Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ղարաբաղյան շարժումը տեղ չի գտել համաշխարհային պատմագրության մեջ»

«Ղարաբաղյան շարժումը տեղ չի գտել համաշխարհային պատմագրության մեջ»
01.09.2014 | 14:42

irates.am-ի հարցերին պատասխանում է ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն ՄԱՐՈՒԹՅԱՆԸ:

-Պարոն Մարության, մեկ տարի առաջ, Ղարաբաղյան շարժման 25-ամյակի առթիվ, Դուք կազմեցիք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գիրքը, որը, գեղարվեստական պատում լինելուց զատ, ունի նաև պատմական վավերագրի արժեք: Այդ գրքի նախաբանում Դուք ներկայացրել եք հետևյալ դիտարկումը. «Մեր կարծիքով, Ղարաբաղյան շարժման հայաստանյան մասն արևելաեվրոպական «թավշյա» հեղափոխությունների շարքի առաջնեկն է, և որպես այդպիսին, այն մեծ դեր է խաղացել խորհրդային հասարակության ժողովրդավարացման և նշանակալի դեր՝ Խորհրդային Միության ապամոնտաժման, այդպիսով՝ կոմունիզմի վտանգի վերացման գործում: Լինելով առաջինը, այն չի նկատվել, չի ընկալվել որպես հեղափոխություն, որպես այդպիսին մնացել է անհայտ մասնագիտական շրջանակների համար, մինչդեռ «չճանաչված հեղափոխության» օրինաչափությունները կարող են նոր լույս սփռել 20-րդ դարավերջի արևելաեվրոպական ժողովրդավարությունների ծագման ուսումնասիրման ու գնահատման գործում»: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, մինչ օրս չի արժևորվել Ղարաբաղյան շարժումը:

-Ցանկացած հասարակական երևույթ իմաստավորվում է և գնահատվում միայն ժամանակի ընթացքում: Ղարաբաղյան շարժման հետազոտության հարցում կան տարբեր մոտեցումներ՝ պատմագիտական, ազգաբանական, և այլն: Կա փաստերի շարադրանք, որոնց հետևից չի երևում, թե մենք ինչեր ենք ապրել, ինչեր են անցել մեր կողքով: Ազգագրագետ Լևոն Աբրահամյանն առաջինն էր Հայաստանում, որը գրեց Շարժման մասին ազգաբանական տեսանկյունից: Արևմուտքում Շարժման մասին առաջինը գրեց նաև Ռոնալդ Սյունին, և առաջինը նա օգտագործեց «հեղափոխություն» ձևակերպումը: Բանն այն է, որ հեղափոխությունների տեսությունը շատ դինամիկ զարգացող տեսություն է: Անընդհատ տպագրվում են նոր աշխատանքներ: Եվ պետք է մոտիկից կարդալ, ծանոթանալ դրանց: Պետք են հրապարակումներ և պարբերական քննարկումներ գիտաժողովների ձևով հայերեն և օտար լեզուներով, պետք է անընդհատ փորձել նոր գաղափարներ որսալ, որոնց արդյունքում էլ կձևավորվի պատմագիտական մոտեցում: Անցյալ տարի ես DAAD-ի ծրագրով երկու ամսով մեկնեցի Բեռլին: Իմ հետազոտության թեման էր «1988-1990 թթ. Հայկական «չճանաչված» հեղափոխությունը և 1989 թ. արևելաեվրոպական հեղափոխությունները. նմանությունները, տարբերությունները, առանձնահատկությունները»: Այդ երկու ամսվա ընթացքում ես կարողացա մոտ չորս հարյուրի հասնող հոդված ներբեռնել տարբեր գիտական կայքերից և մոտ քառասուն գրքից նյութեր պատճենահանել: Այսինքն՝ ես ընդամենը հավաքեցի նյութերը, որոնց հետագա մշակումը պահանջում է որոշակի աշխատանք: Այդ ընթացքում ես համոզվեցի, որ Ղարաբաղյան շարժումը համաշխարհային պատմագրության մեջ տեղ չի գտել: Խնդիրը ներկայացվում է իբրև հայ-ադրբեջանական հակամարտություն, պայքար հողի համար հարևանների հետ, էթնիկ հակամարտություն, որոնցից ԽՍՀՄ-ում էլի են եղել: Սակայն այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ Հայաստանում և Ղարաբաղում 1988-1990 թթ. ընթացքում, օտար հեղինակների կողմից հրատարակված են ընդամենը մի քանի հոդվածներ և գրքեր, որոնք եղանակ չեն ստեղծում: Այդ հոդվածագիրները, տեսաբանները չեն անդրադառնում Ղարաբաղյան շարժմանը: Մինչդեռ շատ երևույթներ նախ սկսվեցին Հայաստանում, հետո մերձբալթյան երկրներում, Վրաստանում, և հետո՝ Արևելյան Եվրոպայում: Ընդհանրապես պատմաբանի, հասարակագետի խնդիրն է ցույց տալ մեկի պայմանավորվածությունը մյուսով: Այն գործընթացները, որոնք տեղի ունեցան Չեխոսլովակիայում, ԳԴՀ-ում, Հունգարիայում, մեր երկրում կատարվել էին մեկուկես-երկու տարի առաջ: Եվ համեմատության մեջ դնելով այդ ամենը՝ պարզվում է, որ մենք շատ և շատ հարցերում առաջամարտիկ ենք:
Լեհական «Սոլիդարնոստ» շարժման ղեկավարներից Ադամ Միխնիկը նշել էր, որ իրենք մեզնից սովորեցին՝ իշխանությունը կարելի է վերցնել օրինական, այն է՝ ընտրություններին ակտիվորեն մասնակցելու ճանապարհով: Նրանք ներկայացրել էին հարյուր հոգանոց ցուցակ, և հարյուրից իննսունինը դարձան պատգամավոր: Հեղափոխության արդյունքում մարդիկ իրենք էին փոխվում, իրենք էին մաքրվում, կոփվում գաղափարապես: Այսինքն՝ այդ հեղափոխությունը ներքևից բարձրացող շարժում էր, և ժողովուրդն էր թելադրում իր կամքը: ՈՒ սա հենց ժողովրդական հեղափոխություն էր: Ես այդ հեղափոխությունը համեմատել եմ Ֆրասնիական մեծ հեղափոխության հետ, բայց այն ընդամենը ծանոթագրության ձևով է, ու հիմնավորումը պահանջում է որոշակի աշխատանք: Համեմատությունը շատ պարզ է. Ֆրանսիական հեղափոխությունը հանգեցրեց ֆեոդալիզմի կործանման և կապիտալիստական հասարակարգի առաջացման: Մեր հեղափոխությունն առաջինն էր, որից հետո եղան արևելաեվրոպական հեղափոխությունները, որոնց արդյունքում էլ կործանվեց սոցիալիզմի ճամբարը: Փոխվեց արտադրության միջոցների նկատմամբ սեփականության ձևը: Մենք ասում էինք՝ հասարակական սեփականություն, իսկ հետո դարձավ մասնավոր սեփականություն: Դա հենց հեղափոխական անցման բնութագրական ցուցիչ է:

-Դուք Ձեր գրքում արել եք այսպիսի դիտարկում. «Ղարաբաղյան շարժման կարևորագույն բնութագրական գիծը նրա համաժողովրդական լինելն էր: Միակ խավը, որն այս կամ այն կերպ ընդդիմանում էր Շարժման զարգացումներին՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության նոմենկլատուրային բյուրոկրատական վերնախավն էր, որը շատ լավ տեսնում էր, որ Ղարաբաղի՝ Հայաստանին միացման հարցի լուծման ճանապարհ էր ընտրված ժողովրդավարական վերափոխումների քաղաքականությունը»: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Հայաստանի անկախացումից հետո ՀՀ նոր իշխանությունները չձերբազատվեցին կոմունիստական նոմենկլատուրայից:

-Շատ ճիշտ հարց եք տալիս: ՈՒրեմն՝ մի բան է 1988-90 թվականների շրջանը, որն ավարտվեց օգոստոսի 23-ով, մեկ այլ բան՝ դրանից հետո ընկած ժամանակահատվածը, երբ, ինչպես ասում են՝ հեղափոխությունը մտավ պալատներ: Այստեղ ես կարող եմ ներկայացնել իմ ենթադրությունները: Դա, թերևս, «Ղարաբաղ» կոմիտեի որոշումն էր, որը ձևակերպեց Վազգեն Մանուկյանը՝ կուլակաթափություն չի լինելու: Եվ երևի դա պայմանավորված էր նրանով, որ սպասվում էին պատերազմական գործողություններ, և հասարակությունը պետք է լիներ միասնական: Կոմկուսն այդ ժամանակ ուներ տասնյակ հազարավոր անդամներ, և նրանց մեծագույն մասը, համոզված եմ, նորմալ քաղաքացի էր, հայրենասեր: Սակայն եթե կոմկուսի դեմ ձեռնարկվեին կտրուկ քայլեր, դրանք այսպես թե այնպես՝ անդրադառնալու էին նաև նրանց վրա: Մերձբալթիկայում, Չեխիայում, Լեհաստանում չկար արտաքին վտանգ: Մեր պարագան այլ էր. կար արտաքին վտանգ, և ենթադրվում էր, որ հասարակությունը պետք է լինի միասնական: Սա իմ տեսակետն է և չի բխում որևէ հետազոտությունից: Իհարկե, իդեալական տարբերակն այն կլիներ, որ հայտարարվեր լյուստրացիա, բացվեին արխիվները, որոնք մինչ այժմ փակ են: Անցյալի հետ պորտալարը այդ կերպ կլիներ կտրել և հանգիստ սրտով առաջ գնալ: Սակայն այդ քայլերը չարվեցին ոչ միայն մեր երկրում, այլև Ադրբեջանում, Ռուսաստանում: Ենթադրում եմ, որ ինչ-ինչ արտաքին հանգամանքներ իրենց ազդեցությունն ունեցան: Հնարավոր է, որ լյուստրացիան չհանգեցներ հասարակության պառակտման, այլ տեղի ունենար ինքնամաքրման գործընթաց: Մյուս կողմից՝ պատմությանը հայտնի է, որ ցանկացած հեղափոխության հետևում է ռեակցիան, երբ իշխանության իրականացման գործիքների դերում սանձը իրենց ձեռքն են վերցնում միջին օղակները, տեղի է ունենում լյումպենացում:

-Սովետական գաղափարախոսությունը ջարդել էր հումանիտար կրթության ողնաշարը: Ինչո՞ւ անկախությունից հետո չվերաիմաստավորվեցին գրականությունը, պատմությունը, առհասարակ՝ հումանիտար կրթության ոլորտը: Նոր-նոր են հրատարակվում կամ ամբողջությամբ վերահրատարակվում ժամանակին արգելված և այլախոհ հայտարարված գրողների ստեղծագործությունները: Ինչ վերաբերում է անկախ Հայաստանի պատմությանը, ապա այն դասագրքերում ներկայացվում է սոսկ որպես «ցուրտ ու մութ տարիների» պատմություն:

-Ես չեմ ուսումնասիրել դպրոցական և բուհական ձեռնարկները: Բայց իմ գործընկերներից Տիգրան Մաթոսյանն ունի այդ շրջանին վերաբերող հոդված: Միքայել Զոլյանն ու Տիգրան Զաքարյանը նույնպես ունեն անգլերեն հրապարակված հոդված դասագրքերի մասին: Ճիշտ կլինի, որ նրանք տան այդ հարցերի պատասխանները: Ես միայն կարող եմ ասել, որ քաղաքականությունն ազդում է պատմության վրա: Այսպես, օրինակ, ամեն տարվա սեպտեմբերի 21-ին հեռուստատեսությամբ մեկ-երկու րոպե են ներկայացնում Շարժումը, այնուհետև՝ ներկայացնում են պատերազմը: Մինչդեռ անկախությունը ձեռք է բերվել Շարժման և ոչ թե պատերազմի շնորհիվ: Պատերազմը եղել է 1992-94 թթ.: Զորի Բալայանի ակտիվ դերակատարմամբ հրատարակվել է «1988-94 թթ. Ղարաբաղյան ազգային-ազատագրական պատերազմ» հանրագիտարանը: Պատմության տեսանկյունից դա կոպիտ սխալ է: Ինչո՞ւ է այդպես: Լևոն Տեր-Պետրոսյանից հետո իշխանության եկան մարդիկ, որոնք անցել էին պատերազմի բովով: Նրանց հիմնական արժանիքներից մեկն այն էր, որ մասնակցել էին Ղարաբաղի պատերազմին, որը մեզ համար հաղթական ավարտ էր ունեցել: Եվ, բնականաբար, այդ մարդիկ հիմնական շեշտադրումներն արել են պատերազմի վրա:
Իսկ «ցուրտ ու մութ տարիները» ժողովրդական ձևակերպում է, ոչ թե պատմագիտական:

-Այդ դեպքում ճիշտ չի՞ լինի, որ 88-ից հետո տեղի ունեցած իրադարձություններին պատմաբանները չանդրադառնան առայժմ, այլ անդրադառնան որոշ ժամանակ անց:

-Ոչ, ճիշտ չէ: Դա քննարկելու խնդիր է: Պետք է գրել, որպեսզի աստիճանաբար վեր հանվի ճշմարտությունը:

-Ձեզ համար կանխատեսելի՞ էին, որ խորհրդային անցյալի գործիչները, նրանց խորհրդանշող արձանները կարող էին քննարկման առարկա դառնալ անկախ Հայաստանում:

-Նախ՝ խորհրդային անցյալը ամբողջությամբ ջնջելը կամ սևացնելը ճիշտ չէ: Խոսքը վերաբերում է խորհրդային անցյալի գործիչների հերոսացմանը, որը միանշանակ սխալ է: Մենք շատ ակտիվ ենք այդ հարցում: Իմ գործընկերներից Լևոն Աբրահամյանը, Գայանե Շագոյանը, Հրանուշ Խառատյանը մի քանի անգամ հարցի առիթով բաց նամակներ են հղել, գործում է կայք: Մենք մի քանի տարի շարունակ անցկացնում էինք հետազոտություն ստալինյան շրջանի բռնությունների մասին: Եվ անձամբ ես եկա այն եզրակացության, որ ստալինյան շրջանի անարդարություններն իրենց կաշվի վրա զգացած մարդիկ մեծ մասամբ մեղավոր են համարում կոլխոզի նախագահին, սովխոզի տնօրենին, ռայկոմի աշխատողին, որոնք իրենց անունները մտցրել են բռնադատման ենթակաների ցուցակի մեջ: Այսինքն՝ շեշտադրումը անհատներն են: «Անհատի պաշտամունք» ձևակերպումն առաջարկում էր մեղավորներին փնտրել անհատների մեջ: Մարդկանց մեջ ներարկվեց այն գաղափարը, որ մեղավորը անհատներն են, ոչ թե ռեժիմը, գաղափարախոսությունը: Մինչդեռ այդ «մեղավոր անհատները» համակարգի գործիքներն էին:
Տեսեք՝ քննարկումն ընթացավ այն ուղղությամբ, թե Անաստաս Միկոյանն ինչ լավ բան է արել կամ ինչ վատ բան է արել: Այդ մարդը խորհրդային շրջանի ֆունկցիոներ էր: Եթե կա այդ փաստը, արդեն իսկ նրա գործունեությունը հերոսացնելը՝ արձան կանգնեցնելու միջոցով պարզապես հանցագործություն է: Եվ դա գալիս է որոշումներ կայացնողների քաղաքական գրագիտության պակասից:

Զրուցեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 1517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ