ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Չար ուժերի կործանարար «արշավանքը» Սևանա լճի դեմ շարունակվում է

Չար ուժերի կործանարար  «արշավանքը» Սևանա լճի  դեմ շարունակվում է
25.07.2014 | 00:30

Տեղյակ լինելով մեր հանրության լայն շրջանակներում տարիներ շարունակ և օրեցօր աճող մտահոգությանը, տագնապին ու մշտապես տանջող հարցերին` Սևանա լճի լրջորեն, թերևս, անդառնալիորեն խաթարված էկոհամակարգ, վերջին 5-6 տարիներին հաճախակի դարձած (տարբեր պատճառաբանություններով) օրենսդրորեն նախատեսված չափից (170 մլն խմ) ավելի, իմա` լրացուցիչ ծավալի ջրառի գործընթաց, ինչպես նաև ջրի բացթողնման ժամկետային (պայմանավորվածության համաձայն` հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ը, 138 օր) գրաֆիկի մշտական խախտումներ (2012-ին ջրառը սկսվել է ժամկետից ամիսուկես շուտ` մայիսի 2-ին, 2014-ին այն սկսվեց է՛լ ավելի շուտ` ապրիլի 23-ին), ուղղակի հնարավոր չէ չարձագանքել հանրության արդարացված վրդովմունքին, բողոքին, ինչու ոչ, նաև վախին` իսպառ կորցնելու վերջին տասնամյակում «արյան գնով», «կաթիլ-կաթիլ» պաշարված քաղցրահամ ջրի մեր տարածաշրջանի միակ շտեմարանը:

Ցավն այն է, որ անգամ առանց ժամկետային գրաֆիկի խախտումների և առանց լրացուցիչ ջրառի վերը նշված տարիներին բաց թողնվող ջրի միջին ծավալային հոսքը և նրան համապատասխան ջրի միջին մակարդակը «Սևան-Հրազդան» ջրանցքում (նրա սկզբնամասում) շատ քիչ են զիջում «մութ ու ցուրտ» տարիներին լճից, հարկադրաբար, ջրի մեծ ծավալների բացթողումներին, ակներևորեն, առանց այլևայլության կազմելով այդ տարիների ջրառի ծավալների առնվազն` 70 %-ը, եթե ոչ ավելին, ինչը կհաստատի յուրաքանչուր ոք (հատկապես Սևանի ավազանի բնակիչ), ով հանգամանքների բերումով վերջին տարիներին հաճախակի է ականատես լինում ջրանցքում ջրի միջինից բարձր մակարդակին:
Եթե 1993-94 թվականներին (ջրի ընդհանուր բացթողումները 2 տարում` 2910 մլն խմ) միջին օրական ջրառի ծավալը Սևանա լճից կազմել է մոտ 4 մլն խմ (ջրանցքի առավելագույն, նախագծային թողունակությունն է 60-65 խմ/վրկ, կամ օրական 5-5,5 մլն խմ), ապա ստացվում է, որ անգամ առանց ժամկետային գրաֆիկի երկարաձգման, առանց լրացուցիչ ջրթողման և նույնիսկ վերը նշված 30 %-ի չափով էլ պակաս վերոհիշյալ 2 տարվա միջին օրական ջրառի քանակից, այս վերջին տարիներին Սևանից բաց է թողնվել և այսօր էլ բաց է թողնվում ոչ թե 170 մլն խմ ջուր, այլ ոչ պակաս, քան 350-380 մլն խմ։
Իսկ ահա այն տարիներին, երբ լճից բաց է թողնվում լրացուցիչ ծավալի ջուր կամ ջրառը սկսվում է ժամկետային գրաֆիկից շատ ավելի շուտ, դրան էլ գումարած` ատոմակայանի աշխատանքը` պրոֆիլակտիկ նպատակներով պարբերաբար դադարեցման ժամանակաընթացքը (մեկ, երկու ամսով, այն էլ` ոչ ոռոգման սեզոնին), Սևան-Հրազդան հէկերի կասկադն աշխատեցնելու նպատակով լրացուցիչ ծավալների ջրառումները, ապա, բնականաբար, բաց է թողնվում թույլատրվածից շատ և շատ ավելի մեծ ծավալների ջուր` 450 և ավելի մլն խմ։
Այսպիսով` վերոհիշյալ բոլոր դեպքերում Սևանից ջրի բացթողումների միջին տարեկան ծավալները, մեղմ ասած, չեն համապատասխանում պաշտոնական կառույցների չափից ավելի «համեստ» (առնվազն 2-2,5 անգամ պակաս) տվյալների իսկությանը: Միգուցե լճից դուրս եկող ջրի ծավալը հսկող ջրաչափերի էլեկտրոնային ավտոմատ սարքավորումները «սարքին» չեն և տվյալները Երևան «հասնելու» ճանապարհին կրկնակի և ավելի անգամ նվազում են: Տպավորություն է ստեղծվում, որ դա շատ լավ մտածված, նախօրոք ծրագրված, նպատակային քայլ է օլիգարխ-իշխանավորների կողմից։ Այն է` կրկնակի, եռակի «սրբագրել», «ճշգրտել»` լճից բաց թողնվող ջրի ծավալների չափագրման իրական արդյունքները, իրական տվյալները թաքցնել հանրությունից։ Լճից դուրս եկող ջրի հսկայական ծավալների իսկական չափերին գուցե տեղյակ չեն և մեր երկրի բարձրաստիճան այրե՞րը:
Թե ինչու է վերջին տարիներին այդպիսի մեծ ինտենսիվությամբ «դատարկվում» Սևանա լիճը, շատերին է հայտնի.
ա) Սևանի ջրերն ընդհուպ մոտեցել են օլիգարխ-իշխանավորների «արքունիքների» և դղյակների շեմին, ողողման վտանգի ենթարկելով դրանք:
բ) Խիստ պակասել են Արարատյան դաշտի արտեզյան ջրերը և չեն բավարարում կիսաանապատ Հայաստանում արագ զարգացող, նույն օլիգարխներին պատկանող հույժ շահութաբեր «ձկնարդյունաբերությանը»:
գ) Հավելյալ էլէներգիայի արտադրությունը, որի խիստ պահանջարկը, ի դեպ, երկրում այսօր դեռևս չի զգացվում:
Իշխանությունների կողմից Սևանից ջրի բացթողնման միակ, արդարացված և օրինական պահանջարկը դրա օգտագործումն է ոռոգման նպատակներով: Սակայն ջրի նման չափազանց մեծ ծավալների բացթողումից հետո էլ պարզվում է` շատ և շատ գյուղացիական տնտեսություններ մնում են ջրի «կարոտ»։ ՈՒ դա այն դեպքում, երբ հանրապետության գյուղական շատ համայնքներ շարունակում են դատարկվել արտագաղթի պատճառով:
Այնպես որ, ոռոգման անվան տակ Սևանից բաց թողնվող ջրի մեծ մասն օգտագործվում է բոլորովին այլ նպատակներով, դրանով իսկ միաժամանակ «ապահովելով» լճի մակարդակի հետագա բարձրացման լրիվ, «անխափան» կասեցումը, որքան էլ դա կործանարար լինի Սևանի ու անգամ երկրի համար:
Այդ է վկայում և այն, որ վերջին 12-ամյակի (2002-ի սկզբից մինչև 2013-ը ներառյալ) երկրորդ կեսին լճի մակարդակը 2,1 անգամ քիչ է բարձրացել, քան առաջին կեսին, չնայած մթնոլորտային տեղումների ծավալները Սևանի ավազանում այդ երկու ժամանակահատվածում շատ քիչ են տարբերվում միմյանցից: Իսկ վերջին 3 տարում այն բարձրացել է ընդամենը 26 սմ-ով, ինչը 5 անգամ քիչ է, քան առաջին 3 տարում: Եվ վերջապես վերջին 2 տարում այն բարձրացել է ընդամենը 3 (երեք) սմ-ով, որը ճիշտ 30 անգամ քիչ է, քան առաջին 2 տարում: Այս բոլորը հաստատում են, որ լճի մակարդակի հետագա բարձրացումը կասեցնող իշխանությունների «պլանավորած» պրոցեսը սկսվել է դեռևս տարիներ առաջ:
Այստեղ, իհարկե, հաշվի չի առնված ծովի մակերևույթից Սևանա լճի մակարդակի մինչ 01.01.2011-ը` նախկինում միջազգայնորեն ընդունված (հաստատուն) բարձրության նիշը` նոր ճշտված` 20 սմ-ով ավելացված չափը, որն արհեստականորեն` 20 սմ-ով բարձրացնում է լճի իրականում եղած մակարդակը:
Նշենք, որ եթե իշխանություններն ամեն առիթով և պատրվակով արհեստականորեն չարգելակեին, չխոչընդոտեին լճի մակարդակի ինքնաբուխ, թերևս, բնականոն ընթացքով բարձրացմանը, ինչպես և Արփա-Սևանի «օգնությանը», ապա նրա մակարդակն առնվազն 1-1,2 մետրով բարձր կլիներ ներկայիս մակարդակից: Եվ ընդամենը 6-7 տարում, այսինքն, 2020-21 թթ. (10 տարի նախատեսվածից շուտ) այն կհասներ հաշվարկային 1903,5 մ մակարդակին:
Միակ ճանապարհը, որը կկանգնեցնի ապազգային ուժերի կողմից օտարված, լրիվ անպաշտպան և հեշտ խոցելի Սևանա լճի դեմ սկսված «խաչակրաց արշավանքը», մեր ժողովրդի առաջադեմ և համարձակ հատվածի ողջամիտ պայքարն է, որը կստիպի այս իշխանություններին, այսուհետ, առանց այլևայլության, հաշվի առնել մեր բազմափորձ, բարձրակարգ բնապահպան-մասնագետների կարծիքը, պահանջներն ու առաջարկությունները, երկրի բնապահպանական դժվարին և բարդ խնդիրների լուծման գործում համագործակցել, ներգրավելով նրանց շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունման և դրանց իրականացման գործընթացներին, ապահովելով այդ համագործակցությունը լուսաբանող տեղեկատվության հասանելիությունն ու մատչելիությունը, պահելով այն հանրության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Հակառակ պարագայում մենք և մեր սերունդները վերջնականապես և ընդմիշտ կկորցնենք ոչ միայն մեր ազգային անվտանգության առաջնահերթ երաշխիք հանդիսացող Սևանա լիճը, այլև մեր երկիրը:
Եթե հավատանք, որ, իրոք, ջուրն ունի ոչ միայն հիշողություն, վերականգնվելու, վերամաքրվելու, այլև պաշտպանվելու և, ինչու ոչ, նաև պատժելու հատկություն, ապա պետք է ենթադրել, որ Սևանա լիճը երբեք չի ների նրանց, ովքեր ժամանակին (1930-ականներին) «մահվան դատապարտեցին» նրան, ինչպես նաև նրանց, ովքեր այսօր շարունակում են խելակորույս խոչընդոտել լճին` ոտքի կանգնելու, վերագտնելու իր երբեմնի զորությունը, ընդմիշտ հարատևելու ի բարօրություն մեր սերունդների:


Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ

Հ. Գ.- Քանի որ այս տարի ջրառը Սևանից սկսվեց ապրիլի 23-ին (53 օր նախատեսվածից շուտ), ապա հնարավոր է, որ մինչև հոկտեմբերի վերջը (ըստ ժամկետային գրաֆիկի) բաց թողնվող ջրի ծավալները լճից կազմեն 500 և ավելի մլն խմ, առավել ևս, որ սեպտեմբերի 1-ից նորից կանգնեցվելու է ատոմակայանը: Հետևապես չի բացառվում, որ այս տարի նույնպես գրանցվի լճի մակարդակի բացասական բալանս նախորդ տարվա համեմատ:

Դիտվել է՝ 1959

Մեկնաբանություններ