Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նրանք, ովքեր ինձ սպանեցին

Նրանք, ովքեր ինձ սպանեցին
22.07.2014 | 11:32

1909 թ. Բիթլիսի (Բաղեշի) նահանգն ուներ չորս գավառ՝ Բիթլիս, Սղերդ, Մուշ, Գենջ, տարածքը՝ 27 100 քառ. կմ: Առաջին աշխարհամարտի նախօրեին այստեղ ապրում էր 500 հազար բնակիչ, որից շուրջ 240 հազարը՝ հայ: Սոսկալի կոտորածներից փրկվեցին միայն բեկորներ՝ գաղթելով Արևելյան Հայաստան:

Բիթլիս քաղաքի կոտորածները


Պիթլիսի մէջ ընդհանուր զօրահաւաք յայտարարուեցաւ 914 թ. յուլիսին: Զինուորական ծառայութեան կանչուեցան 20-46 տարեկան բոլոր տղամարդիկը: Ոևէ զինուորացու, եթէ որոշեալ ժամին չներկայանար, կառավարութիւնը հրկիզել կու տար անոր տունը և կը գրաւէր անոր բոլոր ստացուածքը:
Զօրահաւաքի ընթացքին ոստիկանները վաճառատուներէն, խանութներէն և տուներէն՝ կառավարութեան անունով կը վերցնէին իրենց ցանկացած ամէն տեսակ ապրանքները և իրերը: Իանէ (նուիրատուութիւն) անունով հարուստներէ իւրաքանչիւրէն գանձեցին 25-40 օսմ. լիրա: Այս գանձումը կատարուեցաւ երեք անգամ: 500-է աւելի անձեր 61-ական օսմ. լիրա պետել տուին, բայց 25 օր ետքը նորէն բռնադատութեան տակ և ծեծուելով բանակ տարուեցան: Զինուորական տարիք չունեցողներուն ամէն տեսակ ծանր աշխատանքներ կատարել կու տային՝ ուտեստի պաշար և ռազմամթերք կը բեռցնէին անոնց և կը քշէին մինչև Հասանկալէ, Էրզրում և այլն: Իսկ ով որ չկարենար իր բեռը տանիլ, փայտի հարուածներու տակ կը սպաննուէր:
Երբ Վանի կուսակալ Ջևտէթը Վանէն նահանջելով Պիթլիս եկաւ հուլիսին, այնտեղ հայեր տեսնելով, ըսաւ Պիթլիսի կուսակալին. «Դեռ այստեղ հայերու երե՞ս կը տեսնուի»: Իսկոյն հրամայեց մարդահամարի «տեֆթեր» (գրանցամատյան) բերել և ըստ այնմ հաւաքել արական սեռի բոլոր անձեր՝ սկսած 15 տարեկանէն և լեցուց բոլորը զօրանոցներու մէջ: Յետոյ խումբ-խումբ զօրանոցներէն կը հանէին և կը տանէին դէպի Դուխանաշէն (Պիթլիսի և Սղերդի միջև) սպաննելով՝ գետը կը ձգէին, մաս մըն ալ տարին Շապուհեանց այգին (պիթլիսցի հայ հարուստի մը այգին է) և բոլորը երկայնաձև կանգնեցնելով, իրար կապելով հրացանազարկ կ’ընէին և նախապէս պատրաստուած մեծ փոսերու մէջ կը լեցնէին (անոնցմէ շատերը նոյնիսկ դեռ չվիրաւորուած կամ թեթև վիրաւորուած վիճակի մէջ): Այս եղանակով բնաջնջեցին Պիթլիսի արական սեռը: Իսկ կիներէն և երեխաներէն ընտրեցին իրենց հաւնածները և իսլամացուցին: Մնացած կիները և երեխաները նոյնպէս խումբ-խումբ տարին դէպի Սղերդ և գետի ափին բոլորը մերկացնելով՝ դաշունահար ըրին և գետը ձգեցին, փոքր տղաներուն մեծ մասը ողջ-ողջ գետը նետեցին:
Պիթլիսի կոտորածէն մէկ օր առաջ կախաղան հանեցին պիթլիսցի նշանաւոր Օխիկեան Արմենակը, խիզանցի Վարդանը և ուրտափցի Կարապետը: Մուխսի Ջիրջիզը իր ծանրութեամբ ոսկի տուաւ կառավարութեանը, որ իր կեանքը խնայէ, սակայն ոսկիները ստանալէ ետքը սպաննեցին: Ջարդին մասնակցեցան կառավարական կանոնաւոր զօրքեր, ոստիկաններ և քիւրտ ու թուրք խառն խուժանը:
Վաչագան ՊԵՏՐՈՍՅԱՆԻ վկայությունից

Մուշ քաղաքի կոտորածները


Վարդավառի շաբաթ օրը, երեկոյեան երկու հրացան պարպեցին քաղաքում և իսկոյն լուր տարածուեց, որ հայերին պիտի կոտորեն: Մենք երդիկները, լուսամուտները և դռները գոցեցինք ու փակուեցինք մեր տներում: Հետևեալ առաւօտեան մունետիկը ճուաց, որ՝ հայե՛ր, կոտորում չկայ, դռները բացէ՛ք: Սրանից յետոյ սկսեցին թնդանօթների գնդակներով ռմբակոծել հայկական թաղերը: Այդ բանը տևեց 3 օր: Սրանից յետոյ զօրքը և խուժանը շրջապատեցին ողջ մնացած բնակութիւնները և կրակ տուին և սկսեցին այրել, իսկ հայերը դուրս փախան, որ կրակի ճարակ չդառնան: Ասկեարները, հաւաքելով ահաբեկուծ հայերին, քշում էին դէպի գիւղերը: Իմ ամուսինը առաջուց փախած լինելով, իւր ապաստանած լեռներում գտան և սպաննեցին: Այդ օրուանից ես մնում էի իմ տագր Միսակի մօտ: Նա հացարար էր և զօրքի համար էր աշխատում: Ասկեարները իմանալով, որ ես Միսակի կինը չեմ, այլ հարսը, պահանջեցին ինձ: Բայց 7 ոսկի փրկանք տալուց յետոյ Միսակը ազատեց ինձ: Մուսա բէկի եղբայրը՝ Նհօ բէկը, որպէս ծանօթ և հաւատարիմ քիրվա, ինձ հեռացրեց քաղաքից և տարաւ Ծըռգետ գիւղը՝ իմ հօր տունը: Քրդական բէկերը պաշտպանել էին և ազատ պահել առժամանակ յիշեալ գիւղը և հօրս տունը: Վերջը հօրս տունն էլ կրակի տուին՝ սպաննելով 15 հոգի: Ինձ ազատեց դարձեալ մեր ծանօթ Նհօ բէկը և տանելով իւր տուն, ծառայ դարձրեց ու պահեց 3 ամիս: Այդ ժամանակ ռուսերը յարձակուեցին մեր գիւղին վրայ, որտեղ մնում էի: Բէկը իւր գերդաստանի հետ ինձ տարաւ Խութ, Հայ-Շնիստ գիւղը, որտեղ տեսայ ողջ մնացած հայերը: Շնիսում մնացի մի ամիս: Երբ ռուսերը նորից յարձակուեցին, քիւրտերը հապճեպ փախան: Օգտուեցի այդ դրութիւնից ու փախայ լեռները: Ռուսերը գիւղին մօտ ինձ ընդունելով որպէս քրդուհի, կրակ բաց արին վրաս ու վիրավորեցին վեց տեղով: Սպաննուեցին 7 հայեր էլ: Վէրքերիցս 5-ը աջ ոտքիս, իսկ մէկը պարանոցիս վրայ է: Ահաւասիկ սպիները, որ առողջացրին ռուսերը Մշու հիւանդանոցում:

Շուշան ԱՋԱՄՅԱՆԻ վկայությունից

Հրկիզում
Ավզուտի մէջ իր հարստութեամբ նշանաւոր էր Մալխասը, որու ընդարձակ ախոռներուն և գոմերուն մէջ ոստիկաններն ու համիտիէները կը լեցնեն հաւաքուած բազմութիւնը՝ կին, երեխա: Զանոնք գոմերու և ախոռ-մարագներու մէջ լեցնելէ յետոյ քիւրտերն ու ոստիկանները կը պաշարեն գոմերն ու ախոռները: Յետոյ դիւրավառ ցախեր դիզելով մարագներու և ախոռ-գոմերու դռներուն առջև, կրակի կու տան: Դռները կը վառուին: Ներսի բազմութիւնն ահեղագոչ վայնասուններով կը սկսի աղաղակել, օգնութիւն կանչելով: Եւ մարագներու յարդերու կծու մուխը կըլեցուի շէնքը, մէջիններէն շատերը արդէն կանխաւ շնչահեղձ կ’ըլլան: Գոմերն ու ախոռ-մարագները բոցավառ ճարճատիւնով կը բռնկին, և կտուրները քանդուելով, այրուած փայտերու հետ կը թափուի մէջի բազմութեան վրայ: Մարագ-գոմ-ախոռները 24 ժամ կը վառուին և կ’իջնեն զոհերու վրայ, որոնք բոլորն ալ արդէն այրած ու կիսխաշ ըլլալով մեռեր էին:
Արտոնք գյուղի բնակիչ Աստվածատուր ՀԱԿՈԲՅԱՆԻ վկայությունից

Ջրաղացի մանուկը
Փախածներից յետ է մնում մի 7 տարեկան երեխայ: Միայնակ թափառելով՝ երեխան գալիս հասնում է Մուշի մօտ մի ջրաղացի, մտնում է երեխան այս ջրաղացը և սկսում է ապրել այստեղ առանց ընկերոջ: Խոտ է հաւաքում, տակը ձգում, վրան առնում ու քարերի շրջապատի տախտակների տակ պահւում: Երեխայի կերակուրը լինում է հողոտած ալիւրի տականքը, որ մնացած է լինում քարի շուրջը: Երբ հատնում է ալիւրի մնացորդը, տղան, վախենալով մարդկանցից, ցերեկը աշխատում է չերևալ, բայց գիշերները գնում է քաղաք և օրական մի բան ճանկը ձգում ուտում: Այսպէս ապրում է, մինչև որ պատահմամբ կոզակները հանդիպում են երեխային ջրաղացում ու վերցնում տանում քաղաք: Այստեղ կոզակները տեսնում են հաւի փետուրներ, որից պարզւում է, որ երեխան հաւ է ձեռք բերել քաղաքից և հում-հում կերել նրա միսը՝ կրակ չունենալու պատճառով:
Գրիգոր քահ. ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆԻ վկայությունից

Այս կրակը ձեր տինէ լաւ է
Արըթ գիւղացի Խալըտ Ահմատ Գառնիկ Կիրակոսեանին անօրինակ տանջանքներով սպաննեց: Նախ ողջ-ողջ անոր մէջքի կաշին քերթեց, յետոյ անոր աչքերը հանեց դանակով, թևերը կտրեց, ատամները քաշեց և տակաւին Գառնիկ ողջ էր, ետքը կտոր-կտոր ըրաւ դաշոյնով և լեցուց կտորները անոր փանթալոնին մէջ: Նոյն Խալըտ Ահմատ իր եղբօր որդիներով չորս հոգի՝ Աբրօ Բուլոյեանին, Ռաշօ Բուլոյեանին, Կարապետ Հոխանեանին և Հոխան Կարապետեանին բռնելով՝ տարաւ Դերքէն քիւրտ գիւղը և ողջ-ողջ այրեց: Դեռ փայտակոյտին կրակ չտուած, Խալըտն Աբրօյին ըսաւ. «Մեր տինը (կրօնք) ընդունի՛ր, որ քեզ ազատենք», բայց Աբրօ պատասխանեց. «Այս կրակը ձեր տինէ լաւ է, մեր Տէրն է չարչարուեր, ես ալ կը չարչարուիմ»:

Նաբայ գյուղի բնակիչ Խաչիկ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ վկայությունից

Զինվորագրություն տաճկաց բանակում

Թուրք բանակին մէջ մեզի կը հրամայէին թուրք զինուորին ծառայութիւն ընել և մեզի ամէն տեսակ հայհոյանքներ կ’ընէին, ըսելով, թէ դուք ռուսերուն հետ դաշնակից եք: Մեզ կը ծեծէին, անօթի կը թողնէին, կը բանտարկէին և բացարձակ խտրութիւն կը դնէին մեր և իսլամներու միջև: Շատ գերմանացի օֆիցերներ, որոնց կ’ուզէինք բողոքել, աւելի խիստ ընթացք ցոյց կու տային մեր նկատմամբ, և անոնց գրգռումով թուրքերը աւելի կը վատանային մեր վերաբերմամբ: Վերջապէս, կռուի ժամանակ հայերը կը ջոկէին և առաջապահերու տեղը կը դնէին: Հայ վիրաւոր զինուորները զինուորական միևնոյն հիւանդանոցին մէջ չէին պահեր և բժշկական օգնութիւն ցոյց չէին տար անոնց:
Միսակ Մանուկյանի վկայությունից

Խորոմ-Դիւզի կռուի ժամանակ ես իմ աչքով տեսայ, թէ ինչպես մեր կռնակը շարուած թուրք զօրքերը փոխանակ թշնամին խփելու, կրակ կը բանային մեր վրայ և կը սպաննէին հայ զինուորները՝ իրենց դիրքերուն մէջ: Իմ առջև 16 հայ զինուորներ այդ ձևով կռնակէն զարնուեցան: Այս բանը տեսնելով, հայ զինուորներէն շատերը որոշեցին փախչիլ ռուսերուն մէջ:
Տիգրան ՄՈՒՐԱԴՅԱՆԻ վկայությունից

Թուրք սպաները մեզ չարաչար կ’աշխատեցնէին, օրերով քաղցած կը թողնէին և ամբողջ գիշերներ պահպանութեան կը կանգնեցնէին: Ամենահասարակ զինուորներն ամգամ մեր կրօնքը և բոլոր սրբութիւնները կը հայհոյէին: 915 թ. փետրուարին մեզ՝ բոլոր հայերս զինաթափ ըրին և Երզնկայի Ծակքար կոչուած ձորի մը մէջ հաւաքելով, մեզ ստիպեցին փորել զանազան տեղեր, և երբ բաւական կը փորէինք, մեզ կը ստիպէին իջնել մեր բացած փոսերու մէջ, այն ատեն հրացանազարկ կ’ընէին մեզ մեր ձեռքով բացած գերեզմաններու մէջ: Մենք, երբ տեսանք մեր ընկերներուն այս կերպ վախճանը, գիշերանց յաջողեցանք փախչիլ:
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆԻ և Նազար ՍԻՄՈՆՅԱՆԻ վկայությունից


Մեզ բանակէն զատեցին, ճամբաներու և խրամատներու վրայ աշխատեցուցին կանոնաւոր զօրքի հսկողութեան ներքոյ: Այդտեղ աւելի անտանելի դարձաւ մեր դրութիւնը, անօթի, ծարաւ, մերկ, բոպիկ կ’աշխատեցնէին օրնիբուն, առանց հանգստանալու: Իսկ գիշերները առանց անկողնոյ, խոնաւ և սառը հողի վրայ քնացանք, հիւանդացանք և շատերը առանց բժշկական խնամքի մեռան:
Եղիազար ՂԱՐԻԲՅԱՆԻ և Ղուտրադ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ վկայությունից

Ժամանակը ձմեռ էր, շալակաւորները գնում էին մինչև մէջքը ձեան միջով՝ անձրևի և ձիւն ու բուքի տակ, շատերը բոպիկ ու տկլոր, որովհետև պատերազմի դաշտ գնացող զինուորները հանում էին նրանց վրայից նոր չարըխներն ու տաք շորերը, ինչպէս և դանակ, ժամացոյց և այլն: Ճանապարհին գնալիս սնունդ չէին տալիս: Եթէ պատահէին մի գիւղ և այստեղ կարողանային մի քիչ տաք կերակուր ուտել, դա մեծ բարեբախտութիւն էր: Ամբողջ օրը անձրևի տակ քալելուց յետոյ, երբ հասնում էին գիւղ, նրանց փոխանակ տանելու կրակի մօտ, որ չորացնեն իրենց շորերը ու տաքանան, լցնում էին մարագները, որտեղ անձրևից ողողուած շորերի մէջ և յունուարեան ձիւն ու բուքին մինչև առաւօտ դողում էին ցրտից ու շատերն էլ մահանում: Առաւօտը կրկին շալակն առնում էին թրջած կռնակի վրայ ու շարունակում անվերջ ճանապարհը: Այդ տանջանքներին չտոկացող մարդիկ ցրտահար էին լինում, հիւանդանում ու մահանում: Հէնց որ ճանապարհին մի քիչ կանգնում էին՝ շունչ առնելու կամ մի բնական պէտքի համար, հրացանազարկ էին լինում ու սպանւում՝ մեղադրուելով փախչելու դիտաւորութիւն ունենալու մէջ: Երեկոյեան երբ հասնում էին գիւղ՝ ոստիկաններն առաջարկում էին հայերին փող տալ, որ իրենց ազատեն գնալու գիւղ: Միամիտ հայն տալիս էր ինչ գումար, որ կար իր մօտ և պատրաստւում փախչելու դէպի գիւղ, բայց հէնց որ դուրս էր գալի տեղից կամ մարագից, մի ուրիշ ոստիկան զարկում էր և սպաննում:
Խաչո ԳՐԻԳՈՐՅԱՆԻ վկայությունից

Վանքը՝ սոսկանքի վկա
Երբ 1915 թուի գարնանը ռուսերը վերցնում են Մանազկերտը և Կոփը, օսմանցիք լցւում են Դաշտի գիւղերը և սկսում կոտորածը: Մօտակայ Խաբիան գիւղը կոտորելուց յետոյ զօրքը անցնում է երեկոյեան դէմ Զիարաթ: Զօրքի գլխաւորը կանչում է գիւղից ութ առաջաւոր մարդ, կապում է պարանով միմեանց և քեալպաթինով (ունելի) պոկոտում են նրանց ձեռքերի ու ոտքերի եղունգները և մարմնի մկանները: Առաջարկում են երեք հարիւր ոսկի տալ, որ ազատեն կապուածներին: Գիւղացիք հաւաքում են ով որ փող ունի՝ փող, ումից էլ որ փող չունի՝ կնոջ ոսկիները, պատրաստում են և վճարում պահանջուած ոսկիները, բայց կապուածները չեն արձակում: Զէնքերը ձեռքներին՝ զինուորները պահում են կապուածներին մինչև լոյս և ծեծում, տաք ջուրը լցնում վրաները և ծեծում, ապա պաղ ջուր լցնում և նորից ծեծում: Առավօտեան երբ զօրքը շարժւում է դէպի Ս. Կարապետ, կապուածներին էլ հետները տանում են և Ս. Կարապետի սարում սպաննում:
Զօրքը գնում է և պաշարում է Ս. Կարապետ վանքը: Այստեղ ապաստանած են լինում շրջակայքի երևելիները իրենց հոգևորականներով: Կոտորում են թէ՛ վանքի ամբողջ միաբանութիւնը, թէ՛ աշակերտները իրենց ուսուցիչներով և թէ՛ դրսից ապաստանածները: Փաթաթում են վանահայր Վարդան վարդապետին հովիւի կուլլապի մէջ (վրան առնելու թաղիք) և նաւթով այրում, սպաննում են Եղիշէ վարդապետին, Քեոսա վարդապետին, Սորդարի տէր Սմբատին, Զիարաթու տէր Համազասպին, պ. Յակոբին, պ. Սիսակին և պ. Մամբրէին (դպրոցի ուսուցիչներ) և ուրիշների:
Սմբատ ՍԵԽԼՅԱՆՑԻ վկայությունից

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ