Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նրանք, ովքեր ինձ սպանեցին

Նրանք, ովքեր ինձ սպանեցին
25.07.2014 | 11:04

915 թ. մայիսին Խիզանի Խարիթ գիւղացի Ֆազկա Խալիլի որդիներ Ռէշիտ և Մղտէ, Հաճի Թելօ, Ֆազկա Սարման, Շամէ գիշերանց եկան Պաս և սկսեցին կողոպտել գիւղը, ըսելով. «Ալամանիայից (Գերմանիայից) հրաման է եկեր, որ ոչ մէկ հայ ողջ չպիտի մնայ, ձեր բոլոր ապրանքները մեզ տուէք, քանի որ ձեզ չպիտի մնայ…»: Մայիսի վերջերը 200 ձիաւոր քիւրտեր, ղեկավարութեամբ ալաշկերտցի Սիւլէյման աղայի, յարձակեցան Պասի վրայ, ուսկից նախորդ երեկոյեան բնակչութիւնը փախած էր Կժդոնիկ քիւրտ գիւղը Մրատօ Ռէշիտ անուն քիւրտ աղային մօտ: Յարձակողները գիւղին մէջ գտան չորս կոյր տղամարդեր (Մ. Յովհաննէս, Կիրակոս Մարգարեան, Յովհաննէս Սահակեան, Աւետիս Մինասեան) և սպաննեցին զանոնք: Ետքը իմանալով, որ պասցիք ապաստանած են Կժդոնիկ, յարձակեցան այդ գիւղին վրայ, պահանջեցին Ռէշիտ աղայէն, որ իրենց յանձնէ բոլոր պասցիները՝ անոնց տաւար-ոչխարներովը մէկտեղ: Բայց Ռէշիտ միայն տաւարները յանձնեց և զէնքով դիմադրելով անոնց՝ անոնցմէ սպաննեց երկու հոգի: Այդ միջոցին Կժդոնիկի բոլոր քիւրտերը՝ բացի Ռէշիտէն, հեռացան գիւղէն, ըսելով, թէ հայերու պատճառաւ Ռէշիտ մեզ ալ կոտորել պիտի տայ, մենք ինչ իրաւունք ունինք պահել-պաշտպանել զանոնք:
Ռէշիտ փող չունեցող պասցիները գիւղէն դռնդեց (թուով 300 հոգի): Արտաքսուածները փախան Մոճկոնք հայ գիւղը, որու բնակչութիւնը դեռ չէր կոտորուած, բայց ութը օր ետք խարիթցիք յարձակեցան Մոճկոնքի վրայ և կոտորեցին այնտեղ գտնուած ժողովուրդին մէկ մասը, իսկ միւս մասը փախան Խարիթ, ուր մահմետականացուցին զանոնք (մօտ 300 անձ), ետքը կառավարութեան իմաց տուին՝ անոր հաւանութիւնը առնելու համար, բայց Պիթլիսի կառավարութիւնը մերժեց անոնց առաջարկը և հրամայեց կոտորել իսլամացած հայերը: Այդ պատճառով խարիթցիք, ղեկավարութեամբ Ռէշիտ Ֆազկա Խալիլի և շեյխ Ֆազկա Սարմանի, հայերը դուրս տարին գիւղէն և Խոզերուտ կոչուած անտառին մէջ կոտորեցին բոլորը (300 անձ):
Պաս գիւղէն ազատուած են ընդամէնը 6 տղամարդ և 3 կին, չորս կին ալ մահմետականացուցեր են Սղերդի մէջ:
Բաս գյուղի բնակիչ
Ա. Կարիպյան

Մեր երկրին մէջ կ’ապրէի մեր գիւղը և մեր տանը, որ 23 անձերէ կը բաղկանար: Այժմ կը մնանք ընդամէնը 5 հոգի:
1915 թուի ապրիլի վերջերը, երբ որ արդէն շշուկներ կը լսուէին ռուս զօրքի մօտենալուն, 3000-ի մօտ քիւրտեր այնթապցի Ալի պէյի, Ապտիւլլա պէյի և Ապտիւլ պէյի ղեկավարութեամբ մեր գիւղը եկան: Մաս մը պաշարեցին գիւղը և մնացորդները գիւղին մէջ մտան իրենց հայաջինջ ըրող ծրագիրը գործադրելու: Հասան գիւղը և կոտորեցին ամէն մի հասնողին՝ առանց խնայելու ոևէ մէկին: Կոտորելը իր յատուկ ձևը չունէր, հասածին կը ջարդեն, որուն գնդակով, որուն դաշոյնով կամ սուինով, շատ մը կիներ և երեխաներ ալ տունը մտնելով սպաննեցին: Սպաննեցին նոյն օրը մեր տունէն տղաներս Խոսրովը, Արշակը, Յակոբը, եղբայրս՝ Մարտիրոսը, անոր տղան՝ Մարկոսը, կինը՝ Խազալը և աղջիկը՝ Մարիամը: Ես նոյն ժամանակ կնոջ հագուստ հագած էի, որովհետև ծեր էի և ոչ մի փախչիլու և կամ ազատուիլու յոյս չեւնէի: Կը տեսնէի, որ թիւրքերը արդէն հարսերէն և աղջիկներէն գեղեցիկները կը ջոկէին և կը տանէին, իսկ բռնաբարութիւնը արդէն հաշիւ չունէր:

Գյոզալդարա գյուղի բնակիչ
Մելքոն Մարկոսյան

Ռուսների գալու միջոցին հայերի բոլոր շարժական և անշարժ ստացուածքն մնացել էր անվնաս: Ռուս կոզակներն ու զինուորներն անթիւ բռնութիւններ արին գիւղում: Նրանք մտնում էին տուն, առանց տանտիրոջ բան հարցնելու, տանում էին իւղով լի կարասը, կրակի վրայ պատրաստուած կերակուրը, հացը, հաւը, վերջապէս ինչ որ կար՝ ուտելու կամ արժէքաւոր բան: Դաշտում կամ գոմում անխտիր բռնում ու մորթում էին ոչխարներ ու կովեր, տիրոջ դիմադրութեան դէպքում՝ ծեծում էին չարաչար:
915 թ. յուլիսի գաղթին չնախազգուշացրին, երբ թրքերը մի ժամ հեռու էին գիւղից, և նրանց ռումբերն ու գնդակները թափւում էին գիւղին վրայ, այդ ժամանակ ուշքի եկան և շտապ սայլերի վրայ (50-60 հատ) զետեղելով անհրաժեշտ իրեր՝ ճանապարհի համար, բռնեցին գաղթի ճանապարհը: Թշնամին յետոյ այնքան մօտեցաւ, որ հայերն աւելի արագ գնալու համար թափեցին սայլերի վրայի իրերը: Ի վերջոյ սայլերն էլ եզներով թողեցին ճանապարհին ու երեխաների ձեռքից բռնած կամ շալակած շարունակեցին: Աւելի առաջից գնացող գաղթականները ճանապարհի վրայ թողել էին անթիւ երեխաներ, անկարներ՝ ծերեր, պառաւներ: Հիւանդոտներ ընկել էին գետին՝ յոգնած և ուժասպառ: Վրայ հասան կոզակներն ու նահանջող ռուս բանակը:
Զինուորներն իրենց առջև ճանապարհը հարթելու համար գաղթականների սայլերը թափում էին Եփրատ (Մուրատ) գետի մէջ: Խարախայա գիւղի ռէս Յովհաննէսի սայլը՝ վրայի իրերով, կինով ու երկու երեխաներով գցեցին ջուր, ուր խեղդամահ եղան: Այս տեսակ անգութ և բարբարոս արարքներ շատ են արել ռուս զօրքերը. բռնի քշեցին տարին գաղթականների առջևից նրանց ոչխարներն ու տաւարը:
Ակներ գյուղի բնակիչ
Մանուկ Օվեյան

Դրո և Լաթո

Մայիսի սկզբներուն, Վանայ առումէն յետոյ, յանկարծ քիւրտերը և թուրք զօրքերը բռնեցին գիւղին լեռները և բոլոր ոչխարն ու տաւարը տարին: Խարխոցի մէջ այդ օրը 60-ի չափ զինուած տղամարդիկ կային՝ Խիզանու Պախոր գիւղացի Մնացականի և Միքայէլի գլխավորութեամբ: Անոնք բոլոր գիւղը կը գաղթեցնեն դէպի Սպարկերտ, իսկ իրենք կտրելով թշնամիին առաջը (Բալաժուի առջևը), կը սկսին կռուիլ: Ժողովուրդը ապահով կերպով Սպարկերտ կը հասնի, ուր եկած էին արդէն հայ կամաւորական գունդերը (Դրոյի գունդը): Այդտեղն էին նոյնպէս ոզմեցի Լաթօն և Չաթոյան Միհրանը: Գիւղէն կը սպաննուին միայն 4 հովիւները, որոնք ոչխարի հետ էին: Ամբողջ 3 օր այդ սարին վրայ կռիւ եղաւ հայերու և թիւրք-քիւրտերու միջև: Կամաւորները օգնութեան գացին կռուողներուն:
Խարխոց գյուղի բնակիչ
Ավետիս Տեր-Ներսեսյան

30 զինուած ոզմեցիները ոզմեցի Յովսէփ Շահէնեանի խմբապետութեամբ Մոկս կը հասնին, անկէ ալ՝ Մամռտանք: Այնտեղ կը սկսուի ընդհարում հայերու և թիւրք բանակին միջև: Յովսէփը յայտնի խմբապետ Լաթոյի հետ միասին, կռուելով և ճամբան բաց պահելով, կը յաջողի թէ՛ ոզմեցիները և թէ՛ ամբողջ Մամռտանքի ժողովուրդը փախցնել Մոկս: Այդտեղ կը սպաննուի Տիգրան Քամալեան ոզմեցի հայ զինուորը, իսկ թշնամիէն՝ 40-է աւելի սպաննուած քիւրտերը լինեն: Մոկս հասնելուն պէս ոզմեցի զինուորները, տեսնելով քիւրտերու փախուստը, կը յարձակին անոնց վրայ և կը ջարդեն 200-է աւելի քիւրտ (ամէն սեռէ և տարիքէ): Այնուհետև Մոկսի քիւրտերու և ոզմեցիներու միջև կռիւ կը սկսուի Մոկսի մէջ: 5 օր այդպէս կռուելէ և բազմաթիւ ջարդ տալէ յետոյ (հայերէն ոչ մի զոհ) Դրոյի կամաւորական 2-րդ գունդը Մեսրովբ վաշտապետի գլխաւորութեամբ (1200 հոգի) օգնութեան կը հասնի Մոկսի կռուողներուն: Մի քանի օր յետոյ Դրօն ալ կը հասնի 1500 կամաւորներով:
Ոզմ գյուղի բնակիչ
Զաքար Հովսեփյան

Ինքնապաշտպանութեան ղեկավարն եղաւ դաշնակցութեան գործիչ ոզմեցի Լաթօն, որ սկիզբէն իսկ կառավարութեան հետ բանակցութեան մէջ մտնելով, աշխատեցաւ անդորրութիւնը պահպանել:
Թէև Սպարկերտի մէջ կռիւներ շատ տեղի չունեցան, բայց յունուարէն սկսած մինչև մայիսը, նախապէս գիտնալով մեզ սպառնացող վտանգը, զինուած դրութեան մէջ էինք: Մեր զինուորները՝ թուով 120 մարդ, բոլորն ալ մեր տղոցմէ էին:
Սպարկերտէն կոտորուեցաւ միմիայն Պաստ՝ 60 տունէ բաղկացած հայ գիւղը, որ շրջապատուած էր քիւրտ գիւղերով: Քիւրտերը այդ գիւղի հայերուն գերեցին և տարան Ն. Հիւրիւք:
Երբ Դրօն իմացաւ պաստեցւոց մասին, Հանդ և Նորս քիւրտ գիւղերէն բռնեց 30 մարդ Ապտըռահման անունով բէկին հետ և տարաւ Մոկս: Միաժամանակ լուր ուղարկեց քիւրտերուն, որ եթէ իրենք պաստեցիները ազատ թողնեն, ինքն էլ ազատ կ’արձակէ բռնած քիւրտերը: Ճիշտ այդ միջոցին հասան պաստեցի երկու երիտասարդներ և յայտնեցին, որ քիւրտերը իրենց գիւղացիներն ամբողջովին կոտորած են հետևեալ ձևերով. ամբողջ գիւղի ժողովուրդը՝ կին-երեխայ, տղամարդ տանում են գետի ափը և, գլխատելով, լեցնում են գետը: Լրաբերները ինքզինքնին գետը ձգելով կը կարողանան ազատուիլ:
Դրօն այս լուրէն սրտմտած՝ դուրս բերաւ բռնած քիւրտերը և սուինահար ընել տալով՝ հրամայեց գետը լեցնել:
Հռևեալը վախճանեցաւ և Լաթօն, որ այնքան մեծ ծառայութիւն մատուցեց սպարկերտցիներուն:
Երբ մեր ժողովուրդը գաղթելով հասաւ Ոստան, նա մտադրւեց վերադառնալ Մոկս, բայց մեր զինուորները չհետևեցին նրան: Թռչուն անունով խմբապետի մը ուղեկցութեամբ նա գնաց Պէտար անունով 300 տունէն բաղկացեալ քիւրտ գիւղի մը վրայ: Հասնելով գիւղին, դիրքեր կ’որոշէ և գիւղին դիմացի դիրքը յանձնելով Թռչունին և իր խմբի զինուորներուն, ինքը քանի մը մարդկանցով ուղղակի յարձակում կը գործէ և կը մտնէ գիւղը: Քիւրտերը գիւղէն դուրս գալով կ’անցնին Թռչունի բռնած դիրքի ետևը և կը ստիպեն անոր նահանջել: Թռչունի նահանջելով Լաթօն կը պաշարուի և քանի մը ընկերներով քիւրտ գիւղին մէջ կը սպանուի մինչև վերջին շունչը կռուելով:
Թորոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սպարկերտ գյուղախմբից

Կորստաց հաշվեմատյան

Մեր գիւղն ունէր եկեղեցի, մի վանք Ս. Սարգիս անունով, ծխական դպրոց, բաղկացած էր 200 տնից, որից 50 տունը քուրդ բէկեր էին:
Մեր տունը բաղկացած էր 74 անդամից, որից 24-ը՝ տղամարդ, իսկ մնացածը կանայք ու երեխաներ էին: Այս բազմանդամ գերդաստանից այժմ կենդանի կանք 5 տղամարդ և 3 կին ու երեխա:
Մուշեղշեն գյուղի բնակիչ
Ա. Մելիքյան

Տոփն ունէր 35 տուն և 300 բնակչութիւն, եկեղեցի մը՝ Ս. Սարգիս անունով, դպրոց մը, մէկ ջրաղաց, մէկ ձիթահան:
Ազատուած են ընդամէնը 10 անձ, 6-ը՝ տղամարդ:
Տոփ գյուղի բնակիչ
Մխիթար Միրզոյան

915-ի Մեծ Զատիկը քրդերը գիւղը բռնեցին, բոլոր բնակիչները տարան Եկեղեցիի գետը լեցրին: Մեր գիւղը ընդամէնը 33 տուն էր, ազատուեցանք մի քանիներ:
Առղու գյուղի բնակիչ
Գյոզալ

Շէն ունէր 60 տուն և 447 բնակիչ, եկեղեցի մը, դպրոց, ջրաղաց մը: Ազատուած են ընդամէնը 70 անձ:
Շեն գյուղի բնակիչ
Գևորգ Ամիրխան

Գնձիկ ունէր 55 տուն և 600 բնակիչ, եկեղեցի մը՝ Ս. Ստեփաննոս անունով, երկու ջրաղաց: Եկեղեցւոյ մէջ կային ձեռագիր Աւետարաններ, նաև հին ձեռագիր կոնդակ մը, որու վրայ նկարուած էր Ս. Կոյս Մարիամի պատկերը, զոր անգլիական հիւպատոս մը մի քանի տարի առաջ տարաւ:
Գնձիկի զէնքերը ամիս մը առաջ հաւաքած ըլլալով՝ գիւղացիները չկարողացան դիմադրութեան որևէ փորձ ընել: Խուժանը անխնայ կոտորեց գնձիկցիները. 7 տարեկանէ վար տղաները և կիները գերի տարին և Բոհտանի (Տիգրիս) մէջ խեղդեցին բոլորը: Գնձիկէն ազատուած են ընդամէնը 6 մարդ և տասնչորս ալ կին ու երեխայ:
Գնձիկ գյուղի բնակիչ
Բերխո Ազոյան

Նաբային ունէր 40 տուն և 300 բնակիչ, եկեղեցի մը՝ Ս. Գէորգ անունով, ջրաղաց մը:
915 թ. յունիսի 10-ին 200 քիւրտեր Ղասըմ Օսմանի ղեկավարութեամբ և զինուած կառավարական մաուզեր հրացաններով, յարձակեցան Նաբայինի վրայ, առանց դիմադրութեան հանդիպելու, և հաւաքելով մարդերը՝ տապարով, կացինով, երկբերան կացինով սպաննեցին:
Յղի կիներու փորը կը ճեղքէին և զաւակները հանելով, ձողի մը ծայրը կը ցցէին և կը պոռային, թէ «սա հայու դրօշակ է»: Այսպէս վարուեցան Սայիտի աղջիկ Ներգիզի հետ, Սէյրանի հետ (Պօղոսի աղջիկ), Խզմօ Յարութիւնեանի հետ և այլն, իսկ փոքրիկ տղաները ողջ-ողջ գետին կը պառկեցնէին և անոնց գլուխը քարի վրայ կը դնէին և մեծ քարով մը կը պայթեցնէին և ուղեղը դուրս թափելով, կը սպաննէին:
Նաբայինէն ազատուած են միայն երեք մարդ, կին մը և տղայ մը:
Նաբային գյուղի բնակիչ
Խաչիկ Վարդանյան

Կիկանն ունէր 60 տուն (զուտ հայ) և 520 բնակիչ, եկեղեցի մը՝ Ս. Աստուածածին անունով, դպրոց մը, ջրաղաց մը:
Ազատուած են 4 տղամարդ:
Կիգան գյուղի բնակիչ
Հակոբ Գրիգորյան

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ