Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Յուրաքանչյուր եզդի փախստական անարգել մուտք կգործի Հայաստան»

«Յուրաքանչյուր եզդի փախստական  անարգել մուտք կգործի Հայաստան»
05.09.2014 | 17:23

«Օգոստոսի 2-ից Իրաքի Շանգալ շրջանում, որը հիմնականում եզդիաբնակ է, տեղի է ունենում եզդիների ցեղասպանություն: Մեր ժողովրդի մի մասին ֆիզիկապես ոչնչացնում են, մի մասին` երեխաներին, ծերերին, տեղահանել են բնակավայրից, որոնք սարերում էլի բնաջնջվում են: Ցեղասպանությունը շարունակվում է»,- երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԸ: Նրա խոսքով` դարձյալ գրավում են եզդիների բնակավայրերը, եզդիներին գնդակահարում են, կախաղան են հանում, գերեվարում են. «Շուրջ 1500 կանայք ստրկության մեջ են Մոսուլ քաղաքում, և ցավալի է, որ Իրաքի Հանրապետության նոր վարչապետը իր խոսքում երբեք չի նշել եզդի կանանց ազատագրման մասին: Գերեվարված են նաև երեխաներ, որոնց պահում են, որ իսլամ ընդունեն: Սա նույնպես ցեղասպանություն է»:
Բանախոսը նշեց, որ միջազգային հանրության տրամադրած օգնությունը լիարժեք չի հասնում եզդիներին: Ներկայումս եզդիներն ունեն երեք ռազմական ջոկատ, որոնց ղեկավարները դժգոհում են, որ զենք չեն ստանում: Հարկ է նշել, որ կոնկրետ միջոցառումներ են ձեռնարկվում, որ եզդիներն իրենք պաշտպանեն իրենց: Ա. Շարոյանի փոխանցմամբ` գյուղեր կան, որ ազատագրվել են, բայց եզդիները վախենում են վերադառնալ իրենց բնակավայրերը: Վերապրած սարսափը միանգամից մոռանալ կամ անտեսել չեն կարող, բացի այդ, ուզում են, որ միջազգային հանրությունը անվտանգության երաշխիքներ ստեղծի: «Բոլոր եզդի հասարակական գործիչների, հասարակական կազմակերպությունների ցանկությունը մեկն է, որ պահպանվի Շանգալը, բայց դրա համար պետք է այնտեղ ստեղծվի ինքնավար հանրապետություն` միջազգային կազմակերպությունների խաղաղապահ ուժերի ներքո»,- ասաց նա և տեղեկացրեց, որ Շանգալը, ուր ապրել է մոտ մեկ միլիոն եզդի, հիմնականում դատարկվել է, բայց դեռևս 200-300 հազար եզդի է մնում և հիմնական օգնությունը ստանում է եզդի բարերարներից: Իսկ ովքեր թողել են իրենց բնակավայրերը, հիմնականում ապաստանում են Սիրիայում, Թուրքիայում և Քրդստանի Ինքնավար Հանրապետությունում:
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի փոխնախագահ ԳՅՈՒՐՋԻՍ ՔՈՉՈՅԱՆՆ էլ ասաց, որ Արցախի Հանրապետությունը անսահմանափակ թվով եզդի ընտանիքների պատրաստ է ապահովելու բնակավայրով, տնով: Իրենք շնորհակալ են, քանի որ Արցախն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց այս արհավիրքին:
Ամո Շարոյանը հավելեց, որ Հայաստան են բերելու փախստականների, որոնք անձը հաստատող փաստաթղթեր անգամ չունեն, ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել այդ խնդիրները լուծելու: «Հայաստանի սահմանում հայտնված յուրաքանչյուր եզդի փախստական անարգել մուտք կգործի Հայաստանի Հանրապետություն: Դա մեր կառավարության դիրքորոշումն է»,- վստահեցրեց բանախոսը:
Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, տրամադրած օգնությունը եզդի ժողովրդին միանշանակ չեն մեկնաբանվում: Կարծես կան նաև դժգոհելու պատճառներ:
«Երբ օգոստոսի 2-ին սկսվեց ցեղասպանությունը, աշխարհը կարծես ոչ մի բան չտեսավ, երկու օր անց նոր եղան ինչ-որ արձագանքներ,- պարզաբանեց Ամո Շարոյանը:- Մեր հանրապետությունն էլ ժամանակին չարձագանքեց, լրատվամիջոցները կարծես ոչինչ չէին նկատում, մտավորականները նույնպես պասիվ դիրք էին ընդունել: Հարցը 100 կամ 150 հազար դոլարի մասին չէ, այլ վերաբերմունքի»: Բանախոսն ընդգծեց, որ մենք ցեղասպանության ենք ենթակվել դեռևս 100 տարի առաջ, և երբ նայում ես եզդի ժողովրդի կոտորածի նկարները, թվում է՝ արդեն տեսել ես այդ նկարները Հայոց ցեղասպանության թանգարանում: Գյուրջիս Քոչոյանն էլ հիշեցրեց, որ Հանրային հեռուստաընկերությունը գոյատևում է ժողովրդի հարկերի հաշվին, և լավ կլիներ, որ ամիսը գոնե 10-15 րոպե եթեր տրամադրեր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին:
«Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ կանխելու համար ցեղասպանությունը»: Անդրադառնալով «Իրատես de facto»-ի այս հարցին, «Միդիա-Շանգալ» ՀԿ-ի նախագահն ասաց, որ հզոր պետությունները պետք է կանխեն ցեղասպանությունը. «Նրանք պետք է թույլ չտային այդ բոլորը: Մեր ժողովուրդը դարձավ անհատների, հզոր պետությունների շահերի զոհ»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ