«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Ռազմահայրենասիրական դաստիարակությունն ունի առավել լայն հանրային ընդգրկման կարիք»

«Ռազմահայրենասիրական դաստիարակությունն ունի առավել լայն հանրային ընդգրկման կարիք»
09.09.2014 | 14:43

ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ ստեղծելու և նրանց արդյունավետ գործունեությանն օժանդակելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը:

Նախարար Սեյրան Օհանյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է սկսվի դպրոցներից. «Հատկապես մեր նորագույն պատմության մեջ շատ կարևոր է պատշաճ կերպով փոխանցել Արցախյան գոյամարտի, ազգային ազատագրական շարժման պատմությունը մեր մատաղ սերնդին: Ռազմական դոկտրինի մեջ ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է, որովհետև եթե մեկ ընդհանուր գաղափարի ներքո չեն համախմբված բոլորը, մանավանդ երիտասարդները, ապա այն պատշաճ մակարդակով չի կարող իրականացվել: Ուզում եմ շեշտել, որ այս տարիների ընթացքում հատկապես պատանի և երիտասարդ երկրապահների ակումբների ստեղծումը բավականին լուրջ մակարդակի է դրված: Ըստ այդմ` ՀՀ Նախագահի ցուցմամբ և մեր երեք կողմերի քննարկումների արդյունքում այս հուշագիրը ներդնելով մեր կրթական համակարգում` ավելի լուրջ հաջողությունների կհասնենք, առավել համակարգված կիրականացնենք ռազմահայրենասիրական դաստիարակությունը կրթօջախներում»,- նշել է Ս. Օհանյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` վերոնշյալ հուշագրով կյանքի է կոչվում հերթական ռազմավարական ծրագիրը, կառավարության տեսակետն առ այն, որ ռազմահայրենասիրական խնդիրները կրթական համակարգում արդիականացման, վերանայման և առավել համակարգված գործունեության կարիք ունեն: «ՊՆ-ի և այլ գերատեսչությունների հետ մեր նախարարությունն ամենամյա ռազմավարական ծրագիր է իրականացնում` ուղղված պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: Դրան զուգահեռ` հսկայական փորձ է կուտակել «Երկրապահ կամավորականների միությունը»` իր ակումբների գործունեությամբ և մեթոդաբանությամբ: Դպրոցներում այս ամենը համակարգելու, նորանկախ Հայաստանում մանկապատանեկան կազմակերպությունների հետագա ստեղծման և համակարգման առումով բոլորիս ջանքերը մեկտեղելու գործընթացի հերթական հանգրվանն է սա, որն ունի նաև առավել լայն հանրային ընդգրկման կարիք: Ուզում եմ նաև նշել, որ այս ծրագիրն իր կարևորությամբ ընդգրկվել է 2015 թվականի պետբյուջեի նախագծում, բացի այդ, որոշակի հատկացումներ կարվեն նաև այս տարվա համար»,- նշել է Ա. Աշոտյանը` իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ ՊՆ-ին և «Երկրապահ կամավորականների միությանը»` կրթական համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և իրենց օրինակով երիտասարդների մեջ հայրենասիրական ոգի սերմանելու ու տարածելու գործում աջակցության համար:
«Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանն իր հերթին նշել է, որ այս նախաձեռնությամբ կարևոր օր է բացվում մեր նորաստեղծ պետության պատմության մեջ` կառավարության մակարդակով ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված գործընթացները համատեղելու առումով: Վերջինիս խոսքով` պատանի և երիտասարդ երկրապահների ակումբը կայացած կառույց է, որը գործում է միայն ի նպաստ մեր երկրի և նրա անկախության պահպանման:
Նշենք, որ համաձայն հուշագրի` կողմերը պարտավորվում են ՀՀ հանրակրթական հաստատություններում սովորողների հայրենասիրական դաստիարակությանը միտված միջոցառումներ իրականացնել` յուրաքանչյուր ուստարվա համար համատեղ մշակելով և հաստատելով միջոցառումների ցանկ ու ժամանակացույց, ինչպես նաև ընդլայնել հայրենաճանաչությանն ու հայրենագիտությանն առնչվող սովորողների հետաքրքրությունների ու նախասիրությունների բավարարման հնարավորությունները: Մասնավորապես, ՀՀ ԿԳՆ-ն ապահովում է ակումբների սաների հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացումը, տեխնիկական և կազմակերպական աջակցությունն ուսհաստատություններին` ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, մասնագիտական բարձր մակարդակ և պատրաստվածություն ունեցող մասնագետների մասնակցությունը հուշագրով ամրագրված նպատակների իրականացմանը:

Դիտվել է՝ 3315

Մեկնաբանություններ