարելագործվում է, գներն էլ նվազում են, իսկ մեզանում ամեն տարի թանկացում է լինում:
Բանախոսը կարծում է, որ այս իրավիճակն ամենից շատ ձեռնտու է ռուսական կողմին, իսկ մեր պաշտոնյաները հլու-հնազանդ ենթարկվում են նրանց: «Այս կարգի նեոգաղութացում, ազգային դավաճանություն, որ կատարում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, անթույլատրելի է: Ժամանակին մեր մինիստրները, գործարանների տնօրեները գնում էին Մոսկվա, մի «չամադան» կոնյակ էին տանում, գործերը դզում էին, հետ գալիս: Էսօր Հայաստանում տեղակայված իրենց գործակալները մերոնց են մի «չամադան» կոնյակ տալիս, ու հայ ժողովրդի ունեցվածքը հանձնաժողովը տալիս է ռուսներին: Էսպես ո՞նց կլինի»,- տարակուսեց ՀԽ անդամը և հավելեց, որ մի ճամպրուկ «կոնյակը», իհարկե, խոշոր գումարն է: Ավելին, պարոն Սադոյանն իրավիճակը փորձեց ներկայացնել նաև ժողովրդական ասացվածքով. «Եթե գողը տնից լինի, եզը երդիկից կելնի»: «Հանրային շահերի պաշտպանությանը կոչված անկախ հանձնաժողովը ծառայում է օտարին, որն այլ կերպ, քան ազգային դավաճանություն, չեմ կարող չհամարել»,- փաստեց քաղաքական գործիչը և առկա իրավիճակից ելքը համարեց նախ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լուծարումը, ապա քաղաքացիական հասարակության ակտիվացումը, չորրորդ իշխանության ակտիվ պայքարը և ստորագրահավաք անելն ու դատարան դիմելը: «Ինձ ասում են՝ լա՜վ, է՛լի, պարոն Սադոյան, էդքան խոսում եք, որ ի՞նչ, ի՞նչ օգուտ: Հլը պատկերացնո՞ւմ եք, որ չխոսեի, բողոքող չլիներ, եկող տարի քսան տոկոսով կթանկացնեին»,- վստահեցրեց բանախոսը և նման հարցերում կարևորեց արտաքին «աուդիտը», քանի որ մեր ներսինը` հայկականը, շատ հնարավոր է «կոնյակի շշերի» ճամպրուկով այլ ուղղություն է բռնել:
«Հայաստանի բյուջեից պետք է այդ ծախսերը մարվեին, բայց էդ 4 դրամների իննսուն տոկոսը գնում է Հայաստանից դուրս: Չորս դրամից ոչ մի կաթիլ համարյա չի մնում: Հայաստանում հոսանքի գինը բարձրացնելով, ընդամենը դրա հինգ-վեց տոկոսն է մնում ատոմակայանը սարքելու համար, առյուծի բաժինը ռուս տերերը տանում են իրենց: Իսկ եթե Հայաստանը սեփական միջոցներով է հոգում այդ ծախսերը, նրանք այստեղից գումարներ չեն տանում»,- հավաստիացրեց Արշակ Սադոյանը, ավելացնելով, որ ոլորտում հսկայական «մեքենայություններ» կան:
90-ականներին մշտապես հանրային կյանքը «ցնցող» Արշակ Սադոյանը «մազութի գործը» և հոսանքի հողակցումը, բնականաբար, չէր կարող շրջանցել, ու նա հետադարձ հայացքով վերստին ներկայացրեց կատարվածը: «Խավարի այդ տարիներին, երբ լույս էին տալիս, սաղ թաղը գոռում էր` լույսը տվին, լույսը տվին: Մի խոսքով, սարսափելի վիճակ էր, քաղաքում ավտո չկար, տրոլեյբուսները հրելով էին տանում, քանի որ հոսանք չկար: Մեկ էլ հանկարծ բացում ենք փաստաթղթերը ու պարզվում է, որ համարյա այնքան էներգիա է արտադրվում, որքան հովհարային անջատումներից հետո: Մենք էլ ասում էինք` ախպե՛ր, էդ ի՞նչ եղավ էդքան էներգիան: Իրականում ուղղակի գրում էին, բայց չէին արտադրում»,- վերհիշեց այս գործում ժամանակին տեղը տեղին «խորացած» նախկին պատգամավորը և շարունակեց, որ այդ տարիներին Սևանա լճի մակարդակը իջավ շուրջ 83 սմ-ով: «Ոչ մի տեղ մազութ ու գազ չէր վառվում: Բայց հանկարծ պարզվում է, որ Հայաստանը Ռուսաստանից ստացել է 205 հազար տոննա մազութ: Մենք էլ նստում հաշվում էինք՝ մի ցիստեռնը 60 տոննա է տանում, ու պարզվեց, որ Հայաստանի ճանապարհների ողջ երկարությունն այդքան չի լինում: Էդ ո՞նց եք բերել, էն էլ բլոկադայի ժամանակ, երբ բոլոր ճանապարհները փակ էին: Ասում էին` ավտոներով ենք բերել: Ասում էինք` մարդ, բենզին ու նավթ չեք կարող բերել, էլ ուր մնաց մազութ: Արդյունքում վճարում էին Հայաստան չեկած մազութի համար»,- փաստեց բանախոսը` ընդգծելով, որ իրականում Հայաստանի փողերով մազութն առնում էին Ռուսաստանից, վերջինս այդ մազութը ծախում էր ՈՒկրաինային, Մոլդովային, Բուլղարիային, և ստացած գումարը կիսվում էր ռուս պաշտոնյաների և հայ ղեկավարների միջև, բայց այդ ամենը ձևակերպվում էր որպես պարտք Հայաստանի վրա: «Էնքան այդ պարտքը գումարվեց, որ վերջում «գույք՝ պարտքի դիմաց»-ով հայտնի է ինչեր Հայաստանից վերցրին, ներառյալ Սևան-Հրազդան կասկադը: Այ, մազութ լափելը սա էր»,- արձանագրեց Արշակ Սադոյանը, շեշտելով, որ այս գործով դիմել էր դատախազություն, սակայն բացահայտել են միայն «մանր-մունր մեքենայությունները»:
Լրագրողների դիտարկմանը, թե հոսանքն ինչ եղավ այդ տարիներին, բանախոսը շեշտեց. «Էլեկտրաէներգիա չի արտադրվել, ուղղակի թղթի վրա գրել էին: Երբ հարցնում էինք, թե ինչ է եղել այսքան էներգիան, ասում էին` երևի մեկը հողակցել է: Եթե այդքան արտադրված էներգիան հողակցվեր, Հայաստանի սաղ հողը դռռալու էր»:
Անցնելով հոսանքի քաղաքական բնույթին և իշխանությունների այն հայտարարություններին, թե իրենք ժողովրդի թշնամին չեն, և այս թանկացումը հաշվարկված է, քաղաքական գործիչը նշեց, որ ամեն ինչ պայմանավորված է անձնական շահով: «Իրենց էլ է ձեռնտու, որ մարդիկ լավ ապրեն, փող ունենան, առևտուր անեն, լֆիկները լավ էլ կապրեն: Բայց եթե այդ ամենը պետք է լինի իրենց գրպանների հաշվին, արտագաղթի մասին «դարդ» անելով, կասեն՝ դե լավ, էլի, մեկ մլն դոլարը ի՞նչ կանի Հայաստանին: Ինձ շատ են ասում՝ էդքան խոսելով, պարոն Սադոյան, ինչի՞ տեր դարձաք, չաշխատեցիր ամառը, ասա, ինչն է պատճառը: Էս մարդիկ էլ մտածում են այլ կերպ՝ եթե հիմա հնարավորություն ունեն, աշխատեն, մեկ է, երկիրը ոնց էլ լինի կդիմանա»,- գործող իշխանությունների մասին ասաց նախկին պատգամավորը և գրեթե նույնը վերագրեց նաև նախորդներին, մասնավորապես՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: «Բուլղարիային վաճառվող մազութի փողի շուրջ մեկ մլն դոլարը գալիս հասնում էր Հրանտ Բագրատյանին: Հիմա երբ այդ մեկ միլիոնը չկա, Հրանտ Բագրատյանը մտածում է՝ մի բան անենք, որ ժողովրդի համար լավ լինի»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ