Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Չարենցը դեռ այնքան դռներ է բացելու մեր առաջ, որ մենք չենք էլ պատկերացնում»

«Չարենցը դեռ այնքան դռներ է բացելու մեր առաջ, որ մենք չենք էլ պատկերացնում»
18.07.2014 | 11:32

«…Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի ներքո այս անգամ հյուրընկալել եմ «Իրատես de facto»-ի իմ գործընկեր, գրող, գրականագետ, հրապարակախոս ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆԻՆ` զրույցի համար անկյունաքար ունենալով վերջերս նրա լույս ընծայած երկու գիրքը:
«Ես դուռն եմ» վեպով և «Հիմնականի հիմնականը» չարենցապատումով նա մտավորականի իր ասելիքն է հասցրել ընթերցողին, որը ինձ նման պիտի ջանա բանաձևել այդ գրքերի ժանրային պատկանելությունն ու գրական ուղղվածությունը: Հուսամ` մեր զրույցը կօգնի ընթերցողին այդ հարցում: Բայց և բացառված չէ, որ ավելի շփոթեցնի ու բազմապատկի մտածող ընթերցողի ներսում Անահիտ Ադամյանի առաջացրած հարցերը:

«ԳՐՈՒՄ ԵՄ ՈՉ ԹԵ ԻՆՉ ԿԱ, ԱՅԼ ԻՆՉ ՊԻՏԻ ԼԻՆԻ»


-Մինչ գրքերին անդրադառնալը մի հարց «Իրատես de facto»-ի» վերլուծական հոդվածների վերաբերյալ: Մեր հասարակական-քաղաքական կյանքը դոփում է տեղում, «լավագույն» դեպքում` ժամանակ առ ժամանակ գրանցում հետընթաց: Ինչպե՞ս ես այս իրավիճակում ասելիք գտնում հրապարակումներիդ համար:
-Պիտի հիասթափեցնեմ` շատ հեշտ, որովհետև գրում եմ ոչ թե ինչ կա, այլ ինչ պիտի լինի: Գրում եմ մտածող մարդու համար, որ հետո պիտի կյանքի որակ ու մակարդակ փոխի, այլապես վերլուծությունը որպես այդպիսին արժեզրկվում է, երբ որոնում ես համապատասխանություն իրականության հետ կամ գեղեցիկ բառերի ավելի գեղեցիկ դասավորություն:

«ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է ԴԵՊԻ ԻՆՔԴ ՔԵԶ, ԲԱՅՑ ԱՐԴԵՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ԱՍՏԻՃԱՆԻ ՎՐԱ»


-«Ես դուռն եմ» գրքում Հիսուսը Պետրոսին ասում է. «Ավելի լավ է խելամիտ նահանջել, քան անմիտ պարտվել»: Հիսուսի խաչ բարձրանալը խելամիտ նահա՞նջ էր:
-Ո՛չ: Հիսուսի հետ համեմատվել չի կարող ոչ ոք: Գիրքը տալիս է հնարավորություն համոզվելու, որ ճանապարհը դեպի Աստված ճանապարհն է դեպի ինքդ քեզ, բայց արդեն գիտակցության ու զգացողության բոլորովին այլ աստիճանի վրա: Մինչև խաչելությունը երեք օր և երեք օր խաչելությունից հետո. աշխարհի պատմության այդ 7 օրերի մասին է գիրքը, երբ դեռ ոչինչ հայտնի չէր, երբ դեռ չկար Աստվածաշունչը: Հիսուսը, 13 աշակերտները, որ դարձան 12 առաքյալներ, իսկ Հուդան սպանվեց, Մարիամը, Պոնտացի Պիղատոսը, Կայիափան, Քաղաքը, որ դեռ չի դարձել Երուսաղեմ, անձրևը, որ այդ Քաղաքում հազվադեպ է, բայց 7 օր գալիս է անընդմեջ, նռան գինին, որ թափվում է Պոնտացի Պիղատոսի սպիտակ տոգային ու տեղնուտեղը անհետանում, Բեթղեհեմի աստղը, որ հիմա էլ երկնքում է, և մեր օրերը, երբ բոլորս ամեն ինչ գիտենք, բայց աշխարհում չի փոխվել ոչինչ: Այս ամենը ոչ թե նահանջի հետևանք է, այլ կյանքի, որտեղ ինքդ ես ընտրում նահանջի ու առաջընթացի քո պահն ու ուղղությունը:
-Հիսուսը տալիս է հաղթանակի ու պարտության իր բանաձևը. «Ամենակարևոր հաղթանակը քո ներսում է: Ամենածանր պարտությունը քո ներսում է: Ես մարդկանց տալու եմ հոգու հզորության խորհրդանիշը: Հավատի ու հույսի, սիրո ու կատարելության: Հաղթության»: Որոշակիանո՞ւմ է հաղթանակի ու պարտության սահմանը:
-Հաղթանակի ու պարտության սահմաններ չկան, կա ընկալում: Ես ընդհանրապես այնքան էլ չեմ հավատում ու չեմ վստահում այդ «բանաձևերին»: Բանաձևեր չկան, կա ընտրություն` սկզբնական, որից հետո կամ առաջնորդվում ես քո սկզբունքներով ու քո տաբուներով, կամ կոնֆորմիզմի տաքուկ ափերում ես քեզ տեսնում:
-Գրքում և մեր ընկալումներում շատ տարբեր է Հուդայի գնահատականը: Դու իրո՞ք Հուդային համարում ես անմեղ:
-Ես հիշեցնում եմ` գրքում մեր թվարկության 33 թվականն է, մեր քաղաքակրթության սկիզբը, երբ դեռ ոչինչ անվանված չէ, նույնիսկ կատարված չէ: Հուդան Հիսուսի ամենասիրած աշակերտն է, նրա գանձապետը` ում վստահված է, մեր ժամանակների լեզվով, խմբի ֆինանսական ապահովումը, նա մեկն է, ում Հիսուսը բացարձակ վստահում է: Ի՞նչ ես կարծում, երբ Հիսուսը առավոտից երեկո քարոզում է Սողոմոնի տաճարի առաջ, երբ նա ոչ մեկից չի թաքնվում, երբ բոլորը նրան տեսնում են ու լսում, պե՞տք է ինչ-որ մեկը նրան համբուրի, որ նրան ճանաչեն: Անիմաստ չէ՞ նրա դավաճանությունը, նրա ինչի՞ն է պետք 30 արծաթը, որով նա կարող էր առավելագույնը մեկ ստրուկ գնել և ուրիշ ոչինչ: ՈՒ այդ 30 արծաթը նա նետում է տաճարում` վերադարձնում է Կայիափային, որ համարյա քրեական գործ է, մատնություն, իրականում Հուդան մատնում է Կայիափային, ոչ թե Հիսուսին, բայց այն օրերին, երբ գրվում էր պատմության սկիզբը, պետք էր ժխտումի, կործանումի ու մահվան խորհրդանիշ, ահա և Հուդան նշանակվում է մատնիչ, ու Հիսուսը ներում է նրան: Հետագա դարերում նրա այդ կերպարը հաստատեցին Եկեղեցու ուսուցիչները ու խորացրին պատմիչները, «օրինականացրեց» մշակութային ընկալումը, թեպետ բազում տարընթերցումներ կան: Սկսած պարականոն ավետարաններից մինչև Խորխե Լուիս Բորխես, որ Հուդային մատնիչ չի համարում, եթե ոչ ավելին: Հետագա դարերը իրենց հարմար բովանդակությունը պարտադրեցին և Պոնտացի Պիղատոսին` նրան վերագրելով Հիսուսին խաչելության դատապարտելը, բայց պատմության սկզբում ամեն ինչ դեռ այնպես է, ինչպես եղել է: Հետո պիտի գային քրիստոնեության մեկնիչները ու պատմությանը հագցնեին գաղափարախոսական պատմուճան, որ բնական ու ճիշտ էր իրենց ժամանակների համար: Իսկ մեր ժամանակներում մենք իրավունք ունենք համեմատել ելակետերն ու հանգուցակետերը, թեպետ ընդլուսնյա աշխարհում նոր ոչինչ չկա:
-«Ես դուռն եմ» գիրքն ավարտվում է այսպես. «…մենք վախենում ենք, որ դուռը կբացվի, և վախենում ենք, որ դուռը չի բացվի: Իսկ դուռը մեր ներսում է: Մենք ենք դուռը: Ե՞վ…»: Գիրքն ամփոփող հարցի համար ունե՞ս պատասխան, թե՞ հարցը շարունակվում է:
-Պատասխանը գիրքն ինքն է: Մարդը` իր ողջ մերկությամբ, հրապարակում: Եվ ուրիշ մարդիկ, որ փորձում են նրան հանդերձավորել, բայց հոգին հագուստի կարիք չունի: Հերոսներից յուրաքանչյուրի ամենադաժան կոնֆլիկտը ինքն իր հետ է, երբ դեն են նետված բոլոր հավուր պատշաճի ու պայմանական գործողություններն ու բառերը: Ոչ ոք չգիտի` ինչ է եղել այդ երեք օրը, բայց կյանքը շարունակվել է, ու գլխավորը դա է: «Ես դուռն եմ» վեպը այսօրվա մասին է, մեր մասին, մեր ընտրության ու չընտրության, Պոնտացի Պիղատոսը, Կայիափան, աշակերտները, Մարիամն ու Հիսուսն ինքը մեր կողքին են ու մեր մեջ, մեր թվարկության առաջին դարը ու 21-րդ դարն ընդամենը պայմանականություն են ժամանակի հավերժության մեջ: Ժամանակը և մարդը` կոնկրետ գործողությունների մեջ: Թվում է` ամեն ինչ հայտնի է, ու արդեն երեք հազար տարի, բայց այդպե՞ս է արդյոք…

«ԹԵՎԵՐ ՈՒՆԵՆՔ ԲՈԼՈՐՍ, ՈՄԱՆՔ ԶԳՈՒՄ ԵՆ, ՈՄԱՆՔ` ՈՉ, ԻՍԿ ՈՄԱՆՔ ՆՈՒՅՆԻՍԿ ԹՌՉՈՒՄ ԵՆ»


-«Հիմնականի հիմնականը» գրքում ոչ միայն Չարենցն է, այլև իրենից առաջ, իր ժամանակի մեջ ու իրենից հետո եղած մարդիկ: Կոռնեյ Չուկովսկուն վկայակոչելով` մեջբերում ես նրա խոսքը. «Արվեստը բացարձակ է: Չի կարելի արվեստը դարձնել մարդկային այս կամ այն պահանջի սպասուհին»: Համաձա՞յն ես Չուկովսկու հետ:
-Միանգամայն: Այլապես արվեստը դառնում է ածանցյալ:
-Մեջբերում ես 20-ական թվականներին Թումանյանի կարծիքը. «Չարենցը տաղանդավոր է, նրա քննադատը ևս թևեր պիտի ունենա»: Դու ունե՞ս թևեր:
-Թևեր ունենք բոլորս, ոմանք զգում են, ոմանք` ոչ, իսկ ոմանք նույնիսկ թռչում են:
-«Հիմնականի հիմնականը» գրքի Եղիշե Չարենցին վերաբերող պատումը շատ հաճախ ընդմիջվում է «Փակագծի մեջ» տրված շարադրանքով: Ինչո՞ւ:
-Սա գիրք է գրքի մեջ. «Փակագծի մեջ» շարադրվածը գուցե առաջին հայացքից Եղիշե Չարենցի հետ կապ չունի, բայց դա խաբուսիկ տպավորություն է: Հայ բանաստեղծը ռուս ու համաշխարհային գրականության համապատկերում ավելի հայ է դառնում, ավելի հասկանալի համադրումների ու հակադրումների մեջ: Ես վստահ եմ, որ հենց փակագծի միջով է իրականությունն ավելի ամբողջական ու խորքային դրսևորվում: Գիրքը ոչ միայն Չարենցի կյանքի վերջին 10 կամ 20 տարիների մասին է, գիրքը անցյալ դարասկզբի գրականության, քննադատության, քաղաքականության մասին է և չի ավարտվում 1937-ով, որովհետև նույնիսկ լռության երկու տասնամյակում Չարենցն ավելի ներկա էր «հայ գրականության փոքրիկ ասպարեզում», քան նրանք, որ համարվում էին հայ հանճարեղ բանաստեղծներ ու ոտանավորներ էին գրում օրացույցով` ըստ տոների, ու համագումարների բանաձևերն ունենալով ուղեցույց: Նրանք գրում էին ամեն ինչի մասին ու մոռացել էին մարդուն, բայց մարդը կար ու պոեզիայի, գրականության, խոսքի կարիք ուներ: Հենց այդ ոսկելարի վրա գրականությունը շարունակվեց և շարունակողներից առաջինը Եղիշե Չարենցն էր, որովհետև նրա ներկայությունը գրականության մեջ արդեն չափանիշ է, հաղթահարված ճանապարհ, որ ստիպված չես նորից քայլել, ու հեռանկար, որին պարտավոր ես հասնել: Ամեն սերունդ իր Չարենցն ունի, պաշտոնական գրաքննադատությունը տասնամյակներով նրա պոեզիան ներկայացրել է ծափ ու ծնծղայի մակարդակով, իսկ պոեզիայի բուն ոսկին մնացել է դպրոցական ու բուհական դասագրքերից դուրս` անհատական ընկալման մակարդակում: Դա և դրական, և բացասական դեր է ունեցել: Դրական, որովհետև խորհրդային տարիների պաշտոնական գրաքննադատությունը չի հասցրել աղավաղել, բացասական, որովհետև չի դարձել ընդհանրական գիտակցության հարստություն: Խորհրդային տարիների գրաքննադատությունը չէր կարող սոցիալիստական ռեալիզմի սահմաններից դուրս գալ, չէր կարող հակասել կուսակցական գաղափարախոսությանը. որքան էլ գրականագետները փորձել են թեկուզ այլասացությամբ իրենց ասելիքը տեղ հասցնել, փակագծերի մեջ մնացել է խորքայինն ու բովանդակայինը: Մենք դեռ անցնելու ճանապարհ ունենք դեպի Չարենց, Չարենցը դեռ այնքան դռներ է բացելու մեր առաջ, որ մենք չենք էլ պատկերացնում: Եվ դա է հիմնականի հիմնականը` պոեզիան իր հասարակական ընկալման ու եզրակացությունների հարթության մեջ:
-Դու Չարենցին համարո՞ւմ ես իր ժամանակների այլախոհ` ելնելով նրա գրականության բովանդակությունից:
-Ե՛վ այո, և՛ ոչ: Ոչ, որովհետև նրա ժամանակներում «այլախոհ» հասկացությունը ձևակերպված չէր, կային ժողովրդի թշնամիներ, բայց նրանցից ոչ մեկը համակարգային փոփոխության խնդիր չէր դնում: Այո, որովհետև հենց Չարենցը մտածողության ու գնահատումների ազատության, տարակարծության ու այլընտրանքի հիմք ու հնարավորություն բերեց գրականություն, ու դա արդեն չափանիշի չափանիշ էր, որ արժեհամակարգ էր ձևավորում:

«ԿԱՐՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՆ ԼԻՆՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ»


-«Հիմնականի հիմնականը» գրքում Չարենցին հարաբերում ես ոչ միայն իրենից առաջ ու իր ժամանակի մեջ ապրող գրական, հասարակական-քաղաքական դեմքերի հետ, այլև նրա ժամանակը բերում-հասցնում մինչև 21-րդ դար: Եվ գծում ես Չարենց («Երկիր Նաիրի»)- Փամուկ («Ձյունը») անսպասելի զուգահեռները: Ինքդ քեզ հետ հա՞շտ ես եղել այդ զուգահեռն անցկացնելիս:
-Այո՛, հաշտ եմ եղել թե՛ ինքս ինձ հետ, թե՛ Չարենցի, թե՛ Փամուկի ու թե՛ նրանց հետ, ովքեր շարունակում են ապրել Կարսում, որտեղ Օրհան Փամուկը փնտրում ու հայ չէր գտնում: Դա ժամանակավոր գոյություն է: Կարսում մարդիկ ինքնասպան են լինում, որովհետև ոչ միայն տխուր են, այլև հայրենիքի ու ժամանակի զգացողություն չունեն: Փամուկը դա չի գրել, բայց մի՞թե ամեն ինչ պետք է գրել` ասելու համար:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ