Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչի համար ես մեկնում ԵՄ. մտածիր և գնահատիր ռիսկերը

Ինչի համար ես մեկնում ԵՄ. մտածիր և գնահատիր ռիսկերը
09.09.2014 | 16:41

Անհրաժեշտ է Հայաստանում բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը՝ կապված անօրինական միգրացիայի ռիսկերի հետ: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարարեց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վերժինի Արտոն: Հայտնի է, որ ամեն տարի ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ մեկնում են արտասահման՝ լավ կյանքի հույսով: Անօրինական մեկնածներից քչերի բախտն է բերում հաստատվել եվրոպական որևէ երկրում, ոմանք տարիներ շարունակ թաքնվում են իրավապահներից և որպես էժան աշխատուժ կատարում այն, ինչ հաջողվում է գտնել, ոմանք էլ արտաքսվում են Հայաստան: ԹՆՀ «Միգրացիայի կողմնացույց» արշավը նպատակ ունի տեղեկացնելու անկանոն միգրացիայի ռիսկերի և հետևանքների մասին, ինչպես նաև իրազեկելու օրինական միգրացիայի ուղիների մասին: Արշավն անցկացվում է մի քանի միջոցներով՝ լրագրողական դասընթացներ և մրցանակներ, սոցիալական հոլովակներ և հեռուստատեսային հաղորդումներ, տպագիր նյութեր, կայք, ֆեյսբուքյան էջ:
Արշավի պատրաստած հինգ տեսահոլովակները պատմում են անօրինական միգրացիայի հնարավոր հետևանքների մասին: Օրինակ, ասուլիսի ընթացքում ցուցադրված տեսահոլովակը մի մարդու մասին էր, ով միջնորդ անձից սխալ տեղեկություն ստանալով եվրոպական «իքս» երկրում աշխատանքի պայմանների մասին, մեկնում է արտասահման, որտեղ կորցնում է սեփական անձի տնօրինման և ազատ ընտրության հնարավորությունը, ենթարկվում շահագործման՝ գրոշների դիմաց: ԵԱՀԿ փորձագետ Դավիթ Թումասյանն ասաց, թե քիչ են այն մարդիկ, ովքեր այլ երկիր են մեկնում ինքնուրույն, մենակ: Սովորաբար մեկնել ցանկացողներին հավաքագրում են այստեղ և ուղարկում արտասահման՝ շահագործելով նրանց որպես էժան աշխատուժ: Նշվեց նաև, որ հարցն արդեն քրեականացվել է և ՀՀ քրեական օրենսգրքում կա հոդված՝ անօրինական միգրացիա կազմակերպելու և արտասահմանում մարդկանց շահագործելու վերաբերյալ: Թումասյանի խոսքով՝ անօրինական միգրանտներն արտասահմանում զրկված են նաև իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունից, քանի որ այնտեղ են գտնվում անօրինական ճանապարհով: Ասուլիսին ներկա էր նաև «Միգրացիայի կողմնացույց» արշավի համակարգող Լիլիթ Գրիգորյանը, ում խոսքով՝ հարցումները պարզել են, որ արշավի գործիքներն արդյունավետ են, մարդիկ իրազեկվում են և ճիշտ պատկերացում կազմում ԵՄ որևէ երկիր անօրինական մեկնելու հնարավոր հետևանքների մասին: Հավելենք, որ արշավն իրականացվում է ոչ միայն Երևանում, այլև հանրապետության մարզերում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ