«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ով Երուսաղեմ, խրատվի՛ր, չլինի թե Իմ Հոգին քեզանից զատվի»

«Ով Երուսաղեմ, խրատվի՛ր, չլինի թե Իմ Հոգին  քեզանից զատվի»
09.09.2014 | 11:02

Բազում հայորդիների երազանքն է լինել Սուրբ երկրում, մանավանդ Երուսաղեմում։ Եվ հիմա այդպիսիների համար պիտի փորձեմ նկարագրել Տիրոջ ոտնակոխ այդ քաղաքները-քաղաքը, հնարավորինս ընթերցողի առաջ պատկերելով բազմադարյա պատմություն ունեցող Հին քաղաքի ուշադրության արժանի վայրերը, որպեսզի մտովի և հոգով ուխտագնացություն կատարեք Տիրոջ քաղաքում։ Սկսենք վաղնջական Երուսաղեմից, որն այստեղ կոչում են Հին քաղաք: Այն գտնվում է այժմյան Երուսաղեմի մեջտեղում և մինչև այժմ էլ շրջապատված է բարձր ու լայն պարսպով ու յոթ անուն դարպասներով: Պարիսպն այնքան լայն է, որ, որոշակի գումար մուծելով, զբոսաշրջիկները գիշեր, թե ցերեկ քայլում են դրա վրայով, որտեղից ավելի լավ են երևում հին ու նոր Երուսաղեմի տեսարժան վայրերը:
Աշխարհի սիրտը, այսինքն՝ սուրբ Հարության տաճարը, Հին քաղաքի տարածքում է գտնվում և մեր սուրբ Հակոբյանց մայրավանքից ուղիղ գծով ընդամենը 300 մետր է հեռու: Նրան շրջապատում են այլ հարանուն քրիստոնեական եկեղեցիների վանքերն ու պատրիարքարանները: Քարտեզի վրա Հին քաղաքը պարագրված է որպես արգելավայր, այսինքն՝ այդ տեղով ոչ մի մեքենա իրավունք չունի անցնելու: Թեև ուզենա էլ չի կարող, որովհետև փողոցներն այնքան նեղ ու ոլորապտույտ են, որ միայն մարդիկ ու կենդանիները կարող են շարժվել. այսինքն՝ էշ, ջորի, ձի, ուղտ և այլն, որոնք նախկինում միակ փոխադրամիջոցն են եղել: Եվ եթե ուշադիր նայենք, ապա հին շուկայում նույնիսկ կարող ենք տեսնել հռոմեական լեգեոնի ձիերի քայլելու համար հատուկ սալարկված հսկայական կարծր քարեր, որոնց խորդուբորդ ձև են տվել, որպեսզի ձիերի պայտերը չսահեն ողորկ քարերի վրայով: Մինչ օրս էլ Հին քաղաքի բնակիչներին նավթ վաճառող արաբները այն բերում են ջորու վրա հարմարեցված բալոններով: Բայց հիմա Հին քաղաքի սանիտարական, շինարարական և այլ կարիքների սպասարկման համար նեղլիկ, սովորականից երկու անգամ փոքր, անվադողավոր տրակտորներ են օգտագործում, որոնք օձագալար շարժումներով սողոսկում են մինչև իսկ շուկայի մութ կածանները: Իսկ քանի որ Հին քաղաքը գտնվում է Երուսաղեմի կենտրոնում, ապա քաղաքի միջով հրեական շրջանից արաբականն անցնելու համար միայն մեկ քիչ թե շատ լայն ճանապարհ կա, որն էլ կոչվում է «Հայոց պատրիարքարանի ճամփա»: Այն անցնում է ճիշտ մեր պատրիարքարանի շենքի կամարի տակով: Այնպես որ, ուզեն, թե չուզեն, հրեաներն ու արաբները ամեն օր անցնում են հայոց «թրի» տակով. և ոչ միայն նրանք, այլև աշխարհի բազմահազար զբոսաշրջիկները, ովքեր գնում են այցելելու Տիրոջ Վերջին ընթրիքի և Սուրբ Հոգու իջման վայրը, ինչպես նաև Տիրամոր ննջման եկեղեցին, իսկ հրեաները խումբ-խումբ գնում են աղոթելու Դավիթ թագավորի գերեզման-մատուռում: Եվ այդ էր պատճառը, որ արաբա-հրեական ընդհարումների ժամանակ շատ անգամ տուժել են այդ երկուսի արանքում գտնվող հայերը: Մինչև հիմա էլ մեր Սուրբ Փրկիչ գերեզմանատան երկաթյա դարպասների վրա մնում են վերջին պատերազմի ականների բեկորների բացած բազմաթիվ մեծ ու փոքր անցքերը: Իսկ արաբների ու հրեաների միջև գտնվող Սիոնի կամարաձև քարե դարպասը «նախշվել» է «Պատերազմ և խաղաղություն» անունը կրող «քանդակներով», այսինքն՝ ամբողջովին ծակծկվել է մահաբեր փամփուշտներից ու ռումբերի բեկորներից, «արձանագրելով» որպես հազարամյակների պատմության սպիներ կրող այս քաղաքի վերջին պատերազմի կնիք: Եվ տա՛ Աստված, որ իսկապես վերջինը լինի, ու Շալոմ Երուշալայմ` Խաղաղություն Երուսաղեմին անունը համապատասխանի իրականությանը:
Քաղաքի մեծ մասը կառուցված է Սիոն կոչվող սուրբ լեռան վրա, որը յուրաքանչյուր հրեայի երազանքի վայրն է, այնպես, ինչպես մեզ համար Արարատ լեռն է: Իսկ թե որքան թանկ է այդ լեռը, երևում է Սաղմոսից ու Եսայի մարգարեի այս խոսքից.
«Նեղության օրը Տերը քեզ կպատասխանի,
Հակոբի Աստծո անունը քեզ կպաշտպանի,
Օգնություն կուղարկի քեզ սուրբ տեղից
Եվ զորություն կտա քեզ Սիոնից» (Սաղմ. 20.1-2):
Եվ դարձյալ.
«Այսպես է ասում Տերը. «Երանի՜ նրան, ով զավակ ունի Սիոնում, և ում տնեցիները Երուսաղեմում են» (Եսայի 31.9):
ՈՒ առավել երանի մեզ՝ հայորդիներիս, որովհետև մեր «տնեցիները» Երուսաղեմում են, քանի որ Աստվածաշնչում հայոց աշխարհն ու հայոց ազգը միակն են Իսրայելի տնից հետո, որին Տերը Թորգոմի տուն է կոչում: Այսինքն՝ Տիրոջ համար, բացի Իր ընտրյալներից, մի ուրիշ ազգ էլ կա, որն Իր տնեցիների նման հարազատ է Նրան: Եվ դա մեր ազգն է (Եզեկիել 27.14 և 38.6):
Օրհնվելով այսչափ երկնային օրհնություններով՝ իրավունքով քայլենք սուրբ քաղաքի բազմադարյա փողոցներով: ՈՒ եթե ուշադիր եղաք նրա հատակագիծը դիտելիս, ապա տեսաք, որ Հին քաղաքի չորս խոշոր թաղամասերից միայն երկուսն են կրում ազգի բուն անունը, այսինքն` Հայկական թաղամաս, որը գրավում է Սիոնի մեկ վեցերորդ մասը, և Հրեական թաղամաս: Սրանք իրարից բաժանվում են Արարատի անունը կրող փողոցով, իսկ մնացյալն ընդհանուր է, և կոչվում են Քրիստոնեական ու Մուսուլմանական թաղամասեր:
Քաղաքի դեղնափայլ, ողորկ ու դարերի կնիք ունեցող փողոցներով քայլելիս կարծես մի պահ տեղափոխվում ես միջնադար՝ ծուռ ու մութ, նեղլիկ ու սալահատակ փողոցներ, հնաոճ քարաշեն կոպիտ տներ, փոքրիկ կամարներ, ու ոչ մի ժամանակակից ոճ. բոլորը ինքնաբուխ և, ամենակարևորը, հարմարավետ ու ապահով, որովհետև ինչպես արդեն ասացինք` այստեղ հարձակումներն ու պատերազմները անպակաս են եղել: Իսկ երբ այդ բանուկ փողոցների վրա հանկարծ կարդում ես երեք լեզուներով (եբրայերեն, անգլերեն, արաբերեն) գրված՝ սուրբ Հակոբի, Հայոց պատրիարքարան կամ Արարատի փողոց, ինքնաբերաբար հայ հոգիդ լցվում է մի ներքին անբացատրելի վեհության զգացումով և, կարծես դու էլ ես մասնակից դառնում այդ զորեղ, հավատավոր ու իմաստուն նախնիների ոգու երկնասլաց թռիչքին, որոնց քրտնակնդրուկ աղոթքների, ջանքերի և արիության շնորհիվ այս եկող, անցնող, գնացող ու երբեմն էլ վերացող բազում ազգերի մեջ քսա՜ն դար հարատևեցին մինչև այս վերջին ժամանակները: Հինավուրց պատմությունն իսկ հաստատում է, որ հայերը միայն Երուսաղեմում բազմաթիվ թաղամասեր են ունեցել հայորդիներով բնակեցված, որոնց մի մասը Ձիթենյաց կամ Համբարձման լեռների վրա հաստատվել է իր եկեղեցիներով ու վանքերով հանդերձ: Եվ մինչև հիմա էլ այդ լեռան վրա գտնվող ռուսական եկեղեցիներից մեկի սրահում հպարտությամբ ցուցադրում են եզակի հնագիտական արժեք ունեցող խճանկարների հատվածներ, որոնց վրա դարեր առաջ այդ տեղում գտնվող հայերին պատկանող վանքի հայատառ արձանագրությունները կան։
Վանքի հինավուրց և երկաթակուռ ամուր դարպասները անպայման փակվում են երեկոյան ժամը տասին, մինչև առավոտ։ Իսկ այդ ժանանակ Երուսաղեմի նոր թաղամասում եռում է գիշերային կյանքը իր բազմատեսակ զվարճություններով։ Այդ մանավանդ ավելի ցայտուն է արտահայտվում Իսրայելի ազատագրման օրը՝ մայիսի 14-ին, քանի որ հրեաները դարերով կորցրած լինելով իրենց պետականությունը, վերջապես 1948 թվականին այն վերստացան։
Նկարահանող օպերատորի հետ որոշեցինք մենք էլ մասնակցել այդ ուրախությանը։ Ամենևին չէի պատկերացնի, որ տարբեր ազգերի մեջ մեծացած ու ապրած հրեաները նման միասնականություն կարող են պահպանած լինել, նույնիսկ ազգային պարերում ու երգերում։ Տեսնելով այս ամենը, ճիշտն ասած, տխրեցի մեր ազգի անմիաբանության համար, մտքումս այն որակելով կենտրոնախույս ազգ, իսկ հրեաներին կենտրոնաձիգ, այսինքն` բոլորը մեկի, մեկը բոլորի համար ապրելու ձգտում ունեցող։
Իսկ մնացած օրերին Երուսաղեմի փողոցներում դարձյալ նախանձելի կարգուկանոն կտեսնես, քանզի հրեաների օրինապահությամբ նույնիսկ ճշտապահ գերմանացիներն են զարմացել։
Իհարկե, արտաքին կարգապահությունը այս բարդ քաղաքում ապահովում են մինչև ատամները զինված ոստիկանները, քանի որ շատերս ենք ցավով տեսել, թե պաղեստինցի մահապարտներն ինչ դաժանություններ են արել այստեղ։
Ինչպես արդեն հասկացանք, Երուսաղեմը բաժանվում է Հին և Նոր քաղաքների։ Հին Երուսաղեմը իր հերթին բաժանվում է չորս թաղամասերի՝ Հրեական, Հայկական, Քրիստոնեական և Արաբական։ Ինչպես կարդացիք, այդ չորս թաղամասերը հզոր արմատների հետ կապ ունեն, որոնցից մեկը աշխարհի համար փոքրիկ Հայաստանն է, բայց երբեմնի մեծ հավատի երկիրը։ Ցավում եմ, որ հավատի վերաբերյալ մեր ազգին «երբեմնի» ածականն է ուղեկցում, բայց այդ է իրողությունը, քանզի նվազել է մեր հավատի զորությունը։
Հրեական թաղամասը այս չորսից տարբերվում է ժամանակակից տներով ու ճարտարապետական յուրօրինակ ոճով և, իհարկե, հրեական նրբաճաշակությամբ ու գեղեցիկ խճանկարներով։
Այս թաղամասում շրջելիս, եթե ծանոթ ես Հին կտակարանին, ապա կարող ես տեսնել այս ազգին բնորոշ շատ բաներ, օրինակ` յոթնաճրագը, որ իրենք մենորա են անվանել Սողոմոն թագավորի ժամանակներից։ ՈՒ ժամանակակից հարուստ հրեաները իրենց ազգի երբեմնի փառքը հիշեցնելու համար կորսված այն հնի ոսկե տարբերակն են պատրաստել, ծախսելով մոտ 40 կգ ոսկի, ցուցադրելով խիստ վերահսկվող մի ապակեպատ տարածքում։
Հրեաները իրենց քաղաքի պատմությունով շատ են հպարտանում, քանի որ այն ամենահինավուրց քաղաքներից է, մոտ 3000 տարվա պատմությունով, և իհարկե այն փաստով, որ նրանք երբեք չեն փոխել իրենց մայրաքաղաքը, ի տարբերություն հայերիս, որ 12 մայրաքաղաք ենք փոխել։ Իսկ քաղաքի հանդեպ սերը ապագա սերնդին դեռ մանուկ հասակից են ուսուցանում, նույնիսկ հենց փողոցում։
Քրիստոնեական թաղամասի զարդն ու պարծանքը, իհարկե, արդեն մեզ ծանոթ Սուրբ Հարության տաճարն է, իսկ քիչ հեռու նաև հույն օրթոդոքս եկեղեցու պատրիարքարանը և կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանին պատկանող շենքերն ու հյուրանոցները։
Բայց արաբական թաղամասը պարծենալու մի բան ունի. Օմարի ոսկեգմբեթ մզկիթը, որը կառուցվել է հենց հիմնահատակ քանդված Սողոմոնի տաճարի տեղում, որտեղ, ըստ ավանդության, հայր Աբրահամը պետք է զոհաբերեր իր Իսահակ որդուն։ Այս մզկիթ այցելող զբոսաշրջիկները պետք է անպայման ենթարկվեն մահմեդականների սովորությանը ու, ի նշան հարգանքի, ոտաբոբիկ մտնեն ներս։
Շարունակենք մեր ուղևորությունը Հին քաղաքում, որի կենտրոնում է գտնվում աշխարհին հայտնի ստորգետնյա շուկան, որը ոչ այնքան գետնի տակ է, որքան արևի լույսի երես չի տեսնում և իրենից ներկայացնում է կողք կողքի կպած փոքրիկ կրպակների շարան, որի մի մասը ժամանակին եղել է հռոմեական լեգեոնների ձիերի ախոռ: Շուրջդ նայելիս գլուխդ պտտվում է ապրանքների առատությունից ու զանազանությունից: Իսկ երբ մտնում ես արևելյան քաղցրավենիքի շարքը, ապա անսովոր ու արբեցնող հոտերից ռունգերդ խուտուտ են գալիս, ու եթե աչքերիդ ազատություն տաս, ապա դրանց տեսքից արտադրություն է սկսվում բերանումդ, ու ձեռքդ ինքնաբերաբար դեպի գրպանդ ես տանում, եթե, իհարկե, այնտեղ փող ունես: Այս երկիրը թանկ հաճույքների վայր է, որտեղ այնպիսի քաղաքականություն են վարում, որ տեղացիները վարձատրվեն բարձր, ու բնական է, որ ապրանքների գինը նույնպես կբարձրանա, իսկ տուժողները մնում են զբոսաշրջիկներն ու ուխտավորները:
Այս հին շուկան նման է խճճված լաբիրինթոսի, որտեղ կորչելը շատ հեշտ է: Այդ պատճառով զբոսաշրջիկներին առաջնորդող ուղեցույցները միշտ իրենց գլխավերևում բարձր բռնած վառ գույնի նշանաձող են պահում, որպեսզի խմբի անդամները մարդկանց հոծ բազմության մեջ չկորցնեն իրենց խումբը: Իսկ եթե պատահի, որ մեկը մոլորվի, ապա մեծ բարդությունների հետ է կապված նրան օգնելը. որովհետև նախ լեզվական արգելքներ են լինում, իսկ երբեմն էլ այդպիսիք ընկնում են արաբ շրջմոլիկների ձեռքը, որոնք սև խավարասերների նման վխտում են շուկայում, որ իրենց բաժինն ունենան այս «յուղոտ պանրից»: Եվ այս շուկատները ¥շուկատ- շուկաներում թափառող, պարապ, խաբեբա, ստոր մարդ, որոնց ժամանակակից բարբառով «քցող» են ասում), երբ մոլորված զբոսաշրջիկ են տեսնում, սիրալիր առաջարկում են իրենց օգնությունը ու, իբր թե ուղեկցելով, տանում են այնպիսի մի խուլ ու մութ նրբանցք, որ դուրս գալն անհնարին է դառնում: Եվ մոլորված ու ահաբեկված զբոսաշրջիկներից ամեն մեկի համար տասը դոլար են պահանջում, որ ճիշտ ճանապարհը ցույց տան: Խեղճերն էլ այդ կացությունից դուրս գալու համար ճարահատյալ իրենց քսակներն են բացում: Մի՛ զարմացեք, այս անօրենության զավակները դեռ դարեր առաջ են նույն «արհեստը» բանեցրել և Սուրբ երկիր այցելող ուխտավորներին բազում վշտեր «պարգևել», երբեմն էլ կյանքից զրկել՝ սրբատեղերի կարոտը սրտներում թողնելով:
Այս և նման անօրենություններով լեցուն է Սուրբ երկիրը, որովհետև սրբության հակառակորդը ամեն խոչընդոտ է հարուցում, որ Աստծո ճշմարտություն և լույս փնտրող զավակները հուսահատվեն ու հետ կանգնեն այդ ճանապարհից: Բայց Տիրոջ Հոգին միշտ հաղթություն է տալիս. այդպիսիները թեկուզ և իրենց կյանքը դնելու գնով, հավիտենական Երկնային Երուսաղեմի ուրախությանն են արժանանում:
Այստեղի մահմեդականների անօրենությունները ո՛չ այսօրվա, ո՛չ էլ երեկվա դեպքեր են և, ինչպես համոզվեցիք, նրանք դարերով առնետների նման վխտացել են Սուրբ երկրում և, ամեն միջոցի դիմելով, իրենց պատառը փախցրել: Երուսաղեմի մեր հայոց Պարոնտեր պատրիարքի օրոք նրանք Սիոնի արաբական կողմից նույնիսկ ստորգետնյա թունել են փորել, որպեսզի սողոսկեն սուրբ Հակոբյանց վանքից ներս՝ գողություն ու թալան անելու համար: Մի անգամ էլ նույն պատրիարքին են ինչ-որ ձևով առևանգել և հրով բորբոքված հնոցի առջև պահելով՝ սպառնացել մեջը գցել, եթե փրկագին չվճարի: Նա էլ ճարահատյալ 6000 դահեկան է տվել վայրենաբարո այդ անօրենների ձեռքից ազատվելու համար: Սրանք պատմական փաստեր են, որոնց կողքով չես կարող անցնել։
Իսկ մեր ժամանակներում մենք նույնպես տեսանք դրանց անօրենության գործերից մեկը: Բանն այն է, որ, ըստ ավանդության, ամեն տարի սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ ղպտի հոգևորականները մեր վանքին երկու մատաղացու ոչխար են ընծայում: Դե քանի որ ուրիշ ավելի հարմար տեղ չկա պահելու (քանի որ այս քաղաքում կանաչ տարածություն քիչ կա), ապա ստիպված բերում են մեր Ժառանգավորաց վարժարանի բակ, որտեղ երեխաները խնամում ու կերակրում են դրանց մինչև զատկական արարողությունների ավարտը, որից հետո օրհնված աղը դնելով բերանները՝ մորթում, եփում ու բաժանում են կարիքավորներին, իհարկե, նախապես վարժարանի սաներին կերակրելով: Մի խոսքով, ինչպես սովորական մատաղն են անում: Բայց այս տարի, երբ ոչխարները փակեցին բակում, որի մի կողմում հինգ-վեցմետրանոց քաղաքի պարիսպն է, իսկ մյուս կողմում երկաթե բարձր դարպասները, առավոտյան հայտնաբերեցին, որ ոչխարներից մեկը անհետացել է: Վարժարանի զարմացած տեսչությունը չէր կարողանում հասկանալ, թե ուր կարող է կորչել ոչխարը, մինչև որ մի քանի բարձր դասարանցիներ գիշերային հերթապահություն կազմակերպեցին ու գիշերը, հարայ-հրոց բարձրացնելով, վազեցին բակ, որովհետև մի քանի արաբ լամուկներ, ճարպիկ քարայծերի նման պարսպից իջել էին ներքև ու պատրաստվում էին երկրորդ ոչխարը նույնպես գողանալ: Ի վերջո ասեմ, որ այդպես էլ այդ մատաղացուների համը մեզնից ոչ մեկը չառավ, որովհետև օգտվելով նրանից, որ զատկական գիշերը բոլորս գտնվում էինք Սուրբ Հարության տաճարում, շուկատների ծնունդները հաջողացրել էին փախցնել այդ ոչխարը ևս:
Բայց անցնենք առաջ, որովհետև դեռ շա՜տ գաղտնիքներ ունեն պահած Հին Երուսաղեմի դարավոր արմատները: Հին քաղաքի շուկայով քայլելիս կարող է այդ կիսամութ լաբիրինթոսների մեջ հանկարծ մի բոլորովին դատարկ, լուսավոր ու գորգապատ սրահ տեսնես և, եթե արաբերեն չգիտես, ոչ մի դեպքում չես հասկանա, թե ինչ նպատակի համար է այդ սրահը: Բայց եթե ուշադիր լինես, ապա դրա մուտքից քիչ այն կողմ կտեսնես վերևից կախված մի բարձրախոս. ուրեմն իմացիր, որ օրը հինգ անգամ այդ բարձրախոսը զիլ ձայնով շուկայի մահմեդականներին նամազի է հրավիրելու «Չկա այլ աստված, Ալլահից բացի, և Մուհամեդն է նրա մարգարեն» աղոթքով: Իսկ այդ տեսածդ էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ փոքրիկ մզկիթ, որն առանձնացրել են մահմեդականների կրոնական խիստ օրինապահությունը բավարարելու համար: Ես ականատես եմ եղել, թե ինչպես այդ նամազի հրավերի ժամին փողոցում հանկարծ կանգ է առել ժամանակակից շքեղ մեքենան, և մահմեդական վարորդը, փոքրիկ կարպետը թևի տակ, մտել է սիզամարգի մեջ և, երեսը դեպի Մեքքա դարձրած, առանց քաշվելու սկսել է երկրպագություն անել ու աղոթել: Իսկ մի անգամ էլ արաբական թաղամասի փողոցներից մեկում ականատես եղա բացօթյա խմբակային նամազի, երբ բոլորը կոշիկները հանել մի կողմ էին շարել ու կանաչ խոտերին կանգնած, ոտքերը լայն բացած (ի միջի այլոց այդ ժամանակ ամեն մեկի թաթերի արտաքին կողմերը պետք է անպայման հպվեին կողքի հարևանների ոտնաթաթերին, ինչը մուսուլմանական եղբայրության ու միասնության խորհրդանիշն է աշխարհի բոլոր ազգերի մեջ) մեկ մարդու նման ծնկում, կանգնում, աղոթում էին իրենց դավանած Աստծուն: Խոստովանում եմ, որ նրանց նախանձախնդրությունը իրենց հավատի հանդեպ իմ մեջ նույնիսկ բարի նախանձ առաջացրեց, որ մենք, դավանելով ճշմարիտ Աստծուն, օրվա մեծ մասը անցկացնում ենք առանց Տիրոջը հիշելու, էլ չեմ ասում, աղոթքի համար առանձնանալու:
Ասվածին մնում է ավելացնել, որ մահմեդականներն իրենց առաջին նամազը սկսում են առավոտյան ժամը չորսին: Պատկերացնում եմ, թե ինչ դժգոհություն կառաջացներ նման «բռնությունը» հեշտասեր քրիստոնյաներիս մեջ:
Երբ գրում էի այս տողերը, հետևյալ միտքը ծագեց իմ մեջ: Եթե քննելու լինենք Հայոց Երուսաղեմի ողջ պատմությունը, ապա անտեսանելի, բայց մի զորավոր Ձեռքի գոյությունը պիտի զգանք, որ դարեդար ուղեկցել և հովանի է եղել հայոց փոքր ազգիս: Քանզի տարեցտարի, դարից դար տկարացող ու ցամաքող աղբյուրի նմանվող մեր ազգը մեկ էլ հորդահոս բխել է՝ ապացուցելով իր անկորնչելի ու անսպառ ապրելու ունակությունը: Երբեմն էլ հայոց ազգը նմանվել է այն կրակին, որն օտար քամիները փորձել են հանգցնել և կարծես այդ նրանց առժամանակ հաջողվել է, բայց մեկ էլ հայի ոգին առասպելական փյունիկի պես հառնել է մոխրից՝ ի հեճուկս սանդարամետի բոլոր չար զորությունների: Եվ դարձյալ մեր ազգը նմանեցնում եմ այն հունդին, որը հողի մեջ կորած՝ մեռած է թվում, բայց գարնան արևի կանչող զորությանն ընդառաջ գնալով նուրբ մի ծիլի նման, ազգս հայոց ժայռեր փշրողի զորությամբ դուրս է գալիս մայր հողից, ազգեր կոտրատող ուժ կրելով իր մեջ: Ասածս հաստատելու համար անաչառ պատմության հինավուրց էջերը բացենք. ո՞ւր են մեզ վրա հոխորտանքով եկող Ասորեստանը, մինչև երկինք հասնող պարիսպներով Բաբելոնը, Չինգիզ Խանի օձագալար հորդաները, չարախորհուրդ բուղաներ (Հայաստանում արաբ ոստիկան՝ կուսակալը) ծնող արաբական խալիֆաթը, երկաթե օրենսդրությամբ Հռոմեական կայսրությունը, աշխարհի միտքը իր փիլիսոփայությամբ նրբացնող հելլենիստական Բյուզանդիան, Սիբիրի աքսորավայրերում ազգեր լլկող ու հոշոտող մեծ պոռնիկը` կարմիր վիշապ Սովետը: Իսկ ազգիս եղեռնական տարիներին հայի արյուն հեղող թրքի յաթաղանը իր իսկ փորը պիտի մտնի, ինչպես լինում է հիմա, իր աջ ձախ ձեռքեր՝ քրդերի ու չերքեզների հետ, որոնց արյունախում պապերի թրերի վրա դեռ չի չորացել հայ քրիստոնյաների սրբախորհուրդ ճաշակում ստացած արյունը: Քանզի Աստծո խոսքն է ասում. «Ով փոսը փորեց, ինքն ընկավ մեջը»: Հերթը այդ շնաբարո ցեղերին մեզ վրա քսի տվող թրքերինն է: Հավատով համբերենք՝ այդ օրն էլ կտեսնենք: Բայց մինչ այդ քրիստոնեավայել կերպով մութ վրեժխնդրությամբ չկուրանանք, ինչպես ոմանք են տառապում, այլ ըստ Տիրոջ պատվիրանի՝ թշնամիների համար աղոթք անենք, եթե ծարավ են` ջուր տանք, եթե սոված են` հաց տանք, քանզի վրեժը Աստծունն է, և անմտաբար չհեռացնենք մեր թշնամիների գլխից Տիրոջ վրեժխնդրության կրակի կայծերը: Եվ անտեսանելի, զորավոր ու նաև ահավոր, Արարչական այդ Ձեռքը, որը դարերի արհավիրքներից մեզ պահել ու հասցրել է մինչև այս վերջին ժամանակները, չմերժենք անհուսությամբ, այլ մեր սուրբ նախնիների ժայռեր փշրող քրիստոսաբույր հավատով ամո՛ւր բռնենք մեզ ապրեցնող սուրբ Խաչի կենարար խարիսխը:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ