Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Որքա՞ն պիտի շարունակվի այս վատ ներկայացումը

Որքա՞ն պիտի շարունակվի այս վատ  ներկայացումը
22.07.2014 | 00:22

Ինչի՞ վրա են հույս դնում մարդիկ, որ միկրոֆոնի կամ տեսախցիկի առջև ջանում են սևը սպիտակ ներկայացնել։ Երևի այն բանի, որ հայ ազգը քրոնիկական ամնեզիա ունի, հիշողության կորուստ։ Երբ անցյալ տարի շատերը, այդ թվում` ես, ընթերցողների ուշադրությունն էինք հրավիրում այն բանի վրա, որ Արևմուտքի հետ ցանկացած չափազանց մեծ մերձեցում սպառնալիք է Հայաստանի ազգային շահերին, ապա որպես հիմնավորում նշում էինք երկու առավել ցավագին հանգամանք։ Առաջինը, իրոք, Արցախի հետ կապված իրադրությունն է։ Թե ինչու Հայաստանը չի կարողանում այս կամ այն «միության» մեջ մտնել «Արցախի հետ միասին», մենք քանիցս գրել ենք. հիշեցնենք միայն մեկ նախադասությամբ. թեկուզ և այն պատճառով, որ մենք ինքներս (Հայաստանի և Արցախի սահմանադրություններին համապատասխան) մեզ ճանաչում ենք իբրև երկու տարբեր հայկական հանրապետություններ, ընդ որում, Արցախը պաշտոնապես երբեք Հայաստանի իշխանություններին չի պատվիրակել Ստեփանակերտի շահերը ներկայացնելու իրավունքը։
Բայց ես մատնանշել եմ նաև երկրորդ հանգամանքը. դա Արևմուտքի հակումն է «պատժամիջոցների քաղաքականության», մասնավորապես Իրանի նկատմամբ։ Իսկ հիմա, ինչպես տեսնում ենք, Արևմուտքը լուծում է Ռուսաստանի նկատմամբ «պատժամիջոցների» կիրառման հարցը։ Նախ, Իրանն ու Ռուսաստանը Հայաստանի էներգետիկ անվտանգության և հարաբերական էներգետիկ ինքնուրույնության գլխավորագույն երաշխավորներն են։ Առնվազն, մեզ ոչ ոք չի կարող ստիպել քաղաքական ու տարածքային զիջումների գնով էներգակիրներ մուրալ մեր բացահայտ թշնամիներից։ Խոսքը Ադրբեջանի ու Թուրքիայի մասին է։ Բայց դա չարիքների փոքրագույնն է։ Բանն այն է նաև, որ Իրանն ու Ռուսաստանը մեր խոշորագույն գործընկերներն են ամբողջ տնտեսության ասպարեզում, այդ թվում` առևտրում, մեր խոշորագույն ներդրողները, իսկ ՌԴ-ն միաժամանակ նաև մի տարածք է, որտեղից ամեն տարի Հայաստան են հոսում դրամական խոշոր փոխանցումներ, որոնք ռուսական կողմից չեն հարկվում։ Ասեմ է՛լ ավելի հստակ. դա մի բան է, որը Հայաստանի ու Արցախի հարյուր հազարավոր անապահով ընտանիքների հնարավորություն է տալիս գոյատևելու, ապրուստի միջոցներ ձեռք բերելու։ Մեկ անգամ ևս հիշեցնեմ. Թուրքիան, որպես 1964 թ. դեկտեմբերի 1-ից Եվրամիության հետ ասոցացված երկիր, դեռ այն ժամանակ էր իր վրա զգում, թե ինչ է նշանակում ակնթարթորեն գների բարձրացում ստանալ այլ երկրների հետ առևտրում։ Եվ այդ երկիրը Արևմուտքի հրահանգով լիարժեքորեն մասնակցում էր հակաիրանական պատժամիջոցներին, իսկ հիմա կմասնակցի նաև հակառուսական պատժամիջոցներին։ Այս հեռանկարն է սպասում Եվրամիության հետ ասոցացված բոլոր երկրներին` ազգային ինքնիշխանության լիակատար զիջում։ Իսկ եթե ինչ-որ բան «այնպես չէ», ապա նախ «ասոցացվածները» երկար-բարակ խնդրում-աղաչում են իրենց ամերիկացի ու եվրոպացի տերերին համաձայնել «բացառություն անելու» ¥այսպես թուրքերը լուծեցին Իրանից գնվող նավթի ու գազի ծավալների նվազագույն կրճատումների հարցը¤։
Հայաստանի ազգային շահերին սպառնացող վտանգները կարող էին է՛լ ավելի աղետալի լինել, եթե մեր երկիրը Վիլնյուսում ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման փաստաթուղթը։ Հասկանալի է, որ Հայաստանին արդեն մի երկու ամիս առաջ պարտադրված կլինեին մասնակցելու հակառուսական պատժամիջոցներին։ ԱՄՆ-ի ու Եվրամիության շահերի` մեր երկրի քաղաքացի ջատագովները, իհարկե, թքած ունեն այն բանի վրա, որ նման քաղաքականությունից տուժելու էին Հայաստանի էլի այն 80-90 % չքավոր ու չունևոր քաղաքացիները, ոչ թե իրենք, չէ՞ որ նրանց «հոնորարները», երևի, երաշխավորված են, իսկ եթե նրանց գործունեությունը, ինչպես «Որոտանի հէկերի կասկադի» դեպքում, հաջող ընթանա, ապա, կարելի է ենթադրել, որ նրանք նաև «պարգևավճար» կստանան, բայց, ինչպես ասում են, ուրիշի գրպանները քչփորելուց առանձին օգուտ չկա։
Հարցը վերստին հանգում է ռազմավարությանը։ ՈՒ բնականաբար, այստեղ մեղքի հսկայական բաժին ունեն Հայաստանի իշխանությունները, որոնք համառորեն շարունակում են «խաղ խաղալ» թե՛ սեփական ժողովրդի, թե՛ օտարերկրյա գործընկերների հետ։ Բայց պակաս մեղավոր չեն նաև ԵԱՏՄ-ի հիմնադիր պետությունները։ Սեփական և գլոբալ, ռազմավարական շահերով նրանց հրապուրվածությունը հանգեցնում է այն բանին, որ այն, ինչ ասվում էր ավելի վաղ, ասենք, մոտ մեկ տարի առաջ, մի տեսակ «օդում կախված» է մնացել։ Ավելին, օր օրի անլուծելի թողնելով որոշ մանր հարցեր, նրանք, և արդեն Հայաստանի իշխանությունների հետ, նպաստում են, այսպես ասած, քաղաքական ու տնտեսական գործերում իներցիայի ձնագնդի մեծացմանը։ Մենք տեսնում ենք, այո, «մեծերն շտապում են», և դա, ի դեպ, վերաբերում է նաև ԱՄՆ-ին, ոչ միայն ՌԴ-ին ու այլ երկրների, ասենք` Իրանին ու Չինաստանին, Հայաստանը չունի այն ռազմավարական տեսակարար կշիռը, որ «մեծերի» հետ «մրցի» իր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական «շտապողականության» բազմատարբերակությամբ։
2013 թ. նոյեմբերին չստորագրելով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրերը, Հայաստանը գոնե մասամբ նվազեցրեց այն բացասականությունը, որ հիմա պարունակում է Արևմուտքի «պատժամիջոցների քաղաքականությունը» Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ։ Այդուամենայնիվ, դա օրակարգից չի հանում ևս մեկ-երկու հարց, որոնցից առաջինը մեր պահանջն է Հայաստանի իշխանություններից` մեծացնել թափանցիկությունը այս կամ այն երկրի հետ վարվող բանակցությունների շուրջ, քանի որ դրանից է կախված մեր երկրի յուրաքանչյուր շարքային քաղաքացու անգամ ամենամոտ ապագան։ Երկրորդը, համենայն դեպս, նորագույն լայն բանավեճի անհրաժեշտությունն է այն հարցի շուրջ, թե առհասարակ ստեղծված իրավիճակում Հայաստանին որևէ «միություն» պե՞տք է, թե՞ ոչ։ 2013 թ. սեպտեմբերին խոսքը Մաքսային միությանը միանալու մասին էր։ Այնուհետև, արդեն գարնանը, մեզ սկսեցին «դասեր տալ», թե, իբր, շրջանցելով ՄՄ-ն, Հայաստանն անմիջապես կմիանա ԵԱՏՄ-ին։ Ի՞նչ, ինչո՞ւ, ինչի՞ց ելնելով. ավա՜ղ, ոչ ոք իրեն նեղություն չտվեց հստակ պարզաբանել։ Սակայն հիմա սա էլ «յոթ սարի հետևում է»։ Հայաստանի ու Ղազախստանի իշխանությունները «մրցում են», թե ով որքան կարող է հետաձգել ԵԱՏՄ-ին Երևանի միացումը։ Առայժմ «առջևում» Հայաստանի իշխանություններն են։ Եվ որքա՞ն պիտի շարունակվի այս վատ ներկայացումը։
Այստեղ բանը ռեժիսորական աշխատանքը չէ։ Երկուսի աշխատանքն էլ` թե՛ արևմտյան, թե՛, պայմանականորեն ասած, հյուսիսային կողմերինը, օբյեկտիվորեն տարել և տանում են Հայաստանի և ամբողջ հայ ազգի ինքնիշխանության սահմանափակման։ Պարզապես, եթե համեմատելու լինենք, այն Արևմուտքի օգտին չէ, հաշվի առնելով աշխարհի մի ամբողջ շարք երկրներում նրա գործունեության սադրիչ և ավերիչ բնույթը։ Օրինակնե՞ր են պետք։ Խնդրեմ. Սիրիա։ Ի դեպ, հույսը «թերթաքարային գազի» վրա դնելն էլ, իբր, «հանուն ազատագրման» (ումի՞ց, ինքն իրենի՞ց), նշանակում է խրախուսել Արևմուտքին, գլխավորապես ԱՄՆ-ին։ Գիտե՞ն, արդյոք, Երևանում, որ վերջերս Նյու Յորքի դատարանը, վերջապես, բոլոր տեղական համայնքներին ու իշխանության մարմիններին թույլ է տվել ինքնուրույն որոշել` «թերթաքարային» ընկերություններին քշե՞լ իրենց տիրույթներից, թե՞ համաձայնել նրանց վնասակար գործունեությանը։ Իսկ Ֆրանսիայում առհասարակ արդեն արգելել են թերթաքարային ածխաջրածինների հետախուզումը։ Արևմուտքում արագորեն հասկացան, որ չի կարելի ընդերքի հետ վտանգավոր խաղեր խաղալ խտաբնակ հողերում։
Սակայն Հայաստանի և հայերի համար, բացի ամբողջ թվարկվածից, կա միանգամայն էական մի գործոն ևս, որը ենթադրում է, որ մենք պետք է ընտրենք որևէ «միության» չմիանալու սկզբունքը։ Քանիցս գրել եմ այս մասին, մեկ անգամ ևս հիշեցնեմ։ Հայաստանում եղել են և այսօր էլ կան ուժեր ու առանձին քաղաքական գործիչներ, ովքեր առհասարակ դեմ են երկրի անդամակցությանը որևէ միության։ Եվ այդ տեսակետի հիմնավորումը պակաս էական չէ (թող որ միտված լինի անորոշ ապագայի), քան այս կամ այն «միության» կողմնակիցներինը։ Օրինակ, այս կամ այն ձևով թե՛ Եվրամիությանը, թե՛ ՄՄ/ԵԱՏՄ-ին ինտեգրվելը կամա-ակամա կստիպի Հայաստանի իշխանություններին կոնկրետացնելու երկրի արտաքին և մաքսային սահմանները։ Դրանց որևէ ամրակայում կլինի՞, այդ թվում միջազգային բազմակողմ փաստաթղթերով հաստատված։ Այդ պարագայում տեսականորեն բացառված չէ հավանականությունն այն բանի, որ այժմ դեռ թուրք-ադրբեջանական օկուպացման տակ գտնվող հայկական այս կամ այն տարածքի ազատագրման պահին Երևանը, այնուամենայնիվ, ստիպված կլինի այս կամ այն միության գծով իր գործընկերների հետ համաձայնեցնելու իր տարածքների ազատագրման գործընթացն ու փուլերը։ Այսինքն, իր տարածքների վերամիավորման ուղղությամբ Հայաստանի որոշումների անկախության որոշ տոկոս ինչ-որ չափով կախված կլինի երրորդ կողմերից, ինչն ավելի քան անցանկալի է։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ