Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անկախությունը նաև հիվանդ երեխաների համար է

Անկախությունը նաև հիվանդ երեխաների համար է
11.09.2014 | 15:10

Կառավարությունը 53 մլն 976 հազար դրամ կտրամադրի մշակույթի նախարարությանը Հայաստանի անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոստացել է կազմակերպել «մասսայական մեծ միջոցառում»: Համաձայն կառավարության համապատասխան որոշման՝ նախագծի 53 մլն 976 հազար դրամը տրամադրվում է ՀՀ քաղաքացիների մեջ անկախության կարևորությունն ամրապնդելու և այն արժևորելու նպատակով:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990 թ. օգոստոսի 23-ին, իսկ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին: Այն ժամանակ անկախության կարևորությունը գիտակցում էր ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, եթե ոչ բոլորը: Ժամանակի հետ, երբ Հայաստանում կյանքը դժվարացավ, հատկապես ավագ սերունդը կշտամբում էր անկախական գաղափարներով տոգորվածներին՝ սովետից դուրս գալու մասին գաղափարների համար: Նույնիսկ ասում էին, թե անկախություն հռչակելուց հետո ավելի շատ ենք կախված այս կամ այն պետությունից, քան նախկինում: Անկախության գաղափարն աստիճանաբար արժեզրկվեց ու հետ մղվեց՝ իր տեղը զիջելով առօրյա ու ամենասովորական հացի խնդրին: Նույնիսկ ասողներ եղան, թե անկախությունը ոչինչ չարժե, երբ ստամոքսդ դատարկ է: Նաև դպրոցում մոռացան անկախության կարևորության մասին: Սեպտեմբերի 21-ի նշանակությունը չկարևորվեց անգամ երիտասարդ սերնդի հետ աշխատանքում, և հանուն այդ անկախության ընկած բազմաթիվ մեր հերոսների անուններն իրականում մնացին միայն թղթերի վրա: Այսօր եթե փողոցում հարցում անցկացնենք, երևանցիների կեսը չի իմանա, թե սեպտեմբերի 21-ն ինչ օր է: Հասմիկ Պողոսյանը մեծ «մասսայական» միջոցառում-համերգ է խոստացել: Վստահաբար, այն իսկապես մեծ ու «մասսայական» կլինի: Իսկ գուցե անկախությունը միայն համերգային մակարդակով նշե՞լն է նաև նպաստում օրվա խորհրդի մոռացությանը:
Նշենք, որ մեկ տարի առաջ սեպտեմբերի 21-ի համերգի համար հատկացվել էր 54 մլն 691 հազար դրամ: Կարելի է պատկերացնել, թե անկախությանը նվիրված համերգների երկու տարվա գումարով, օրինակ, քանի հիվանդ երեխա հնարավոր կլիներ բուժել: Ի դեպ, միայն «Ամերիա» ընկերությունների խումբը բարեգործական աճուրդի միջոցով մեկ տարվա ընթացքում՝ 2012-ի դեկտեմբերից մինչև 2013- դեկտեմբեր, շուրջ 100 մլն դրամ է փոխանցել երեխաների բուժման համար: Թվերն ավելի քան խոսուն են:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ