«Որքան երկար տևի ուկրաինական ճգնաժամը, այնքան Եվրոպային և աշխարհին ավելի մեծ վնաս կհասցվի»,- Ֆրանսիա իր այցի կապակցությամբ Չինաստանի կառավարության կայքում և ֆրանսիական Le Figaro պարբերականում գրել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։ Ըստ Ֆրանսպրեսի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր առաջնահերթությունը Սի Ծինպինի Փարիզ այցի ընթացքում լինելու է վերջինիս զգուշացնելը, թե որքան վտանգավոր է Ռուսաստանին ՈՒկրաինայի դեմ պատերազմում աջակցելը։               
 

Տուրիզմը միայն բիզնես չէ

Տուրիզմը միայն բիզնես չէ
22.07.2014 | 00:05

Ադրբեջանական զբոսաշրջային ուղեցույցներում որպես իրենց նախնի աղվանների թողած հուշարձան, ներկայացվում են նաև Խոր վիրապը, Գառնին, Զվարթնոցը, Արցախի խորհրդանիշ տատիկ-պապիկը, մյուսները: Բայց թե ինչպես են Ադրբեջան այցելած զբոսաշրջիկները ծանոթանալու այս հուշարձաններին, միայն իրենց է հայտնի։

Այս հոդվածը պատրաստվում էի գրելու 10-15 տարի առաջ, երբ ղեկավարում էի ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի գաղափարական աշխատանքները: Դեռ այն ժամանակ ցավով էի արձանագրում այն փաստը, որ «Հաղթանակ» զբոսայգի այցելող զբոսաշրջիկները շրջանցում էին հիշյալ թանգարանն ու «Անմար կրակի» բարձունքից դիտելով Երևանը՝ վերադառնում էին: Ես մի քանի անգամ դիմեցի զբոսաշրջային կազմակերպությունների ղեկավարներին, առաջարկեցի պայմանագրեր կնքել, զբոսաշրջիկներին թանգարան բերել, կազմակերպել նրանց սպասարկումը, ծանոթացնել ականավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծած ու կառուցած հրաշալի շինությանը, որը ներսից հայկական ավանդական եկեղեցի է, իրենց ցանկացած լեզվով բացատրություններ տալ, էքսկուրսիաներ անցկացնել: Ստացա բացասական պատասխան այն դեպքում, երբ թանգարանի մուտքն ու սպասարկումը (էքսկուրսիաների վարումը) բացառապես անվճար են: Վերջերս տեղեկացա, որ այն տարիներից համարյա ոչինչ չի փոխվել: Թանգարանում ինձ ասացին, որ իրենք էլ են փորձել այդ խմբերին ուղղորդել թանգարան, բայց քանի որ զբոսաշրջային կազմակերպությունները մասնավոր են, դրանց վրա ազդող լծակներ չկան, գալիս են այն խմբերը, որոնց ուղեկցողները բավարար գրագիտություն ունեն, պրոֆեսիոնալ են ու հայրենասեր: Պաշտպանության նախարարությունն ու թանգարանի կոլեկտիվն ամեն ինչ արել են թանգարանը այցելուներին հավուր պատշաճի ներկայացնելու, հայ ժողովրդի ռազմի պատմությունը՝ ֆիդայական շարժումներից մինչև Առաջին ու Երկրորդ աշխարհամարտեր, պատմական իրական լույսի տակ այցելուի դատին հանձնելու ուղղությամբ: Մի առանձին հարկաբաժին հատկացված է Արցախյան ազատամարտին: Այստեղ թանգարանային մատչելի լեզվով, իրերի, փաստաթղթերի, լուսանկարների, ազատամարտի մասնակիցների գրավոր ու աուդիո-վիդեո փաստերի միջոցով ներկայացվում են պատերազմի սանձազերծման իրական մեղավորները, մեզ պարտադրված պատերազմի, առանձին մարտական գործողությունների մասնակիցներից պահպանված մասունքներ, նրանց հերոսական գործողությունները և այլն: Ամեն ինչ անհրաժեշտ մակարդակով ներկայացվում է: Ցավոք, բոլոր տուրիստական խմբերը չեն, որ ուղեկցող-թարգմանիչների կողմից ուղեկցվում են թանգարան: Ես որոշեցի այնուամենայնիվ գրիչ վերցնել, երբ կրտսեր եղբորս՝ ԱՄՆ-ում ապրող ծագումով իռլանդացի փեսան, որ 12 տարում լիովին տիրապետեց հայերենին ու հայոց պատմությանը, 2013-ի աշնանը որպես զբոսաշրջիկ այցելեց Ադրբեջան: Օրերս Հայաստան գալով՝ նա անարգանքի սյունին գամեց ոչ միայն ինձ ու աներոջը, այլև իր գալու առիթով հավաքված հարազատներիս ու ընկերներիս: Իհարկե, նրա պատմածները ադրբեջանական կեղծարարությունների, պատմությունը գլխիվայր շուռ տալու մասին մեզ վաղուց էին հայտնի, բայց կոպիտ արտահայտությունը՝ հայերդ հայտնի կենդանու ականջում քնած եք, ինձ հունից հանեց: Ստիպված էի քրքրել պահոցներս ու ցույց տալ ոչ միայն իմ, այլև պատմաբան ընկերներիս պատասխան հոդվածները ադրբեջանական ցնդաբանություններին: Սակայն Թայլորը (այդպես է եղբորս դստեր ամուսնու անունը) անդրդվելի էր: Նա և Կալիֆոռնիայի նահանգից հավաքված ամերիկացիների խմբի բոլոր անդամներն Ադրբեջանի պատմության թանգարանում նվեր էին ստացել Western Azerbaijan (Արևմտյան Ադրբեջան) շքեղաշուք գիրքը, որը Թայլորը չէր ալարել, բերել էր Երևան ու մեզ ցույց էր տալիս գրքի լուսանկարները: Այդ կեղծագրքի (այլ կերպ չես անվանի) շապկին Գառնո տաճարն էր, ներդիրներում՝ Էջմիածնի Մայր տաճարը, Խոր վիրապը, Զվարթնոցը՝ բոլորն էլ Արևմտյան Ադրբեջանի մշակույթի հուշարձաններ: «Դժբախտությունն ու զավեշտն այն է,- անկեղծ զայրույթով ասում էր Թայլորը,- որ մեր խմբի անդամներից և ոչ մեկը ականջալուր չեղավ իմ ասածներին, թե այդ ամենը կեղծիք է, պատմությունը խեղաթյուրելու ադրբեջանական հերթական քայլ: Բոլորը միաբերան նույն բանն էին ասում՝ տվեք գրավոր փաստեր: Ես, իհարկե, պատրաստ չէի այդպիսի անակնկալի ու հետս որևէ գիրք կամ համակարգչային կրիչ չունեի,-շարունակում էր Թայլորը,- ստիպված էի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ ու մեղադրել կնոջս հայրենակիցներին»:
Ինձ համար, իհարկե, այս ամենը նորություն չէր: Աշխատանքի բերումով զբաղվել և վաղուց գիտեի, որ Ադրբեջանում նախագահին կից գործում է, այսպես կոչված, հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ հավաքված «հայագետների» միակ զբաղմունքը պատմությունը կեղծելն է, գլխիվայր շուռ տալն ու ցեղասպանությունը ժխտելը: Մինչև վերջերս ինստիտուտի ղեկավարը Հայաստանում ծնված, այստեղ լուսավորության փոխնախարարի պաշտոնին հասած Սուրեն Ալիի Շարիֆովն էր: Այս ուրացող հացկատակը, որ, ինչպես նշեցինք, բավականին լուրջ կրթություն էր ստացել Հայաստանում, բարձր պաշտոնի հասել, հայտնի դեպքերի հետևանքով իր ուզած գնով վաճառել էր երևանյան բնակարանը, Բաքու մեկնել, և տեսնելով, որ կեղծելն ու հնարելը եկամտաբեր բիզնես է, լծվել է հայր և որդի Ալիևների սայլին ու վարպետորեն կեղծում է պատմությունը, ավելի ճիշտ՝ պատմություն է մոգոնում այն մասին, որ հնուց անտի եղել է ադրբեջանցի ժողովուրդ, ապրել է գիտնականների կողմից «Հայկական լեռնաշխարհ» անվանված, թուրքերի կողմից «Արևելյան Անատոլիա» հորջորջվող տարածքում, իսկ «օկուպանտ» հայերը, չգիտես որտեղից հայտնվելով, խլել են իրենց հողերը, ոչնչացրել «տեղաբնակներին»: Մեր պատմաբանները, աշխարհի սթափ մտածող բազմաթիվ գիտնականներ, իհարկե, սրանք ցնդաբանություններ, բացարձակ կեղծիք են համարում, բայց, արի ու տես, որ գիտությունից հեռու կանգնած միլիոնավոր մարդիկ լուրջ են ընդունում, որ Էջմիածինն ու Գառնին ադրբեջանական մշակույթի հուշարձաններ են, Սևանա լիճը դարեր շարունակ սնել է շրջակայքում ապրող ու հարուստ մշակույթ ստեղծած թուրքերին, իսկ Հայաստանի առաջին Հանրապետության մայրաքաղաք Երևանը ադրբեջանցիներն են մեծահոգաբար հայերին նվիրաբերել: Այո, այո, սրանք նախկինում Կովկասի թաթարներ կոչվող, 20-րդ դարասկզբին Ադրբեջան անվանված երկրի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն են, որոնք նույնությամբ տեղ են գտել նրա պաշտոնական president.az կայքում: Հենց նրա հանձնարարությամբ ու պետական շռայլ ֆինանսավորմամբ մեկը մյուսի հետևից միլիոնավոր տպաքանակներով ու տասնյակ լեզուներով լույս են տեսնում փայլուն տպագրությամբ, Հովհաննես Շիրազի դիպուկ բնութագրմամբ՝ աղքատի մեռելը հարուստի դագաղի մեջ կարգի գրքեր ու ալբոմներ, նկարահանվում ֆիլմեր ու պատրաստվում խտասկավառակներ՝ անվճար տրամադրելով աշխարհի գրեթե բոլոր գրադարաններին, գիտական կենտրոններին ու Ադրբեջան այցելող զբոսաշրջիկներին: Նույն կեղծիքն է հրամցվում այցելուներին նաև Ադրբեջանի բոլոր թանգարաններում ու հուշարձանների տարածքներում: Հազարը չհավատա, հարյուրը, հաստատ, կհավատա, մանավանդ, որ մեր գիտնականների պատասխանը լռությունն է՝ փող չունենալու պատճառաբանությամբ ճշմարտությունը ներկայացնել չկարողանալը կամ չուզենալը: Այն, որ մենք այսպիսի նպատակների համար, որպես կանոն, փող չենք գտնում, ինձ վաղուց է հայտնի: Բայց, երկար տարիներ աշխատելով հանրապետության թանգարանային համակարգում, համոզվել եմ, որ ամենաանհետաքրքրասեր մարդն անգամ թանգարանում իրեն հետաքրքրող բան գտնում է և մտապահում: Տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգիչների մեր դարում ավելի են կարևորվում թանգարանները: Այսօր քչերն են իրենց կարդալու նեղություն տալիս: Թանգարանում կարդացողը էքսկուրսավարն է: Նրա ինտելեկտից է կախված ներկայացվելիք նյութի ինչպիսին լինելը: Բարեբախտաբար, մեր գրեթե բոլոր թանգարաններում՝ անկախ գերատեսչական պատկանելությունից, լավ էքսկուրսավարների, գիտականորեն հագեցած ցուցադրությունների պակաս չկա: Մնում է հօգուտ մեր երկրի ու պատմության օգտագործել նրանց գիտելիքները, ինչը, ցավոք, վատ է իրագործվում: Մեր պետությունը զգալի ուշադրություն է դարձնում զբոսաշրջության զարգացմանը, քանի որ ընդհանրապես զբոսաշրջությունը առաջատար տեղ է զբաղեցնում ապրանքների և ծառայությունների համաշխարհային արտահանման ծավալում: Զբոսաշրջային այցերի քանակին զուգահեռ (2013 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, մոտեցել է մեկ միլիոնի) ավելանում են նաև դրանից ստացվող եկամուտները՝ գերազանցելով այլ ապրանքների և ծառայությունների արտահանումից ստացվող եկամուտները: Այդ իսկ պատճառով էկոնոմիկայի նախարարությունն այս բնագավառում բարեփոխումներ իրականացնելու քայլեր է նախաձեռնում: Պատահական չէ, որ տարիներ առաջ զբոսաշրջությունը Հայաստանում հայտարարվեց տնտեսության հեռանկարային զարգացման ուղղություններից մեկը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը, սակայն, ընդամենը հաշվապահի գործ է կատարում՝ հաշվելով ու պարբերաբար տեղեկություններ հայտնելով զբոսաշրջիկների թվի, նրանց բերած օգուտների մասին: Բայց թե ինչ սովորեցին նրանք Հայաստանում, ուր եղան, ինչքանով հաղորդակցվեցին հայոց պատմությանն ու մշակույթին, ոչ մեկին չի հետաքրքրում: Մեր կարծիքով՝ զբոսաշրջային կազմակերպություններին աշխատելու թույլտվություն, հավաստագիր տալիս պետք է նաև պահանջներ ներկայացվեն, թե որ հուշարձանների, թանգարանների այցելությունն է պարտադիր, ովքեր պիտի աշխատեն զբոսաշրջիկների հետ և այլն: Խմբերի ուղեկցող-թարգմանիչները պետք է քննություն հանձնեն նաև հայ ժողովրդի պատմությունից, լինեն հայրենասերներ, Հայաստանին ու հայ ժողովրդին մինչև վերջ նվիրված մարդիկ: Պարբերաբար պետք է անցկացվեն էքսկուրսավարների լսումներ, վերապատրաստումներ, ինչպես արվում էր տարիներ առաջ: Եթե մենք ճակատներս բաց աշխարհին ներկայանում ենք որպես մեր դեմ սուր բարձրացրած թշնամուն իրենից տասնապատիկ քիչ մարդուժով ու զենք-զինամթերքով ծնկի բերող ժողովուրդ, ապա տեղեկատվական պատերազմում ցավալի պարտություն ենք կրում: Դրա հետևանքը չե՞ն նաև միջազգային կառույցների որոշ ղեկավարների բացահայտ կողմնորոշումը դեպի մեր թշնամիները, ստատուս-քվոյին վերջ տալու ու տարածքներ հանձնելու հանձնարարական-հայտարարությունները: Հայտնի է, որ այս հարցում նավթադոլարներն էլ քիչ դեր չունեն, բայց ծանրակշիռ է տեղեկատվական պատերազմում Ադրբեջանի հաղթանակը: Ոչ մի պատճառաբանություն ընդունելի չէ: Միամիտներն ասում են՝ թող ադրբեջանցիները սուտ ասեն, ո՞վ է հավատում: Հավատում են շատերը: Այսօր սրանք որպես սկզբնաղբյուր օգտագործում են ոչ անհայտ Զիա Բունիաթովի անցյալ դարի վերջերին հրապարակած պատմական բացահայտ զեղծարարությունները և, մի քանի գիտնականներից բացի, բոլորը լուրջ են ընդունում: Վաղվա սերունդների համար հավաստի սկզբնաղբյուրներ կծառայեն Ադրբեջանի նախագահի կայքն ու դրան կից գործող հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի «գիտնականների» «հայտնագործումները»: Աշխարհը կհավատա ադրբեջանցիներին, քանի որ, ինչպես ասում են, լռությունը համաձայնության նշան է: Իսկ մենք լռում ենք ձկան պես... Աֆրիկայում կամ Ավստրալիայում ծնված-մեծացած մարդը շատ չգիտե մեր պատմությունը, նրան ներկայացնել է պետք: Իսկ առավել մատչելի, բոլորի համար հասկանալի ձևը թանգարանային լեզվով ներկայացնելն է: Ճիշտ կլինի, որ վճարովի թանգարանների մի մասն էլ որոշակի խմբերի սպասարկման ծախսերն իր վրա վերցնի, կամ այդ հարցում թանգարաններին թիկունք կանգնեն բարերարները: Չէ՞ որ սա էլ պակաս հայրենասիրական գործ չէ: Ամփոփենք: Տուրիզմը միայն բիզնես չէ, բյուջեն լցնելու միջոց: Մանավանդ գաղափարախոսական պայքարի այս օրերին, երբ մեր թշնամին ոչինչ չի խնայում ապացուցելու իր անմեղ, տուժած լինելը, այս տարածաշրջանում բոլոր ժամանակներում տեր ու տիրական եղած լինելը, կարևորվում է յուրաքանչյուր քայլ: Մեր թշնամիները, կոպիտ ասած, իրենց աղբը ոմանց մոտ փլավի տեղ են անցկացնում, իսկ մենք մեր փլավը չենք էլ փորձում հավուր պատշաճի մատուցել: Սթափվել է պետք: Վաղը ուշ կլինի:

Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Թանգարանագետ-ռազմական պատմաբան

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ