Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հարցեր ՀՀ վարչապետին

Հարցեր ՀՀ վարչապետին
12.09.2014 | 00:06

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաձայն պաշտոնական լրահոսի` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ 3.09.2014-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են գործարար միջավայրի բարելավման, տնտեսական հավասարաչափ զարգացման և երկրում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ գերատեսչությունների կողմից առաջարկվող մի շարք միջոցառումներ, ինչի արդյունքում նա հանձնարարել է դրանք լրամշակել, քննարկել շահագրգիռ կողմերի հետ և հնարավորինս արագ ներկայացնել կառավարության քննարկմանը: Այդ կապակցությամբ «Իրատես de facto»-ն նպատակահարմար է գտել տպագրել ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ, ԵՄ «Horizon-2020» և այլ միջազգային համագործակցության ծրագրերի, ԱՊՀ երկրների քիմիայի և նավթաքիմիայի խորհրդի փորձագետ, ամերիկյան քիմիական ընկերության անդամ ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ մոտեցումները անհրաժեշտ փոփոխությունների մասին։ Ամերիկյան կենսագրական ինստիտուտը նրա անունը ներառել է 50 հանճարների ցուցակի մեջ ու գերազանցության համար շնորհել Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակ: 2010-ին Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնը նրան ընդգրկել է աշխարհի 100 պրոֆեսիոնալների ցուցակում և շնորհել իր բարձրագույն` «Միջազգային նախագահական մրցանակը», դափնեկիր է նաև Լենինյան կոմերիտմության (1983) և գիտության ու տեխնիկայի ոլորտում համամիութենական ստուգատեսի (1984): Նրա կենսագրությունն ընդգրկված է նաև «XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ» (ԱՄՆ, 2011), «XXI դարի ակնառու ինտելեկտուալներ» (Մեծ Բրիտանիա, Քեմբրիջ, 2010, 2014), «Միջազգային կենսագրությունների բառարան» (Մեծ Բրիտանիա, Քեմբրիջ, 2014) գրքերում և XVIII դարից հրատարակվող Մարքիուսի «Ով ով է» տարեգրքերում (ԱՄՆ, 2009-2015):

ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ


Տնտեսական աճի հաշվարկման համար օգտագործվում է երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), որը տվյալ երկրի բնակչության որոշակի ժամանակահատվածում ստեղծած ապրանքների և ծառայությունների վերջնական շուկայական արժեքն է: Վերջին տարիներին ՀՀ-ում գրանցվում է տնտեսական աճի կրճատման միտում. նախկին երկնիշ աճը արդեն 2013-ի 1-ին եռամսյակում կազմել էր 7,5 %, իսկ տարեկան կտրվածքով նվազել էր մինչև 3,5 %: ՀՆԱ-ի ծավալը 2014-ի 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացավ միայն 3,1 %-ով, իսկ 2-րդ եռամսյակում` 2,3 %: Կենտրոնական բանկը (ԿԲ) վերանայել է 2014 թ. տնտեսական աճի կանխատեսումը՝ 5,4-6,1 %-ից դեպի նվազում` 3,6 - 4,2 %: 2011-ին հանրահայտ Forbes ամսագիրը Հայաստանն ընդգրկել էր 10 վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցուցակում: Ամսագիրը համարում է, որ Հայաստանը տնտեսական աճի վերականգնման համար պետք է հետամուտ լինի լրացուցիչ տնտեսական բարեփոխումների: Եթե համակարգային փոփոխություններ չձեռնարկվեն, երկիրը կարող է սահուն անցնել տնտեսության լճացման (ստագնացիա), որը բնութագրվում է տնտեսական աճի զրոյական կամ չափազանց փոքր ցուցանիշով: Արդեն առկա են դրա որոշ նախանշաններ` անվստահություն կառավարությանը, ներդրումային գործընթացների ու խոշոր ձեռնարկությունների ակտիվության քրոնիկ նվազում, ինչպես նաև աշխատունակ տարիքի բնակչության զանգվածային գործազրկություն («Իրատես de facto», N 28-29, 2014): Ըստ ամերիկյան տնտեսագետների, ստագնացիան կարելի է հաղթահարել տեխնոլոգիական առաջընթացով, նորագույն տեխնոլոգիայի ներդրմամբ ու մենաշնորհային ձեռնարկությունների գերշահույթի նվազեցմամբ:
Մյուս կողմից, եթե կառավարությունը բացարձակապես ոչինչ չանի, միայն գնաճը հանգեցնելու է հարկերի հավաքագրման ու տնտեսական աճի` սպառողների հաշվին: Ինչքան է նախկին տնտեսական աճը նպաստել տնտեսական զարգացմանը, բնութագրում են ժողովրդի կյանքի որակի բարելավման արդյունքները: Այստեղ հաշվի են առնվում տնտեսական աճի ազգային էկոնոմիկայի ճյուղային կառուցվածքը և ինստիտուցիոնալ փոփոխությունները, ներդրումների ծավալը և ուղղվածությունը, գիտելիքի վրա հիմնված տնտեսության հիմնական ինստիտուտների ստեղծումը, կատարելագործված տեխնիկայի հաշվին զարգացման ու արտադրության ծավալի ընդլայնումը, աշխատողների որակավորումն ու շրջակա միջավայրի վրա բնական պաշարների շահագործման ազդեցությունը և այլն: Առհասարակ, ՀՀ կառավարության ծրագրերն ուղղված են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ազատության, անվտանգության ու բարեկեցության ապահովմանը, իսկ հիմնական տարբերությունները արտահայտված են նախատեսված ցուցանիշներով և զարգացման շեշտադրումներով: Հետևաբար իրավիճակի համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ է գնահատել կառավարությունների գործողությունների ծրագրերի արդյունքները` այդ կերպ ախտորոշելով պահանջվող քայլերը:

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ


Նոր կառավարության ծրագրում, ինչպես և նախորդներում, էկոնոմիկայի ճյուղային կառուցվածքում և ուղղվածություններում բարձր արտադրողականություն ունեցող և տնտեսության մյուս ճյուղերի համար շարժիչ ուղղություն է ճանաչվում արդյունաբերության զարգացման գերակայությունը: Շեշտադրումները դրված են ներկայումս 19 % տեսակարար կշռի ավելացման (խորհրդային ժամանակահատվածում ՀՆԱ-ում արդյունաբերության մասնաբաժինը կազմում էր 70 % («Առավոտ» 2001, «Голос Армении» 2005»), արտահանման վրա հիմնված քաղաքականության և աջակցող կառույցների օպտիմալացման, ներդրումների համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման ու հարկային և մաքսային արտոնությունների տրամադրման և այլ բաղադրիչների վրա: Բայց անհասկանալի է, թե ինչու ոլորտի զարգացման խնդիրները լուծելու և որոշումներ կայացնելու միակ ձևաչափը համարվում է միայն ճյուղում գործող կազմակերպությունների հետ երկխոսությունը: Տպավորություն է ստեղծվում, որ այս կառավարությունը, ինչպես և նախկինը, ցանկանում է գերակայություններ ընտրել զարգացման ոչ թե ռազմավարական պլանավորմամբ, ճյուղային կառուցվածքի դիվերսիֆիկացմամբ, մրցունակ ժամանակակից արդյունաբերական համալիրի կառուցմամբ, այլ այսօր որոշակի հաջողություններ գրանցող ոլորտների ընտրությամբ: Եվ դա այն դեպքում, երբ ակնհայտ թերացումներ ունենք ժամանակակից ինովացիոն տնտեսության զարգացման ոլորտում («Առավոտ» 2001, «Новое время» 2001, «Деловой экспресс» 2002, 2003, «Իրատես de facto» 2014): Նախկին վարչապետը երկխոսությունների համար իրեն կից ձևավորել էր 40-ից ավելի պետություն-մասնավոր խորհուրդներ, ու ի՞նչ արդյունք (այսօր էլ կան 20-ը): Վերոգրյալ տպավորությունը հաստատվում է նաև այն փաստով, որ ծրագրում չկա բարձր տեխնոլոգիաների առանձնացված բաժին, սակայն անհասկանալիորեն առկա է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) առանձին բաժին: Ընդհանրապես, ՏՏ ոլորտը դարձել է տնտեսության մեջ կառավարման արդյունավետության բարձրացման, հասարակության և անձի կյանքում հարմարավետության լուրջ գործոններից մեկը (ՀՆԱ-ի 4-5 %): Հայաստանում գործում է ոլորտի մոտ 380 ձեռնարկություն, որոնցից 159-ը` արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր, ընդգրկելով 10740 աշխատատեղ: 2013-ին արտադրության ծավալը կազմել է 380 մլն դոլար, որից արտահանման մուտքերը` 133,4 մլն դոլար: Ոլորտի զարգացման համար էական նշանակություն է ունեցել 2002 թ. Համաշխարհային բանկի (ՀԲ) «Ձեռնարկությունների Ինկուբատոր» ծրագրի շրջանակում ԱՄՆ-ի կառավարության մեծածավալ ներդրումը և USAID-ի այլ ներդրումները, ինչպես նաև մեր արտասահմանյան հայրենակիցների մասնավոր ներդրումները: Կառավարության եզակի բյուջետային ծախսերից կարելի է նշել 2014 թ. խթանման ծառայությունների համար տրամադրված 80 մլն դրամը: Համաձայն որոշ կանխատեսումների, մինչև 2018 թ. ոլորտում հնարավոր է ապահովել 1 մլրդ դրամի շրջանառություն: Այսինքն, այդ բարձր տեխնոլոգիաների ճյուղը կարող է լուրջ ներդրում ունենալ ՀՆԱ-ի աճում, բայց չի կարող էականորեն ազդել աշխատատեղերի ավելացման վրա: Նոր կառավարության ծրագրով նախատեսված են Վանաձորի (200 աշխատատեղ) և IBM տեխնոլոգիական կենտրոնների, Երևանի Ջրվեժ թաղամասում ինժեներական քաղաքի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) Հայկական հետազոտական և բիզնես աքսելերատորի հիմնադրում և այլն: Ծրագրում կիրառված է նոր տերմին` բիզնես աքսելերատոր, որը նկարագրված չէ Հայաստանի օրենսդրությունում, տերմինի բացատրություն չկա նաև ՀՊՃՀ կայքում: Ակնհայտ է, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքով լեզվաքաղաքականության խախտման հիմքով ծրագրին կողմ քվեարկած պատգամավորներին պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքեր կան: Այդ իրավախախտման արտակարգ դեպքի կապակցությամբ անհրաժեշտ է ինովացիոն ոլորտի կառույցների մասին հանրությանը պարզաբանումներ ներկայացնել (համաձայն Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին ՀՀ օրենքի՝ դրանք են` գիտաինովացիոն կենտրոններ, բիզնես ինկուբատորներ, տեխնոպարկեր, հիմնադրամներ և մասնագիտացված այլ կազմակերպություններ): Ընդհանրապես, միջազգային պրակտիկայում գործարարության արագացուցիչները (բիզնես աքսելերատորի հայերեն ճիշտ անվանումը) տրամադրում են հնարավորինս արագ աճ ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) 2-3 ամսվա ընթացքում ավանդական կառավարման խորհրդատվություններ` տեսակավորելու բոլոր խնդիրները, մշակելու կազմակերպական, գործառնական և ռազմավարական քաղաքականություն, ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ ու կապեր, ի տարբերություն ինկուբատորների, որոնք ստեղծման կամ հիմնադրման պահից ու, հնարավոր է, ամբողջ գործունեության ընթացքում ինկուբացիոն տարբեր փուլերում հատկացնում են տարածք, մարկետինգային, մտավոր սեփականության իրավունքների պաշպանության, արդյունքների տարածման ու ներդրումների ներգրավման և այլ ծառայություններ: Գործարարության արագացուցիչների աջակցությամբ 2002-ից զբաղվում է կառավարության «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը: Ավելին, այդ հիմնադրամին կառավարությունը արդեն իսկ քիչ նշանակություն է տալիս. բյուջեից ներդրումները նվազել են մոտ 3 անգամ (2008 թ.` 450 մլն, 2009 թ.` 573,5 մլն, 2010 թ.` 150 մլն, 2012 թ.` 150 մլն, 2013 թ.` 151 մլն դրամ): Անհասկանալի է, թե ինչի է պետք նոր պետական հիմնարկին կից նույնանման կենտրոնի հիմնադրումը: Արդյո՞ք կառավարությունում տեղյակ չեն կրկնօրինակման մասին: Ի տարբերություն այդ կառույցների, տեխնոպարկի շահառուները իրենց միջոցներով գիտատար մշակումների, ինովացիոն ծրագրերի իրականացման, ցուցադրման ու առաջմղման նյութատեխնիկական ու ֆինանսական բազա են ստեղծում: Տեխնոպարկերը հիմնականում կիրառվում են բնական գիտությունների բարձր տեխնոլոգիաների ոլորտում, քանզի դրանք պահանջում են թանկարժեք գիտական և ցուցադրական կիսաարտադրական սարքավորումներ, նրանց ծախսածածկումը ապահովում է բարձրորակ գիտնականների առկայությունը, որոնք ընդունակ են նորարարություններ մշակելու: ՏՏ ոլորտն առանձնանում է նրանով, որ կիրառվող տեխնիկական միջոցները մատչելի են և ձեռքբերման համար մեծ ներդրումներ չեն պահանջում: Բայց մեր կառավարությունները շատ հավակնոտ են. նախկին կառավարությունը աշխարհում առաջին անգամ փորձեց ներդնել տեխնոքաղաքի հասկացությունը, որը չունի օրենսդրական ու տնտեսագիտական հիմքեր («Իրավունք», 2008): Այն ժամանակ այդ «մեծ» գաղափարի զարգացման համար առաջարկեցի կառավարությանը Գյումրի տեխնոքաղաքի նախադեպով վերանվանել նաև Երևանն ու Հայաստանը, որպես տեխնոմայրաքաղաք և տեխնոհանրապետություն: Արդյունքում սահմանափակվեցին «Գյումրու տեխնոպարկ» անվանումով: Նրա միջոցով նախատեսվում էր ներդնել և զարգացնել հետևյալ ոլորտները` զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, նորաձևություն, տեքստիլ արդյունաբերություն, արվեստ, ոսկեգործություն և արհեստագործություն, ինչի առթիվ նախկին կառավարությանը պարզաբանել էի, որ տեղին չէ նաև «տեխնոպարկ» անվանումը: Իրականում դա Գյումրու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր էր, որով նախատեսվում է մինչև 0,5 մլրդ դոլար ընդհանուր գումար հավաքել և 10 տարվա բիզնես-ծրագիր կազմել: Այդ նպատակով կառավարության N 1163-Ն որոշմամբ 8.10.2009 թ. հիմնադրվեց Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ (տեխնոպարկի գլխավոր օպերատոր), որը հետագայում փաստացի լուծարվեց: Նշել էի նաև, որ փաստաթուղթը կազմողները կամ չգիտեն, թե ինչ է «տեխնոպարկ» հասկացությունը, կամ փորձում են թյուրիմացության մեջ գցել հասարակությանը: Հայտնել էի, որ իրականում ծրագիրը հստակ տնտեսագիտական հիմնավորում և ֆինանսական ապահովում չունի, ինչը դիմակավորվում է «տեխնոպարկ» անվանումով, շարադրանքով և բովանդակությամբ հիշեցնում հայտնի գրողներ Իլֆի և Պետրովի հերոս Օստապ Բենդերի ելույթը Վասյուկիի շախմատային ֆեդերացիայի անդամների առջև` նրանց թյուրիմացության մեջ գցելու նպատակով: Հետագա տարիներին այդ անհասկանալի կառույցի վրա միայն բյուջետային միջոցներից ծախսվեց հարյուրավոր մլն դրամ, ու չկան այդ կառույցի միջոցով Գյումրին տուրիզմի, արվեստի, նորաձևության, ոսկերչության և արհեստագործության կենտրոն դարձնելու փաստեր: Միաժամանակ, հույս ունեմ, որ այժմ նոր կառավարության Ինժեներական քաղաքի կապակցությամբ ակնհայտ է, որ Երևան քաղաքի թաղամասում չի կարելի հիմնադրել այլ քաղաք` հաշվի առնելով նաև օրենսդրական կարգավորումները:
Ցանկանալով աջակցել նախկին կառավարությանը ծրագրերի ճիշտ ընտրության հարցում ու չսպասելով նրանց կիրառման բացասական արդյունքներին` քննադատեցի ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ» ու մասնագիտացված միջգերատեսչական մասնավոր հատվածների գործընկերության աշխատանքային խումբ ստեղծելու քաղաքականությունը (այդ կառույցները իրականում լուրջ ներդրումներ չունեցան երկրի արտադրական մրցունակության բարձրացման գործում), ՀՀ ինովացիոն համակարգի ձևավորման կառավարության ծրագրի 2005-2008 թթ. գործընթացների տապալումը, ինչի հետևանքով չեն ստեղծվել ինովացիոն քաղաքականության համապատասխան կառուցվածքային հիմքեր: Բացահայտեցի այլ «տոնածառային» զանազան հայեցակարգեր ու ծրագրեր: Առաջարկեցի առաջնային խնդիր դիտարկել մի շարք բարձր տեխնոլոգիաների արտադրությունների ստեղծումը, որոնք իրենց հերթին հետագա զարգացման ընթացքում կխթանեն թե՛ տնտեսության մրցունակության բարձրացումը, թե՛ վենչուրային և այլ ներդրողների աշխատանքի ծավալումը, ինչպես նաև կաջակցեն նոր աշխատատեղերի ստեղծմանը և գիտության զարգացմանն ու տարածքային անհամաչափ զարգացման համահարթեցմանը: Ցավոք, նախկին կառավարության ծրագրերի մասին կանխատեսումներս իրականացան. տապալվեցին աշխատատեղերի ստեղծման ու արդյունաբերության դիվերսիֆիկացման նպատակները («Իրատես de facto», N 28-29, 2014), հարյուրավոր մլն դրամ փոշիացվեց անարդյունավետ ծրագրերով: Այդ բոլորը կատարվել է, երբ արտադրական ենթակառուցվածքների հիմնական կապիտալի տեխնոլոգիական և ֆիզիկական մաշվածության աստիճանը շարունակում է մնալ մարտահրավեր երկրի հեռանկարային կայուն զարգացման, բնակչության զբաղվածության, աղքատության հաղթահարման և արտագաղթը կասեցնելու համար («Առավոտ», 2001, «Деловой экспресс», 2002, 2003, «Голос Армении», 2005, «Իրատես de facto», N 28-29, 2014): ՈՒշագրավ է, որ այս տարվա 5 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալները գրեթե չեն աճել, այնինչ անցած տարվա նույն ժամանակահատվածում աճը 8 % էր: Արդյունաբերության աճի այդպիսի անկայունությունը վկայում է, որ ապահովված չի նախկին կառավարության հետճգնաժամային դիվերսիֆիկացման թիրախը, ու չկան երաշխիքներ, որ նոր ճգնաժամի արդյունքում չի կրկնվի անցյալի պատկերը (անկում 14,1 %-ով):
Վերջին տարիներին գրանցվում է նաև օգտակար հանածոների արդյունահանման ծավալների անկայուն աճ: Առկա է հաստատված պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին (պղնձի, մոլիբդենի, ցինկի, որոշ դեպքերում` ոսկու և արծաթի բարձր պարունակությամբ, մոտակա հեռանկարում` նաև կապարի խտանյութեր) ու աշխարհին ներկայանում ենք որպես ցածր զարգացած, հումք մատակարարող երկիր: Ճյուղի արտաքին առևտրի սալդոն թույլ է տալիս եզրակացնել, որ արտահանվող որոշ ապրանքներ խոր վերամշակման դեպքում կարող են սպառվել ներքին շուկայում, ամբողջովին օգտագործելով հանքավայրի տնտեսական ներուժը` ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր: Ներկայումս քննարկվում է միայն պղնձաձուլարան կառուցելու խնդիրը, իսկ համալիր լուծման համար պետք է զարգացնել նաև քիմիական արդյունաբերությունը: Ընդերքօգտագործման բացասական հետևանքներից են 19 պոչամբարները, որոնցում կուտակված են շուրջ 220 մլն մ3 ապարներ (Ալավերդու պղնձաձուլական և Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատների պատճառով ճգնաժամային վիճակում է գտնվում Դեբեդ գետը): Հետևաբար անհրաժեշտ է նաև գտնել արտանետված թափոնների երկրորդային կամ տեխնածին հանքավայրերի համալիր վերամշակման ծրագրային լուծումներ, քանզի հանքավայրերի մետաղների` պղնձի արդյունահանված հումքի միայն 65-66 %-ն է կորզվում, մոլիբդենի` 70, իսկ բազմամետաղների` 50 %-ը:
ՀՀ-ում ոչմետաղական օգտակար հանածոների հանքավայրերի ընդհանուր թիվը մոտ 700 է, որոնցից շուրջ 400-ը տրամադրվել է շահագործման: Առավել կարևորներն են տուֆի, բազալտի, անդեզիտի, պեմզայի, պեռլիտի, հրաբխային խարամի, մարմարի, գրանիտի, կրաքարերի, բենտոնիտի, օբսիդիանի, հրակայուն կավերի, դոլոմիտի, դիատոմիտի, ցեոլիտի և այլ հանքերը: Նրանք ունեն բազմազան կիրառումներ ֆիլտրերում, քիմիական արտադրությունում, ապակեգործությունում, պարարտանյութերի կազմում էական ազդեցություն ունեն մշակաբույսերի բերքատվության բարձրացման գործում։ Անասնակերի մեջ կիրառվում են որպես հավելում և այլն: Մինչդեռ ներկայումս, բացի ցեմենտի, երեսպատման սալիկների, շինաքարի արտադրությունից, ոչմետաղական օգտակար հանածոները այլ նպատակներով համարյա չեն վերամշակվում: Շահագործվող սարքավորումները և մեխանիզմներն ունեն ֆիզիկական և բարոյական մաշվածության բարձր աստիճան, գրեթե չկան նորագույն տեխնոլոգիաներով և սարքավորումներով զինված նոր գործարանների հիմնման գործընթացներ, ինչպես նաև արտաքին ներդրումներ: Այդ հանքերի ոչ ժամանակակից շահագործման պատճառով վնաս է հասցվել գյուղատնտեսությանը. շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. հա գյուղատնտեսական հողահանդակ:
Հանքերի շահագործման ծախսերը մի քանի անգամ փոքր են մասնավոր սեկտորի ստացած եկամուտների և տնտեսական արդյունքի համեմատ (վերջին տարիների միջին շահութաբերությունը կազմել է մոտ 100 %), քանզի սահմանված են բավականին ցածր հարկային և լիցենզիոն վճարներ: Հետաքրքիր է նաև, որ հանքարդյունաբերության թափոնները հանել էին հարկային դաշտից: Հետևաբար անհրաժեշտ է հարկային բեռի առավելագույն ավելացում ու նրա իջեցման սանդղակ` կախված նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու հանքանյութի տեղում վերամշակման/արտահանման հարաբերությունից, ինչպես նաև պոչահանքների վերամշակման և բնապահպանական ռիսկերի նվազման, որը կնպաստի նաև համայնքներում զբաղվածության ավելացմանը և տարածքների զարգացմանը:
Ակնհայտ անարդյունավետ էին կառավարությունների ծրագրային մոտեցումները նաև սեփականաշնորհման գործընթացներում և քիմիական արդյունաբերությունում: Վերջերս ակտիվացել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման վերաբերյալ քննարկումները: Ոչիշխանական քառյակը 12 կետերից բաղկացած պահանջում պնդում է, որ կառավարությունը անգործություն է ցուցաբերել: «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր: 1989-ին «Նաիրիտը» փակվել էր բնապահպանական հիմնավորումներով: Աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93 թթ. արդեն որպես պետական «Նաիրիտ» ՓԲԸ, բայց արտադրության վերականգնման բարձր ծախսերի ու վատ կառավարման հետևանքով կուտակվեց մոտ 36 մլն դոլարի պարտք: Այն ժամանակ կառավարությանը հայտնել էի Համաշխարհային բանկի (ՀԲ) կենտրոնական գրասենյակի ներկայացուցչի փոխանցած առաջարկը, որով կարելի էր գործարանը կապիտալիզացնել` անցկացնելով արտադրամասերի արդիականացում և իջեցնելով բնապահպանական ռիսկերը, ինչով գործարանը գրավիչ կդառնար արտասահմանյան ներդրողների համար: Սակայն այդ առաջարկը քննարկման առարկա չդարձավ: ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում 1999-2000 թթ. մշակվել էր այսպես կոչված «առողջացման ծրագիր», փոխելով ՓԲԸ-ի իրավական կարգավիճակը` «Նաիրիտ» ԲԲԸ-ի, նրա մասերից հիմնադրելով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ և անհասկանալի է, թե ինչ պատճառաբանությամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ, որի կազմում են ԳՀԻ և փորձարարական «Պոլիմեր» գործարանը: Միաժամանակ, մասամբ փոխհատուցելով կուտակած պարտքերը իր իսկ ձեռնակություններին, իջեցրեց աշխատողների գործարանի սեփականաշնորհումից ձևավորված 20 % մասնաբաժինը, կառույցի ապագային առնչվող ինքնակամ որոշումներ ընդունելու հնարավորություն ստեղծելով: Հետագայում ընդունվեց մայր «Նաիրիտ» ԲԲԸ-ի լուծարման որոշում, քանզի այն մնացած ռեսուրսներով չէր կարող փակել իր վրա մնացած վերոնշյալ պարտքերը: Այնուհետև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 90 % բաժնեմասը հատկացվեց անգլիական RANSAT PLC-ին, իսկ հետագայում այն ձեռք բերեցին «Հայգազարդ» ՓԲԸ-ն, իսկ 2006 թ, 40 մլն դոլարով, Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում գրանցված Rhinoville Property Limited ընկերությունը (RPL): RPL-ը ձեռքբերման համար գումար չէր մուծել, իսկ գնումը իրականացնելու համար գործարանը գրավադրել էր ԱՊՀ երկրների Միջպետական բանկում (ՄԲ), որտեղից ստացավ վարկ` 70 մլն դոլար, որից 35 մլն-ը վճարեց ՀՀ-ին, 1 մլն-ը հաշվարկվել էր որպես գործարանի հաշվետու տարվա պակասորդ, մնացած 31 մլն դոլարի տնօրինումը անհայտ է: Գործարքը կատարվել է ՀՀ կառավարության համաձայնությամբ, քանզի դեռ չգնված գործարանը չէր կարող գրավադրվել առանց նրա 10 % բաժնետոմսի սեփականատերի համաձայնության: RPL-ը գրանցվել էր 2002 թ., սակայն առևտրային գործունեություն չի իրականացրել մինչև 2006 թ., այսինքն` մինչ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ձեռքբերումը: 2006-ի ավարտին RPL-ի բաժնետեր են դարձել օֆշորային երկու այլ ընկերություններ` Drayton Finance LTD և Latheron Properies LTD: Որպես Drayton Finance LTD-ի վերահսկող կողմ հանդես էր գալիս ՄԲ տնօրենի տեղակալը: Համաձայն մամուլի հաղորդումների, 2012-ին իրավական կարուսելի միջոցով այդ երկու RPL բաժնետեր ընկերությունների միակ բաժնետերը դարձավ արդեն «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն: Ստացվեց, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն իր 90 %-ի բաժնետերն է անուղղակի ձևով, հետևաբար նաև RPL-ի վարկային պարտավորությունների պատասխանատուն է: RPL-ն պարտավորվել էր արտադրության արդիականացման և վերազինման նպատակով 5 տարվա ընթացքում կատարել 120 մլն դոլարի ներդրում, որից 60 մլն՝ առաջին երեք տարում, 2008 թ. արտադրանքի տարեկան ծավալը պետք է հասցվեր 25 հազ. տ, իսկ նախատեսված արտադրության ծավալների ու ներդրում չիրականացնելու դեպքում պարտավորվում էր կառավարությանը վերադարձնել չիրականացված ներդրումների ծավալին համապատասխան բաժնետոմսերի քանակությունը: 2010 թ. ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել էր: Իր պարտականությունները չկատարելու հանգամանքում ներկայացվել էր նոր վարկի ծրագիր, որը ներառում էր գործարանը բնապահպանական և տեխնոլոգիական առումով անվտանգ դարձնելու, սեփական ջերմաէլեկտրակայան կառուցելու, բութադիենից կաուչուկի ստացման արտադրամասը վերագործարկելու, քլորի և կաուստիկ սոդայի նոր արտադրություն ստեղծելու և այլ միջոցառումներ: Ծրագրի միայն առաջին 2 փուլերում (մինչև 2014 թվականը) պահանջվում է 512 մլն դոլարի ներդրում (145 մլն դոլար նախատեսված է ֆինանսական առողջացման նպատակներով, 100 մլն դոլար` ՄԲ-ի, և 45 մլն դոլար` այլ պարտքերի մարմանը): Մոտ 47 մլն դոլար է գնահատվել բութադիենային արտադրամասի վերագործարկման ծրագիրը: Արդյունքում սպասվում էր, որ արդեն 2013 թ. «Նաիրիտը» կարտադրի 93 հազ. տ տարաբնույթ արտադրանք` 220 մլն դոլար արժեքով: Նախկին վարչապետը հայտնեց, որ այս անգամ նոր վարկի կապակցությամբ պետությունը չպետք է կիսի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վարկային պարտավորությունները: Ինձ համար նույնպես անհասկանալի է, թե ինչպես էր հաշվարկվել 2006 թ. ծրագիրը` 120 մլն դոլար, եթե իրականում պահանջվում էին 4 անգամից ավելի միջոցներ, և ինչու է ՀՀ կառավարությունը հայկական քիմիական հսկայի ճակատագիրը հանձնել քիմիական արդյունաբերության ոլորտում անհայտ և որևէ կենսագրություն չունեցող կասկածելի ընկերությանը: Հանրային խորհրդի հանձնաժողովի նիստում դեմ արտահայտվեցի նոր վարկի ստացմանը աջակցելու ընկերության խնդրանքին: Միաժամանակ 2010 թ. ՀՀ Հանրային խորհուրդը նախկին վարչապետին ներկայացրեց մեր ենթահանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը, որում առաջարկվել էր դիվերսիֆիկացման քաղաքականություն, հիմնադրելով գործարանում նաև նոր մրցունակ այլ արտադրություններ, ինչը կնպաստեր նրա շահութաբերության բարձրացմանն ու հետագա զարգացման ռիսկերի նվազեցմանը: Տվյալ առաջարկությունը հիմնված էր նաև իմ 1992-ից «Նաիրիտի» հետ, ինչպես նաև 2000 թ. որպես նրա փոխտնօրեն աշխատելիս կուտակած փորձի վրա: Հաշվի են առնվել առկա բնապահպանական խնդիրները և 1989-ից քացախաթթվի արտադրության դադարեցված լինելը: Նախկինում գործարանի շահագործման հանձման պահին թանկարժեք բնապահպանական կեղտաջրերի և օդի մաքրման կայանները ընդունվել են առանց փորձարկման, ինչը հետագայում բազմաթիվ խնդիրներ առաջացրեց: Կենսաբանական մաքրման կառույցը չի գործել, իսկ նոր մրցունակ քիմիական և կենսատեխնոլոգիական արտադրությունները կնպաստեին գործարանի կեղտաջրերի կենսաբանական մաքրմանը: Ի տարբերություն Հանրային խորհրդի, ոչիշխանական ուժերի քառյակը ապակողմնորոշվել էր «Նաիրիտի» նախկին ղեկավարների չհիմնավորված մոտեցումներով: Իսկապես, «Նաիրիտի» դրվածքային հզորությամբ կարելի է ապահովել 38-40 հազ. տ/տարի, քանի որ 1987 թ. արտադրվել է 75 հազ. տ/տարի կաուչուկ: Բայց իմ ղեկավարությամբ սանիտարական լաբորատորիայի տվյալների հիմքով կատարված վերլուծությունը ցույց տվեց, որ արդեն 5-10 հազ. տ/տարի հզորության հանգամանքում չէին ապահովվում ՀՀ բնապահպանության նախարարության պահանջները, ինչի մասին զեկուցվել էր ընկերության սեփականատեր կառավարությանը: Այսինքն, քանզի մենք արդեն չենք գտնվում հզոր երկրի սահմանում, խնդիրներ ունենք հարևանների հետ, և կառավարությունը ստորագրել էր միջազգային կոնվենցիան սահմանամերձ գետերի մասին, ըստ որի, եթե սեփականատերը ներդրում չի անում բնապահպանական խնդիրների լուծման համար, ապա նրա վարքագիծը կարելի է բնութագրել ինչ-որ շահույթ փախցնելու նպատակ և այդ իսկ պատճառով չի կարելի հիմնավորված համարել բարձր հզորությամբ աշխատելու հնարավորությունը՝ միայն 17-18 մլն դոլար ներդրում կատարելով: Երկրորդը, իսկապես կաուչուկի շուկայական գինը աճել էր մինչ 6 հազ. դոլար/տ «Կատրին» փոթորկից ԱՄՆ-ի նմանատիպ Դյուպոնի գործարանի սարքավորումների վնասվելուց հետո: Սակայն թող նախկին տնօրենները վերհիշեն, թե կաուչուկը ինչ գնով են պարտադրված վաճառել: Երրորդ. Չինաստանում հիմնադրվեց համատեղ կաուչուկի գործարան, որում կառավարության բաժնեմասը ձևավորվեց «Նաիրիտի» արտադրության լիցենզիաների և որոշ սարքավորումների ներդրումով: Այսինքն, պետք է նկատի ունենալ, որ Չինաստանում արտադրության ինքնարժեքը ավելի ցածր է, չինական գործարանը ընդլայնվում է, և հեռանկարում առկա են մեծ ռիսկեր տեղական արտադրանքի կաուչուկի մրցունակության ապահովման հարցում: Երևանի վիտամինների գործարանում որպես տնօրեն աշխատելիս իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Չինաստանում վիտամինային արտադրության զարգացման արդյունքում դադարեցվեցին նման արտադրությունները ամբողջ Եվրոպայում, որոնք ներկայումս հիմնականում զբաղվում են այդ երկրից ստացված պատրաստի արտադրանքի մաքրումով:
Այսպիսով, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն իր հիմնադրման պահից` 2001-ից, առայսօր աշխատել է վնասով, որը ապացուցում է, որ կառավարությունը սեփականաշնորհման ծրագրերի կենսունակությունը գնահատելու ներուժ չունի և որպես բաժնետեր իր անգործության պատճառով նպաստել է բացասական արդյունքներին: Համաձայն նախարար Երվանդ Զախարյանի 4.09.2014 թ. հայտարարության, «Ռոսնեֆտ» ԲԲԸ-ն «Նաիրիտ» գործարանում ներդրումների հնարավորությունն այլևս չի դիտարկում, և այժմ կառավարությունը ձեռնարկությունը գործարկելու այլ տարբերակներ է փնտրում: Ամեն դեպքում պետք է մշակվի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի զարգացման ընդլայնված ծրագիր, որը կավելացնի նաև տեղական արդյունաբերության համար պահանջվող այլ քիմիական և կենսատեխնոլոգիական արտադրանքի տեսակները, ու կբացահայտվի ՓԲԸ-ում ներդրումներ կատարելու նպատակահարմարությունը: Այս նպատակին կարելի է ծառայեցնել նաև հայ-չինական համատեղ գործարանում կառավարության բաժնեմասի վաճառքը, որից մինչ այսօր չի ստացվել ոչ մի դիվիդենդ, և մոտակա ժամանակներում այն քիչ հավանական է, քանզի հիմնական բաժնետերը ավելացնում է հզորությունները: Բացասական սեփականաշնորհման արդյունքներ ունենք չգործող Վանաձորի քիմկոմբինատում, Երևանի քիմռեակտիվների գործարանում և այլ ոլորտների արտադրական կառույցներում: Հետևաբար, պետք չէ հույս դնել միայն ինվեստորների մշակած ծրագրերի վրա, ու նոր մոտեցումներ և արտադրության ծրագրեր պետք է մշակվեն տարբեր գործարանների համար:
(շարունակելի)

Արմեն ԱՎԱԳՅԱՆ

Դիտվել է՝ 6319

Մեկնաբանություններ