Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հասարակ մարդը, չոբանը, որ իր համար անասուն է արածեցնում, չի կարող սահմանադրական փոփոխություն առաջարկել»

«Հասարակ մարդը, չոբանը, որ իր համար  անասուն է արածեցնում, չի կարող  սահմանադրական փոփոխություն առաջարկել»
22.07.2014 | 00:35

ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

(վաստակավոր իրավաբան, ՀՀԿ խորհրդի անդամ)

-Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին հարցազրույց է տվել և այս անգամ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին` դա համարելով Սերժ Սարգսյանի «ճակատագրական սխալը»: Որպես իրավաբան, այս գործընթացում Դուք նման սխալ տեսնո՞ւմ եք:
-Հասարակական կյանքում և կառավարման համակարգում ահագին բաներ փոխվել են, և առկա Սահմանադրությունը լիարժեքորեն չէր արտացոլում միջազգային իրավունքով նախատեսված չափորոշիչները: Մարդու իրավունքների պաշտպանությունը, որ Հայաստանում բավականին տխուր վիճակում է, պետք է բոլոր առումներով բարելավվի, այսինքն, դասակարգվի և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ մշակութային առումներով: Բացի այդ, անհրաժեշտ են իրական երաշխիքներ այդ իրավունքներն իրացնելու համար: Այլ խոսքով, սահմանադրական փոփոխությունները կյանքի թելադրանքն են: Մեր Սահմանադրությունը, որ մշակվել է 95-ին՝ «խամ» մարդկանց կողմից, հետագայում փորձ արեցին շտկել, սակայն վերջնականապես չշտկվեց: Սահմանադրությունն ունի թերություններ, որոնք վերացնելու անհրաժեշտություն կա: Այնպես որ, «ճակատագրական սխալ» ասվածը տեղին չէ:
-Սահմանադրական բարեփոխումները համարվում են նաև «ժամանակավրեպ», քանի որ դրանցից առավել կարևոր խնդիրներ կան երկրում:
-Սահմանադրության միջոցով առաջխաղացումը երբեք էլ ժամանակավրեպ չէ: Դրա անհրաժեշտությունը կա: Այլ հարց է, որ եթե փոփոխում ենք, պետք է այդ փոփոխությունները իրական կյանքում կիրարկենք, որը ոչ նախկինում, ոչ հիմա, ոչ էլ հույս կա, որ ապագայում կլինի: Որովհետև մեր տնտեսությունը թույլ է, երաշխիքներն իրագործելու հնարավորություն չունի: Բայց գոնե թղթի վրա պետք է այդ ամենը ձևակերպվի, կարգի բերվի, որպեսզի հետագայում հնարավորություն լինի լուծելու:
-Ըստ Տեր-Պետրոսյանի, սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանը ցանկանում է իր իշխանությունը «հավերժացնել»: Այս փոփոխություններով կառավարման մոդելի հարցը ևս քննարկման ծիրում է: Դա հնարավորություն ստեղծո՞ւմ է գործող նախագահի համար «հավերժ» իշխանությունում մնալու:
-Ես նման բան չեմ տեսնում, ինչի մասին ակնարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե կիսանախագահականից անցում կատարենք խորհրդարանական կառավարման ձևին, Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա ընտրվելու ԱԺ նախագահ: Սա այն դեպքում, եթե ՀՀԿ-ն շարունակի մեծամասնություն մնալ, որովհետև այդ պարագայում նախագահին ընտրում է ԱԺ-ն: Ես չգիտեմ՝ նախագահն այդ նպատակն իրականում ունի՞, թե՞ ոչ:
-Այսօր բավականին մեծամասշտաբ քննարկումներ են ծավալվում: Որպես մասնագետ, ի՞նչ եք կարծում, Սահմանադրության առնչությամբ հանրային գիտակցումը մեզանում ի՞նչ մակարդակի վրա է:
-Հիմնականում մտավորականությունը և մասնագետները կարող են դրան մասնակից լինել, առաջարկություններ անել, որոնք հանձնաժողովը պետք է ամփոփի: Հասարակ մարդը, չոբանը, որ իր համար անասուն է արածեցնում, չի կարող սահմանադրական փոփոխություն առաջարկել:
-Մասնագիտական հանձնաժողովը «լավ» Սահմանադրություն մշակելու հույս ներշնչո՞ւմ է Ձեզ:
-Դժվար է ասել: Մասնագիտական հանձնաժողովը, եթե ուզում է ճիշտ տեղից սկսել, պետք է նախ և առաջ դատարանները անկախ դարձնի, որովհետև հասարակության դժգոհության առյուծի բաժինը հենց նրանց գործունեությունից է: Պետք է արդարադատության խորհուրդը դառնա անկախ մարմին, որովհետև դատավորները միշտ կախված են նրանից ու չեն կարող արդար որոշումներ կայացնել: Պետք է ձերբազատվել «հեռախոսազանգային» արդարադատությունից:
-Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Սահմանադրությունը, եթե իշխանությունը քաղաքական կամք չունենա դրանք իրագործելու, ոչ մի առաջխաղացում էլ չի լինի։
-Ընդհանրապես, հանրապետությունում բոլոր հարցերը լուծելու համար առաջին հերթին քաղաքական կամք է պետք: Այսինքն, և՛ իշխանությունները, և՛ կուսակցությունները, և՛ քաղաքացիները պետք է հետևեն սահմանադրական նորմերին, օրենքի գերկայությունն ընդունեն: Եթե անգամ ոսկե տառերով գրենք այդ օրենքները, բայց դրանք կյանքի չկոչվեն, ամեն ինչ օդից կախված կմնա, թղթի վրա: Կարևորը բոլոր իրավունքների երաշխիքների ստեղծումն է: Այս դեպքում անգամ կառավարման ձևը զրո կլինի, այսինքն` որևէ նշանակություն չի ունենա: Կլինի կիսանախագահական, նախագահական, թե խորհրդարանական՝ էականը իշխանությունների հստակ տարանջատումն է, սեփական իրավունքների սահմաններում լիարժեք գործունեություն ծավալելն ու Սահմանադրությունը չշրջանցելը: Եթե փոփոխենք, ու ոչինչ չփոխվի, ոչ մի նպատակի չենք հասնի:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ