Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«200-300 ոստիկան եկել էին ինձ տեսակցելու»

«200-300 ոստիկան եկել էին ինձ տեսակցելու»
16.07.2014 | 21:07

Շանթ Հարությունյանի և իր համախոհների դատական ընդմիջված նիստը օրվա երկրորդ կեսին էլ շարունակվեց գործով տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանի հարցաքննությամբ: Նա փաստաբան Արա Զաքարյանի հարցերի մեծ մասին խուսափում էր պատասխանել՝ ասելով, որ չի հիշում: Նա նաև մեջբերումներ էր անում «Ոստիկանության մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներից՝ պատճառաբանելով, որ ինքը հասարակական կարգն է պահպանել:

Արա Զաքարյանի հարցին, թե, որպես տուժող, քանի օր է պառկել հիվանդանոցում, ոստիկանը պատասխանեց՝ տասն օր: Հետո էլ պարզվեց, որ տասն օրից երկու օրն անցկացրել է վերակենդանացման բաժնում, և այդ ընթացքում 200-300 ոստիկան այցելել է իրեն ու տեսակցել:
Ամբաստանյալներից Ալեք Պողոսյանն էլ հետաքրքրվեց՝ տեսե՞լ է տուժող ոստիկանը, թե հասարակությունն ինչպես է ոստիկաններին անվանում թուրքեր, հիշո՞ւմ է, թե ինչպես էր հայհոյում: Գեղամ Խաչատրյանն էլ իր հերթին ասաց, որ չի հիշում նման բան, ինքը չի հայհոյել:
Մյուս ամբաստանյալը՝ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ ինքը սպա է և գիտի, որ սպան իրավունք չունի սուտ խոսելու:
«Ես, որպես սպա, իմ գումարտակով պաշտպանել եմ հայրենիքի սահմանները, իսկ դու՞ք»,- հարցրեց նա: Դատավորն այդ հարցի մեջ նկատեց վիրավորանք և նախազգուշական սանկցիա կիրառեց Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ:
Արա Զաքարյանը շարունակեց հարցաքննությունը: Նա ներկայացրեց անցյալ տարի՝ նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները և հարցրեց, թե որ պահին է Շանթ Հարությունյանը հայտարարել Բաղրամյան 26 գնալու մասին: Նա հետաքրքրվեց, թե միայն տուժողի սուբյեկտիվ ընկալմա՞մբ է հասարակական կարգը խախտվել, թե՞ բոլոր ոստիկաններն են այդպես մտածում: Տուժող ճանաչված ոստիկանը չպատասխանեց ոչինչ: Արա Զաքարյանը դատական նիստի ընթացքում քանիցս հետաքրքրվեց, թե այդ ինչպես է պատահում, որ շատ կարևոր հանգամանքներ տուժողը չի հիշում, իսկ այլ մանրամասներ հիշում է: Այդ հարցին էլ չտրվեց որոշակի պատասխան: Փաստաբանը նաև հարց ուղղեց, որ եթե ոստիկանը չմիջամտեր այդ օրվա գործողություններին և ուժի կիրառմամբ Շանթ Հարությունյանին մայթ չտեղափոխեր, արդյո՞ք ամեն ինչ նման ավարտ կունենար: Տուժող ոստիկանը պատասխանեց, որ հարցը հռետորական է:
Արա Զաքարյանը միջնորդեց, որ հրապարակվեն տուժող ոստիկանի նախաքննական ցուցմունքները: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Իսկ հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 18-ին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ