«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
12.09.2014 | 00:17

Ձեր անմնացորդ նվիրումով ջանքերը երկիրն այս վտանգավոր վիճակից փրկելու ուղղությամբ այնքան ակնառու են, այնքան հոգեհարազատ, այնքան են հարազատացրել մեզ, որ թվում է, թե միևնույն գերդաստանում ենք մեծացել, կամ միևնույն վարժապետն է դասավանդել մեզ: Նաև հոգեբանական այդ կտրվածքով մեր պարտքն ենք համարում որոշ ճշմարտություններ փոխանցել Ձեզ, որ ավելի դիպուկ ու անսխալ իրականացնեք Ձեր հայրենանվեր դերակատարումը:

Վերջին 300-ամյակի պատմությունը վկայում է, որ մեզ չեն թողնելու խուսափել պատերազմից. մեր վզին հերթական պատերազմն են փաթաթելու: Մեր ասածը չհամարեք ագռավի կռավոց. դա հիմնավորվում է հարյուրամյակների պատմական իրականությամբ: Եթե նույնիսկ ազգովին փորձենք մի բունկերում թաքնվել աշխարհի գործերից մի կողմ մնալու համար, բունկերը քանդելու են, մեզ կանգնեցնեն իրադարձությունների կենտրոնում: Մի՞թե չեք տեսնում, որ ալիևյան լկտիությունները լիցքավորողը Մինսկի խումբն է, որի անդամներից յուրաքանչյուրը սեփական փորացավն ունի տարածաշրջանի նկատմամբ: Ինչպե՞ս կարելի է անտեսել, որ Նախիջևանի խաչքարերի ոչնչացման առնչությամբ նույնիսկ մի հոդաբաշխ խոսք չարձակեցին օդ: Էլ չենք խոսում սահմանի խախտումների մասին, որ մեղքը երկու կողմերի վրա են դնում` անտեսելով նույնիսկ իրենց մեքենայի գնդակոծումը:
Սրանք իրողություններ են, որ պարտադրում են հույսներս մեզ, միայն մեզ վրա դնելու հրամայականը և ամեն ինչ անելու մեր ինքնապաշտպանությունը բազմապատկելու ուղղությամբ: Միաժամանակ մենք պետք է ձերբազատվենք մեր նախկին վրիպումներից ու սխալներից, որ մեր անտեղյակության ու անգիտության արդյունքն են եղել: Հետագա շարադրանքը հենց այդ բնագավառին է վերաբերում` որպես անխուսափելի անհրաժեշտության:
Այսօր ևս մեր պետական, քաղաքական և մտավոր շրջանակներում չկա «ձայնի իրավունք» ունեցող մեկը, որ գոնե մի թուրք պատմաբան Ջևդեթ փաշայի չափ պատկերացում ունենա մեր հայրենիքի արևելյան մարզերի մասին, և բերան բացելու դեպքում չդառնա ազերթուրքական հակահայկական քարոզարշավի սպասարկուն: Իսկ «իրավունք չունեցողների» ճիչերն էլ կշեռքի նժարին դնող չկա: Եվ քանի որ մեր պաշտոնական պատմաբանները կա՛մ բոլշևիկորեն գլխիվայր շրջված են ներկայացրել մեր պատմությունը, կա՛մ արևելյան այդ տարածքները նվիրել են ազերթուրքերին, մենք ստիպված ենք դիմելու թուրք պատմաբանի օգնությանը: Ջևդեթ փաշան 1884 թ. հրատարակած իր պատմության 3-րդ հատորում, որն ընդգրկում է 1775-1825 թթ. ժամանակաշրջանի պատմությունը, արձանագրել է. «Վրաստանի և Դաղստանի հարավային կողմը Հայաստանն է, որ բաժանված է երկու մասի. մեկը` Էրզրումի և Վանի շրջանները, որ Օսմանյան պետությանն է պատկանում, երկրորդը` Գենջեի, Ղարաբաղի և Երևանի շրջանները մտնում են իրանյան երկրի մեջ» (Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և… մասին, հ. Ա, 1961 թ., էջ 249):
Ոտնատակ տալով, ուրանալով թուրք պատմաբանի այս անշրջանցելի վկայությունը` հայ պատմաբանը մոգոնել է բոլշևիկյան ինտերնացիոնալիստական մի պատմություն, որի համաձայն` ազերթուրքական են բոլոր այն տարածքները, ուր նրանց չոբանների ոտքն է կպել: Եվ այսօր էլ դեռ ակտիվիստներ կան, որոնք պահանջում են մեր զավակների ազատագրած այդ հատվածները վերադարձնել նվաճողին: Էլ չենք խոսում մեր Գանձակի ողբերգական ճակատագրի մասին, որը կարողացավ դիմագրավել 1724 և 1918 թվականներին կազմակերպված ցեղասպանություններին, բայց նույն տարածքի ժողովուրդը դարձավ Գորբաչովի հրահրած ցեղասպանության զոհը` զրկվելով հազարամյակների իր հայրենիքից:
Այդ ամենի մասին մեր դերակատարները չգիտեին և այսօր էլ չգիտեն: Չգիտեին և չգիտեն նաև, որ 1929 թ. Կարմիր Քրդստան ստեղծելու խաբկանքով Հայաստանի Հանրապետությունից կտրեցին Նախիջևանի տարածքի չափ մի տարածք` Արաքսի ափից մինչև Կարմիրի շրջան, որով Հայաստանի և Ղարաբաղի միջև առաջացրին բաժանարար մի պատկառելի պատնեշ ու 1930 թ. այդ տարածքում ստեղծեցին հինգ շրջան` Զանգելանի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Լաչինի ու Քյալբաջարի շրջանները, այդ տարածքներից դուրս մղեցին հայ բնակչության վերջին մնացորդներին իրենց բնորոշ մեթոդներով:
Ցարիզմը ժառանգություն թողեց 260 բնակչություն ունեցող մի Աղդամ, որի բնակիչների մի պատկառելի մասն էլ հայեր էին` ցարական չինովնիկներին սպասարկող իրենց օղու ու գինու արտադրամասերով: Մարզի ձևավորման ժամանակ Աղդամը, շրջակա 9 աուլի հետ, ընդհանուր թվով 2094 բնակչությամբ, դարձրին առանձին շրջան այն դեպքում, երբ Շամխորի, Քարհատ-Դաշքեսանի, Էլենդորֆ-Խանլարի, Գարդմանք-Շահումյանի շրջաններն իրենց 86 960 հայ ու 7567 ռուս ու գերմանացի բնակչությամբ դուրս թողեցին մարզի կազմից: Միայն Չայքենդ-Գետաշենն ուներ 5057 բնակիչ, որը երկուսուկես անգամ գերազանցում էր ստեղծված Աղդամի շրջանի բնակչությանը: Իսկ խորհրդային վերջին վիճակագրությամբ Աղդամի շրջանում արդեն արձանագրվել է 135 900 բնակիչ, որի հիմնական զանգվածը 1954 թ. ներմուծվել է Իրանից: Պատահակա՞ն է, որ հեռվից մի քանի կրակոց լսելուց հետո 40-հազարանոց Աղդամում ազերթուրք չմնաց, չհասցրին անգամ իրենց պատրաստած ճաշը հետները վերցնել: Նրանք դեռևս չէին ընտելացել իրենց նոր բնակավայրին, որ իրենցը չէր: Նույնը օրեր առաջ չկրկնեցի՞ն Մարտակերտի գյուղեր խցկած թուրք բնակիչները:
Միայն Աղդամի շրջանում իրականացրած քաղաքականությամբ, 2094 և 135 900 թվերը իրար կողքի դնելով կարելի է ցույց տալ, թե Բաքվի իշխանություններն ինչպիսի կատաղի մոլեգնությամբ էին իրականացնում իրենց նվաճումները: Այս ամենին անտեղյակ մեր դերակատարներն ամեն անգամ քնից արթնանում էին ու տեսնում, որ Աղդամում մի նոր բարձրահարկ շենք էլ բարձրացավ:
Բայց ահա, պատմական տեղաշարժերին, կատարված անցուդարձերի էությանը անգիտակ, հրեշ դարձած Աղդամի վերացմանը ականատես ու մասնակից մեր դերակատարները երևույթի այլ իմաստավորում չգտան, հայրենական տարածքի ազատագրումը որակեցին գրավում և մեր գլխավերևը կանգնած շահագրգիռ հզորների մոտ արդարացան, թե մենք Աղդամն ու Կարյագինո-Ֆիզուլին գրավել ենք, որ դարձնենք մարզի անվտանգության գոտի: Դրանով մերոնք գրավում դարձրին նաև 1929 թ. խորամանկ խաբեությամբ Հայաստանի Հանրապետությունից պոկած այն տարածքները, որտեղ Բաքուն ստեղծել էր 5 արհեստական շրջան ևս` այնտեղից դուրս մղելով բնիկ հայերին:
Անգիտության արդյունք այս ճակատագրական սխալին էլ անհամբեր սպասում էին Մինսկի խումբ կազմած աշխարհի շահագրգիռ հզորները, որպեսզի մեր գլխավերևը կախեն իրենց պարտադրանքները` խեղճ ու կրակ ազերթուրքերից գրաված յոթ շրջանի վերադարձը: Եվ որպես զիջում խոստանում են այդ տարածքներից մեկով մեզ տրամադրել մի արահետ-կածան, որ անհրաժեշտության պարտադրանքով կարողանանք փախչել Հայաստանի Հանրապետություն: Այսքանն է մեր ձեռքբերումը, որը համազոր է Սումգայիթի եռօրյա եղեռնի ժամանակ Գորբաչովի` երեք ժամով ուշանալուն:
Մենք մի ծանրակշիռ սխալ էլ ենք թույլ տալիս` դառնալով «փոխադարձ զիջում» հասկացության գերին: Ի՞նչ փոխադարձ զիջման մասին կարող է խոսք լինել, երբ պատերազմը տեղի է ունեցել երկու պետական կառույցների միջև, և գաղութային վիճակում գտնվող կողմը կարողացել է ոչ միայն փրկվել կործանումից, այլև ազատագրել իրենից բռնագրավված որոշ կտորներ: Քաղաքակրթության պատմության մեջ ոչ մի պատերազմ փոխզիջումով չի վերջացել, բացի երկու համաշխարհային պատերազմներից: Այստեղ էլ փոխզիջման են դիմել հաղթանակած կողմերը` Բեռլինը պատով կիսելով իրենց միջև: Հարցը պետք է պատերազմի դաշտից տեղափոխել ընդհանուր հակամարտության դաշտ և հատուցում պահանջել մեր ծանրածանր կորուստների դիմաց:
Երբ 1920 թ. ապրիլի 28-ին 11-րդ կարմիր բանակը մտավ Բաքու, այնտեղ ստեղծեցին վերազգային ինտերնացիոնալ հանրապետություն, որի պետականաստեղծ կողմերն էին մահմեդականներն ու հայերը: Միակ վերազգային, ինտերնացիոնալ հանրապետությունը Միությունում: Հանրապետությունն ուներ երեք պետական լեզու իրենց գործառույթներով` դպրոց, մամուլ, ռադիո և այլն: Սկզբնական շրջանում հանրապետության բարձրագույն պետական պաշտոններում հայերն էին մեծ թիվ կազմում, որովհետև մահմեդական գրագետ զանգվածը շատ քիչ էր: Ոչ թե թուրք չոբանները, այլ շինարար հայերը Բաքուն դարձրին Միության արդյունաբերական կենտրոններից մեկը` առաջին հերթին իրենց գիտական կադրերով: Հայերը կառուցեցին արդյունաբերական Սումգայիթն ու Մինգեչաուրը, տնտեսական զարգացում ապահովեցին հանրապետությունում` հետևողական խտրականության, օրեցօր ահագնացող հալածանքի պայմաններում, որի վերջնակետը եղավ հանրապետության ողջ տարածքում ու Նախիջևանում իրականացված ցեղասպանությունը:
Հանրապետության տարածքների մեծ մասում խառը բնակչության պատճառով հայերս զրկված էինք ինքնապաշտպանության հնարավորությունից և դարձանք ցեղասպանության զոհ: Իսկ այն շրջանները, որտեղ դեռ ամուր կանգնած էինք հայրենական հողի վրա, և ազերթուրքը դրանք սեփական ուժերով նվաճել չէր կարող, գորբաչովյան տանկերով ու հրանոթներով նվաճեցին ազերթուրքերի համար: Մենք պետք է հետ պահանջենք Գորբաչովի կատարած նվաճումները, այն է` Շամխորի, Քարհատ-Դաշքեսանի, Էլենդորֆ-Խանլարի, Գարդմանք-Շահումյանի, ինչպես նաև մարզի վերակենդանացրած, բայց մարզից խլված մեր Բայլական-Ժդանովի շրջանները: Մենք պարտավոր ենք միջազգային դատ բացել Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության դեմ և հատուցում պահանջել:
Չնայած խորհրդային դպրոցն անցած մեր պաշտոնական պատմաբանների կատարած ավերածություններին, չնայած Ստալինի պահանջով մեր հայրենիքի մի մեծածավալ տարածք նվիրեցին դեռևս սեփական անուն չունեցող հարևանին, որը մեր դեմ զենք է դարձրել այդ հարևանը, մեր դասական պատմագիտությունը` Խորենացուց մինչև Մանանդյան և Լեո, բազմաբովանդակ նյութեր է տրամադրում մեզ` հաստատելով այն իրողությունը, որ մեր հայրենիքի արևելյան այդ տարածքները մեր հայրենիքն են եղել հեռավոր այն ժամանակներից սկսած, երբ ձևավորվել ենք որպես ինքնուրույն էթնիկական միավոր: Վերջերս դրան գումարվեց մի նոր հայտնություն ևս: Սեպագրագետ Հովհաննես Կարագյոզյանը, վերծանելով սեպագրերը, ներկայացրել է պատմական Հայաստանի, այդ թվում` Արցախ-Ղարաբաղի մի շարք պատկառելի տեղանուններ: Վանի Արարատյան թագավորության արքա Սարդուրի Բ-ն (764-735) արձանագրել է Խորադիզ և Խոխանաբերդ տեղանունները որպես բնակավայրեր: Նրանից 30 տարի հետո Ռուսա Ա-ն (735-713) արձանագրել է Գիշի, Տումի, Հադրութ, Ծամձոր և այլ տեղանուններ, որոնք հազարամյակների մաքառումներով և իրենց հայ նկարագրով հասել են մեր օրերը: Այո՛, ցարը նվաճել է մեր երկրի այդ հատվածները ևս, մեր Խորադիզում երկաթգծի կայարան կառուցել: Բայց դրանով Խորադիզը Ռուսաստանի երկրամաս դարձա՞վ, որ այն նվիրի թուրքին: Մեր զավակները երկու անգամ ազատագրեցին իրենց հայրենի Խորադիզը, երկու անգամ էլ այն վերադարձրին թշնամուն: Թշնամուն վերադարձրին 2780 տարի առաջ մեր նախապապերի արձանագրած հայրենի Խորադիզը:
Մենք պարտավոր ենք օրինական, իրավական ու քաղաքական դաշտ վերադարձնելու մեր հազարամյակների անշրջանցելի պատմությունը, որ դարձնենք ժամանակակից վտանգավոր մարտահրավերների դեմ մաքառելու միջոցներից մեկը: Մեր յուրաքանչյուր երեխան անգամ պետք է իմանա, որ Արցախի, Նախիջևանի հետ միաժամանակ հայկական տարածք է նաև մեր Գանձակը: Ավելին: Պետք է իմանա, թե Լենինը ռուսական զենքով, զինամթերքով ու փողերով ի՛նչ ճանապարհով է թուրք Նուրի փաշային հասցրել Բաքու, որպեսզի մեզ նոր պատերազմ պարտադրելու դեպքում մենք էլ քայլենք նույն ճանապարհով:
Ներկա գերլարված ու վտանգավոր իրավիճակում մենք ուրիշ միջոց չունենք, բացի Մինսկի խմբի հետ մեր հարաբերությունները շարունակելուց: Բայց դա չպետք է հասցնել խեղճուկրակ հնազանդության. մենք պետք է կարողանանք մեր ճշմարտություններով հակադարձել նրանց պարտադրանքներին:
Մեզ մեղադրո՞ւմ են ուրիշի տարածքները գրավելու հարցում: Մենք պետք է կարողանանք դրա դեմ կանգնեցնել մեր հազարամյակների պատմությունն ու Բաքվի գաղութային մարդակեր քաղաքականությունը` սկսած այն պահից, երբ 1920 թ. մայիսին արյունախում Ասադ Կարաևը գաղտնի հրահանգ տվեց իրենց ցեղակիցներին` հայերի քոքը կտրել Ղարաբաղից: Մենք պետք է ցույց տանք, որ մեր վզին փաթաթած պատերազմում ոչ միայն կարողացանք փրկվել վերջնական կործանումից, այլև ազատագրեցինք մեր դարավոր հայրենիքի որոշ բեկորներ ևս:
Ալիևի կրակած մեկ միլիոն փախստականների վերադարձի պահա՞նջ են ներկայացնում: Մենք պետք է իրեղեն ապացույցներով ցույց տանք, որ այդ փախստականները կապ չունեն Ղարաբաղի հետ: Մարզի ձևավորման պահին բնակչության 94,5 % -ը հայ է եղել, 5,5 % -ը` ռուս, հույն, ազերի: Կարելի է պայմանականորեն ենթադրել, թե դրա 2 %-ը ազերի է եղել: Իսկ թե ինչպես են իրենց թվակազմը հասցրել 20 %-ի, վկայում է, որ դրանք անօրինական ներթափանցումներ են եղել և չեն համապատասխանում փախստականի կարգավիճակին:
Խաղաղարար ուժե՞ր են ուզում խցկել Ղարաբաղ: Մենք պետք է խտացված փաստերով ցույց տանք, որ վերջին 300 տարում դրսերից եկած այդ «խաղաղարարներն» են մեզ զրկել մեր հայրենիքից` Զեյթունից մինչև Սասուն, Կարսից մինչև Բաքու, և հրաժարվելով հրաժարվենք նման պարտադրանքից: Ինչպե՞ս կարելի է մոռանալ սաֆոնովյան բանդիտներին, որ պետական զորքերով հայաթափեցին Ղարաբաղի բազմաթիվ գյուղեր: Մենք միայն «բարի քեռիներից» լքվելու դեպքերում ենք հաջողություն ունեցել. փայլուն վկայությունը մեր Սարդարապատն է:
Պարտադրում են նո՞ր հանրաքվե: Պետք է հակադարձենք, թե մենք այնպիսի հանրաքվե ենք իրականացրել, որ հզոր տերությունները պարտավոր են ընդօրինակել մեր փորձը: Միաժամանակ ցույց տանք, որ դեռևս 5-րդ դարում ենք ունեցել սահմանադրական միապետություն, որի օրենքների ուժով հասարակության բոլոր խավերը, արքայական գերդաստանից մինչև սեփականազուրկ ռայան (հասարակության ամենաստորին խավը), օգտվում էին հավասար իրավունքից ու պարտականություններից, որ վարձու աշխատանքով ապրող քաղաքացուց հարկ չէին վերցնում:
Իսկ թե ինչի՞ կհասնենք մեր նման կեցվածքով, դարձյալ մնում է օդից կախված հարցական, դարձյալ չի չեզոքացնում մեր գլխին նոր պատերազմ փաթաթելու վտանգը: Հետևապես մենք պետք է միշտ պատրաստ լինենք` հույսներս դնելով մեզ վրա, միայն մեզ վրա:
Հուսով ենք, որ վերոգրյալ նկատառումները հաշվի կառնեք Ձեր հետագա գործունեության ընթացքում: Մնում է Ձեզ ցանկանալ քաջառողջություն, կամք ու համառություն Ձեր հայրենանվեր ջանքերի բնագավառում:


Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ