Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Արևմուտքը թքած ունի Հայաստանի վրա»

«Արևմուտքը թքած ունի Հայաստանի վրա»
22.07.2014 | 11:22

Պատմաբան, հնագետ, մաթեմատիկոս Կլոդ-Արմեն Մութաֆյանը սփյուռքահայ այն մտավորականներից է, որոնք պարբերաբար այցելում են Հայաստան, իսկ Հայաստանից դուրս էլ հաղորդակից են ու ապրում են մեր երկրի կյանքով ու անցուդարձով: Փարիզաբնակ Կլոդ-Արմեն Մութաֆյանին կարելի է հանդիպել երևանյան բոլոր գիտաժողովներում, կրթական, մշակութային միություններում դասախոսություններ ընթերցելիս, միջնադարյան պատմությունը նոր դիտանկյունով ներկայացնելիս:

Կլոդ-Արմեն Մութաֆյանը Փարիզից Երևան ժամանեց 2008 թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ, Ազատության հրապարակում զորակցություն ցուցաբերեց իր իրավունքների ու ազատությունների համար պայքարող ժողովրդին:
Այս օրերին Կլոդ- Արմեն Մութաֆյանը կրկին Երևանում է և հուլիսի 21-ին՝ իր ծննդյան օրը, հյուրընկալվել էր «Նարեկացի» արվեստի միությունում:
irates.am-ը զրուցեց պատմաբանի հետ:


-Պարոն Մութաֆյան, Դուք հաճախ եք լինում Հայաստանում, ծանոթ եք հայաստանցու խնդիրներին, ի՞նչ փոփոխություններ եք նկատում Հայաստանում:
-Մշակութային կյանքում չեմ տեսնում մեծ փոփոխություններ, լավ զարգացած է: Խնդիրներն ուրիշ մակարդակում են՝ քաղաքական, տնտեսական: Բարեբախտաբար, մշակութային միջոցառումներ լինում են, և դրանք օգտակար դեր են խաղում:
-Մոտ երեք տարի առաջ, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը հարցազրույց տվեց ֆրանսիական հեռուստաընկերությանը, որում, ի մասնավորի, ասել էր. «Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի…Ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես մաֆիական պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Մարդիկ այն վիճակի են հասել, որ գյուղացիները սովամահ են լինում սեփական հողի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին պետք է գնդակահարել: ՈՒրիշ ճար չկա: Դուք ցանկանում եք մաֆիոզ լինել, գնացեք և ուրիշ երկրում մաֆիա ստեղծեք: Շատ երկրներ կան, որոնք ձեզ կընդունեն: Բայց մի ստեղծեք մաֆիա ձեր տանը, ձեր սեփական ժողովրդի գլխին»: Այդ հարցազրույցը ժամանակին մեծ արձագանք էր գտել Հայաստանում:
-Միգուցե շատ կտրուկ եմ ասում՝ Շառլ Ազնավուրը թող երգի, բայց չխոսի: Ճշմարտություն կա իր ասածների մեջ, բայց պետք է մի քիչ դիվանագետ լինել: Երբ այդպես է ասում, թշնամու ձեռքին է զենք դնում: Չի կարելի: Բոլորս էլ գիտենք այն ամենը, ինչ Ազնավուրն է ասել: Բայց չպետք է մոռանալ, որ մաֆիան միայն Հայաստանում չկա, բոլոր հետխորհրդային երկրներում կան մաֆիաներ: Այո՛, ահավոր բան է մաֆիան, ես չեմ արդարացնում, բայց այն միայն Հայաստանի խորհրդանիշը չէ: Արտագաղթն էլ հենց մաֆիայի գործունեության հետևանք է:
-Քանի որ անկախությունից հետո Հայաստանից եղել է մեծ արտահոսք, արտագաղթ, հաճախ կարծիքներ են հնչում, որ պետք է սփյուռքահայերին ներգրավել Հայաստանի կյանքում՝ փոփոխությունների հասնելու համար, պետք է օգտագործել նրանց ներուժը: Դա արդյունավե՞տ կլինի Հայաստանի համար:
-Եթե գան ու ապրեն այստեղ, ապա շատ լավ կլինի: Իսկ եթե պետք է ստանան Հայաստանի քաղաքացիություն, բայց չքաշեն Հայաստանի կյանքի դժվարությունները, ես դեմ եմ դրան: Ես դեմ եմ, որ պետք է վայելեն Հայաստանի քաղաքացիության դրական կողմերը, իսկ բացասականը՝ ոչ: ՈՒզո՞ւմ են Հայաստանի քաղաքացի լինել, թող գան, ապրեն Հայաստանում, իրենց ներդրումն ունենան: Ինչպե՞ս կարելի է ունենալ առավելություններ, բայց չունենալ պարտավորություններ: Ես չեմ ցանկացել ստանալ ՀՀ քաղաքացիություն հենց այդ պատճառով:
-Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարելի է Հայաստանում հասնել փոփոխությունների:
-Մի քիչ կոպիտ է հնչում, բայց մաքրություն է պետք: Խնդիրները շատ են, բայց ես տեսնում եմ առողջ ուժերի, որոնք կարող են անել այդ փոփոխությունները: Շատերն են արդեն առաջ քաշում ձևակերպված պահանջներ: Երիտասարդներն էլ են աշխուժացել և իրենց պահանջներն են առաջ քաշում: Դրանք հասարակության առողջացման նշաններ են: Հայաստանն ունի նաև իր արտաքին խնդիրները, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում կան դժվարություններ:
-Դուք ի՞նչ հեռանկար եք տեսնում Հայաստանում, երբ մեր երկիրն անդամակցի Եվրասիական միությանը:
-Հայաստանցիները չպետք է գերագնահատեն Արևմուտքի դերը: Արևմուտքը թքած ունի Հայաստանի վրա: Արևմուտքը չի աջակցի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում: Մյուս կողմից՝ Ռուսաստանի ճորտ լինելն էլ լուծում չէ: Ես այդ հարցի պատասխանը չունեմ, բայց պետք չէ ենթադրել, որ, եթե պատերազմ լինի, Արևմուտքը կանգնելու է Հայաստանի կողքին: Բնա՛վ: Երբ Ֆրանսիայի նախագահը եկավ Կովկասյան տարածաշրջան, գործարարների հետ գնաց Ադրբեջան, այնտեղ շատ փաստաթղթեր ստորագրեցին, հետո եկավ Հայաստան, այստեղ խոսեցին Ցեղասպանությունից:
-Դուք սպասո՞ւմ էիք, որ Հայաստանում կրկին փորձեր կարվեն վերականգնելու խորհրդային տարիների ավանդույթները, նորից Անաստաս Միկոյանին կհիշեն ու նրա արձանը տեղադրելու հարցը կմտցնեն օրակարգ:
-Դա անընդունելի բան է: Սովետի ժամանակն անցել է, և՝ վերջ:


Զրուցեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 1319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ