USD487.27
EUR549.69
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Էրդողանը հայ համայնքից ձայներ է ստանալու»

«Էրդողանը հայ համայնքից  ձայներ է ստանալու»
25.07.2014 | 00:32

Երեկ «Իրատես de facto» ակումբում թուրքագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, խոսելով Թուրքիայում ընթացող նախագահական ընտրությունների մասին, նշեց, որ Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ է երկրի նախագահին ընտրում ժողովուրդը:
Թեկնածուները երեքն են` «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, երկու խոշոր ընդդիմադիր կուսակցությունների` ժողովրդահանրապետականների ու ազգայնականների միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և քրդական ուժերի ներկայացուցիչ, ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Գևորգ Պետրոսյանի դիտարկմամբ` ֆավորիտ թեկնածուն Էրդողանն է, ում հետ մրցակցելու է Իհսանօղլուն: Դեմիրթաշը, ըստ նրա, լուրջ հավակնորդ չէ: Ավելին, Էրդողանն ունի կայուն ընտրազանգված, ընտրություններում հաղթելու լավ փորձ, և, որքան էլ տարօրինակ է, նրա ընտրազանգվածի մի մասը քուրդ է:
Ո՞Ւմ է սատարում հայ համայնքը։ Թուրքագետը նշեց, որ 70 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայի համար 50-60-հազարանոց հայկական համայնքը չի կարող ընտրություններում հաղթելու լուրջ գործոն լինել։ Քուրդ թեկնածուին, ինչպես լրատվամիջոցներն են պնդում, կարելի է համարել հայ համայնքի ֆավորիտ, բայց ասել, որ հայ համայնքը աջակցում է նրան` ճիշտ չի լինի. «Էրդողանը հայ համայնքից ձայներ է ստանալու, որովհետև հայկական ուժեղ կազմակերպությունները, կառույցները իշխանամետ են որակվում, բացի այդ, պետք է փաստել, որ Էրդողանի իշխանության տարիներին որոշակի դրական քայլեր կատարվել են հայ համայնքի կյանքում, այսինքն` բացասականի կողքին նաև դրական զարգացումներ են եղել: Իհսանօղլուն նոր անուն է լայն շրջանակների համար, իսկ հայ համայնքի համար ներկայացնում է կուսակցություններ, որոնք իրենց էությամբ հակահայկական ուղղվածություն ունեն: Իհարկե, չի բացառվում, որ վերջինս նույնպես որոշակի թվով ձայներ հավաքի, եթե նկատի ունենանք, որ մարտյան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ազգայնամոլական նկրտումներ ունեցող կուսակցություններում կային հայ թեկնածուներ»:
Բանախոսն ընդգծեց նաև, որ Դեմիրթաշը կառուցում է իր քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների հետ հարաբերությունների հիմքի վրա, բազմիցս բացեիբաց խոսել է Հայոց ցեղասպանության մասին, նշելով, որ դա պետական մակարդակի հանցագործություն է, սակայն մեկ բան է` լինել թեկնածու ու խոսել ցեղասպանության մասին, բոլորովին այլ բան, թե ինչ կասես Թուրքիայի նախագահ եղածդ ժամանակ: «Թուրքիայի ժխտողականությունը պետական ավանդույթ է, կառավարության, նախագահի փոփոխությունով լրջագույն շրջադարձեր սպասել պետք չէ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը: Անդրադառնալով «Իրատես de facto»-ի «Քուրդ թեկնածուի հաղթանակը նոր խնդիրների առաջ չի՞ կանգնեցնի հայ համայնքին` սրելով հայ-քրդական հարաբերությունները» հարցին` ասաց, որ Դեմիրթաշը Թուրքիայի նախագահ է դառնալու, ոչ թե քրդերի կամ Քրդստանի. «Բնականաբար, փորձելու է քրդերի շահերը պաշտպանել, որը հակառակ է նաև մեր շահերին, սակայն ներկա փուլում քրդերի հետ համագործակցությունը` որոշակի մեթոդներով, մենք կարող ենք ծառայեցնել հօգուտ մեզ, թեկուզ Դեմիրթաշի հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու և ճիշտ քաղաքականություն վարելու տեսանկյունից»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao