Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հայերենով սքանչացումն իմ մեջ է մշտապես»

«Հայերենով սքանչացումն իմ մեջ է մշտապես»
22.07.2014 | 11:44

Իմ հյուրը բանաստեղծ, Հայաստանի գրողների միության հրատարակչության տնօրեն ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆՆ է։ Վերջերս բանաստեղծի ու նրա պոեզիայի սիրահարների համար կրկնակի տոն էր, բանաստեղծը դարձավ 65 տարեկան և հանրության դատին ներկայացրեց իր հերթական «Ահավոր ողջույն» ժողովածուն։

«ԱՅՍ 65 ՏԱՐՎԱ ՀԵՏ ԵՍ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ»


-65 տարեկան և՞...
-Ես շատ հեռու եմ այդ 65-ից։ Դա հոգու, էության, ապրելու շրջանակն է, որը մակընթացություններով և տեղատվություններով անցնելով, ի վերջո, գալիս և ելուստվում է քո առաջ։ Եվ մոլորվում ես, հարցեր են ծառանում, մտածում ես, թե` եղբայր, այսքան տարիներ ես ի՞նչ եմ արել, որտե՞ղ եմ եղել, ինչո՞ւ ինքս ինձ հետ այսքան քիչ եմ եղել։ ՈՒ մտածում եմ, որ արդյոք կգա՞ այն օրը, երբ ինքս ինձ հետ վերջապես կհանդիպեմ, կլինեմ այնպիսին, ինչպիսին Արարիչն է ինձ արարել։ Այնպես որ, այս 65 տարվա հետ ես որևէ առանձնահատուկ կապ չունեմ։ Գոնե հիմա։
-Քեզ տրված է բանաստեղծելու երջանկությունը։ Եվ վերջին գիրքը, քիչ անսպասելի խորագրով` «Ահավոր ողջույն»-ը դրա հաստատումն է։ Հիմա ինքս եմ ասում` Բագրատ, ահավոր ողջույն, ինչպե՞ս ես։
-Միշտ մտածել եմ, որ մինչև լեռան հասնելը, ինչպես է կաթիլ-կաթիլ հողի բյուրեղը միանում ու լեռ դառնում, դառնում է խորհրդանիշ, հպարտություն և ապրելակերպ։ Ոչ մի ճշմարիտ գրող երբեք գրի մեջ ճշմարտություն չի տեսել։ Սակայն իր այդ գրով երջանկացրել է շատերին։ Ահա այս բարեշունչ հողմն է, որ երբեմն փչում է քեզ վրա և իմաստավորում գրողական լինելությունդ։ Այնպես որ, լավ եմ, քանզի անելիքներ կան բազում։
-Իսկ ինչպե՞ս է լինելությունդ համակերպվում ներկա անափ ու անզսպելի ազատության հետ։
-Ցավոք, շատերի համոզմամբ, ազատությունն այն է, երբ անում ես այն ամենը, ինչը փչում է խելքիդ։ Ես միշտ երկյուղում եմ սկսել մի բան, որը չգիտես որտեղ է պատսպարվել։
-Իսկ վերջը հայտնի՞ է։
-Վերջի մասին չեմ էլ ուզում մտածել։ Սկիզբն է կարևորը, և եթե մարդու կյանքը բառի հետ է սկսվել ու բառի հետ է անցել, ապա դա կնշանակի անօդ տարածքի մեջ սկսել այգի մշակել։ Որպես մարդ ինձ թվում է, թե ամեն օր վերաշինվում եմ, զի կատարյալ չեմ կարող լինել, էլ ուր մնաց, թե այդ կատարելության հետևից գնալ, ձեռքդ մեկնել ու հասնել։ Մեր ձեռքմեկնումները նման են մեր հայացքին, թռչում են ու տեղ չեն հասնում։ Ստեղծագործող մարդու աչքը պիտի այդպիսին լինի։ Այնպես որ, վեց տասնյակ և մի քիչ էլ ավելի տարիները այնքան էլ իմը չեն եղել, կռիվ են տվել ինձ հետ, հետո հանդարտվել։

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՈՍԿԵՂԵՆԻԿ ՀԱՅԵՐԵՆՈՎ ԳԻՐՔ ՀՐԱՏԱՐԱԿԵԼԸ»


-Պոետի գիշերը խորհրդավոր է, լուսաբացը` ոչ պակաս։ Այդպե՞ս է։
-Երբ ամեն անգամ գիշերվան լուսաբացն է հաջորդում, ինձ թվում է, թե այն, ինչը պիտի ապրեի կամ ապրել եմ, պիտի վերսկսեմ այնպես, որ երբեք չի եղել։ Սա զարմանալի հոգեվիճակ է։
-Առհասարակ, գրողը երբևէ լիարժեք գո՞հ է իր արածից, իր գրական ժառանգությունից։ Ինձ հատկապես հետաքրքրում է ժամանակակից հայ գրողը։
-Իմաստուն բան ասած չեմ լինի, եթե ասեմ, որ այն գրողը, այն մարդը, ով կանգ է առնում ինչ-որ հանգրվանում և գոհանում է իր արածից, նա այնտեղ ավարտվում է։ Առհասարակ արվեստի մարդը ամեն օր ինչ-որ մի բան է վերստեղծում։ Ստեղծում է մի բան, որն իրեն տրվում է այբուբենի կարգով։ Այսինքն` առաջին իսկ քայլերից սկսած որևէ օրվա խոսքն ասելու համար նա պիտի սերտի այբուբենը։ Իր այբուբենը։
-Գրահրատարակչության տնօրեն լինելը ենթադրում է բազում գրական-ընթերցողական առնչություններ։ Գիրքը, նկատի ունեմ ժամանակակից հեղինակներին, խմբագրելուց և դասակարգելուց զատ, հասցնո՞ւմ ես կարդալ։
-Ես կարդում եմ իմ ժամանակակիցների գրականությունը։ Գրականությունը, որը նորաստեղծ է և ահա մատուցվում է ընթերցողին։ Եվ ես այս պարագայում առաջին ընթերցողներից մեկն եմ։ Հավատացեք, և սա քաջ հայտնի է, այս գործունեության, այսինքն` գրահրատարակչական բնագավառում չկա որևէ նյութական շահ, սա մաքրամաքուր տարածք է, և ինձ համար մեծագույն բավականություն է ոսկեղենիկ հայերենով գիրք հրատարակելը։ Հայերենով սքանչացումն իմ մեջ է մշտապես։
-Երջանիկ մարդ ես, Բագրատ Ալեքյան, զի մշտական սքանչացման մեջ ես։
-Այո, և բարեբախտաբար, ոչ միայն ես եմ նշածդ սքանչացման մեջ, այն էլ մշտապես։ Բայց մի այլ բան եմ ուզում հիշել, երբ 88-ի ուշ երեկոներին տուն էի գնում, գնում էի անծանոթ մարդկանց հետ, սակայն մենք զարմանալի միասնական էինք, և բոլորիս տունը մի հասցե ուներ։ Ես մոռացել էի մեր ազգին պատուհասած դավերն ու ցավերը, մոռացել էի անգամ եղեռնը, մեծ զարթոնք էինք ապրում, աննախադեպ համազգային զարթոնք, և քայլում էի դեպի տուն և երկխոսում ինքս ինձ հետ` Բագրատ Ալեքյան, ի՜նչ հրաշալի է, որ դու հայ ես ծնվել։
-Նշանավոր Անդրեյ Բիտովն իր հռչակավոր «Հայաստանի դասերը» հուշագրքում հայերենին առավելություն էր տալիս իր մայրենի ռուսերենի հանդեպ, անշուշտ, վաղօրոք ներողություն հայտնելով հզոր և չքնաղ ռուսերենից։ Հայերեն ոսկեղենիկ լեզվով փայլատակել են շատերը։ Թերևս անդրադառնանք Տերյանի մաքրամաքուր տողերին, նրա հայերենին։
-Հրանտ Մաթևոսյանն ասում էր, որ Տերյանը եկավ, և մեր ճարտարապետությունը սկսեց այլ կերպ դրսևորվել։ Տերյանից հետո և՛ կերպարվեստը, և՛ ճարտարապետությունը, և՛ անգամ գիտությունը նորովի սկսվեցին, վերազարթնեցին, քանի որ Տերյանը մի ուրիշ Նաիրի մեզ մատուցեց։ Եվ ոչ միայն լեզվական մշակույթի առումով, այլև մտածողության։
-Հրաբխային Չարենցը հիանում էր` հեռվից տեսնելով Տերյանի մակինտոշը։
-Շատ եմ մտորել, թե Չարենցի նման հսկա երևույթը ինչպես զգաց Տերյանի անբացատրելի խորհուրդը, որը կրում էր Տերյանը, Տերյանի լեզուն, տեսավ և սոսկաց, տեսավ և հիացավ, զգաց Տերյանի լույսը, ինչպես զգաց նրանից հետո Մաթևոսյանի նման հզոր արձակագիրը։ Եվ այս ամենի հենքում լեզուն է` գեղաշեն, հոյակերտ և հզոր։ Ինքը Տերյանը բնավ քնքշանվաղ մեկը չէր, նա հզոր անհատականություն էր, ազգային գործիչ։ Նրա ներքին կառուցվածքը լեռնային էր, ուր գոյանում և բխում են զուլալ աղբյուրները։ Որոնցից պիտի սնվել։


Զրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ