Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիայի ալևիներն ու հայկական հետքը

Թուրքիայի ալևիներն  ու հայկական հետքը
25.07.2014 | 10:47

Այսօր Թուրքիայի 75,5 միլիոն բնակչության մեծ մասն իսլամի սուննի ճյուղի հետևորդ է: Նրանցից հետո Թուրքիայում երկրորդ մեծ կրոնական համայնքն ալևիներն են, որոնց թվաքանակի վերաբերյալ հստակ վիճակագրությունը բացակայում է: Ըստ «Minority Rights Group International» միջազգային կազմակերպության` նրանք բնակչության 15-20 %-ն են` մոտ 12-15 միլիոն մարդ: Մեկ այլ` ԱՄՆ-ի պետդեպարտամենտի 2012 թ. տվյալների համաձայն` Թուրքիայում ալևիների թիվը հասնում է մինչև 20 միլիոնի: Թուրքական «Միլլիեթ» թերթը 2008 թ. տպագրեց մի ուսումնասիրություն, որտեղ ալևիների թիվը Թուրքիայում նշված էր 9 միլիոն: Ալևիական համայնքը մոնոէթնիկ չէ, այն կազմված է թուրք, քուրդ և հայ խմբերից:
Թուրքիայի ալևիների, ալևիացած հայերի շուրջ զրուցում ենք թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Հարությունյան, ովքե՞ր են ալևիները:
-Սա թերևս ամենաբարդ հարցն է ալևիների վերաբերյալ, որովհետև նրանք իրենք էլ խնդիր ունեն իրենց ինքնության պարզաբանման հարցում: Գիտական աշխարհում կան ալևիականության առաջացման վերաբերյալ տարբեր տեսակետներ: Դրանցից մեկն էլ այն է, որ ալևիականությունն առաջացել է ոչ թե իսլամից անջատման արդյունքում, այլ ձևավորվել է երկար տարիների ընթացքում քրիստոնեության, այդ թվում՝ քրիստոնեական աղանդների (խոսքը պավլիկյան և թոնդրակյան աղանդավորական շարժումների մասին է) և իսլամի միախառնման արդյունքում՝ իր վրա կրելով նաև բնապաշտական ու հեթանոսական մի շարք սովորույթների ազդեցությունը: Դրանով է բացատրվում ալևիականության հավատամքում և ծեսերում վերոնշյալ կրոնական ուղղությունների տարբեր տարրերի գոյության փաստը:
-Սուննիական Թուրքիայում ինչպե՞ս են ընդունում ալևիներին:
-Ալևիները ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ հանրապետական Թուրքիայի պատմության ողջ ընթացքում մշտապես գտնվել են սուննի իսլամ դավանող պաշտոնյաների ճնշման ներքո, որը եթե օսմանյան ժամանակաշրջանում արտահայտվել է միայն կոտորածների և տեղահանությունների տեսքով, ապա հանրապետական շրջանում դրանց զուգակցվել է նաև ձուլման քաղաքականությունը՝ գաղափարական ճնշումների տեսքով: Օսմանյան շրջանում հալածանքներն ալևիներին (քզլբաշներին) ստիպում են մեկուսանալ հեռավոր լեռնային շրջաններում և բնակվել փոքր համայնքներով: Ժամանակի ընթացքում նրանց մոտ ձևավորվում է յուրահատուկ կրոնաքաղաքական համակարգ, որը պայմանավորվում է և՛ կրոնական, և՛ սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցությամբ: 19-րդ դարի և 20-րդ դարի առաջին տասնամյակում օսմանյան բանակը բազմիցս փորձում է իրեն ենթարկել Դերսիմի շրջանը, որտեղ բնակվում էին հիմնականում քզլբաշական ցեղախմբեր: Այս իրադարձությունների արդյունքում մեկուսացած բնակչության շրջանում ալևիական հավատն ավելի ամրապնդվեց: Արդյունքում ալևիականությունը դարձավ Դերսիմում բնակվող ցեղախմբերին ոչ տեղաբնակների առաջ միավորող և տարբերակող երևույթ, իսկ հետագայում նաև՝ Թուրքիայում բնակվող բոլոր ալևիների համար որպես կրոնական և մշակութային հիմնական օջախներից մեկը: Հետագայում՝ քեմալական Թուրքիայում ալևիները հիմնականում դրական էին վերաբերվում տեղի ունեցող գործընթացին` հուսալով, որ նոր ձևավորվող աշխարհիկ կարգերն իրենց հնարավորություն կընձեռեն ազատ դավանելու ալևիականություն, սակայն հանրապետության հռչակման առաջին տարիներին արդեն ալևիները հասկանում են, որ հաղթանակից հետո քեմալականներին այլևս անհրաժեշտ չէր սիրաշահել ալևիներին ու այդ կերպ ստանալ նրանց աջակցությունը: Աստիճանաբար կառավարությունն սկսում է վարել ավելի բիրտ միջոցներով ալևիներին ճնշելու քաղաքականություն: 1937-38 թթ. տեղի ունեցած Դերսիմի կոտորածներն անջնջելի հետք են թողնում ալևիների պատմության վրա: Քեմալական կառավարությունը դաժանորեն է վարվում ալևիների նկատմամբ, ովքեր ողջունում և աջակցում էին պետական կարգերի հաստատման գործընթացը, որի համար պայքարում էին քեմալականները: Արդյունքում ալևիները ավելի են համախմբվում ալևիական գաղափարախոսության ներքո՝ հիմք ստեղծելով ալևիական շարժման առաջացման համար: Ալևիներն այսօր փորձում են աշխարհին ճանաչել տալ Դերսիմի կոտորածները և ունեն մի շարք պահանջներ թուրքական պետությունից: Կառավարությունները փոխվում են, սակայն նրանց պահանջները չեն կատարվում:
-Ի՞նչ առնչություններ ունեն ալևիները հայկականության հետ:
-Այս թեման այնքան էլ խորությամբ չի ուսումնասիրվել: Միանշանակ է, որ ալևիները հայերի հետ առնչություններ ունեն: Նրանք ապրել են այն հատվածներում, որոնք պատմական Հայաստանի մաս են կազմում, բնակվել են հայերի հետ, ունեցել են շատ լավ հարաբերություններ, առայսօր էլ շատ լավ են վերաբերվում հայերին: Դա նաև պայմանավորված է նրանով, որ 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո հենց Դերսիմում բազմաթիվ հայեր ապաստան գտան ալևիների մոտ, քանի որ վերջիններիս կրոնը մոտ էր քրիստոնեությանը: Այստեղ, սակայն, միայն կրոնի հարցը չէր, նրանց մեջ բազմաթիվ են հայկական արմատներ ունեցողները: Մենք ունենք 20-րդ դարի սկզբի մի շարք հայ հեղինակներ, ովքեր ալևիական ծիսակատարություններում, սովորույթներում փաստում են հայկական տարրի առկայությունը, ինչպես նաև պատմում են 19-րդ դարում հայոց տների մասին, որոնք բնակվում էին ալևիների հետ:
-Կա՞ն ալևիներ, ովքեր ընդունում են իրենց հայկական ծագումը:
-Մի մասն ընդունում է, մի մասը՝ ոչ: Պաշտոնական կամ հավաքագրված տեղեկություն գոյություն չունի: Վերլուծելով իրադարձությունները՝ մենք համոզվում ենք, որ 1937-38 թթ. Դերսիմի ալևիների ջարդերը պետությունը կազմակերպել էր նաև հայկական տարրի վերացման համար, քանի որ Ցեղասպանությունը վերապրած հայերը թաքնվել էին ալևիների մոտ, ինչի մասին պետությունն ուներ հստակ տեղեկություն: Եվ տեղահանությունների ու ջարդերի միջոցով, ըստ որոշ աղբյուրների, մոտ 100 հազար ալևի կոտորվեց, ինչը ևս մեկ անդրադարձ էր հայկական ջարդերին՝ հայկական հետքը վերացնելու համար:
-Ինչպե՞ս են Թուրքիայում այսօր վերաբերվում ալևիներին:
-1990-ական թվականների առաջին կեսը ևս ալևիների համար նշանավորվեց մի շարք արյունալի իրադարձություններով: Սակայն այն կարևոր էր ալևիական ինքնության և իրավունքների համար պայքարի առումով, քանի որ վերոնշյալ իրադարձությունները ևս մեկ անգամ եկան ապացուցելու ալևիականության դրոշի ներքո համախմբվելու անհրաժեշտությունը: Ալևիները վերջնականապես գիտակցեցին, որ շարունակելով պասիվ պայքարը՝ պարբերաբար ենթարկվելու են և՛ ֆիզիկական բռնությունների, և՛ հնարավորություն չեն ստանալու դավանելու ալևիականություն ազատ կերպով՝ հասկանալով, որ իրենց իրավունքները ճանաչել ստիպելու նպատակով հարկավոր է բացահայտ կերպով պահանջներ առաջ քաշել Թուրքիայի նկատմամբ: Ահա այս շրջանում սկսեցին երևալ ալևիական ժամանակակից ակտիվ շարժման առաջին նշանները: Ալևի հասարակությունը վերջին երկու տասնամյակների ընթացքում սկսել է համախմբվել և, առաջնորդվելով ալևիական մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից, ընտրել պայքարի որոշակի ուղի` երկրի կառավարությանը ներկայացնելով մի շարք պահանջներ, ակտիվորեն կազմակերպելով հանրահավաքներ և այլ միջոցառումներ: Պահանջները իրականացնելու նպատակով ալևիները ջանք չեն խնայում` օրենքի շրջանակներում դիմելով ցանկացած քայլի, որը կօգնի շարժման դրական հանգուցալուծմանը: Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ ալևիների խնդիրները դեռևս լուծում չեն ստացել, ինչպես նաև այն, որ մինչև 1990-ական թվականները ալևիների գոյության մասին պաշտոնապես չէր խոսվում, հնարավոր չէ չընդգծել այն փաստը, որ թուրքական կուսակցություններն ու բազմաթիվ պաշտոնյաներ միշտ հաշվի են առել ալևիական տարրի գոյությունը և ջանք ու եռանդ չեն խնայել խոստումներ շռայլելու վերաբերյալ: Իսկ ալևիական կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաև ալևի մի շարք հեղինակավոր անձինք, քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակի ընձեռած հնարավորությունները, երբ այլևս հնարավոր չէ մերժողական դիրք ընդունել բազմամիլիոնանոց ալևիական տարրի նկատմամբ, փորձել են բոլոր հարմար առիթներն օգտագործել` ի շահ Թուրքիայում ալևիականության ազատականացման:


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ