Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Քիմիաթերապիա. նոր մոտեցում

Քիմիաթերապիա.  նոր մոտեցում
25.07.2014 | 11:10

Մեր օրերում ուռուցքաբանական խնդիրները հաղթահարելի են, եթե մարդը դիմում է ճիշտ ժամանակին և հայտնվում ճիշտ տեղում: «Նաիրի» բժշկական կենտրոնի «Թամարա Կազավի-Ապկարյան» ուռուցքաբանական բաժինն իր գոյության երկու տարվա ընթացքում լուրջ ձեռքբերումներ է գրանցել, զարգացման գործընթացն անընդհատ և շարունակական է: Գաղտնիք չէ, որ այս ծանր ոլորտում, բացի բարձրորակ վիրաբուժությունից, պահանջվում է բարձրորակ քիմիաթերապիայի ծառայություն, ինչը կարևոր է հիվանդության լիակատար բուժման գործընթացում: Այս բաժանմունքում ոչ միայն բուժանձնակազմը, այլև ստեղծված բոլոր պայմանները ամբողջությամբ համապատասխանում են եվրոպական առաջատար կլինիկաների չափորոշիչներին: Հայաստանն այսպիսի կենտրոն չէր ունենա, եթե չլիներ Փարիզի «Hospital Prive Nord Parisien» կլինիկայի գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ ԳԵՎՈՐԳ ԱՊԿԱՐՅԱՆԸ: ՈՒ թեև նա ուռուցքաբան չէ, սակայն կյանքի բերումով որոշեց «Նաիրի» բժշկական կենտրոնում ստեղծել այդ բաժինը` իր կնոջ անունով: Այս և Հայաստանում արդի քիմիաթերապիայի ոլորտի զարգացումների վերաբերյալ զրուցեցինք Գևորգ Ապկարյանի հետ։

-Հայաստանում ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն ստեղծելու գաղափարը կնոջս մտահղացումն է: Հայաստանյան ամառային մի երեկո սրճարանում մեզ մոտեցավ մի տղամարդ և ասաց. «Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեմ, օգնեք ինձ բուժում ստանամ Ֆրանսիայում»։ Ասացի` ok: Նա բժշկական բոլոր թղթերը ուղարկեց Ֆրանսիա, մնում էր վիզայի խնդիրը լուծվի, բայց այդ գործընթացն այնքան երկարեց, որ մարդը մահացավ: Այս պատմությունը կնոջս շատ հուզեց, նա ինձ ասաց. «Այս մարդը նույն հիվանդությունն ունի, բայց ես քանի տարի է` ապրում եմ, աշխատում, սրճարանում քեզ հետ սուրճ խմում, իսկ նա մահացավ: Գևորգ, Հայաստանում դու պիտի բացես ուռուցքաբանական կլինիկա, որ մարդիկ վիզայի պատճառով չմահանան»: Կնոջս մահից հետո «Նաիրի» բժշկական կենտրոնի սեփականատեր Հարություն Քուշկյանին ներկայացրի ուռուցքաբանական բաժանմունք ստեղծելու միտքը և շնորհակալաբար պետք է ասեմ, որ նա չմերժեց, հակառակը, բոլոր պայմանները տրամադրվեցին բարձրակարգ բաժանմունք ունենալու համար:
-Դուք 1988-ի երկրաշարժից մի քանի օր հետո Հայաստանում էիք և, կարելի է ասել, այդ օրվանից սկսեցիք լայնորեն համագործակցել Հայաստանի կլինիկաների հետ: Որքան գիտեմ, երիկամի առաջին փոխպատվաստումը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իրականացրել են Ձեր հրավիրած մասնագետները, իսկ 1995-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացեցիք արդիականացված քիթ-կոկորդի բաժանմունքը: Հետաքրքիր է` ինչո՞ւ ընտրեցիք «Նաիրի» բժշկական կենտրոնը, ոչ թե այլ կլինիկա:
-Հարցին պատասխանելու համար մի փոքր հետ պետք է գնամ: Երբ երկրաշարժի տարիներին ինձ ուղարկեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն, այդ ժամանակ երիտասարդ վիրաբույժ կար` Հարություն Քուշկյան: Նա հեռատես էր և բոցավառված առողջապահության զարգացման գործով: Ինչ առաջարկում էի, նա միանգամից համաձայնում էր: Այդպես շատ նախագծեր միասին իրականացրինք, ինչը դարձավ շարունակական գործընթաց: Հիշում եմ, երբ Շառլ Ազնավուրի հետ երկրաշարժի տարիներին ծրագրեր էինք իրականացնում, մաեստրոն տեսավ, որ իր բոլոր ներդրումները մենք նպատակին ենք ծառայեցնում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացեցինք վերակենդանացման, ստոմատոլոգիական, լաբորատոր բաժանմունքները: Շատ բժիշկների համար այն դարձավ դպրոց, ձևավորվեցին եվրոպական պահանջներին համապատասխան մասնագետներ, և այժմ նրանք մեծ ձեռքբերումներ ունեն: Օրինակ` «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի ղեկավարը, որը հանրապետության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգն է, իմ աշակերտն է: Տարիների այս փորձն էլ առիթ դարձավ ուռուցքաբանական բաժանմունքը բացելու «Նաիրի» բժշկական կենտրոնում:
-Պարոն Ապկարյան, Հայաստանում գրեթե բոլոր խոշոր բժշկական կենտրոններում վերջին տարիներին բացվել և գործում են քիմիաթերապիայի բաժանմունքներ, ո՞րն է Ձեր բաժանմունքի տարբերությունը մյուս կլինիկաների համապատասխան բաժանմունքներից` բուժման առումով:
-Ճիշտ չեմ համարում հարցը համեմատության մեջ դիտարկելը, քանի որ լավատեղյակ չեմ մյուս կլինիկաների գործող բաժանմունքներին: Սակայն մեզ մոտ` «Նաիրիում», բուժման գործընթացը լավ արդյունքներ է տալիս, քանի որ կարևորում ենք դեղերի որակը: Մենք դեղերի ընտրությունը բծախնդրորեն ենք կատարում, ընտրում ենք լավագույնը: Եթե դեղը հնդկական ծագման է, մենք այն չենք օգտագործում: Դրա համար վստահաբար կարող եմ ասել, որ մեր բաժանմունքում բուժման արդյունավետությունը մեծ է:
-Լինում են դեպքեր, երբ հիվանդը վիրահատվում է, մեկ կամ երկու քիմիաթերապիա է ստանում արտերկրում և բուժումը շարունակում է Հայաստանի որևէ կլինիկայում, սակայն շատ դեպքերում արդյունքը դրական չի լինում: Ըստ Ձեզ` պատճառը տեխնոլոգիանե՞րն են, թե՞ ոչ ճիշտ մոտեցումը:
-Դուք անընդհատ ուզում եք, որ ես խոսեմ այլ կլինիկաներից, բայց ես չեմ խոսի: Չեմ կարող խոսել այլ բժշկական կենտրոնների և ամբողջ Հայաստանի կտրվածքով, կարծում եմ` հարցն ընդհանրացնելը ճիշտ չէ: Հուսով եմ, որ Հայաստանում շատ առաջատար կլինիկաներ կան: Ինչ վերաբերում է «Նաիրիին», վստահաբար կասեմ, որ մեր բաժանմունք գալիս են հիվանդներ, ովքեր քիմիաթերապիայի մեկ կամ երկու կուրս ստացել են Գերմանիայում, Ֆրանսիայում և հաջողությամբ այն շարունակում են մեզ մոտ։ Ոչ մի բացասական խնդիր չի առաջանում, լավ դինամիկա ունենք:
-Հարցս այսպես վերաձևակերպեմ. ինչո՞ւ մի կլինիկայում նույն հիվանդության դեպքում քիմիաթերապիան լավ արդյունք է տալիս, մեկ այլ կլինիկայում` թերի:
-Կարծում եմ` դա կարող է պայմանավորված լինել ոչբարձրակարգ դեղամիջոցներով կամ ոչ ճիշտ սխեմաների կիրառմամբ: Դեղամիջոցի խնդիրը շատ կարևոր է: Թե՛ որակի, թե՛ դոզաների առումով:
-Չգիտեմ Եվրոպայում ինչպես, բայց Հայաստանում մարդիկ վախենում են քիմիաթերապիայից, կարծելով, որ այն արդյունք չի տա:
-Վախը, մտահոգությունը նորմալ բան են, սակայն մենք փորձում ենք մարդկանց բացատրել, օգնել հաղթահարելու այդ վախը: Պետք է նշեմ մեկ շատ կարևոր հանգամանք` բժիշկների մասնագիտական բարձր պատրաստվածությունը և մարդու հոգեբանությունը հասկանալու գործոնը: Մեր բաժանմունքի ղեկավար Լևոն Բադալյանը հրաշալի բժիշկ է, ես այդչափ կարդացող տղա չեմ տեսել: Հիանալի մոտեցում ունի հիվանդների նկատմամբ, ինչպես նաև ամբողջ բուժանձնակազմը: Քաղցկեղով հիվանդ մարդիկ կարծում են, որ աշխարհը իրենց գլխին փլվեց, և հաճախ սկսում են մտածել, թե քանի տարի կապրեն: Այնպես որ, սա շատ ծանր ոլորտ է, դրա համար ամբողջ աշխատակազմից պահանջվում է բարձր պրոֆեսիոնալիզմ, ինչը առկա է մեզ մոտ:

Մեր ուսումնասիրությունները փաստեցին` «Թամարա Կազավի-Ապկարյան» ուռուցքաբանական բաժանմունքում քիմիաթերապիա ստանալու համար գալիս են ՌԴ-ից, Եվրոպայից, ԱՄՆ-ից: Սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքով` «Այստեղ և՛ հիվանդասենյակների պայմանները, և՛ բուժման որակը չեն զիջում եվրոպականին, իսկ գները շատ ավելի մատչելի են»։ Իսկապես, հիվանդասենյակները ճնշող չէին, և բուժանձնակազմը հիվանդներին մոտենում էր որպես պացիենտի, ինչը հոգեբանական որոշ խնդիրներ է լուծում: Բաժանմունքի ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱԴԱԼՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել` քիմիաթերապևտիկ բուժման ի՞նչ տարբերակներ կան, որոնք չեն իրականացվում այս բաժանմունքում:
-Բաժանմունքի հնարավորությունները լայն են, գրեթե բոլոր տեսակի չարորակ ուռուցքներին ցուցված քիմիաթերապևտիկ բուժումը, կարողանում ենք ապահովել: Բացառությամբ հատուկենտ դեպքերի, մասնավորապես գերբարձր դեղաչափերով բուժում պահանջող որոշ չարորակ հիվանդությունների, ինչը Հայաստանում ընդհանրապես չի արվում, քանի որ այն պահանջում է ոսկրածուծի փոխպատվաստում և հատուկ տեխնիկական պայմաններ:
-Ասում են, որ մինչև բուժում սկսելը ձեր բոլոր հիվանդների բոլոր փաստաթղթերը ուղարկում եք Ֆրանսիա և կոնսիլիում կազմակերպում Ֆրանսիայի առաջատար մասնագետների հետ: Հայաստանում բուժումը կոնսիլիումների միջոցով չի արվում, այլ ախտորոշող բժիշկն ինքն է որոշում բուժման ձևերը: Այս երկու մոտեցումներից ո՞րն է ճիշտ:
-Փարիզում կոնսիլիում իրականացնելու հնարավորությունը, կարծում եմ, մեր գլխավոր ձեռքբերումներից է: Այն հնարավոր է դարձել մեծ հայրենասեր, բարձրակարգ պրոֆեսիոնալ, այս բաժանմունքի հիմնադիր Գևորգ Ապկարյանի շնորհիվ: Եվրոպայի առաջատար մասնագետների հետ ամենօրյա աշխատանք կազմակերպելը հեշտ գործ չէ: Բացի Ֆրանսիայի մասնագետներից, մենք համագործակցում ենք նաև Գերմանիայի առաջատար մասնագետների հետ: Ո՞րն է այդ կոնսիլիումների անհրաժեշտությունը: Օնկոլոգիայում ախտորոշումից հետո շատ դժվար է ընտրել բուժման օպտիմալ տակտիկան: Կան տարբեր եղանակներ` վիրահատություն, ճառագայթային բուժում, քիմիաթերապիա, հորմոնալ բուժում, իմունոթերապիա. նույն հիվանդին կարելի է մոտենալ բուժման տարբեր մեթոդներով: Այսինքն` բուժման ռազմավարությունը, պրոտոկոլը միանշանակ չէ օնկոլոգիայում: Հենց այս տեսանկյունից են կարևորվում կոնսիլիումները, որոնց պարտադիր մասնակցում են տարբեր մասնագետներ, և հավաքական եզրակացության հիման վրա նոր միայն որոշվում է բուժման տակտիկան:
-Երկու տարում պացիենտների քանակի դինամիկան ինչպիսի՞ն է:
-Հստակ վիճակագրական հաշվարկ դեռևս չի կատարվել, մոտավոր հաշվարկով հիվանդների հոսքը այս տարի կրկնապատկվել է: Ամիս առ ամիս քիմիաթերապիան «Նաիրիում» ընդունել ցանկացողների թվի աճ է նկատվում, քանի որ բավականին արագ տեմպերով մեծանում է բաժանմունքի հեղինակությունը հանրապետությունում, ինչպես նաև նրանից դուրս:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ