«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Օրհնա՞նք, թե՞ անեծք

Օրհնա՞նք, թե՞ անեծք
11.07.2014 | 12:45

(սկիզբը` այստեղ)

ՀՈԳԵՇԱՀ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԴԻՎԱԿԱՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մարինա ՎՈՐՈՆՑՈՎԱ,
ք. Սանկտ Պետերբուրգ

«Իմ կյանքում ահավոր իրադարձություններ տեղի ունեցան, բայց դրանք ինձ Աստծու մոտ բերեցին։ ՈՒստի ես չգիտեմ` կա՞ արդյոք մարդու կյանքում մի բան, որ ի վերուստ չէ։
Իմ ընկերոջ՝ Մաքսիմի հետ ծանոթացել եմ դիսկոտեկում, երբ դպրոցի վերջին դասարանում էի։ Դե գիտեք, ժամանակակից երիտասարդներս այլևս չենք ապրում հին պատվիրաններով, և ես ու Մաքսիմը երրորդ հանդիպումից հետո ամեն առումով մտերիմ հարաբերություն ունեցանք։ Նա ամեն ինչ անում էր, որ ես չհղիանամ՝ մինչև դպրոցը չավարտեմ, որ մեր ծնողներին չվախեցնեինք «անակնկալով»։ Դպրոցական տարիներին իմ շատ ծանոթներն էին այդպես անում։ Մի խոսքով, ես ու Մաքսիմը հանդիպում էինք երկու տարի, մինչև որ նրան բանակ կանչեցին։ Ես հավատարմորեն սպասում էի նրան՝ երեկոները ոչ մի տեղ չգնալով և ընկերուհիներիս հետ չհանդիպելով։ Այդ ժամանակ դեռ 18 տարեկան էի ու առաջին համբույրների վերհուշերով էի ապրում՝ Մաքսիմի վերադարձին սպասելով իրենց տանը։ Իսկ ինչո՞ւ իրենց տանը. որովհետև նա բանակ գնալուց առաջ խոսել էր մոր հետ, որ ես իրենց տանն ապրեմ ու այնտեղ սպասեմ իր վերադարձին։ Խոստովանում եմ, որ այդ ժամանակ ես վերապրում էի նախկինում կատարված դեպքերի հաճելի կողմերը՝ ինձ համարյա ամուսնացած կնոջ դերում զգալով, որն անհամբեր սպասում է իր ամուսնուն։
Մաքսիմի մայրն ինձ հետ շատ սիրալիր էր վարվում, իսկ ես շարունակում էի սովորականի նման իմ ուսումով զբաղվել։ Նա նույնիսկ հրաժարվում էր իմ բերած փոքրիկ կրթաթոշակից, որը ես ուզում էի տալ նրան մեր երկուսի տնտեսական կարիքները հոգալու համար։ Երբ առավոտյան զարթնում էի, խոհանոցում արդեն նախաճաշը պատրաստ էր, իսկ երեկոյան, իմ վերադարձից հետո, լուռ գնում էր ընթրիքը տաքացնելու։ Եվ նա հարևանների մոտ ինձ միշտ գովում էր, որպես հավատարիմ մեկի։
Հետո եղավ այնպես, որ ես հանդիպեցի մի ուրիշ տղայի։ Այս մեկն արդեն, ի տարբերություն առաջինի, իսկական զգացմունք էր, ոչ թե անփորձ աղջկա ռոմանտիկ ապրում։ Սկզբում ինձ թվում էր, թե այդ նոր հանդիպումները չեն խանգարի իմ տնային «կալանքին»։ Դրանք չէին խանգարում, որ ես Մաքսիմին նամակներ գրեմ ու ոչնչով կասկածի տեղիք չտամ։ Բայց հետո զգացի, որ բոլորովին էլ չեմ ուզում նրան գրել, ժամանակ առ ժամանակ հնչող հեռախոսային զանգերին պատասխանել, քանի որ ստիպված էի խաբել նրան։ Եվ, վերջապես, իմ այդ տուն փոխադրվելը համարում էի սարսափելի սխալ։ Մանավանդ որ իմ նոր ընկերը՝ Վոլոդյան, նույնպես ասում էր, թե ես Մաքսիմի կինը չեմ, ու կարիք չկա նրա տանն ապրելու, թե ամեն խելոք մարդ կհասկանա, որ ինքն իրավունք չունի հավատարմություն պահանջելու մեկից, որի հետ սկսել է հանդիպել 16 տարեկանում։ Նա խնդրում էր, որ գնամ իր մոտ ապրեմ, ասելով, որ գուցե Մաքսիմն էլ է արդեն զղջացել, որ ինձ իր տուն է տարել նախքան բանակում ծառայելը։ Կարճ ասած, մի օր էլ, երբ Մաքսիմի մայրը տանը չէր, շտապ-շտապ հավաքեցի իրերս և, նույնիսկ երկտող չթողնելով, դուրս եկա նրանց տնից։ Մտածեցի, որ Մաքսիմը կգա և, ամեն բան հասկանալով, իր համար կյանքի ուրիշ ընկերուհի կգտնի։ ՈՒստի նրան այլևս չգրեցի, իսկ մորն այդպես էլ չտեսա։
Վոլոդյայի հետ ամուսնացա, տղա ունեցանք։ Անցավ մոտ երեք տարի, ու մի օր շուկայում պատահաբար հանդիպեցի Մաքսիմի մորը։ Բայց հետո հասկացա, որ այդ հանդիպումը բոլորովին էլ պատահական չէր, քանի որ նա իմ մասին ամեն բան գիտեր ու թաքուն հետևում էր իմ կյանքին։ Նա ինձ մոտեցավ և, ի զարմանս ինձ, երջանիկ դեմքով ասաց, որ ուրախ է ինձ տեսնելու համար։ Կարծես թե ուրախացավ, որ գործերս հաջող են, և շատ պնդեց, որ գոնե կարճ ժամանակով հյուր գնամ իր տուն, քանի որ Մաքսիմը եթե իմանա, որ հանդիպել է ինձ ու տուն չի հրավիրել, կտխրի։ Ես էլ մտածեցի, որ ժամանակը ամեն բան հարթել է, և այժմ պատճառ չկա մերժելու այս մարդկանց, որոնք իմ հանդեպ վատ չեն եղել։ Ճանապարհին նա պատմում էր Մաքսիմի մասին, որ նա բանակից վերադառնալուց հետո աշխատանքի է ընդունվել ու հաջողությունների է հասել, և ահա ուր որ է ինքն էլ տուն կգա։ Խոհանոցում առաջվա պես ինձ սեղանի մոտ նստեցրեց, թեյ հյուրասիրեց։ Բայց, չգիտես ինչու, տարօրինակ անհանգստություն զգացի և ուզում էի իսկույն հեռանալ։ Նա, որսալով իմ հայացքը, անսպասելիորեն շատ սառը տոնով ասաց. «Մարինա, ինչո՞ւ ես տագնապով դռան կողմը նայում, վախենում ես, որ հիմա Մաքսիմը կգա՞։ Մի՛ վախեցիր, այլևս չի գա. նա ինքնասպանություն գործեց, կրակելով իր վրա, երբ իմացավ, որ դու լքել ես իրեն։ Իսկ դու հենց նոր ոչ թե թեյ խմեցիր, այլ դոդոշի կաշվից թուրմ։ Ես քեզ վաղուց էի փնտրում, որ վրեժս լուծեմ, ու հիմա անիծեցի քեզ։ Այսուհետ ինքդ դոդոշ կդառնաս. իսկ հիմա կարող ես գնալ ու կտեսնես, թե ինչ կլինի քեզ հետ»։
Մի քանի օր հետո դեմքս ու ձեռքերս ծածկվեցին գորտնուկանման տարօրինակ բշտիկներով, որոնք գնալով շատացան ու ծածկեցին կուրծքս, ուսերս, իսկ մի քանի ամիս անց ոչ մի առողջ տեղ չմնաց մարմնիս վրա։ Ես գնացի ապրելու ծնողներիս մոտ, որովհետև ամուսինս ու տղաս չէին կարողանում ինձ նայել։ Մայրս ինձ եկեղեցի տարավ. ուրիշ գնալու տեղ չկար։ Ես փողոց էի դուրս գալիս ամբողջ դեմքս, մինչև աչքերս, ծածկոցով փաթաթած։ Բարեբախտաբար, մայրս ինձ հետ պահեց ամեն տեսակի կախարդների ու գրբացների մոտ գնալուց (ինչպես սովորաբար անում են նման վիճակում եղողները), որովհետև հասկացել էր, որ գլխիս եկածը կախարդության հետևանք է։ Ամբողջ օրը մայրս աղոթքով էր անցկացնում, ինձ հետը զանազան սրբավայրեր ուխտի էր տանում, հասանք նույնիսկ Դիվեևո (սուրբ Սերաֆիմ Սարովսկու վանքը¤ և Պոչաևո։ Կամաց¬կամաց ես էլ սկսեցի աղոթել. էլ ուրիշ ի՞նչ էր մնում անելու։ Աստիճանաբար արտաքին կյանքն սկսեց ինձ անհետաքրքիր թվալ, ամբողջ ժամանակս անցկացնում էի հոգևոր գրականություն ու Ավետարան կարդալով և նախապատրաստվում էի վերահաս մահվան։
Սուրբ Շարբելի նկարը, չգիտեմ որտեղից, կար մեր տանը, բայց ես ոչ մի ուշադրություն չէի դարձնում դրան։ Իսկ մայրս միշտ նրա բարեխոսությանն էր դիմում և քնելուցս առաջ հաճախ նրա պատկերը դնում էր բարձիս տակ։ Պատկերացրեք, այդ սրբի հանդեպ, և ընդհանրապես հավատի ու եկեղեցու հանդեպ իմ սառնությունը հալվեց այն օրից, երբ երազումս նկարի սուրբ Շարբելի նման մի թուխ, ծեր վանականի տեսա, որը ցածրաձայն, համարյա մանկական ձայնով ինձ ասաց, որ իմ հիվանդությունը իսկական չէ, այլ «ուղարկված է» և շուտով անցնելու է, որովհետև ես արդեն հատուցել եմ իմ մեղքերը։ Եվ մի իսկական հրաշք տեղի ունեցավ. շուտով հին բշտիկների տեղում առաջացած բոլոր սպիները վերացան, ու մաշկս առաջվա նման մաքրվեց։ Ընտանեկան հարաբերություններս վերականգնվեցին, և այժմ իմ առաջնային նպատակն է ամուսնուս Աստծուն և եկեղեցուն՝ յուրաքանչյուրիս հոգու փրկության հանգրվանին մոտեցնելը»։
Այս վկայությունից շատ բան կարելի է հասկանալ, բայց ամենակարևորը, ըստ իս, այն է, որ անեծքը դիվական աղբյուրից կարող է զորություն առնել ու թունավորել ամբողջ կյանքդ, եթե մեղքի ու տգիտության մեջ ես, իսկ ապաշխարությամբ ու մեղքերի խոստովանությամբ կարող ենք մաքրվել անեծքի ազդեցությունից։
Անեծքի մասին, կարծես, շատ գրեցինք, բայց նախազգուշացնելը մեր պարտքն էր, քանզի տգիտությունը հոգու կուրություն է, որ մեզ կորստյան անդունդ կարող է նետել։
Այժմ օրհնանքի մասին։ Զարմանալի գաղտնախորհուրդ իմաստ կա այս բառի մեջ, քանզի Աստծուն մոտենալու ամենաուղիղ ճանապարհն է, ինչը հնաբույր եկեղեցական ժամագրքերն են հուշում իրենց օրհնաբանություններով լեցուն մագաղաթաբույր էջերից, քանզի մարդկանց օրհնաբանությունները երկնքից օրհնություններ են իջեցնում երկրի վրա։ Օրհնելով Աստծուն` մենք ինքներս ենք օրհնվում. փորձեք դուք էլ օրվա մեջ մի քանի անգամ, մանավանդ ցերեկվա ժամը երեքին, երբ Հիսուսն Իր Հոգին հանձնեց Հոր ձեռքը, օրհնել Աստծուն, ու համոզված եմ, որ օրհնության անտեսանելի դռներ են բացվելու երկնքից: Ժողովուրդը ինչպես անեծքների զորությանն էր տեղյակ, այնպես էլ օրհնանքի ուժը գիտեր, այդ պատճառով մեր ժողովրդական բանահյուսության մեջ բազմաթիվ օրհնանքի տեսակներ կան, որոնցից մի քանիսի հետ արժե ծանոթանալ ու օգտագործել։ Օրինակ, հյուրասիրությունից հետո մարդիկ տանտիրոջն ասում են. «Բարիքը սեղանիցդ անպակաս ըլնի», «Ինչ մենք պակասեցրինք, Աստված թող ավելիով լցնի», «Աստված ձեր տունը հայր Աբրահամի օջախը դարձնի», «Հացիդ տաշտը միշտ լիքը լինի», «Աստված օրհնի ու շեն պահի տունդ»։ Սա գրելիս հիշեցի, որ երբ այն անաստված կոմունիստական տարիներին գյուղերից մեկում մի ունևոր մարդ հյուրասիրությամբ պատվեց ինձ ու ընկերներիս, վերջում ասացի տանտիրոջը. «Հյուրասիրությանդ համար Աստծուն փառք, քեզ էլ շնորհակալություն ու օրհնություն լինի»։ Նա զարմացած պատասխանեց. «Չհասկացա՛, ես ձեզ հյուրասիրեմ, ու դուք Աստծուն փառք տա՞ք»։ Պատասխանեցի. «Եթե դու հասկանայիր ասածիս իմաստը, այդպես չէիր խոսի։ Ես Աստծուն փառք տվեցի, որովհետև Ինքն է բոլոր բարիքների աղբյուրը ու քեզ առողջություն և բարիք է տվել այնքան առատությամբ, որ դու կարողացար մեզ հյուրասիրել, իսկ քեզ շնորհակալություն հայտնեցինք, որ հոժարեցիր Աստծո տված բարիքներից հյուրասիրել, և օրհնանք մաղթեցինք, որ դրանք ավելի առատանան»։ Հասկանալով ասածիս իմաստը` ինքն էլ Աստծուն փառք տվեց Նրա շնորհած ողորմությունների համար։ Մեկ այլ դեպք օրհնանքի զորության մասին գրենք, որ առավել խորությամբ ըմբռնենք աստվածային այդ զորությունը: Նեղության ու ցուրտ այն տարիներին գործով Գյումրի էի գնացել, վերադարձին ավտոկայանում կանգնած սպասում էի մեքենայի, հանկարծ տեսա մաշված ու բարակ հագուստով մի կորացած կնոջ, որ ցուրտ կանգառում շշեր էր փնտրում` տնեցիների համար մի կտոր հաց վաստակելու: Մոտեցա, ինչքան կարողացա օգնության դրամ մեկնեցի նրան: Նա շնորհակալությամբ ընդունեց ու օրհնանքի այնպիսի բառեր ասաց, որոնք մինչև սիրտս թափանցեցին այդ պահին, և շրջվելով հազիվ կարողացա արցունքներս թաքցնել նրանից: Նրա օրհնանքն այս էր. «Թող հայր Աբրահամի ժառանգությունից Աստված քեզ էլ բաժին հանի»: Անցան տարիներ, ու երբ ինձ հրավիրեցին Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանում կրոնի առարկան դասավանդելու, Թել Ավիվից Երուսաղեմ մեկնելու ճանապարհին հանկարծ Աստված հիշեցրեց այդ կնոջ օրհնանքը հայր Աբրահամի ժառանգությունից ինձ բաժին հասնելու մասին, ու ներքին ձայնով Տերը հասկացրեց, որ հենց հիմա այդ օրհնանքն է կատարվում: Այսպիսին է օրհնանքի զորությունը:
ՈՒրեմն թող օրհնյալ լինի մեր Արարիչ Հայրը, Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի ու Սուրբ Հոգու հետ, որպեսզի թե՛ ազգովին և թե՛ ընտանիքներով արժանանանք Իր խոստացած երկնային անանց օրհնանքներին. ամեն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ