Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վահե Իգիթյան. «Սիրում եմ դժվարություններ հաղթահարել, պայքարել, կռիվ տալ կյանքի հետ» (տեսանյութ)

Վահե Իգիթյան. «Սիրում եմ դժվարություններ հաղթահարել, պայքարել, կռիվ տալ կյանքի հետ» (տեսանյութ)
08.09.2014 | 14:53

ՈՒթ տարեկան էր Վահեն, երբ ծնողների հետ գնաց Հունաստան և վերադարձավ միայն 2013-ին, «Արմենիա» հեռուստաընկերության «The voice» ( «Հայաստանի ձայնը») նախագծին մասնակցելու համար: Վահեին շատ սիրեց նախագծի հանդիսատեսը, նրա կատարումները հիացրին ռոքի սիրահարներին: Վահեն ինքնուս երաժիշտ է, դաշնամուր է նվագում, երգում է: 2013-ին մասնակցել է ավստրիական «Ernie Oldfield» («Էրնի Օլդֆիլդ») մրցանակաբաշխությանը, ստացել է մրցանակ` գերազանց կատարման համար: Վահե Իգիթյանն արդեն մեկ տարի է՝ Հայաստանում է:

-Մասնակցեցիր նախագծին, բավականին առաջ գնացիր, հետո՞:
-«The voice»-ից հետո ավելի մոտեցա երգին, երաժշտությանը, մտածեցի ավելի պրոֆեսիոնալ գործ անել: Հիմա տեսահոլովակ եմ պատրաստում, ուզում եմ այնպիսի տեսահոլովակ անել, այնպիսի երգ, որը սիրո մասին չլինի:
-Ինչո՞ւ, դու չե՞ս սիրում սիրո մասին երգեր:
- Սիրում եմ, իհարկե, սիրում եմ, բայց շատ են սիրո մասին երգերը՝ սեր, սեր, սիրում եմ քեզ, դու հեռացար… Մի տեսակ շատ է, գրեթե բոլոր երգերը կամ մեծ մասը սիրո մասին են, քիչ կան կյանքի մասին: Իմ երգը կյանքի մասին է, որ ամեն ինչ հնարավոր է, որ պետք է պայքարել, քանի դեռ ապրում ես: Երաժշտության և բառերի հեղինակը ես եմ: Տեսահոլովակի սցենարի մի մասն էլ ես եմ գրել, մի մասը՝ Հարութ Հակոբյանը, միասին ենք արել:
-Ի՞նչ ոճի մեջ է: ՈՒզո՞ւմ էիր այդպիսի երգ գրել, թե՞ պատահական ստացվեց:
-Երգը ռոք-բալլադ է: Ինչպե՞ս ստեղծվեց: Տանը դաշնամուր էի նվագում ու հանկարծ… դուրս եկավ այդ երգը, նոտաներն իրենք իրենց եկան: Այդպես եղավ: Շատ բարդ երգ չէ, պարզ, հասարակ երգ է՝ առանց բարդությունների:
-Մինչ այդ ունեի՞ր քո հեղինակությամբ երգ, թե՞ սա քո առաջնեկն է:
-Շատ երգեր եմ գրել, բայց երբևէ պրոֆեսիոնալ ձայնագրություն չի եղել: Այս անգամ այս երգով որոշեցի մի պրոֆեսիոնալ գործ անել: Այն մի աղջկա մասին է, ով վթարի ենթարկվելով՝ հաշմանդամ է դառնում, բայց հետո իր մեջ ապրելու ուժ է գտնում և վերջում կարողանում է առաջին քայլերը անել: Այսինքն՝ եթե ուզում ես, կկարողանաս հաղթահարել, կկարողանաս հասնել: Դրա համար էլ վերնագիրն է՝ «Possible» («Հնարավոր է»):
-Իսկ երգո՞ւմ ես որևէ տեղ, մասնակցո՞ւմ ես ինչ-որ ծրագրերի:
- Նախկինում միշտ հրավիրում էին երգելու: Առաջին անգամ մի պրոդյուսեր զանգեց, ասացի՝ կգամ: Հարցրեց, թե որքան պիտի վճարի, իսկ ես փողի հետ, այսպես ասած, այնքան լավ չեմ, չեմ կարողանում որևէ բան ասել, ասացի՝ ոչինչ պետք չէ, կգամ կերգեմ: Գնացի մի անգամ՝ առանց վճարի, երկրորդ անգամ, երրորդ, չորրորդ… և էլ չգնացի: Հնարավոր չէ միշտ անվճար երգել: Հետո մի անգամ ասացի, որ այդպես չի լինի, ճիշտ է, սիրում եմ երգել, բայց, մյուս կողմից, դա աշխատանք է ինձ համար:
-Իսկ կա՞ որևէ մեկը, ում հետ համագործակցում ես:
-Այս պահին համագործակցում եմ հույն երաժիշտ Միխալիս Անտոնիուի հետ, ով Կիպրոսի՝ 2011-ի «Եվրատեսիլի» երգի հեղինակն է: Նա երգ էր ուղարկել՝ «Remember even once» («Հիշիր թեկուզ մեկ անգամ»), որի համար բառեր եմ գրել: Իսկ հիմա ուզում է, որ թարգմանեմ «Եվրատեսիլի» երգի բառերը: Այս պահին դրա վրա եմ աշխատում: ՈՒզում եմ նաև վերադառնալ Հունաստան և մասնակցել Հունաստանի «The voice» -ին, բայց Հայաստանի կողմից: ՈՒզում եմ նորից փորձել, պրոֆեսիոնալ բան անել ավելի շատ մարդկանց մեջ: Հունաստանում շատ ավելի դժվար է, որովհետև այնտեղ ավելի շատ մասնակից կա: Հայաստանում 2013-ին մենք 1200 հոգի էինք, որից մնացինք 125-ը, Հունաստանում 10 հազար հոգի են, ու պետք է մնան 125-ը: Ավելի դժվար է և ավելի հետաքրքիր: Սիրում եմ, երբ դժվար է, ու կարողանում ես պայքարել, սիրում եմ դժվարություններ հաղթահարել, պայքարել, կռիվ տալ կյանքի հետ:
-«Հայաստանի ձայնը» նախագիծը քեզ ինչ-որ բան տվե՞ց: Ի՞նչ տվեց քեզ Հայաստանն ընդհանրապես:
-Ավելի մոտենալ երգին, ավելի ճիշտ զբաղվել երգով, ավելի պրոֆեսիոնալ: Ես առաջին անգամ էի բարձրանում բեմ ու շատ բան սովորեցի թե՛ վոկալի հետ կապված, թե՛ մարդկային հարաբերությունների առումով: Հետաքրքիր էր. սկզբում շատ ջերմ էին, ամեն ինչ լավ էր, հետո քանի առաջ էինք գնում և մոտենում ֆինալին, բոլորն ավելի հեռու էին իրարից, չէին խոսում: Երբ դեռ չորս-հինգ հոգի էինք, ավելի լավ էր ու ջերմ, հետո կամաց-կամաց չէին խոսում միմյանց հետ (ժպտում է- խմբ.): Շատ բաներ սովորեցի: Ավելի հետաքրքիր երգեր եմ գրում հիմա, ռոք-օպերային մոտիկ: Շուշան Պետրոսյանն իմ մեջ զարգացրեց ռոք-օպերան: Շուշան Պետրոսյանին շատ շնորհակալ եմ, ինձ օգնել է միշտ: Նա բծախնդիր մարդ է, և դա ինձ օգնում էր շատ աշխատել, հնարավորինս լավ կատարել երգը:
-Երաժշտությունն ի՞նչ է քեզ համար, ի՞նչ է քեզ տալիս երգը:
-Երաժշտությունն ինձ համար արտահայտվելու ձև է: Եթե լավ չեմ զգում ինձ կամ ինչ-որ ասելիք ունեմ, նվագում եմ, երգում: Օրինակ, երգ եմ գրել Նոյյան տապանի մասին, բայց միայն երաժշտությունը, բառեր չկան: Այդ պահին այդպես արտահայտվեցի: Որպեսզի մեջս չպահեմ, արտահայտվում եմ:
-Իսկ եթե կյանքը երաժշտության վերածես, ի՞նչ կստացվի: Ի՞նչ ոճի երաժշտության մեջ ես տեսնում կյանքը:
-Կյանքն ինձ համար ռոք է, որովհետև ռոքը շատ գույներ ունի իր մեջ, բազմաթիվ շերտեր, շերտեր, շերտեր… Կյանքը չի կարող լինել միայն սև, միայն սպիտակ կամ կարմիր: Կյանքը բազմաթիվ գույներ ունի իր մեջ, բազմաթիվ երանգներ և միայն փոփով չես կարող արտահայտել այն, դասականով էլի դժվար կլինի, իսկ ռոքով ուրիշ է: Ռոքի մեջ ամեն ինչ կա: Կյանքն ինձ համար ռոք է: Կյանքի համար պայքարը միայն ռոքով կարող ես լավագույնս արտահայտել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

Vahe Igityan,Wind of Change by Scorpions - The Voice Of Armenia - Live Show - Season 2
Դիտվել է՝ 1238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ