ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Վաղ է խոսել էլեկտրոնային գրքի շուկայի մասին, եթե զարգացած չէ անգամ ավանդական գրքի շուկան»

«Վաղ է խոսել էլեկտրոնային գրքի  շուկայի մասին, եթե զարգացած չէ  անգամ ավանդական գրքի շուկան»
05.09.2014 | 17:17

Աշխարհի ամենամեծ ինտերնետ-խանութում` Amazon.com-ում, կարելի է ներկայացնել անհաշիվ ապրանքներ, և ամենավաճառվող ապրանքը գիրքն է: Ինտերնետ խանութներից ապրանք գնելու ավանդույթը մեզանում ինչպես հարկն է չի ձևավորվել: Էլեկտրոնային գիրք ասվածը նույնպես մասսայականություն չի վայելում: Զրուցակիցս ԱՆԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՆ է (Անի Չիբուխչյան), ում առօրյան ու աշխատանքն ուղղակիորեն կապված են վիրտուալ ոլորտի հետ: Անի Ալեքսանդրի գրքերը ներկայացված են Amazon-ում: «Emotional Moments» գիրքը կարճ պատմվածքների ժողովածու է: Ի դեպ, պատմվածքներից մեկը` «Stars»-ը Պաուլո Կոելյոն հրապարակել է իր բլոգում: Առաջին վեպը` «Highfall»-ը բեսթսելլեր է եղել Amazon-ի տարբեր կատեգորիաներում, հիմնված է իրական պատմության վրա: Երկրորդ վեպը վերնագրված է «DreamDown»: Այն երեք կանանց մասին է, որոնք տարբեր սերնդի ներկայացուցիչներ են: Անի Ալեքսանդրը նաև աուդիոբլոգ (պոդկաստ) է վարում գրողների համար՝ գրքի մարքեթինգ, հրատարակչական գործ թեմաներով:

-Էլեկտրոնային գրքի շուկան առաջընթաց է ապրում, սակայն, ըստ փորձագետների, կարող է գրավել գրքի շուկայի քառորդ մասը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Անկեղծ ասած, կարող եմ խոսել մասնավորապես Amazon-ի մասին, որտեղ, որքան ինձ հայտնի է, գրողներն ավելի շատ իրենց գրքերի էլեկտրոնային տարբերակներն են վաճառում, քան տպագիր: Էլեկտրոնային գրքի վաճառքը 14 տոկոսով գերազանցում է տպագիր գրքի վաճառքը: Ես վստահ եմ, որ էլեկտրոնային գրքի շուկան շարունակելու է աճ գրանցել:
-ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային տեքստերի օրինական վաճառքների ծավալներն աճում են: Հիմնական աճը պայմանավորված է Amazon-ի ի հայտ գալով: Ի՞նչ գիտեք դրսի շուկայի մասին: Ըստ Ձեզ` գրքասերներն օգտվում են թե՛ մեկ, թե՛ մյուս շուկայի՞ց, թե՞ էլեկտրոնային գիրք նախընտրողներն այլ որակ են կազմում:
-Amazon-ի շուկան շատ դինամիկ է, ինչը պայմանավորված է թե՛ ընթերցողների, թե՛ գրողների ակտիվությամբ: Այն հնարավորություն տվեց գրողներին շրջանցելու բոլոր օղակները, որոնք դանդաղեցնում և բարդացնում էին հրատարակման գործընթացը: Հիմա նրանք կարող են ինքնուրույն հրատարակել իրենց գրքերը: Գրքասերները կարդում են և՛ էլեկտրոնային, և՛ տպագիր գրքեր, բայց պետք է հաշվի առնել, որ Amazon-ում սովորաբար նույն գրքի էլեկտրոնային տարբերակն ավելի մատչելի է: Ինձ չի թվում, որ կոնտինգենտը տարբեր է: Շատերը գնում են իրենց կարդացած և հավանած էլեկտրոնային գրքի նաև դասական տարբերակը:
-Ինքներդ ի՞նչ բացահայտեցիք Amazon-ում: Ո՞վ է Ձեր ընթերցողը, ի՞նչ հեռանկարներ ունեք էլեկտրոնային գրքի շուկայում:
-Ես պարզեցի մի քանի կարևոր փաստ: Առաջինը, որ յուրաքանչյուր ոք շատ արագ կարող է յուրացնել Amazon-ի հիմնական սկզբունքները և հրատարակել իր գիրքը: Երկրորդ` Amazon-ում կարելի է հանդես գալ առանց գումար ծախսելու: Երրորդ` գրքերի վաճառքից հնարավոր է գումար վաստակել:
-Հայ հեղինակները ներկայացվա՞ծ են Amazon-ում:
-Այո, կան հայ գրողների (և՛ Հայաստանից, և՛ արտասահմանից) անգլալեզու գրքեր: Կարելի է հանդիպել նաև հայ ժամանակակից և դասական գրողների հայերեն գործերի:
-Կարո՞ղ եք անուններ նշել:
-Դասականներից` Հովհաննես Թումանյան, ժամանակակիցներից` Հովհաննես Թեքգյոզյան, Սուրեն Ֆանտ և այլք:
-Կարելի՞ է ասել, որ թարգմանությունն ամենամեծ խոչընդոտն է էլեկտրոնային գիրքը միջազգային շուկայում ներկայացնելու հարցում:
-Չեմ կարծում, որ խնդիրը միայն թարգմանությունն է: Նույնիսկ որակյալ թարգմանությունը չի կարող լուծել գրքի վաճառքի հարցը:
-Առցանց խանութում մեծ քանակությամբ գրքեր կան, ինչպե՞ս է ընթերցասերը կատարում ընտրությունը գրքերի այդ բազմազանության մեջ: Ի՞նչն է առաջնային` գրողի հեղինակությո՞ւնը, թե՞ գրքի գովազդը:
-Գրողի հեղինակությունը միանշանակ մեծ դեր է խաղում: Հեղինակավոր գրողներին հենց նույն Amazon-ը գովազդում է և նրանց գրքերին կայքում շատ ավելի տեսանելի տարածքներ է տրամադրում: Ընթերցողներից շատերը նախընտրում են նույն ոճի գրքեր, ուստի փնտրում են գրքերն ըստ Amazon-ի կատեգորիաների: Amazon-ն ունի իր հատուկ ալգորիթմը, ըստ որի, հաշվարկում և ցուցադրում է գրքերի վարկանիշը: Հաշվի է առնվում գրքերի գնելիությունը, ընթերցողի արձագանքը և այլն: Ամեն դեպքում, պետք է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք. եթե չզբաղվեն գրքի մարքեթինգով, այն չի վաճառվի, անկախ գրական բարձր արժեքից: Իսկ գրքերի առատության մասին պատկերացում կազմելու համար ասեմ, որ ամեն օր Amazon-ում հրատարակվում է շուրջ 40 հազար գիրք:
-Խոսենք հայաստանյան շուկայի մասին: Գիտենք, որ շատերն իրենց հետաքրքրող գրականությունը բեռնում են անվճար, մեզ մոտ չկա ավանդույթ վճարելու էլեկտրոնային գրքի համար: Էլեկտրոնային գրքի համար վճարում են, եթե չկա կամ անհասանելի է անվճար տարբերակը:
-Մեզ մոտ չկա ավանդույթ վճարելու ցանկացած ստեղծագործության համար` լինի գիրք, երգ, թե ֆիլմ: Միշտ էլ առաջինը, որ մտքներով անցնում է, համացանցում անվճար տարբերակը գտնելն է: Գուցե` այո, վճարում են միայն այն ժամանակ, երբ ցանկություն ունեն տվյալ գիրքը ձեռք բերելու, բայց անվճար տարբերակը չկա:
-Տպագիր գիրքը, ի վերջո, շոշափելի է, դրվում է գրադարակում՝ երկար տարիներ շոյելով աչքը: Էլեկտրոնային գիրքն ի՞նչ առավելություններ ունի, որի համար ընթերցասերը պետք է վճարի:
-Նախ և առաջ, ինչպես արդեն նշեցի, էլեկտրոնային գիրքն ավելի էժան է, բացի այդ, տեղ չի զբաղեցնում: Իմ պայուսակում գտնվող kindle-ի շնորհիվ կարող եմ հետս վերցնել հազարավոր գրքեր: Ես կարդացել եմ գրողների, որոնք հրատարակում են իրենց գրքի միայն էլեկտրոնային տարբերակը: Էլեկտրոնային գիրքն ընթերցելը ինտերակտիվ է: Օրինակ, կարող եք նշել Ձեր նախընտրած նախադասությունները և հենց տեղում «կիսվել» սոցիալական ցանցերում կամ ուղարկել Ձեր էլեկտրոնային հասցեին: Կարող եք տեսնել նաև, թե գրքի որ հատվածներն են ընթերցողներն ամենից շատ կարևորել: Իրականում այնքան էլ էական չէ գրքի ձևը, կարևորն այն է, թե ինչ և ինչպես է գրված:
-Մեզ մոտ ի՞նչն է խոչընդոտում էլեկտրոնային գրքի շուկայի զարգացմանը, գուցե չե՞ն կարողանում վճարել էլեկտրոնային գրքերի համար, կամ ոչ բոլորն ունեն էլեկտրոնային գրքեր կարդալու համար նախատեսված սարքեր ու պլանշետներ, քիչ են հայերեն թվային գրքերը: Այս ամենին էլ գումարվում են ընթերցողների պակասն ու նրանց նախընտրությունը:
-Ձեր նշած բոլոր պատճառներն էլ առկա են: Ինձ թվում է՝ այսօր դեռ վաղ է խոսել էլեկտրոնային գրքի շուկայի մասին, եթե զարգացած չէ անգամ ավանդական գրքի շուկան:
-Ինքներդ գրքեր եք գնում ավելի շատ դասակա՞ն, թե՞ թվային տարբերակով:
-Դասական տարբերակով հազվադեպ եմ գրքեր գնում, քանի որ հիմնականում կարդում եմ օտար լեզուներով: Նշեմ նաև, որ Amazon-ից գրքերը հասնում են Հայաստան ամենաշուտը 10 օրում, գրքի արժեքին գումարվում է նաև փոխադրման ծախսը, որը կարող է գրքի արժեքից էլ ավելի լինել:
-Անի, ինչո՞ւ եք գրում անգլերեն:
-Ես սովորել եմ Երևանում մինչև 6-րդ դասարան, դրանից հետո ապրել և սովորել եմ տարբեր երկրներում, այդ պատճառով մտքերս ավելի հեշտ եմ արտահայտում անգլերեն: Բացի այդ, իմ իմացած հինգ լեզուներից անգլերենն ամենահարմարն է ստեղծագործելու համար:

Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ