«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նրանք, ովքեր ինձ սպանեցին

Նրանք, ովքեր ինձ սպանեցին
15.07.2014 | 12:09

Խալի Սարգսյանի վկայությունը Վանի գավառի Վանի գավառակի Հայոց Ձորի Կղզի գյուղի կոտորածի մասին
1916 թ., Բաքու


Ես կ'ապրէի մեր գիւղին մէջ, որը բաղկացած էր 90 տուներէ, որոնցմէ 50 տունը հայ էին, իսկ 40 տունը քիւրտ: Կþապրէի ես մեր ընտանիքի կազմին մէջ, որ կը բաղկանար 8 անդամներէ` ես, ամուսինս Մովսէս, աղջիկս Գոհարիկ, տղաս Ասքանազ, խորթ տղաս Սարգիս, իր կինը Ազնիւ, թոռս Վարազդատ և Պերճանոյշ, իսկ հիմա մնացեր ենք 4 հոգի, սպաննած են մէկ հոգի և մեռած են 2 հոգի:
…Շաքըր աղի տղան մեր դրացի Բժնկերտ, Խառնուրտ և Գելպլասան քիւրտ գիւղերու պետերը միացած իրենց զօրքերով եկան մեր գիւղը պաշարեցին: Ասոնց ղեկավարներն էին Հասանի տղան Սէկիտուղլուն և Շաքըրի տղան Եախկուպ, եկան մտան մեր գիւղը և մեր գիւղացի քիւրտերն ալ առին իրենց հետ, մեր գիւղացի քիւրտերը կայնեցուցին մեր դռներուն վրայ, իսկ իրենք գացին պէտք եղած տեղերը` դիրքեր բռնելու, առաջին անգամ մեր եկեղեցին վառեցին, յետոյ կանչեցին մեր գիւղին մէջ եղած բոլոր տղամարդիկը, խոստանալով, որ որևէ վնաս չկայ: Շաքըրի տղան իր քանի մը զինուորներով գնաց կայնաւ ռէս Յովսէփի դրան վրայ և զինք դուրս կանչեց, ռէսը դուրս ելաւ և անմիջապէս Եախկուպի ձիուն գլուխը բռնեց և հրամցուց, որ վար իջնէ ձիէն և տուն հրամմէ. Եախկուպն էլ ըսաւ` չէ, նախ պէտք է իմ բոլոր զօրքերուս համար հաց, ուտելիք պատրաստէք և յետոյ կանչեցէ՛ք ձեր գիւղի մէջ եղած բոլոր տղամարդիկը, ես գործ ունիմ նրանց հետ: Վերջապէս, ռէսին ստիպումով Եախկուպ ձիէն վար իջաւ և աչքով նշան ըրաւ իր զինուորներուն, որ ռէսին սպաննեն: Երբ տեսաւ, որ անկարելի կþըլլայ հայերը հաւաքել, 5 զինուորներ մէկ համազարկով սպաննեցին ռէս Յովսէփին: Մեր տղամարդիկը, երբ ռէսին սպաննուիլը տեսան, ալ փախչելու ուրիշ ճար չկրնալով գտնել, ամէն մէկը փախաւ մէկ քիւրտի տուն մտաւ ազատուելու յոյսով: Բայց խուժանը մտաւ քիւրտերու տներ և պահուած հայերը մէկիկ-մէկիկ դուրս հանին և փողոցին մէջ կին ու երախաներու առջև սպաննեցին, որոնց մէջ նաև սպաննեցին իմ ամուսին Մովսէսը, յետոյ մտան ռէս Յովսէփի տունը և Ռսլանի տղան Խուլօն տան մէջ գտան, դուրս բերին, որ պիտի սպաննէին, անոր մայր Բեզօն զինք անոնց ոտքերուն վրայ ձգեց և խնդրեց որ իր տղան չսպաննեն, անոնք ալ ըսին` եթէ մեզ փախստականներուն տեղը տանիս, մենք քու տղան չպիտի սպաննենք, ան էլ համաձայնեցաւ և ըսաւ` բոլոր հայեր փախեր մտեր են Մովսէսի և Դաշտոյեան Հովսէփի տուներ, անոնք ալ նախ սպաննեցին ասոր տղան Խուլօն և ապա գացին այդ երկու տուները այրեցին: Մէջը եղած տղամարդիկ պատը ծակելով անցան Յովսէփի տունը: Քիւրտեր երբ այս բանը իմացան, խոտեր հաւաքեցին բերին լեցուցին Յովսէփի տան վրայ և սկսեցին տունը այրել: Տունը այրեցին, մէջը եղած 40 անասուն և 8 մարդ այրուեցան, իսկ միւսները դուրս փախան ուրիշ տան մէջ պահուեցան, մինչև արևամայրին: Երբ արև մայր մտաւ, անոնք փախան գացին Բերթակ անունով հայ գիւղը և անկից քաղաք, իսկ քիւրտ խուժանը 3 օր շարունակ այն տունը պաշարուած վիճակին մէջ պահեց հոն եղող տղամարդիկը ձեռք բերելու յոյսով, բայց երբ տեսան, որ որևէ մարդ չկար, մեզ սաստիկ ծեծեցին և ստիպեցին, որ մենք անոնց ուր ըլլալը ցուցնենք: Երբ մենք անոնց անբաւարար պատասխան տուինք, մեզ` բոլոր կիներս լեցուցին Թումոյի տան մէջ` վառելու, տան չորս կողմը խոտ լեցուցին և սկսեցան կրակ տալ տներուն, կին և երախաներու ողբ ու կոծին արդէն չափ չկար, անոնց ընկերներէն մէկը չկրնալով դիմանալ այս տեսակ արարքներուն, մոտեցաւ Եախկուպին և ըսաւ` դուք ամէն տեսակ չարչարանքի ենթարկեցիք ասոնց, բայց Ղուրանին մէջ մարդ վառելու մասին որևէ բան չկայ, ընդհակառակը, թո՛ղ տուէք և ղրկեցէ՛ք դիմացի լեռը, հոն թող անօթութիւնից մեռնին և ոչնչանան: Այդ խոսքին վրայ մեզ բոլորիս դուրս արին տունէն, մեզ հաւաքեցին մէկ տեղ և բոլորիս էլ մերկացուցին և սպաննեցին ամէն անոնք, որոնց էրիկները գիւղին պարագլուխներն էին, օրինակ Սարգսի կինը տարան, Յարութիւնի կինը սպաննեցին և անոր եղբօր կինը սպաննեցին, իսկ միւսները բռնաբարելէ և կողոպտելէ վերջ բաց թողուցին:
Մէկ անգամ էլ մեզ բոլորիս հաւաքեցին և երկու մասի բաժնեցին, մէկ մասն ղրկեցին դէպի քաղաք և մէկ մասն ալ պահեցին գիւղին մէջ: Հազիւ թէ գիւղէն քանի մը քայլ հեռացած էինք, երկու-երեք քիւրտեր եկան մեզ վերադարձուցին: Այդ ատեն մեզմէ երեք կին առևանգեցին. մէկ Սաթենիկ Սարգսեան և մէկ անոր կեսուր ու Յակոբեան Արեգնազան, Սաթենիկի կեսուրը սպաննեցին, իսկ անոր հարսը և Արեգնազանը տարին, որոնցմէ մինչև այսօր դեռ լուր չկայ: Երբ գիւղ եկանք, Մեհմէտ Շերիֆ անունով քիւրտ մը մեզ տարաւ և տան մը մէջ տեղաւորեց, և երբ մեր տղաներով մեզ հաց կþուղարկէր, մեր դրացի քիւրտերը այդ հացը մեր տղաներուն ձեռքէն կþառնէին ըսելով. «Ձեր կերակուր ձեր մարդոց մարմիններն են, հորէն հանէ՛ք և կերէ՛ք»: Կու գային մեզ կը ստիպեցնէին, որ խաղայինք, ուրախնայինք, երբ կը տեսնէին, որ կու լայինք:
Քանի մը օր անցնելէ յետոյ Չալանք աղան մեզ հաւաքեց և տարաւ իրենց գիւղը պահելու, բայց հազիւ թէ 8 օր պահեց, որովհետև իր դրացիներ ըսին` կա՛մ այդ գերիներ ետ կը ղրկես և կա՛մ քեզի ալ կը սպաննենք, որովհետև կառավարութիւնը մեզ երդում ընել տուած է, որ հայերուն չպահենք: Այդ իսկ պատճառաւ մեզ նորից ղրկեց մեր գիւղը և անկից ալ գացինք Վան: Հոն այնչափ գերիներ կային, որ անօթի, ծարաւ փողոցները կը պտըտէին: Մեզի օրական մէկ հաց կու տային իբրև նպաստ: Մեր քաղաք եղած ատեն քիւրտեր մեր մարդոց մարմինները հաւաքած լեցուցեր էին ցորենի հորերու մէջ, 4 ցորենի հորերու մէջ, որուն ամէն մէկը 6-8 մեթր խորունկ և երկու մեթր լայնք ունէր:
15 օր մնացինք Վան, մինչև թիւրքերու փախչիլ և կամաւորներու Վան մտնելը, անկից յետոյ մենք ալ գացինք մեր գիւղը և մէկ ամսուայ չափ ազատ ապրելէ վերջ, երբ ռուս բանակը նահանջեց, մենք ալ հետերնին եկանք մինչև Երևան և անկից էլ եկանք Էջմիածին ու յետոյ Բագու:
Գոհարիկ և Պերճանոյշ մեռան, Մովսէս սպաննուեցաւ, Սարգիսն ալ մեռաւ կռվից վերջ մեր գիւղին մէջ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ