Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ուսուցիչները ծանոթանում են Ցեղասպանության թեմայի դասավանդման նրբություններին

Ուսուցիչները ծանոթանում են Ցեղասպանության թեմայի դասավանդման նրբություններին
31.07.2014 | 11:16

Շուրջ 30 ուսուցիչ՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքից, հուլիսի 30-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մասնակցում է «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցին։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտը կարևորում է դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ դասավանդումն ու մատուցումը։ Այն իր մեջ պարունակում է բարդություններ և սպառնալիքներ, քանի որ կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ երեխաների վրա և սխալ մատուցման դեպքում ազդել ապագա սերնդի վրա՝ բարդույթներ առաջացնելով աշակերտների մոտ։ «Այս դասընթացի միջոցով փորձում ենք նոր մեթոդներ մատուցել ուսուցիչներին, ովքեր դրանք լայնորեն կկիրառեն իրենց աշխատանքներում։ Կարևորագույն շեշտադրումը լինելու է այն, որ մենք վերջապես պետք է վերանանք զոհի բարդույթից։ Հայոց ցեղասպանության մատուցումը սպանվածի, կոտորվածի հոգեբանության շարադրելն ու տարածելը չէ։ Հակառակը՝ ավելի պատասխանատու, գրագետ ու հպարտ սերնդի դաստիարակումն է։ Մենք պետք է հասկանանք, որ Ցեղասպանության հիմնական նպատակը հայ ազգի ոչնչացումն էր։ Եվ մեր ազգը, լինելով ուժեղ, տոկուն, պայքարող, կարողացավ վերապրել Ցեղասպանությունը, ստեղծել պետականություն»,- ասում է Սուրեն Մանուկյանը։ Նա նաև ընդգծում է, որ կա պայմանավորվածություն ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի հետ, և դասընթացի արդյունքում ուսուցիչների համար ստեղծվելու է Ցեղասպանության թեման դասավանդելու ուղեցույց։
Սուրեն Մանուկյանը նաև տեղեկացնում է, որ մյուս տարվանից Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքում կսկսի գործել առանձին հարկաբաժին, որտեղ հնարավորություն կստեղծվի աշակերտների համար անցկացնել պարապմունքներ։
Մարի Թութելյանը հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն է դասավանդում Կալիֆոռնիայի Հայ քույրերի վարժարանում, որն ունի 2-14 տարեկան մոտ 300 հայ աշակերտ։ Տիկին Թութելյանը նշում է, որ գրեթե յուրաքանչյուր դասի ընթացքում անդրադառնում են Ցեղասպանությանկ։ Ցանկացած թեմայի մեջ փորձում են ինչ-որ բան գտնել ու կապել այդ մեծ ողբերգության հետ։ Մշտապես կազմակերպում են միջոցառումներ, քայլարշավներ՝ ոգեկոչելով Ցեղասպանության զոհերի հիշատակը և բարձրաձայնելով հայոց պահանջատիրությունը։
Դավիթ Եղիազարյանը պատմություն է դասավանդում է Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան դպրոցում։ Նշում է, որ աշակերտների մոտ տարբեր զգացումներ կան Հայոց ցեղասպանության նկատմամբ՝ անհանգստություն, վրեժխնդրություն և այլն։ Պատմության ուսուցիչը նկատում է, որ դասագրքերում բավականին ծավալուն ներկայացված է Ցեղասպանության թեման, սակայն ցանկալի է, որպեսզի մշտապես արտածրագրային միջոցառումներ իրականացվեն. «Ցեղասպանության թեման շատ նուրբ ու լայն է, և մասնագիտական նրբությունները շատերին հասու չեն, ուստի նման դասընթացները կարևոր են՝ ավելի լայն պատկերացում կազմելու համար»։
«Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցում դասախոսություններ են կարդում անվանի մասնագետներ (Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող, հայոց լեզվի և գրականության դոկտոր Ռուբինա Փիրումյան, պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարության, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյան)։ Քննարկվող թեմաների շարքում են՝ Հայոց ցեղասպանության թեման տարբեր տարիքային խմբերին դասավանդելու առանձնահատկությունները, Հայոց ցեղասպանության դասավանդման առանձնահատկությունները Հոլոքոստի պատմության դասավանդման համեմատությամբ, Հայոց ցեղասպանություն թեմայի տեղն ու դերը հանրակրթության բովանդակության մեջ և այլն։
«Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցն իրականացնում է «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ