Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Իշխանափոխություն կարող է լինել Ղարաբաղի հարցի հետ կապված, ինչպես արդեն եղել է»

«Իշխանափոխություն կարող է լինել Ղարաբաղի հարցի հետ կապված,  ինչպես արդեն եղել է»
22.07.2014 | 00:39

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Օրացուցային տարվա հետ քաղաքականն էլ կիսվեց. կա՞ն արդյունքներ, որոնք հնարավոր է ամփոփել:
-Թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական կյանքում, թե տնտեսության մեջ իրավիճակի փոփոխություն դեպի լավը չեղավ: Արտաքին քաղաքական դաշտում Հայաստանն ավելի մեկուսացվեց, Ղարաբաղի հիմնահարցի առումով խնդիրներն ավելի սրվեցին, և սահմանամերձ շրջաններում արդեն բաց ընդհարումներ են լինում, որոնք պատերազմի նախանշաններ են: Տնտեսության մեջ ներդրումներ ոչ միայն չարվեցին, խոշոր ներդրումներ անող աշխարհահռչակ ընկերությունները, մասնավորապես դեղորայքի, դուրս եկան հայկական շուկայից: Կիսամյակի այս ամփոփումները մտածելու ու եզրակացությունների հարուստ նյութ են տալիս, հետևությունը մեկն է` մենք շարժվում ենք հակառակ ուղղությամբ` դեպի հետ:
-Այս ընթացքում ակնկալվում էր, որ Հայաստանը պիտի անդամակցի ԵՏՄ-ին, Ձեր կարծիքով` մենք դեռ ունե՞նք հետդարձի շանս, թե՞ գործընթացն անշրջելի է:
-Հետդարձի շանս ԵՏՄ անդամները մեզ ընձեռել են` իրենց քայլերով ակնհայտ դարձնելով, որ Հայաստանի անդամակցությունը իրենց պետք չէ: Թեպետ հայտարարում են, որ ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, բայց ներկայացվող պատճառներն ու պարզաբանումները հիմնականում քաղաքական են: Ստեղծված իրավիճակում պետությունների նախագահները պատասխաններ չունեն, և դա պատիվ չի բերում նրանց: Եթե ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, այդ կառույցից ի՞նչ սպասելիքներ պիտի ունենանք, երբ Ռուսաստանը 20 տարի առաջ էլ, հիմա էլ նույն «Նիվան» է արտադրում, պարզապես հիմա արգելում է պետական կառույցներին արտասահմանից մեքենա գնել: Տնտեսական հարթության մեջ ոչ ներդրումներ կան, ոչ մտքի շարժ: Քաղաքական առումով պետություններից ամեն մեկն իր խնդիրներն է ուզում լուծել, իսկ Հայաստանն իր խնդիրներով որևէ մեկին հետաքրքիր չէ, բացառությամբ Ռուսաստանի, որ լրացուցիչ ձայն ստանա, սա վիրավորական է մեզ համար: Մեզ ընդամենը դեկորացիայի դեր է վերապահվում, այս իրավիճակում ես կատեգորիկ դեմ եմ անդամակցությանը: Մենք պետք է հրաժարվենք և մեր երկրի անկախությունը ամրապնդելու գործընթացներ ծավալենք:
-Ինչպես մեր պայմաններում:
-Մեր պայմանները առաջին հայացքից են անելք, իրականում թե՛ մեր աշխարհագրական դիրքը, թե՛ աշխարհաքաղաքական վիճակը քաղաքական կամքի առկայությամբ պետության ու տնտեսության համար նպաստավոր բազում լուծումներ ունի: Նշեմ մեկը` կոմունիկացիաների զարգացումը Իրան-Հայաստան գազատարի, երկաթգծի, ճանապարհի, հիդրոէլեկտրակայանի կառուցմամբ, իսկ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը կբերի վիզաների ռեժիմի հեշտացում: Ամենամեծ վտանգը, որ այսօր կա Հայաստանի համար, արտագաղթն է, որը կանգնեցնելու միակ ճանապարհը ներդրումների միջոցով աշխատատեղեր ստեղծելն է: Ռուսաստանը ներդրումներ անող երկիր չէ, ինքն է կախված արտաքին ներդրումներից, առավել ևս պատժամիջոցների պարագայում, որոնց վնասը տնտեսության համար նախագահի մակարդակով ընդունվում է: Ռուսաստանը Հայաստանում ունի սեփականություն, որտեղ ոչ մի կոպեկ չի ծախսում, և դա ապացույց է, որ մտադրություն ու ծրագրեր չունի դրանք աշխատեցնելու: Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանում ներդրումներ լինեն, պիտի նվազեցնենք ռիսկայնությունը, ունենանք տնտեսական հստակ մրցակցային դաշտ, կայացած դատական իշխանություն, որը դրսի գործարարին վստահություն կներշնչի Հայաստանում օրենքի դաշտի գերակայությամբ գործելու համար: Ստեղծված իրավիճակում ներդրում կարող է անել Արևմուտքը, հետևաբար մեր զարգացման ուղին եվրաասոցացման հետ է կապվում, այդ համատեքստում է նաև Ղարաբաղի հարցի լուծումը:
-Հայաստանի ԵՏՄ անդամակցության կասեցման պատճառներից մեկը Ռուսաստան- Ադրբեջան բանակցություններն են: Ադրբեջանը շանսը չի կորցնի Ղարաբաղով առևտուր անելու համար: Սա ևս արգելք չէ՞ ՀՀ-ԵՏՄ հարաբերություններում:
-Իհարկե, Ռուսաստանն ավելի շահագրգիռ է, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ, քան Հայաստանը, զուտ տնտեսական դրդապատճառներով, էներգակիրների ոլորտում մրցակից Ադրբեջանին համախոհ Ադրբեջան դարձնելը շատ շահեկան է գազամուղների ու նավթամուղների համատեղ շահագործման հեռանկարով: Հետխորհրդային տարածքում որտեղ ինչ մնացել է, ՌԴ-ն ուզում է սեփականել, շահագործել մինչև վերջին խազը ու ոչ մի կոպեկ ներդրում չանելով դեն նետել: Սա է Ռուսաստանի բազմամյա քաղաքականությունը, որը բոլորն են տեսնում: Ռուսաստանից բացի, Ղազախստանն ու Բելառուսն էլ ունեն իրենց կապվածությունը Ադրբեջանի հետ` սկսած զենքի առևտրից մինչև իսլամական համագումար ու մահմեդական աշխարհի կապեր, որոնք ավելի խոր են, քան երևում են: Ռուսաստանի համար այսօր Ադրբեջանն ավելի գայթակղիչ է, Հայաստանի անդամակցությամբ Կրեմլը կզրկվի Բաքվի հետ բանակցությունների ազատությունից, ուստի ինչքան էլ ու երբ էլ Հայաստանը պատրաստ լինի, անդամակցությունը կկասեցվի այնքան, մինչև Ռուսաստանին հարմար լինի:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ սկսված արշավը վտանգո՞ւմ է բանակցային գործընթացը:
-ԵԱՀԿ Մինսկի խումբն իր գոյությամբ առայսօր պահպանել է խաղաղությունը տարածաշրջանում: Եղե՞լ են ձեռքբերումներ, ավելի իրատեսական գնահատականներ կարո՞ղ էին տալ իրավիճակին, թերություններ եղե՞լ են: Իհարկե, բայց կա նաև խաղաղություն, լարված իրավիճակները կարողացել են լիցքաթափել` նախագահների հանդիպումներ կազմակերպելով, այդ ջանքերն անուրանալի են, ու ես, որպես ՀՀ քաղաքացի, շնորհակալ եմ Մինսկի խմբի նախկին ու ներկա համանախագահներին: Ակնհայտ է, որ Ադրբեջանը քանի տարի ՄԽ-ն համարում է ոչ օգտակար ու փորձում է ազատվել այդ ձևաչափից: Նույն ենթատեքստում է Թուրքիան, որ ուզում է խումբը լուծարել ու նոր խումբ ձևավորել` ինքն էլ անդամ դառնալով: Երբ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների թերությունը Ղարաբաղն ու գրավյալ տարածքները մեկ ամբողջություն դիտելն է, մինչդեռ պիտի տարանջատվեն, Ադրբեջանը անհամեմատ ցավոտ արձագանքեց` հայտարարելով, որ իրենց տարածքային ամբողջականությունը չի քննարկվում, և բողոքի ալիք բարձրացավ ՈՒոռլիքի դեմ, որին միացավ Թուրքիան: ՈՒկրաինայի պատճառով լարված ռուս-ամերիկյան հարաբերությունների պարագայում Ռուսաստանը գրեթե ինքնաբերաբար միացավ նրանց, և համատեղ փորձում էին ՄԽ-ն տապալել: Բարեբախտաբար այդ գործընթացը կասեցվեց, և Մինսկի խումբը շարունակում է գործել: Որ Մինսկի խումբը պետք է դառնա բանակցությունների լուրջ կողմ և սևին` սև, սպիտակին` սպիտակ ասի ու արդյունք ունենա, միանշանակ է, բայց այդ արդյունքին հասարակությանը նախապատրաստել է պետք: ՄԽ-ում ԱՄՆ-ի համանախագահը միշտ դրան կողմնակից է եղել: Դեռ 1999-ին, հոկտեմբերի 27-ից հետո ԱՄՆ-ի համանախագահ Քերի Քավանոն հանդիպման ժամանակ, եվրոպացի դեսպանների ներկայությամբ, հարցրեց` իսկ հայ ժողովուրդը ի՞նչ կարծիքի է Մեղրիի տարբերակի վերաբերյալ, ես պատասխանեցի, որ հայ ժողովուրդը տեղյակ չէ այդ տարբերակին, իսկ հետո բարձրաձայնեցի խնդրի մասին: Նույնն էլ հիմա է` ԱՄՆ-ի համանախագահը ԼՂ ու հարակից տարածքները տարանջատելու խնդիր է դնում, որպեսզի ստուգի հասարակության վերաբերմունքը, ինչը ճիշտ է, որովհետև հարցը չի կարող փակ դռների հետևում վերջնական լուծում ստանալ առանց ժողովրդի համաձայնության: Հակամարտության մեջ ներգրավված ժողովուրդներից ոչ մեկը լուծումով իրեն չպիտի պարտված ճանաչի, երկուսն էլ դժգոհ են լինելու, ժամանակն է ապացուցելու, որ խաղաղությունն արժեք է: Խաղաղության համար վճարել է պետք ու պիտի վճարեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, տարածաշրջանի բոլոր երկրները` ամեն մեկն իր չափով, որովհետև տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը բոլորին է պետք` թե՛ արտաքին քաղաքականության համար, թե՛ տնտեսական:
-Այդ ամենը նշանակո՞ւմ է, որ ԼՂ հարցում առաջիկայում, որքան էլ շատանում են ստատուս քվոն անընդունելի համարողները, մի քանի տարի ոչինչ չի փոխվելու:
-Այո, առաջիկայում ստատուս քվոն կմնա և ոչինչ չի փոխվի, որովհետև հասարակությունները փոփոխության պատրաստ չեն, և թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանությունները այդ ուղղությամբ որևէ քայլ չեն անում: Իսկ չեն անում, որովհետև չունեն հասարակության վստահությունը, ավելին` ցանկացած քայլի հասարակությունը պատրաստ է հակադարձել, եթե իշխանությունից է գալիս, որովհետև նրանց քվե չի տվել ու չի վստահում, որովհետև նրանց խոսքի ու գործի տարբերությունը միանգամյա չէ, շարունակվում է, ուստի վստահության ոչ մի հիմք չի ստեղծվում: Իշխանությունն էլ ռիսկային է համարում այդ թեման արծարծելը, որովհետև կարող է իշխանություն կորցնելու պատճառ դառնալ:
-Լեռնային Ղարաբաղի հարցը կարո՞ղ է օգտագործվել Հայաստանում կամ Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը սրելու միջոց:
-Չեմ բացառում, բայց ո՞ւմ է դա պետք: Ղարաբաղի հիմնահարցի լուծումն առաջին հերթին պետք չէ Ռուսաստանին: Մոսկվան միշտ դեմ է լինելու պատերազմով խնդրի լուծմանը, որովհետև երկու կողմերի վրա էլ կորցնելու է ազդեցությունը խնդրի լուծումից հետո: Ամբողջ աշխարհի թշնամանքը ՈՒկրաինայից հետո կրկնապատկվելու է, եթե Ռուսաստանը պատերազմ հրահրի, Կրեմլը այդ ռիսկին չի գնա, հազիվ է պատժամիջոցները հաղթահարում: Նոր պատերազմ հրահրելու դեպքում նոր Ռուսաստանը վերահաստատելու է Եվրոպայի, հիմա նաև մեր տարածաշրջանի ժանդարմի կարգավիճակը: Այդ առումով ես չեմ հավատում Ռուսաստանի օգնությամբ պաշտպանվելուն, մենք պիտի պաշտպանվենք մեր ուժերով: Ադրբեջանը վստահ է, որ չի կարող սրընթաց պատերազմ սկսել ու հաղթել: Եթե վստահ լինեին, որ երեք-հինգ օրում արդյունքի կհասնեին ու նոր կարգավիճակով կնստեին բանակցությունների սեղանի շուրջ, վաղուց դա կանեին: Մենք պատերազմն ավարտել ենք շատ լավ դիրքերում, և մեր դիրքերը մեզ լավ պաշտպանում են: Պատերազմին կատեգորիկ դեմ է Արևմուտքը, ունենալով իր տնտեսական շահերը և հակված լինելով խնդրի լուծման: Նրանք հասկանում են նաև, որ այս իրավիճակում խնդիրը լուծելը բարդ է, ուստի լավագույն տարբերակը հակամարտությունը սառեցված պահելն է ու քայլ-քայլ առաջ գնալը: Չկա տարբերակ, որ Ղարաբաղը կարող է անկախ չլինել, ուզում է Ադրբեջանը, թե ոչ, բոլոր տարբերակներում` փուլային, փաթեթային, մադրիդյան սկզբունքներով, առանց մադրիդյան սկզբունքների, Ղարաբաղը պետք է անկախ լինի: Խնդիրը այդ տարածքներն են ու այդ տարածքներում տեղակայվելիք ուժերը: Բարեբախտաբար, ի տարբերություն այլ կոնֆլիկտների, շփման գծում երրորդ ուժեր չկան, վերահսկողությունը մեր ու Ադրբեջանի վրա է, այսօր երրորդ ուժ մտցնելը շատ ավելի դժվար է, քան պատերազմ սկսելը: Եթե Մինսկի խումբը փոխվի այլ խմբով, միևնույն է, այդ խնդիրը լինելու է:
-Լավ, բայց այդ դեպքում խնդիրը մնում է անլուծելի՞:
-Ոչ, խնդիրը պետք է փուլ առ փուլ լուծվի ու պետք է սկսվի ժողովրդավարությունից, ժողովրդավար իշխանությունները միայն կարող են Ղարաբաղի հարցը լուծել, կարող են հասարակությանը ներկայացնել քաղաքական ու տնտեսական այս ու այն միությանը միանալու կամ չմիանալու նպատակներն ու հետևանքները, ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները կարող են հասարակության բաց քննարկմանը դնել, թե անվտանգության որ համակարգում հասարակությունն իրեն անվտանգ կզգա, որ երկրի հետ ինչ հարաբերություններ կարող է ունենալ:
-Հայաստանում հնարավո՞ր են արտահերթ ընտրական գործընթացներ:
-Հայաստանում ոչինչ բացառված չէ: Տարիների իմ քաղաքական փորձը ցույց է տալիս, որ արդարության որոնումներով հասարակությունը փողոց է դուրս գալիս նախագահական ընտրություններից հետո: Հաջողության ինչո՞ւ չի հասել, յուրաքանչյուր թեկնածուի դեպքում պատասխանը տարբեր է, բայց ընդհանրությունը մեկն է` չի հասել, որովհետև ռազմավարական գործընկերը վճռել է փափուկ բարձ դնել երկու կողմի գլխի տակ էլ, որպեսզի իր շահերը առաջ տանի: Հստակ թե իշխանությունը, թե ընդդիմությունը ռուսական դաշտում են եղել: Իշխանափոխություն կարող է լինել Ղարաբաղի հարցի հետ կապված, ինչպես արդեն եղել է, կարող է լինել, եթե կրկնվի հոկտեմբերի 27-ի նման ոճրագործություն, Աստված հեռու պահի: Այս տարբերակները հասարակության լայն զանգվածներ փողոց հանող տարբերակներ են: Առաջիկա նախագահական ընտրությունները 2018-ին են, հասարակական լայն զանգվածներին ճիշտ կազմակերպելու, իրական ընդդիմադիր դաշտ ձևավորելու և ճիշտ լիդերի ընտրությամբ հնարավոր է մարդկանց փողոց հանել և խնդիր լուծել: Չեն բացառվում և այլ տարբերակներն ու այլ իրավիճակները աշխարհաքաղաքական ենթատեքստում, որոնց արդյունքում թե տնտեսության այս վիճակում, թե անարդարությունից, թե կառավարության ու իշխանության ցինիկ պահվածքից, ցոփությունից հասարակությունն այնքան զզվի, որ արտագաղթելու փոխարեն ինքնուրույն փողոց դուրս գա ու պայքարի իր իրավունքների համար:
-2017-2018 թթ. «Հանրապետությունը» քաղաքական գործընթացներին ի՞նչ մասնակցություն կունենա:
-Մենք ծրագրում ենք մեր գործունեությունը երկարատև ժամկետի համար: Հավանաբար «Հանրապետության» ունեցած անհաջողությունների հիմնական պատճառը միշտ կարճաժամկետ ծրագրերի մեջ մտնելն է եղել, հիմա աչքի տակ ունենալով այսօրն ու վաղը, ծրագրում ենք առաջիկա գործընթացներին մեր մասնակցության ձևաչափը: Խորհրդարանական ընտրություններին կմասնակցենք միանշանակ, միայնակ, թե համախոհների դաշինքով, կերևա այդ ժամանակ: Կարծում եմ` առավել հավանական է դաշինքը: Օրեցօր Հայաստանում շատանում են տնտեսական ու քաղաքական զարգացումը արևմտյան չափանիշներով պայմանավորող քաղաքական ուժերն ու անհատները: Իշխանությունը այսօր 30-40 տոկոս է տալիս այդ ուղղությանը, բայց դա իրական թիվը չէ: Կան ուժեր, որ քաղաքական գործընթացների վերաբերյալ քիչ են արտահայտվում կամ չեն արտահայտվում, բայց անհրաժեշտ պահին իրենց խոսքն ասելու են: Ռուսաստանի հանդեպ վստահությունը բոլոր հարցերում հասարակության մեջ սրընթաց նվազում է ուկրաինական դեպքերի ազդեցությամբ, ՄՄ-ին ու ԵՏՄ-ին անդամակցության պատմության, ՌԴ իշխանությունների ու նրանց տարբեր ներկայացուցիչների կացնային պահվածքի հետևանքով: 2017-ին ուժերի համախմբումով հնարավոր է նույնիսկ մեծամասնություն դառնալ խորհրդարանում, իսկ 2018-ի նախագահական ընտրություններին մասնակցությունը լուրջ որոշման խնդիր է, կգա ժամանակը, դաշտում ուժերի դասավորությունը կքննարկենք, հնարավորությունները կճշտենք հասկանալու` ո՞վ է այն թեկնածուն, որ կարող է հաղթել ու տեր կանգնել հաղթանակին: Այս բոլոր գործոնների հաշվառումով էլ որոշում կկայացնենք, այսօր միանշանակ է, որ անպայման կմասնակցենք ընտրությանը, ձևաչափը պարզ կլինի 2017-2018-ին:


Հարցազրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

«Իրատես de facto»- Այսօր Արամ Սարգսյանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք ՀՀ տասներորդ վարչապետին, մաղթում հաջողություններ անձնական ու քաղաքական կյանքում: Աստված Ձեզ պահապան:

Դիտվել է՝ 1352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ