USD482.25
EUR566.07
RUB8.39
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Պողոսի ցավը

Պողոսի ցավը
05.09.2014 | 17:14

Վրեժ

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

1915-ից տարիներ են անցել, բայց Պողոսի դեմքին ոչ ոք մի կարգին ծիծաղ չտեսավ։ Մռայլ էր, հոգին խռովքի մեջ ու ոչ մեկի հետ չէր կիսվում։
-Այ Պողո՛ս, էդ զուլում մենք էլ տեսանք, գաղթինք, բայց նոր տուն ու տեղ դրինք, նոր ընտանիք ստեղծինք: Թեկուզ վերքոտ սրտով, բայց մեկ-մեկ եղածով կուրախանանք: Բոլորս էրթացվոր ինք, համա գնացողի հետ ոչ ոք չի գնացել: Քու ցավն ի՞նչ է, ախպեր Պողոս, գոնե քու էրգրացոց պատմի, որ քու սիրտ չպայթի: Հոգու ցավ կիսելով կպակսի, սրտի վերք պատմելով սպի կդառնա,- Պողոսի հետ ամեն օր անպատասխան կիսվում էին համերկրացիները, որերորդ անգամ հիշելով, որ իրենց Էրգրի արև ուրի՛շ էր, հող ու ջուր` ուրի՛շ:
-Է՜, իմ ցավ ուրիշ է, թողեք տանիմ իմ հետ գերեզման,- զրույցը փակում էր Պողոսը, թեև գիտեր, որ հազարերորդ անգամ դեռ նույն հարցը լսելու է ու նույնքան էլ թողնելու է անպատասխան։ Պողոսն ամեն օրվա նույն ժամին իր ցանած թութունից փաթում էր ջղարան, մի ծանր քուլա ներս քաշում, մտնում մարագը։ Միզարը դարմանով լցնելու համար մեկ-երկու րոպեն բավարար է, իսկ Պողոսը 10-15 րոպե մնում էր մարագում։ Դա վաղուց նկատել էր փոքր որդին` Գևորգը, և տեսել, որ հայրը մարագից դուրս էր գալիս արնակալած ու խոնավ աչքերով։
-Այ կնիկ, Գևորգի շորեր փոխե, տանիմ Թալին բժշկի, լավ չի էրեխեն,- արևագալին կնոջը ապսպրեց Պողոսը, հագնելով այծի կաշուց կարած իր նոր տրեխները:
1947-ի հետպատերազմյան սովի տարին էր։ Սայլի ճամփով երկար էր, չոլերով մի երկու ժամվա ոտքի ճամփա է: Տասներեքամյա Գևորգի համար էդքան գնալն ու գալը հեչ բան է։
-Գևորգ, լաո, հասանք Սիմո ստանցին, մի կտոր հաց ու պանիր թալինք մեր ատամի տակ ու նոր երթանք,- Թալինից հետդարձին ասաց Պողոսը, քարին դնելով իր Նուրե մոր գործած ու Էրգրից միակ հիշատակ նախշազարդ խուրջինը: Գարնան ծակող քամի էր: Պողոսն իր մեջքն արեց քամու դեմ, մեջքանց գրկեց որդուն` պանրի բրդուճը դնելով Գևորգի ափի մեջ։
-Բաբո, էդ Սիմոնն ո՞վ է եղել։
-Գևորգ, լաո, մեր գյուղի ճշտապահ ու օրինավոր Սիմոնն է,- ծխի քուլան կուլ տալով սկսեց Պողոսը:- Մի անգամ Սիմոնը նստում է հենց էս քարին, բացում է բոխչեն, որ հաց ուտի։ Կտեսնա, որ աղը մոռացել է վերցնել: Հացը, պանիրն ու ձուն բաց վիճակում կթողնի քարին ու կվազե Աշնակ, որ աղ բերի: Երկու ժամ հետո կմոտենա էս քարին ու կտեսնի, որ գել ու աղվես ամեն ինչ կերել են։ Էդ օրվանից ճամփամիջի էս քարը կոչվեց Սիմո ստանցի։
Մինչ Գևորգը Սիմոնի միամիտ արարքի մասին էր մտածում, զգաց, որ իր վզին մի քանի կաթիլ ընկան: Անձրև չկար ու քամին դադարել էր: Շրջվեց, հոր աչքերն արնակալած էին ու արցունք էր հոսում: Պողոսը չհասցրեց թաքցնել:
-Բաբո՛, քու դարդ ի՞նչ է, պատմե ընձի։
-Սուս, իմ դարդեր իրար մի տուր, էրթանք տուն,- տղային սաստեց Պողոսը:
-Եթե չասես, ես քու հետ չեմ գա,- հոր աչքերին համառությամբ նայեց Գևորգը:
-Դու գիտես, ես գնացի,-փլված հոգով շարժվեց Պողոսը` մտածելով, որ քիչ անց երեխան վազելով կմիանա իրեն: Գևորգը մնաց քարին: Երկու ժամ հետո մեծ եղբայր Արամը հասավ Սիմո ստանցին: Զայրացավ, ապտակեց եղբորը ծռության համար, ձեռքից բռնած տարավ տուն: Գևորգն ամեն օր հոր դեմը կտրում էր նույն հարցով. «Բաբո, քու դարդն ի՞նչ է...»: Ամեն անգամ ստանում էր նույն պատասխանը. «Սուս, իմ դարդեր իրար մի տուր...»:
1949-ի դժվար գարունն էր, սուփրայում հաց չկար, մարագում` խոտ ու դարման: Պողոսը միզարը վերցրեց, մտավ մարագ` գետնից դարմանի վերջին մնացորդները հավաքելու: Գևորգը հարմար պահ գտավ, դրսի փականը իջեցրեց` դուռը կողպելով հոր վրա:
-Բաբո, եթե չպատմիս, դուռ չեմ բացի,-պայման դրեց Գևորգն ու հեռացավ դռան մոտից: Երկու ժամ հետո հորը ձայն տվեց: Պողոսը լավ գիտեր որդու ծուռ բնավորությունը և դռան ճեղքից խնդրեց. «Գևորգ, լաո, գոնե տուր զիմ ղութին մի ջղարա քաշիմ»: Արցունքները կուլ տալով։ Գևորգը դարձյալ մերժեց: Մի քանի րոպե հետո տղան մարագի դռան հետևից լսեց հոր դողդողացող ձայնը. «Գևորգ, լաո, բաց զդուռ, կպատմիմ...»: Դռան փականն անմիջապես բացվեց: Պողոսը մարագից դուրս եկավ արնակալած աչքերով, նստեց մուտքի կլոր քարին, փաթեց ջղարան ու սկսեց.
-Մեր Փիրշենք Մարութա սարի դուրանի առաջին գեղն էր: Փիրշենքում ու հարևան Գոշակում Սուրբ Մարաթուկի ուխտավորներ հաց կուտեին ու սար կելնեին։ Անդնդախոր ձորում Սասնա գետն էր, ուր քարայրների միջի վայրի մեղրը ուտելուց հետո, արջեր գլգիլի արտերի միջով կիջնեին գետ լողանալու։ Սասունից շատեր Հալեպ կերթային ոսկի աշխատելու: Ով վառոդի հոտ մեկ անգամ առե` ձեռքի հետ թաքուն Մոսին հրացան կբերեր: Մեր գեղից էլ շատեր կերթային, փռերում հաց կթխեին: Էդ ամեն մարդու չէին վստահի: Ամենապատվավոր գործն էր: Ես էլ որոշեցի ընկերներիս հետ երթամ Հալեպ: Ծնողներս չթողեցին: Խռովեցի, տնից դուրս եկա, քարեր ժողվեցի ու մեր տան վրա կատաղած շպրտեցի։ Գիշերը հերս ու հորոխպերս եկան, իմ ձեռք ու ոտք կապեցին, բերին տուն: Հետո փախա Մարաթուկ, յոթ օր սարերում մնացի: Եկան, համոզեցին, նորից տուն բերին: 1911-ին փախա Հալեպ, մտա փուռ աշխատելու: Քառասուն Մանկանց եկեղեցում սասունցիներով շուտ-շուտ կհավաքվեինք, Էրգրի ու տնեցոց կարոտ իրարուց կառնեինք։ Գնացող-գալացողների հետ ծնողներիս քիսիկով ոսկի կուղարկեի: 1914-ի գարուն եկա Փիրշենք, մերոնց հետ Սուրբ Մարաթուկ ելանք ուխտի: Հարիսա եփելու տեղը ուխտավոր տղամարդիկ «Յարխուշտա» զարգին: Մի անծանոթ քրդի լամուկ թարս աչքով ընձի նայեց ու առաջարկեց իր հետ պարիմ: Կես ժամ էնքան զարկինք իրար մինչև քրդի ձեռքի ափ ճաքեց ու արուն ելավ։ Իմ անուշ մեր ընձի գրկեց ու դիմացի անտառը ցույց տվեց: Մի անգամ իմ ախպեր Սևդոն եկել է անասունների համար էդ անտառից ծառի ճյուղերի թավը գեղ տանելու: Ճյուղեր որ հետ կքաշի, մեջտեղում քնած արջ կզարթնի ու կհարձակվի Սևդոյի վրեն: Արջն իր ճանկերով կպլոկե Սևդոյի գլխի կաշին։ ՈՒ մինչ կհասցներ մյուս թաթն առաջ գցել, Սևդոն յուր ղանչալ կխրե գազանի սիրտ: Յուր արնոտ գլուխ շորով կփաթե, կկտրե արջի մի ոտք, կառնե ուր շալակ և կհասնի տուն։ Հետո քրդեր Սևդոյին տարան թուրքի պատերազմին ու մի քանի ամիս հետո իմ ախպոր միայն գլուխը բերին ծնողներին ցույց տալու: Է, Գևորգ, լաո, հետո նորից Հալեպ գնացի: 1915-ի գարուն կոտորում ընկավ Էրգիր, ասի` շուտ հասնիմ, մերոնց փրկիմ։ Ոտքով հասա Փիրշենք: Մտա մեր տուն։ Օջախ կվառեր, կողքը երեխի թաթիկ էր ընկած։ Գելի պես ոռնացի: Վերևի հարկից ձեն լսվեց: Վազեցի։ Գետնին ընկած էր իմ Նուրե մերը` թուրքից ու քրդից անարգված, հագուստներ պատռած ու կիսավառած սուր փետը հետևում խրած։ Վիրավոր իմ մեր, աչքերը ամոթից փակած, աղերսում էր. «Պողոս, լաո, քու ղանչալ խրե իմ սիրտ, գոնե քու ձեռքով մեռնիմ, աշխարհ ավերվավ, էլ բան չմնաց»: Աշխարք մթնեց իմ աչքին։
-Լաո, ընձի սպանե պրծնիմ, գնա մյուսներին գտի,- աղերսեց իմ մեր ու կիսաբաց, արնոտ կուրծքը բացեց: -Էս կուրծք շատ ես կերե, հալալ եղնի, բայց քու ղանչալ խրե, պրծնիմ:
Իմ ղանչալ հանեցի ու չոքեցի։ Իմ ձեռք դողաց, ղանչալ ընկավ:
-Պողոս, լաո, սպանե ընձի, գնա մեկելներին փրկի,- կաղաչեր իմ մեր: -Քու ձեռք չի բռնե դանակ իմ կուրծք խրես, իմ թիկունք խրե, լաո, իմ թիկունք դու ես:
Իմ մեր վիրավոր կմղկտար ու կաղաչեր, որ գոնե իր կոկորդ կտրեմ, շուտ հանգստանա: Ղանչալը նորից ափիս մեջ ուժեղ սեղմեցի, որ ձեռքս չդողա: Մոտեցա։ Մայրս, մոտալուտ փրկություն զգալով, երանությամբ աչքերը փակեց. «Փառքդ շատ, Տեր, որ իմ որդու ձեռքով կհանգստանամ»։ Ղանչալը նորից ընկավ, իսկ մայրս փակ աչքերով արդեն մահվան հետ էր խոսում։ Նորից ղանչալը վերցրի ու էս անգամ տարա իմ սրտի կողմը։ Մերս աչքերը բացեց. «Լաո, քու կյանք պահե, գնա մյուսներին փրկի...»:
Իմ ձեռքեր կդողային գոնե ածխացած փայտը դուրս քաշեի։ Զիմ գլուխ պատեպատ զարկի, սնեսուն զարկի։ Ղանչալ նորից վերցրի, մտածեցի` զուր երակ կտրիմ, արնաքամ էղնի, պատանքի փոխարեն լավաշով փաթիմ զիմ մեր, թաղիմ թոնրի մեջ, դառնա սուրբ հաց։ Ղանչալ նորից սեղմած մոտեցա իմ մոր։ Ախ, մերիկ, իմ անուշ մերիկ։ Ղանչալ նորից ընկավ։ Վիրավոր գազանի նման գոռալով ու ձեռքերով իմ գլխին զարկելով վազեցի դեպի Մուշ` մերոնց գտնելու... Գևորգ, լաո, ես էդքան տղամարդ չեղա, որ զիմ մեր սպանեի։ Էդ ցավ ու մրմուռն է, որ երեսուն տարի կվառե զիմ սիրտ։ Գիշեր զիմ աչք կփագիմ, իմ մերն է իմ աչվու դեմ, կխնդրե ու կաղաչե. «Լաո, քու ղանչալ խրե իմ սիրտ»: Հասկացի, Գևորգ լաո, ես էդքան տղամարդ չեղա, որ զիմ մեր սպանեի։ Գհասկնա՞ս, լաո, զիմ մոր վերջին խնդրանք չկատարեցի: Տեսնիս իմ մեր ո՞ւմ հարամ ղանչալով ու յաթաղանով մեռավ, ո՞վ գիտի` ջուն ու ջանավար կերան նրա սուրբ մարմին, թե գլորվեց ընկավ տաք թոնիր ու հաց դարձավ։ Գոնե էդպես էղներ։ Ներե ինձ, իմ անուշ մերիկ, դու ինձ էդպես ես ծնե, ես իմ ծնողին իմա՞լ սպանիմ։ Գևորգ, լաո, ես ամեն օր մարագ կմտնիմ իմ մորից ներողություն խնդրելու, որ էդքան տղամարդ չեղա։ Ես երդում էի կերել, որ իմ հոգու ցավ իմ մեջ պահիմ մինչև գերեզման։ Բոլոր ընձի կմեղադրին, որ մռայլ իմ Մարութա սև ամպի նման, ծիծաղ փախե իմ դեմքից, իմ երեխեն իմ ժպիտ չտեսնա։
Փախեփախին իմացա, որ իմ Սահակ հեր ու մերոնք սպանվել են։ 1918-ին գնացի Սարդարապատ կռվելու։ Ամեն գնդակից առաջ իմ աչվու դեմ իմ մերն էր. «Լաո, քու ղանչալ խրե իմ սիրտ»: Կրակում էի ու գոռում. «Ներե ինձ, իմ անուշ մերիկ, ես էդքան տղամարդ չեղա...»: Լաո, հիմի իմացա՞ր, թե մարագ ինչու երկար կմնամ։
Պողոսն արդեն չէր թաքցնում արցունքները որդուց, որդին նույնպես։ Փլված հոգով վերցրեց կողքի դատարկ միզարն ու գնաց մարագ։ Գևորգ գիտեր, որ հայրն առավոտյան տարել էր դարմանի վերջին մնացորդը, բայց միզարով գնաց: Պողոսը դռան մոտ ջղարա փաթեց, դուռը ներսից ծածկեց ու դանդաղ իջավ մարագի մի քանի աստիճանները։ Դռան հետևում Գևորգը լսում էր հոր ողբը. «Ներե՛, իմ անուշ մերիկ, ներե՛»: Իսկ դրսի կողմում, գլուխը փականին հենած, լալիս էր տասնհինգամյա Գևորգը. «Դու էլ ընձի ներե, իմ անուշ բաբո, ներե, քու համար դեռ 1915 թիվն է ու մինչև գերեզման չի վերջանա»։
1957-ի գարունն էր։ Պողոսը դեռ չէր բոլորել 60-ը, բայց թաքուն ցավը արդեն քամել էր մարմինը։ Առավոտյան մտավ մարագ առանց միզարի։ Գևորգը այդ մեկը չհասկացավ, բայց քիչ հեռվից հետևում էր։ Հայրը սովորականից ուշ դուրս եկավ, երկար նայեց Էրգրի կողմը, նկատեց Գևորգին ու ձեռքով կանչեց։
-Բաբո, էսօր ինչո՞ւ առանց միզարի մտար մարագ,- հորը գրկեց Գևորգը:
-Էլ չեմ մտնի, լաո՛,- հանգիստ ասաց Պողոսը:
«Ինչ լավ է, երևի որոշել է էլ չողբալ»,- մտքում ինքն իրեն հանգստացրեց Գևորգն ու հետևեց հորը: Արշալույսի ծիրանագույն շողը ցուցամատի նման Էրգրի կողմն էր պարզած։ Պողոսը պառկեց թախտին, խոր շնչեց, որդու ձեռքը սեղմեց ափերի մեջ ու հազիվ շշնջաց. «Իմ մոր հոգին քառասուներկու տարի ամեն օր ինձ կկանչե: Լաո, չիմացա թո՞ւրք սպանեց, գել ու գազա՞ն կերան, թե՞ գլորվավ ընկավ թոնիր ու հաց դարձավ։ Երթամ ներողություն խնդրիմ»։
Գևորգին թվաց, թե հայրը հոգնածությունից աչքերը փակեց։ Դեմքի մռայլությունը դանդաղ հեռանում էր: Քիչ հետո Պողոսն արդեն Էրգրի ճամփին էր, գնում էր մորից ներողություն խնդրելու։
Հարևաններն ու բարեկամները հավաքվեցին: Մեկը ինֆարկտ ասաց, մյուսը` բրոնխները, մեկ ուրիշը` չարքն է զարկել։ Բոլորն էլ զարմանքով իրար էին հարցնում` ի՞նչն էր Պողոսի ցավը։
Մենակ անկյունում ողբացող Գևորգը գիտեր իր հոր մահվան իսկական պատճառը. «Բաբոն գնաց իր մոր մոտ ներողություն խնդրելու։ Իմ անուշ բաբո, դու էլ ինձ ների քո ցավն ու դարդը իրար տալու։ Քո համար դեռ 1915 է»:

Դիտվել է՝ 64266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ