Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իրանի համար իր հյուսիսային սահմաններին ամերիկյան ցանկացած օբյեկտի մոտիկությունը նաև ռազմական բնույթի սպառնալիք է

Իրանի համար իր հյուսիսային սահմաններին  ամերիկյան ցանկացած օբյեկտի մոտիկությունը  նաև ռազմական բնույթի սպառնալիք է
18.07.2014 | 00:21

Ինչպես հայտնի է, հուլիսի 2-ից Վիեննայում տեղի է ունենում Իրանի հետ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներ գումարած Գերմանիա) բանակցությունների հերթական փուլը, որը, ըստ էության, նվիրված է երկու հարցի.
1) Արևմուտքի բոլոր պատժամիջոցների լիակատար ու անվերապահ վերացում,
2) իր տարածքում ուրանի հարստացման Իրանի իրավունքի հաստատում։
Օրերս Վիեննայում էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարները, Իրանի իրենց պաշտոնակից Մոհամադ Զարիֆի հետ անցկացնելով կոնսուլտացիաների իրենց մասը։ Ոչ մի աղբյուր չի նշում, թե ինչպես են անցել այդ բանակցություններն ու ինչի են հանգել կողմերը։ Սակայն հայտնի է, որ եվրոպական երկրների արտգործնախարարները Զարիֆի հետ բանակցությունների ավարտից հետո անմիջապես հեռացել են Վիեննայից։ Նրանց փոխարինելու է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։ Եվ հուլիսի 13-14-ին նա արդեն 3 հանդիպում է ունեցել Զարիֆի հետ։
Այդ բանակցությունների վերաբերյալ որոշ տեղեկություն կա. իրանցի մի դիվանագետ, գաղտնիության պայմանով, այսպես է բնութագրել Զարիֆ-Քերի բանակցությունները. դրանք «լարված էին ու համապարփակ», «կողմերի հայացքներում նշանակալի փոփոխություններ չկան»։ Առայժմ շատ շուտ է ասել` կկարողանա՞նք, արդյոք, մենք համաձայնության հասնել մինչև հուլիսի 20-ը, թե ոչ, սակայն շարունակում ենք ամեն ջանք գործադրել»,- անանուն հրապարակման պայմանով ԻՐՆԱ գործակալությանն ասել է դիվանագետը։ Ընդգծվում է, որ պատժամիջոցների չեղարկման հարցում հիմա ամեն ինչ կախված է բացառապես ԱՄՆ-ից։ Հուլիսի 20-ի ամսաթիվը նշված է այն պատճառով, որ մինչ այդ Իրանն ու «վեցյակն» իրենք էին այդպես պայմանավորվել, դա միջուկային վեճի շուրջ համապարփակ պայմանավորվածության հասնելու վերջնական ժամկետն է։
Խնդիրները բավական պարզ կլինեին, եթե բանակցությունների ընթացքում ի հայտ գային բացառապես իրանա-ամերիկյան տեսակետներն ու հակասությունները։ Մենք արդեն նշել ենք, որ դեռ հունիսի 21-ին Իրանի արտգործնախարարը, փաստորեն, ԱՄՆ-ից կապիտուլյացիա էր պահանջել պատժամիջոցների ու ցենտրիֆուգների քանակի հարցերում։ Հիշեցնենք, որ նա այն ժամանակ հայտարարել էր, որ այդ հենց ԱՄՆ-ը պետք է մոտ ժամանակներս «դժվարին որոշումներ» ընդունի։ «ԱՄՆ-ն ամենաառաջինը Իրանին դրեց պատժամիջոցների ու ճնշման ներգործության տակ։ Դա նշանակալի դեր խաղաց այն երկրի համար, որն առավել ակտիվորեն էր ճնշում Իրանին։ Հիմա այդ երկիրը կոշտ վճիռներ կայացնելու կարիք ունի... Մենք հուսով ենք, որ ամերիկացիներն իրոք պատրաստ են այդ դժվարին որոշումներն ընդունելու»,- Իրանի ու «վեցյակի» բանակցությունների 5-րդ փուլից հետո Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել էր Իրանի արտգործնախարարը։
Ապա հետևեցին Իրանի այլ ներկայացուցիչների հայտարարությունները։ Այսպես, Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին բացահայտորեն երկյուղ հայտնեց, որ Թեհրանը կասկածում է, թե «վեցյակը» անկեղծորեն մտադիր է կատարելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակներում իր ստանձնելիք պարտավորությունները։ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին հուլիսի 10-ին կոշտ ընդգծեց, որ Իրանը կվերսկսի ուրանի մինչև 20 % հարստացումը, եթե իր դիրքորոշումը հաշվի չառնվի «վեցյակի» երկրների խմբի կողմից։ Վերջապես, անձամբ ինքը` այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, կարելի է ասել, «հրահանգեց» երկրի նախագահին և Վիեննայում Իրանի կողմից բանակցողներին` իր միջուկային ծրագրի իրականացման համար ամենամոտ տարիներս Իրանին պետք կլինի առնվազն 190 հազար ցենտրիֆուգ։ Տեղեկանք. հիմա Իրանն ունի ընդամենը 19 հազար ցենտրիֆուգ, որոնցից աշխատում է կեսից փոքր-ինչ ավելին միայն, ընդ որում, արևմտյան երկրները հայտարարում են, որ անհրաժեշտ է կրճատել իրանական ցենտրիֆուգների քանակը, թողնելով ընդամենը մի քանի հազար։ Եվ հայտնի է, որ, որոշ տվյալների համաձայն, բանակցությունների ընթացիկ փուլի ընթացքում Իրանի պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել նվազեցնելու իր ցենտրիֆուգների քանակը, բայց դա չի բավարարել արևմտյան երկրներին։
Միանգամայն նկատելի է, որ Թեհրանը, ըստ էության, ի պատասխան Արևմուտքի անզիջում դիրքորոշման, սկսել է բանակցություններում կոշտացնել իր դիրքերը։ Երևում է, Արևմուտքի համար խնդիրն այն է, որ կա Իսրայել և իսրայելամետ լոբբի Վաշինգտոնի իշխանական միջանցքներում։ ՈՒստի և նույն Քերին Վիեննայում բացահայտորեն չի կարող հաշվի չառնել Թել Ավիվից` Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի շուրթերից լսվող հոխորտանքը. եթե Արևմուտքը համաձայնի ճանաչել ուրան հարստացնելու Իրանի իրավունքը, ապա դրանից կտուժի Արևմուտքը։
Սակայն Արևմուտք-Իրան բանակցությունների վրա հրեական պետության և ԱՄՆ-ի իսրայելամետ շրջանակների ազդեցությունը նորություն չէ։ Իսկ ահա այն, ինչ բառացիորեն 2-3 շաբաթ առաջ տեղի ունեցավ Իրանում, հետաքրքիր է և հեռանկար է խոստանում։ Այնտեղ ստեղծել են «Tasnim» նորագույն տեղեկատվական գործակալությունը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նման մի բան, այսինքն` մի կառույց, որն անմիջականորեն ենթակա է այաթոլլահ Խամենեիին։ Հուլիսի 12-ին «Tasnim»-ը հաղորդում է, որ կոշտ գծի կողմնակիցները, նախագահ Հասան Ռուհանիի չափավոր քաղաքականության քննադատները, հայտարարում են, որ նախագահի աշխատակազմի կուլիսներում գտնվող և արտաքին քաղաքականության ձևավորմանը մասնակցող աշխարհիկ արևմտամետ խորհրդականները պետք է հեռացվեն։ Դրանցից մեկը` պատգամավոր Ալի Ասղար Զարեին, Վիեննայի բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությանը մեղադրել է ազգային շահերին վնաս հասցնելու մեջ։ Բանակցային խումբը չպետք է ընդունի խաղաղ միջուկային տեխնոլոգիաների հետազոտման և մշակման որևէ սահմանափակում, ասել է պատգամավորը։ Նա համոզմունք է հայտնել, որ բանակցային խումբը խաբվել է արևմտյան կառավարությունների կողմից։ Նախագահ Ռուհանիի աշխատակազմի հետ կապված տարբեր պաշտոնատար անձինք հայտարարել են, որ պատժամիջոցների վերացումը կհանգեցնի տնտեսական եռուզեռի, սակայն նման դիտարկումները կարող են Իրանի թշնամիներին դրդել կոշտացնելու ճնշումը և մեծացնելու իրենց պահանջները, ավելացրել է պատգամավոր Զարեին։ Մինչդեռ Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) պետք է պատասխանի բանակցությունները սառեցնելու ազգային հարցապնդմանը և կանխի «վեցյակի» հետ որևէ բացասական համաձայնագրի ի հայտ գալը։ Այնպես, ինչպես Ժնևի նոյեմբերի 24-ի ժամանակավոր համաձայնագիրը չհանգեցրեց պատժամիջոցների թեթևացման, բայց հարված հասցրեց Իրանի միջուկային հետազոտությունների առաջընթացին, համապարփակ կարգավորման համաձայնագիրը չի կարող հանգեցնել ապօրինի պատժամիջոցների վերացմանը, և դա զիջում է թշնամիներին, ավելացրել է պատգամավորը։
Ճիշտ չի լինի ենթադրել, թե այդ կարծիքը սոսկ կոնյունկտուրային բնույթ ունի և կոշտ գծի օգտին հանդես եկող մարդկանց նպատակն է զիջումներ կորզել Արևմուտքից։ Ոչ, ամեն ինչ շատ ավելի խոր ու լուրջ է, եթե մենք մեկ անգամ ևս հիշենք, որ «Tasnim»-ը վերահսկում են ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի) որոշակի շրջանակներ, իսկ ԻՀՊԿ-ն կնախընտրի միայն այաթոլլահ Խամենեիին, որը կձգտի հասնել այն բանին, որ Իրանն ունենա 190 հազար ցենտրիֆուգ։ Եվ գործակալության նշված հաղորդագրությունը բնավ էլ առաջին ազդանշանը չէ։ Նման հրապարակումների հիմա հաճախ կարելի է հանդիպել պահպանողական շրջանակներին մոտ կանգնած իրանական մամուլում, օրինակ, «Vatan Emrooz» օրաթերթում։ Այս թերթում հրապարակվել է Վիեննայի բանակցություններում իրանական խմբին ուղղված անզիջում պահանջ` շտկել «վեցյակի» հետ բանակցությունների ներկա ընթացքը, ընդ որում` նշված է, որ իրանական դիվանագետները միջուկային գործարքի վերաբերյալ Արևմուտքի հետ վերջնական համաձայնագիր ստորագրելու իրենց ծարավի դիմաց չափազանց թանկ են վճարում իրանական ազգի համար։ Թերթի կարծիքով, բանակցային խումբը պետք է «վեցյակին» ցույց տա, որ ինքը Վիեննայում է գտնվում, որպեսզի պաշտպանի Իրանի միջուկային իրավունքները, և որ իրենք պատժամիջոցների վերացման կարիք չեն զգում։ Այդ հենց ամերիկացիները միջուկային բանակցությունների միջոցով համաձայնագրի տեքստի ընդունման կարիք ունեն, պնդում են կոշտ գծի կողմնակիցները Թեհրանում։
Աշխարհիկ և, կոշտ գծի կողմնակիցների կարծիքով` արևմտամետ, «ուղեղի կենտրոններն» ու նախագահ Ռուհանիի թիկունքին կանգնած ֆիզիկական անձինք կոպիտ սխալներ են թույլ տվել արտաքին քաղաքականության ասպարեզում։ Եվ դա պետք է շտկվի։ Ընդ որում` Ռուհանին տարբեր առիթներով արդեն բազմիցս պաշտպանել է միջուկային բանակցություններ վարող իր խմբին, հատկապես, այսպես կոչված, «Մենք անհանգստացած ենք» պահպանողական խմբից, որը քննադատաբար է վերաբերվում արտաքին քաղաքականության ասպարեզում կառավարության ցուցաբերած նախաձեռնություններին։ Քննադատողներին նա հավաստիացրել է, որ միջուկային բանակցություններում Իրանի արտգործնախարարության խումբը փորձառու է և ունակ է Վիեննայում պաշտպանելու ազգի իրավունքները։ Նախագահ Ռուհանիի քննադատները, սակայն, պահանջում են հրաժարվել չափավոր արտաքին քաղաքականությունից և վերադառնալ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի արտքաղաքական գծին։
Մի մասի կոշտ ու անզիջում դիրքորոշումը խթանում է ընդդիմախոսների կոշտությունն ու անզիջումությունը։ Ռուհանիի քննադատները ճիշտ են. 2013 թ. նոյեմբերի զիջումները Արևմուտքում առաջ բերեցին ոչ թե պայմանավորվածության հանգելու հակում, այլ էյֆորիա և «պատժամիջոցներն աշխատում են», «պետք է էլի ճնշում գործադրել» կարգի կոչեր։ Իսկ հիմա քաղաքականությունն ու բանակցային հռետորաբանությունը կոշտացնելու ազդակներ է ուղարկում ոչ այլ ոք, եթե ոչ այաթոլլահ Խամենեին։ Եվ մենք համարձակվում ենք վստահություն հայտնել, որ այդ բանը նախագահ Ռուհանին ու նրա թիմը հաստատ չեն համարձակվի անտեսել։ Եթե իրոք Վիեննայում տեղի չունենա Իրանի միջուկային հարցում ԱՄՆ-ի լիակատար կապիտուլյացիա, ապա շատ շուտով Թեհրանը կվերադառնա ամերիկացիներին կոշտ դիմակայելու դիրքեր։ Ի դեպ, հարևան Իրաքում դա արդեն սկսվել է, իսկ Աֆղանստանում նույն իրավիճակի կրկնության սպառնալիքը Ջոն Քերիին ստիպել է շտապ թռչել Քաբուլ և «հետաձգել» նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների հրապարակումը։ Բանն այն է, որ ԱՄՆ-ն ուզում էր պարզապես իր խամաճիկներից մեկին (Քարզայ) փոխարինել մյուսով (Ահմաձայ)։
Իսկ հիմա մի քանի խոսք այն մասին, թե Հայաստանն ինչ դաս է պարտավոր քաղել այն լուրերից, որ այաթոլլահ Խամենեին պատրաստ է վերադառնալու ԱՄՆ-ին դիմակայելու կոշտ գծին։ Չէ՞ որ դա շոշափելու է նաև մեր Հարավային Կովկասի շահերը։ Դժվար է տրամաբանական բացատրության ենթարկվում Հայաստանի իշխանությունների «ցանկությունը» հենց ԱՄՆ-ին վաճառելու «Որոտանի հէկերի կասկադը»։ Եթե այդքան մեծ էր հենց ամերիկացիներին ինչ-որ էներգետիկ բան վաճառելու ցանկությունը, ապա մեր կառավարությունը թող ընտրեր Վրաստանին ավելի մոտ գտնվող մի բան։ Ծայրահեղ դեպքում` Իրանի հետ սահմանից հեռու։ Դա այն սահմանն է, ուր, եթե ամեն ինչ անցնի առանց արմատական անակնկալների, պետք է կառուցվի հայ-իրանական հէկը։ Համապատասխանաբար, ձգվելու են բարձր լարման էլեկտրագծեր։ Սպասվում է երկաթուղու, խողովակաշարերի, ազատ տնտեսական գոտու ստեղծում և այլն։ Միակ քաղաքական գործիչը Հայաստանում, որը ոչ միայն նշեց ամերիկյան ընկերությունների հետ «Որոտանի հէկերի կասկադի» վաճառքի գործարքում տեղ գտած բազմաթիվ խախտումները, այլև առաջին անգամ բարձրաձայնեց այն մասին, որ հիդրոէներգետիկ օբյեկտի հանձնումը ԱՄՆ-ին օբյեկտիվորեն սպառնալիք է պարունակում հայ-իրանական հարաբերությունների համար, ճակատագրի հեգնանքով, արևմտամետ գործիչ է` ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Փառք ու պատիվ այդ մարդուն, որը Հայաստանի շահը բարձր է դասել մեր տնաբույծ արևմտամետների ընդհանուր նկրտումներին ծառայելուց։ ՈՒզում եմ հիշեցնել հունիսի 10-ին խորհրդարանում նրա արած հայտարարության մի դրվագ. «Հիդրոկասկադի առքուվաճառքի համաձայնագրի 4.03 հավելվածում ասվում է, որ Որոտանի հէկերի կասկադի ենթակառուցվածքները չեն կարող օգտագործվել Իրանին էլեկտրաէներգիայի մատակարարման գործում։ Դա վկայում է, որ մենք գործ ունենք քաղաքական գործարքի հետ»։
Իսկ չէ՞ որ Իրանի հետ սահմանամերձ հէկերի կառուցման պայմանավորվածությունները հիմնված են հենց այն սկզբունքի վրա, որ կատարվելու են էլեկտրաէներգիայի փոխադարձ փոխանցումներ։ Էլ չենք խոսում այն մասին, որ սահմանից դեպի Հայաստան ձգվող բարձրավոլտ էլեկտրագծերը այնուհետև միանալու են հենց Որոտանի հէկերի կասկադի բարձրավոլտ գծերին։ Այդ ո՞ր խելոքներն են Հայաստանում կարծում, թե Իրանն այդքան հեշտ ու հանգիստ իր որևէ շահը կզոհաբերի ինչ-որ ամերիկացի տերերի։ Կարծում եմ, որ Իրանն ինքն էլ շուտով կպատասխանի. բարեբախտաբար կոշտ գծի քաղաքական պատվերը բխում է հենց այաթոլլահ Խամենեիից։ Այո, դա վերաբերում է ԱՄՆ-ին ու միջուկային բանակցություններին, բայց առա՛յժմ միայն դրանց։
Հիշեցնեմ նաև, որ հուլիսի 5-ին ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը արդեն սպառնացել ու շանտաժել է Հայաստանին, եթե հրաժարում լինի Որոտանի հէկերի կասկադը ամերիկացիներին վաճառելուց։ Հայաստանի արևմտամետները չեն շտապում դատապարտել տերերին` իրենց հայրենիքի վրա ճնշում գործադրելու համար։ Գոնե յուրային Արամ Մանուկյանին ականջ դնեին։ Իսկ Իրանը կարձագանքի, դրանում ոչ ոք կասկած չունենա։ Չէ՞ որ, բացի Արամ Մանուկյանի նշած սպառնալիքից, Իրանի համար իր հյուսիսային սահմաններին ամերիկյան ցանկացած օբյեկտի մոտիկությունը նաև ռազմական բնույթի սպառնալիք է։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ