Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փորձառություն երեխաների կյանքի հաշվին

Փորձառություն երեխաների կյանքի հաշվին
18.07.2014 | 11:25

«Հաղթանակ» զբոսայգին (հանրությանն առավել հայտնի «Մոնումենտը») ամռան այս տապին շատ մանուկների է իր մոտ «կանչում»: Երեկոյան ժամերին նրանց թիվը բավականին մեծ է լինում, որոնք տարբեր կարուսելների գույներով ու լույսերով հրապուրված՝ չեն ցանկանում գեթ մեկը բաց թողնել: Սակայն դրանց անվտանգությունը խիստ մեծ կասկած է հարուցում: Պետությունն այս գործը վստահել է մասնավոր ընկերություններին. նրանք են պատասխանատու ատրակցիոնների տեխնիկական վիճակի համար:
Օրեր առաջ քաղաքացիներից մեկը մեզ հետ զրույցում դժգոհեց, թե փոքր երեխային այգու կարուսելներից մեկն է նստեցրել ու անակնկալի եկել: Չիմանալով, որ այն ոլորապտույտներ ունի և շատ արագ է ընթանում, երկու տարեկան երեխան մեկ պտույտ հետո սարսափահար խնդրել է կանգնեցնել կարուսելը: Այն աշխատեցնող երիտասարդ տղան տոմսերը հավաքելիս չի էլ զգուշացրել, որ նախ դա փոքրիկի տարիքին համապատասխան չէ, և երկրորդ` պետք է ամրագոտիները կապել:
«ՈՒրախ ժամանց» ՍՊԸ-ի տնօրենի վստահեցմամբ, որը զբոսայգու ատրակցիոնները շահագործելու իրավունք է ստացել, կարուսելներն ամեն տարի փորձաքննության են ենթարկվում: Այս տարվանը եղել է մայիս ամսին: Խնդիր է եղել մեկ կարուսելի հետ կապված, սակայն կարճ ժամանակ անց դրա շահագործման թույլտվությունը ևս ստացել են: Իսկ ի՞նչ չափորոշիչներով են ընտրում ատրակցիոններն աշխատեցնողներին: Այս հարցում ընկերության ղեկավարի պարզաբանումները հուսադրող չէին, քանի որ եթե նախկինում հատուկ պատրաստություն անցած մարդիկ էին աշխատում զբոսայգում, ապա հիմա չկա հստակ չափորոշիչ: Հիմնականում երիտասարդներ են, որոնցից պահանջվում է ունենալ գոնե տեխնիկի կամ մեխանիկի հմտություն, որոնք, ըստ մեր զրուցակցի, հենց տեղում են փորձ ձեռք բերում: Այժմ էլ ունեն չորս աշխատակցի կարիք, բայց կադրեր չկան:
Ստացվում է, որ մանուկների կյանքի անվտանգության հաշվի՞ն են ՍՊԸ-ի աշխատակիցները փորձ ձեռք բերում։ Այս հարցը դուր չեկավ «ՈՒրախ ժամանցի» տնօրենին: Նա ընդդիմացավ ու հակադարձեց, որ նրանք սկզբում աշխատում են բանվորներ, հետո ամենափոքր ու թեթև ատրակցիոններն են աշխատեցնում, նոր անցնում են դժվարներին: Նրա հավաստիացմամբ, դժվար կարուսելների պատասխանատուները տասնհինգ-քսան տարվա փորձ ունեն: Հիշեցնենք, որ մեզ դիմած կինը վստահեցրեց, որ հիշյալ կարուսելի «մասնագետը» «չափից» ավելի երիտասարդ էր, որ այդքան տարվա փորձ ունենար:
Անդրադառնալով հին ատրակցիոնների «մաշվածությանը», ընկերության տնօրենը փաստեց, որ իր համար առավել ընդունելի է հինը, քան նորը, որովհետև նորերի որակը նրան հավատ չի ներշնչում: Հները հիմնականում ռուսական են, ծանր ու ապահով, իսկ նորերը չինական են, թեթև ու անորակ: Չնայած այս հանգամանքին, այս տարի զբոսայգի է բերվել տասնչորս նոր ատրակցիոն: Իսկ «մաշվածության» մասին, նրա պնդմամբ, խոսք լինել չի կարող, քանի որ ընդամենը շարժիչ, «ռեմեն» փոխելու կարիք է լինում:
Հավելենք, որ կարուսելների անվտանգությունից ու «փորձառու» կադրերից խոսող ղեկավարի ընկերությունը մի քանի տարի առաջ տուգանվել էր երեք միլիոն դրամով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ