Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Գեղեցիկ է Արևելքի գրականության մեջ այն, ինչը անցողիկ է»

«Գեղեցիկ է Արևելքի գրականության մեջ այն, ինչը անցողիկ է»
18.07.2014 | 10:59

Օրերս «Էդիթ Պրինտ» գրախանութում տեղի ունեցավ ԶՈՅԱ ՓԻՐԶԱԴԻ «Ինչպես բոլոր երեկոները» գրքի շնորհանդեսը: Զոյա Փիրզադը իրանական ժամանակակից արձակի ամենաընթերցվող հեղինակներից մեկն է: Նրա գրքերը մոտ 80-միլիոնանոց բնակչություն ունեցող Իրանի Իսլամական Հանրապետությունում տպաքանակով զիջում են միայն Ղուրանին և Հաֆեզին: Նրա գործերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, թուրքերեն և այլ լեզուներով:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ խոսքով` Արևելքի գրականությունը եսակենտրոն չէ, ինչպես Արևմուտքի գրականությունն է. «Ասում են՝ գեղեցիկ է Արևելքի գրականության մեջ այն, ինչը անցողիկ է, և այդ անցողիկին գեղեղեցկություն տալու վարպետությունը, անցողիկի անպաճույճ, համեստ, կարծես հենց իր նպատակին ծառայող գրականություն է Զոյա Փիրզադի գրականությունը: Պարզ պատմություններ անելիս գրողը երբեք չի սայթաքում, այդ անպաճուճությունն ուլունքների նման շարում է իրար կողքի` նախադասություն առ նախադասություն, և փոքրիկ նախադասությունները դարձնում է մի գեղեցիկ պատմություն»:
Աշոտ Գաբրիելյանի կարծիքով՝ սայթաքում չկա նաև Գևորգ Ասատրյանի թարգմանության մեջ. քանի որ, եթե թարգմանես` անպաճույճ խոսքին պաճուճանք տալով, կարող ես ամբողջ գործը փչացնել:
Գրքի թարգմանիչ ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ հավելեց, որ Զոյա Փիրզադի գրականությունը արտաքուստ պարզ գրականություն է, այնքան պարզ, որ ոչ հմուտ մարդը, ով գրականության լավ մասնագետ կամ լավ ընթերցող չէ, շատ հեշտ կարող է շփոթել պարզունակության հետ. «Պարզունակության և պարզի սահմանը անդնդի եզրով անցնող սահման է: Այդ գրականությունը պահանջում է տաղանդ, աշխատանք, տառապանք: Երբ լրագրողն ինձ հարցրեց` ո՞վ է Զոյա Փիրզադը, ես ասացի, որ նա ինձ համար երիտասարդ ու համակրելի կին է, բայց շատ տաղանդավոր: Զոյա Փիրզադը հրաշալի գրականություն է ստեղծել, նրա անունը Իրանի սահմաններից վաղուց դուրս է եկել: Առաջիններից է, որ միջազգային բեմ է դուրս բերել ժամանակակից իրանական արձակը»:
Մեզ հետ զրույցում արձակագիրն ասաց, որ ժամանակակից թվայնացված իրականությանը, համացանցին վատ չի վերաբերվում, բայց մարդը բնությունից չպետք է հեռանա, հակառակ դեպքում կկորցնի ինքն իրեն: Նա հույս հայտնեց, որ հայ ընթերցողին կհետաքրքրի իր գրականությունը: Իրանական արձակի մասին ասաց, որ կանայք շատ են գրում, և դա լավ է, նշեց, սակայն, որ երկու բառով խոսել իրանական գրականության մասին չի կարող, այնքան ընդգրկուն է այդ գրականությունը: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, տեղեկացրեց, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը տպագրության է պատրաստում իր «Զատկի նախօրեին», «Տտիպ խուրմա», «Լույսերը ես կհանգցնեմ», «Ընտելանում ենք» ստեղծագործությունները:
Առայժմ ապրում է Երևանում, ինչը, նրա խոսքով շատ հաճելի է»:
Հավելենք, որ Զոյա Փիրզադը հայերեն է թարգմանվել առաջին անգամ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ