Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նոր մարդկության առաջին հետքերը գտնվում են Հայաստան աշխարհում

Նոր մարդկության առաջին հետքերը  գտնվում են Հայաստան աշխարհում
15.07.2014 | 12:04

Աստվածաշնչում այսպես է գրված. «Եվ յոթերորդ ամսվա տասնյոթերորդ օրը տապանը Արարատ լեռների վրա նստեց» (Գիրք ծննդոց 7.4): Այս այն տապանն է, որտեղ մնացել էր համայն մարդկության մի բուռ սերմացուն. ընդամենը ութ հոգի և բազում կենդանիներ: Աստված մարդկությանը նոր հնարավորություն տվեց արդարությամբ ապրելու, քանզի մեղքը ապականել էր հին աշխարհի մարդկությանը: Իսկ նոր մարդկության առաջին հետքերը, ուզեն, թե չուզեն մնացած ազգերը, գտնվում են Հայաստան աշխարհում: Աստծո առջև ողջակեզ մատուցելու առաջին զոհասեղանը ջրհեղեղից հետո պատրաստվել է Հայաստանում՝ Նոյ նահապետի ձեռքով (Ծննդոց 8.20), երկրորդը՝ Հրեաստանում, երբ Աբրահամը Մորիա լեռան վրա Իսահակին պետք է զոհաբերեր, երրորդը՝ Սողոմոնի կառուցած Աստծո Տաճարում, իսկ ամենավերջինը սուրբը Խաչը դարձավ որպես զոհասեղան Աստծո Գառան համար:
Ղևոնդ Ալիշանն է բնորոշել. «Հայաստանը համայն ազգերի շտեմարանն է»: Եվ հարգարժան վարդապետ-գիտնականի պնդմամբ՝ աշխարհի չորս հինավուրց ազգերից են համարվում հայերը, որոնք, ըստ Աստվածաշնչի, սերում են անմիջապես Նոյի որդի Հաբեթի թոռից՝ Թորգոմից, հրեաները՝ Աբրահամից, որը Նոյից հետո տասներորդն էր, մյուս երկուսն էլ չինացիներն ու հնդկացիներն են համարվում: Աշխարհում քանի՞ ազգ գիտես: Հարյուրավո՞ր, ճիշտ է: Քանի՞ մարդ կա հիմա երկրագնդի վրա. մոտ յոթ միլիա՞րդ, ճիշտ է: Եվ այդ բոլոր ազգերից, լեզուներից ու ցեղերից Տերը հաճո գտավ մեր ազգին իրավունք շնորհել առաջինը կրելու Իր սիրելի ու Միածին Որդու անունը, մկրտելով Իր ընտիր ծառա Գրիգոր Լուսավորչի ձեռքով Իր իսկ տնկած Եդեմի դրախտի չորս գետերից մեկում` Եփրատում (Արածանիում, որ սրա վտակն է): Այդ պահին, որպես երկնային նշան, հորդահոս գետը դադարեց հոսելուց (ինչպես մի ժամանակ Հորդանանը հրեաների համար), իսկ մկրտվողների գլխավերևում ամբողջ ժամանակ լուսեղեն Խաչն էր հուրհրատում՝ իբրև երկնային օրհնության կնիք: ՈՒրիշ էլ ի՞նչ ազգի համար ես լսել (Աստծո ժողովրդից բացի), որի համար հիշատակված այսքան բարիքների գոնե կեսը կատարված լինի: Դժվար թե լսած լինես, որովհետև չկա՛: Եվ ահա Արարիչ Տերը մի գործ է սկսել մեր մեջ ու արդեն քսան դար շարունակում է այն, ու պիտի շարունակի մինչև Իր երկրորդ գալուստը, քանզի Նա Իր իսկ սկսած գործը անավարտ չի թողնի:
Հիմա մի դիպվածի մասին կարդանք, որ պատահել է Սուրբ երկրի Սուրբ Հարության տաճարում: Մի անգամ այստեղ հանդիպեցի մի տարօրինակ արտաքինով երիտասարդի, որը մի արաբի էր վարձել, որպեսզի սա ցույց տա Հիսուս Քրիստոսի հետ կապված սրբատեղերը: Արաբ «գիդն» էլ սրան բերել էր այստեղ, որ լուսավորի իր «գիտելիքներով»: Երբ հայ միաբանների հետ նստած էինք Սուրբ Հարության տաճարի մեր տեսչարանում, այս երկուսը մտան, գլխարկները գլխներին, ինչն այստեղ արգելվում է: Երբ մենք առաջարկեցինք գլխարկները հանել, քանի որ այստեղ սրբավայր է, երկուսն էլ չհնազանդվեցին, իսկ արաբը հանդգնաբար ասաց, թե սրբավայրը մզկիթն է, իսկ այստեղ ընդամենը տուրիստական վայր է: Տաճարի հայ միաբանը, որ լավ գիտեր այդ անպատկառի հետ ինչպես խոսել, նրան վռնդեց դուրս, հետո այդ անգլախոս զբոսաշրջիկին հարցրինք Երուսաղեմ գալու նպատակը, և թե ինչով կարող ենք նրան օգտակար լինել, քանի որ համոզվեցինք՝ հավատից բոլորովին հեռու է: Նա պատասխանեց, թե ինչ-որ հեռավոր, մեզ անծանոթ երկրի մի խումբ մարդկանց կողմից է ուղարկվել այստեղ, որպեսզի Աստծուն գտնի, եթե գոյություն ունի, որովհետև նրանք լսել են, որ Երուսաղեմում Աստված կա՝ Հիսուս անունով: Մենք զարմացած նայում էինք նրան ու մտածում, կամ ցնորված է, կամ էլ կատակում է: Այս դարում ի՞նչ ազգ պիտի լինի, որ լսած չլինի Հիսուսի Ավետարանի մասին, եթե միայն աֆրիկյան ինչ-որ վայրի ցեղից չէ: Բայց տեսանք, որ միանգամայն լուրջ, սպիտակամորթ մարդ է, խոսում է մաքուր անգլերենով, հետն էլ տեսախցիկ է բերել, որ Երուսաղեմից «վավերագրական ապացույց» տանի Աստծո մասին: Մենք էլ հարմար առիթը բաց չթողեցինք ու վկայեցինք Աստծո Որդու մասին: Ցույց տվեցինք Սուրբ Հարության տաճարում գտնվող սյան բեկորը, որին Պիղատոսի պալատի բակում Հիսուսին կապել ու գանահարել են, Գողգոթան, որտեղ խաչել են մեր Տիրոջը և սուրբ Գերեզմանը, ուր ամփոփել էին Նրա անշնչացած մարմինը, որն այժմ դատարկ է, քանի որ Աստված չի կարող մահվան կապանքներում մնալ: «Աստծուն փնտրողը» մանրամասն նկարահանում և ձայնագրում էր մեր ասածները՝ որպես ապացույց, որ իսկապես Աստված կա, բոլորիս Արարիչը: Նա շատ ուրախ էր լսածների ու տեսածների համար, ու վերջում խորին շնորհակալություն հայտնեց իրեն օգնելու համար: Երբ արդեն ուզում էր հեռանալ, նրան ասացինք, որ մենք՝ հայերս, որ իր հետ խոսում ենք, մարդկության մեջ առաջիններից մեկն ենք եղել, որ փնտրել ու գտել ենք ճշմարիտ Աստծուն, իսկ ազգերի մեջ անդրանիկն ենք, որ 17 դար առաջ Քրիստոսին ընդունել ենք որպես Աստծո: Նա զարմանքից ապշած՝ մի քանի րոպե լուռ էր, հետո մի կողմ դնելով տեսախցիկը, հարգանքով խոնարհվեց մեր առաջ, ապա նորից ձեռքն առնելով այն՝ սկսեց նորից մեզ նկարահանել. այս անգամ արդեն ինքն էր խոսում ձայնագրելով. «Որպես ապացույց Աստծո գոյության, ահա ձեր առջև են հայերը, որոնք արդեն 1700 տարի է, ինչ գտել են կենդանի Աստծուն, ու մինչև հիմա այս ազգը կա և գոյություն ունի: Եվ հենց դա էլ ամենամեծ ապացույցն է, որ այդ Աստվածը ճշմարիտ ու միակ Աստվածն է»: Եվ ուրախությունից ու երջանկությունից խոնավացած աչքերով նա դուրս եկավ սուրբ Տաճարից: Քանի որ Աստված Ինքն է անձամբ ընտրել մեր ազգը, որ նա բոլոր ազգերից առաջինը իրավունք ունենա Իր Որդու անունը կրելու, ուրեմն նա պիտի մնա մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը:
Իսկ երբ այդ օրվան ամենամոտ կիրակի օրը մարդիկ ջրում են միմյանց, դա հենց այն դարերից եկող արձագանքն է, որ Նոյը ջրհեղեղից փրկվածների իր ընտանիքով ոտք է դրել հենց այս երկրի հողի վրա:
Եվ թող Արարիչ Տերը Հայաստան աշխարհը խաղաղության ու սիրո մեջ պահի մինչև իր Մեծ ու ահեղ գալուստը, ամեն:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ