Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինֆորմացիայի համն ու անհամությունը

Ինֆորմացիայի համն  ու անհամությունը
18.07.2014 | 11:56

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ավարտված է, փոթորկված կրքերը եթե չեն էլ հանդարտվել, համենայն դեպս, խաղաղ ափեր վերադառնալու կայուն միտում են դրսևորում: Այնպես որ, ժամանակը պահանջում է մտնել աշխատանքային խաղաղ հուն, տեսնել ինչ է կատարվում աշխարհի մարզական կյանքում առհասարակ:
Մտնելը մտնենք, սակայն ցավով արձանագրելով, որ դրանում հայկական սպորտին տեղ չկա, քանի որ այս օրերին սկսված ու շարունակվող խոշորագույն միջոցառումներին մենք չենք մասնակցում շատ հասկանալի պատճառներով, իսկ, կներեք, օրինակ, Ջենիֆեր Լոպեսի կողքին, ասենք, հարևանի գետնին կպած հարսին հիշել, ում միակ առավելությունը աչքերին դրած լինզան է ու տղայի կողմի վրա կապտաչի տպավորություն թողնելը, ոչ միայն չի սազում մեզ, այլև հանձնարարելի չէ, եթե բերաններս ըստ էության բացենք ու ասենք ճշմարտությանը մոտ ուրիշ բաներ:
Կարծում եմ՝ համեմատության մասով խոսքի տակ դրած այլաբանությամբ էլ ասածս հասկացաք ու խոհեմաբար չեք պահանջի, դիցուք, եվրամրցաշարերում հայկական ակումբային ֆուտբոլի մասնակցությունից խոսել: Ի՞նչ գրեմ. որ հերթական անգամ խայտառակ եղա՞նք, որ անուններս ցուցակում մի կարգին չտեսած` թռա՞նք, կամ որ տղաները անթալիաներում մարզումների անվան տակ արևկող էին անո՞ւմ: Ճիշտ հասկացեք, ես հո չե՞մ ասում վերցնենք ու «քլնգենք» հայկական ակումբային ֆուտբոլը, բայց այդ տղաներն իրենց մարզիչներով, մարզական տնօրեններով, դրանց գլխին կանգնած կառույցով ինչ-որ բան պիտի անե՞ն, որ մենք էլ կողքից քաղցր մի երկու խոսք ասենք, ձախողումը փորձենք արդարացնել, թև տանք, հարեհաս լինենք:
Կամ, ասենք, ի՞նչ իմաստ ունի մյուս տարի Հայաստանում ծովափնյա վոլեյբոլի Եվրոպայի առաջնությունից խոսելը, երբ պարտադրանքի բերումով, մի երկու տարի առաջվա հանգույն, աշխարհի այս ու այն կողմերից մի երկու «ծիտ» ենք ստիպված բերելու ու առժամանակ անց ազատ թևելու իրավունք ենք տալու, որովհետև այդ «ծտոները» ֆունկցիոնալ այլ նշանակության են:
Մի խոսքով, ի՞նչ գլուխներդ ցավեցնեմ: Ավելի լավ է խոսեմ այլոց մասին, ովքեր, հանգամանքների բերումով, ի դեպ, այնքան էլ այլք չեն: Օրինակ, ինչպե՞ս օտար համարես Ժոզե Մոուրինյոյին, ով Ֆաբրեգաս, Դիեգո Կոստա, Փաշալիչ է գնել իր նոր մոդելի «Չելսիի» համար, ու գնումներին վերջերս ավելացրել բրազիլացի պաշտպան Ֆելիպե Լուիսին: Ինչպե՞ս չխոսես հիմնովին վերակառուցվող «Բարսելոնից», որը Մադրիդի «Ռեալի» քթի տակից Լուիս Սուարես է փախցնում ու որպես պայմանագրի կետ ֆիքսում, որ ուրուգվայցին էլ չի կծելու: Ինչպե՞ս չանդրադառնալ իտալական «Յուվենտուսին», որի մարզիչը, ակումբի ղեկավարության վարած տրանսֆերային քաղաքականությանը համաձայն չլինելու պատճառով, լքում է մարալ թիմը:
Անդրադառնալն անդրադառնանք, բայց եթե մի նյութի շրջանակում փորձենք խրվել այս ամենի մեջ, կնշանակի խմբագրությանն ասել՝ վերջակետը խոր աշնան դեմ ենք դնելու. այնպես որ բարի եղիր ոչ թե տարածք զավթել, այլ տարածք ազատագրել: Սակայն, ինչպես տեսնում եք, սա էլ լուրջ բան չէ, ու թերթի խմբագրակազմի մեջ քնած առյուծին չարթնացնելուն զուգահեռ ավելի քաղաքակիրթ է ինֆորմացիան չափաբերված դոզաներով ընթերցողին հրամցնելը, որ իր հերթին շուռ չգա ու մոլորվածի պես, զորօրինակ, հարցնի՝ «Պարի Սեն Ժերմենի» արաբ միլիարդատերերը վերջը Խամես Ռոդրիգեսին զիջեցի՞ն «Ռեալին», թե՞ ոչ, եթե զիջել են, 90 միլիոնո՞վ են զիջել, թե՞ 115-ով, ու մտերմավարի, երակ մտնող կողակցի պես հավելյալ ճշգրտումի առիթը բաց չթողնի՝ էդ միլիարդատերերի ինչի՞ն է պետք 90-115 միլիոնը. կարո՞ղ է Հայաստանում գործ են դնելու, «վերևների» հետ փակվելու հարց կա:
Հիմա տեսնո՞ւմ ես, հարգելի ընթերցող, անխոհեմության պատճառով ինչպես կարող է մարզական պարզ, անմեղ թեմաներ գրողից մարդս վերածվել թակարդի մեջ դրված պանրի, ինչ է թե՝ այդպես էլ չի հասկանում մի երկու պարզ ճշմարտություն: Ասա քեզ համար լուռումունջ սոսկ անուններ ու վիճակագրություն հիշատակիր ու ապրիր հանգիստ՝ առանց ներվ փչացնելու, առանց ինչ-որ մեկի դժգոհությունն արթնացնելու, առանց որևէ մեկի խաթրին դիպչելու: Քար է, գլորիր իրենց ուզած ուղղությամբ, իրենց ուզած պայմաններով. ուզածդ ի՞նչ է: Սակայն, քանի որ կուզին միայն գերեզմանն է ուղղելու, անցնենք առաջ:
Այս օրերի ինֆորմացիոն հոսքի մեջ առավել զավեշտալին ռուսական լրատվականներից մեկի նյութի վերնագիրն էր՝ «2018-ին Ռուսաստանի հավաքականը կդառնա՞ աշխարհի չեմպիոն»: Ո՞Ւմ էի մի կտոր հաց տվել, որ այդ պահին սուրճ չէի խմում. թռչելու էր կատիկս, ու մնալու էիք առանց ինձ: Չէ, ես ինձ լրիվ հաշիվ տալիս եմ, որ ձեզնից ոմանց համար աշխարհն ինձնով չի սկսվում ու, բնականաբար, ինձնով էլ չի ավարտվում, բայց և այնպես համեստ անձիս իրավունք եմ վերապահում մտածելու, որ ինչ-որ լուսավոր բան, այդուհանդերձ անդարձ խավարելու էր: Տո, խավարելն էլ դեռ ոչինչ: Պատկերացնում ե՞ք իրավիճակի անհեթեթությունը: Չիմացողները հարցնելու էին «Ինչի՞ց մեռավ», ու լսելու էին` «2018-ին Ռուսաստանի հավաքականը կդառնա՞ աշխարհի չեմպիոն» հոդվածից:
Բայց ոնց որ թե շատ տարվեցինք համեստ անձովս: Դուք պատկերացնում ե՞ք վերը հիշատակված հոդվածագրի երևակայությունը: Սա նույնն է, թե 40-80 տոկոսով աշխատավարձս բարձրացնելու երկու-երեք տարի առաջ իշխանությունների տված խոստմանը հավատ ընծայեի, գազն ու լույսն անխնա վառեի՝ ապագայում ինձ ավելի վճարունակ պատկերացնելով: Բայց ես հո միամիտ մեկը չե՞մ: Հակառակը, համապատասխանների հավաստումները լսելուն պես իսկույն ևեթ անցել եմ շատ ավելի խնայողական ռեժիմի, ու բախտս բերել է, որ հեռատեսությանս շնորհիվ այդ նույն լույս ու գազի դիմաց նախորդ տարվա համեմատ վճարում եմ ոչ թե 150, այլ 100 տոկոսով ավելի: Բնականաբար, աշխատավարձի բարձրացման մասին խոսակցությունները գրվել են սառույցին:
Սիրելի ընթերցող, քո թույլտվությամբ ուզում եմ վերջակետ դնել այս նյութին, որովհետև այն իմ անձնապես ճանաչած հավատավոր երկու ընթերցողներիս մոտ տեղիք է տալու բուռն վեճի: Մեկը բարիլուսախառն սպասելու է գործի գնալուս, որ աչքս կոխի «Դու սպորտի մասին ես գրո՞ւմ, թե՞ սոցիալական բողոքի մերօրյա երգիչ ես» հարցը, մյուսը պայթելու է. «Դու էստեղ սպորտից ի՞նչ ես պակաս տեսնում, որ մարդուն դեմ ես տվել պատին»: ՈՒ կրակն էն է, որ խաղաղարար աղավնու պես ընկնելու եմ երկուսի արանքը՝ հաշտեցնելու, կրքեր հանդարտեցնելու:
Բան չունեմ ասելու` չեղած տեղը սա էլ է գործ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ