Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ձախողված փորձ` ընդհանրական դիմանկարի

Ձախողված փորձ`  ընդհանրական դիմանկարի
12.09.2014 | 00:45

Խորհրդարանը, ինչպես հայտնի է, ներկայացուցչական մարմին է, ընտրովի և, օրենսդրական գործառույթից բացի, ունի նաև քաղաքական գործառույթ: Որևէ երկրի խորհրդարանի նիստերին երեք օր ներկա գտնվելով և այդ նիստերի լուսաբանումը երեք օր ուսումնասիրելով` հանգիստ կարող ես պատկերացում կազմել այդ երկրի քաղաքական ու տնտեսական իրավիճակի, ժողովրդավարության աստիճանի, տնտեսության զարգացման միտումների, ընդհանրական մշակութային մակարդակի մասին: Պարզապես պիտի համբերատար լսես` ինչ են ասում, տեսնես` ինչ են անում այդ ասելուց հետո, ու… Հայաստանի պարագայում այդ ամենից հետո կարող ես ոչինչ էլ չգրել, որովհետև Հայաստանի պարագայում ազգային մենթալիտետային անեկդոտների լավագույն տասնյակում է պատերին սպիտակ թուղթ փակցնող-փախչողի պատմությունը. չէ՞ որ բոլորն ամեն ինչ գիտեն… Բոլորն ամեն ինչ գիտեն, բայց ոչինչ չի փոխվում, և սպիտակ թուղթը Հայաստանում tabula rasa չէ, որի վրա եթե ոչ ամեն ինչ, գոնե քո տեսակետը կարող ես գրել` վստահ, որ գրածդ գրած է և ունենալու է ազդեցություն։ Ո՛չ: Ազդեցությունը Հայաստանում խիստ պայմանական կատեգորիա է, խիստ խաբուսիկ, խիստ խորքային ու երերուն, նախասահմանված, վերանայման անենթակա:
Սեպտեմբերի 9-ի խորհրդարանական երեքշաբթին ավարտվեց պատգամավորների հայտարարություններով: Այդպես է սահմանում կանոնակարգը ամեն քառօրյայի երեքշաբթի օրվա համար: Սովորաբար իրենց հայտարարությունները պատգամավորները հաջորդ օրը` չորեքշաբթիի վերջին նիստում հարցի տեսքով ուղղում են կառավարությանը: Կանոնակարգով սահմանված է, որ վարչապետն ու կառավարության անդամները գալիս են խորհրդարան` պատասխանելու ազգընտիրների հարցերին: Ժողովրդավարական այս ժեստը երբեմն վերածվում է թատերական ներկայացման, երբեմն բանավեճի, երբեմն անեկդոտի, բայց հիմքում ունի հրապարակայնություն ու հաշվետվողականություն ապահովելու խնդիր: Յուրաքանչյուր երկիր այդ խնդիրը լուծում է ըստ իր կարողության` զարգացման սանդղակի դիրքի, օրենսդրական ու քաղաքական պատկերի: Այդ պատկերի կարևոր մասն են լրագրողները, որ լուսաբանում են խորհրդարանի կյանքը` ընտրելով իրենց հետաքրքրող դեմքերին ու դեպքերը: Յուրաքանչյուր ընտրություն միշտ էլ սուբյեկտիվ է: Կողմնակալության ժանգից խուսափելու համար որոշեցի ձայնագրել բոլոր հայտարարությունները ու հասկանալ` կոնկրետ ժամանակահատվածում ինչ է տեսնում իշխանությունը, և ինչ է ուզում ցույց տալ ոչիշխանությունը: Ձախողված մտադրություն է, գիտեմ, բայց, այնուամենայնիվ, այդ ձախողված մտադրության հիմքում էլ խնդիր կա. պարզել` ի՞նչ ենք մենք ուզում ընդհանրության մեջ:
Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր վիճահարույց փաթեթը, որ նորից է ներկայացվելու Սահմանադրական դատարանին` երեք հարթության մեջ` օրենքն ընդունվել է ընթացակարգային խախտումներով, իրավունքի գերակայության սկզբունքի, որ ամրակայված է Սահմանադրությամբ և ՍԴ որոշմամբ, սոցիալական իրավունքի նորմերի իրացման: Կռահեցիք` խոսքը կենսաթոշակային համակարգի բարեփոխումների մասին է, կարճ` կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի: ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» պաշտպանում ու աջակցում են ՍԴ դիմելը: Իշխան Խաչատրյանին մտահոգում էին գյուղատնտեսությունն ու պարենային անվտանգությունը: Ոլորտում իրականացվում են պետական աջակցության ծրագրեր, առանցքային խնդիրները լուծված չեն, ձևավորված չէ գյուղմթերքների մշակման հուսալի համակարգ: Ոլորտի եկամտաբերությունը ցածր է, ռիսկայնությունը` բարձր, լուծված չէ ջրի խնդիրը: Վիճակը վատ է… Ռուբիկ Հակոբյանը առաջիկա քաղաքական զարգացումների օրակարգում տեսնում էր սահմանադրական բարեփոխումները և այս հարցում համախոհության բացակայությունը: Լուրջ քաղաքական ուժերը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չեն տեսնում, չեն վստահում իշխանության մղումներին և կարծում են, որ այլ նպատակներ ունի:

Թևան Պողոսյանը մտահոգ էր որոշումների կայացման մեխանիզմներով, որոնք հանգում են ֆինանսական ապահովմանը, նա որոշումների կայացման մշակույթի մշակում էր պահանջում: Հովհաննես Մարգարյանը գործազրկությանն ու արտագաղթին անդրադարձավ, որոնց հետևանքով բուհերն ու դպրոցները մնացել են առանց ուսանողների ու աշակերտների, նաև գյուղատնտեսական համալսարանի ռեկտորին, որ հույս ունի, թե «բարաթը չի գտնվի»: Ստեփան Դեմիրճյանը միակն էր, որ հիշեց 12 առաջարկները, որոնցով երկրի խնդիրները չեն սահմանափակվում, բայց և չեն լուծվում ապաշնորհ կառավարման, ամենաթողության ու անպատժելիության պատճառով, ուստի ավելորդ է խոսել առաջընթացի, սահմանադրության փոփոխության մասին: Լևոն Դոխոլյանը հանրապետական, ներհամայնքային, միջհամայնքային ճանապարհներին ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության կանոններով էր մտահոգված: Լյուդմիլա Սարգսյանը առողջապահական համակարգի արդյունավետության գնահատման չափորոշիչների, կոռուպցիոն ռիսկերի ու դեղերի անհաշիվ պրոբլեմներն էր առաջ քաշում: Սուքիաս Ավետիսյանը Գյումրու ու Շիրակի մարզի անօթևան քաղաքացիների խնդիրները հիշեցրեց` հաշվի առնելով, որ սկսվել են եկող տարվա բյուջեի նախագծի քննարկումները: Մարգարիտ Եսայանն անդրադարձավ սահմանադրության փոփոխությանը, որ դառնում է երկրի քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը և քաղաքական ուժերին կոչ արեց կոնյունկտուրային վերաբերմունք չդրսևորել: Ռուբեն Գևորգյանը հայտարարեց, որ ողջ հանրությունը տեղյակ է «Երդվյալ ազատամարտիկների միության» ստեղծմանը, բայց իշխանությունը փակել է բոլոր դռները, և միությունը համագումարը օպերայի կամ Հանրապետության հրապարակում կանցկացնի: Գագիկ Մելիքյանը խոսեց սահմանային սրացումների ժամանակ ժողովրդի համախմբվելու, բանակի հետ բռունցք դառնալու կարողության մասին: Էդմոն Մարուքյանը պետական հատվածում աշխատավարձի բարձրացմանն անդրադարձավ և ուռճացված պետական սեկտորի օպտիմալացման խնդիր դրեց: Արտակ Զաքարյանը համաշխարհային և տարածաշրջանային զարգացումներից առանձնացրեց Սոչիի և Նյուպորտի հանդիպումները և դրվատեց մեր երկրի հետևողական ջանքերը, որոնք հանգեցրել են Ադրբեջանի փակուղի մտնելուն: Միքայել Մելքումյանը խոսեց տնտեսական աճի և աշխատատեղերի փոխհարաբերության մասին և կարևորեց մինչև 2020-ը տեխնոլոգիական զարգացման խնդրի լուծումը: Սամվել Ֆարմանյանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացման միտումներից սկսեց և եզրակացրեց, որ հայ ժողովրդին վիճակված է ապրել բարդ ժամանակներում, որոնք նոր սառը պատերազմ են ակնարկում: Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերին` Հայոց ցեղասպանության և ԼՂ հակամարտության վերաբերյալ, որակելով. «Գողն առաջինն է գոռում` բռնեք գողին»: Վահրամ Մկրտչյանը կարևորեց սահմանադրական բարեփոխումները, որոնք կոչված են ստեղծելու հասարակական նոր, ավելի արդյունավետ հարաբերություններ: Նա կողմ է խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը: Ռուզաննա Մուրադյանը գրագետ ու կիրթ հասարակության մասին խոսեց` ի հիշեցումն սեպտեմբերի 8-ը Գրագիտության միջազգային օր հռչակելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման: Վահան Բաբայանը խոսեց սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկումների անհրաժեշտության մասին: Նա կարծում է, որ սահմանադրական փոփոխություններն ունեն ժամանակ, որը Հայաստանում դեռ չի եկել: Կարեն Ավագյանը, ի հեճուկս որոշ գործիչների և քաղաքական ուժերի, սահմանադրական բարեփոխումները պահանջված որակեց, ապա անդրադարձավ նյուպորտյան հանդիպումներին և նախագահի ելույթին: Շուշան Պետրոսյանը, որ արժանացավ ծափերի, սկսեց Հայաստանի բնությունից, հասավ Հայաստանի բոլոր փորձություններին` աշխարհագրական դիրք, վատ հարևաններ, դավաճանություն, միամտություն ու մտավ թշնամական խրամատներ, որտեղ զինվորները քնած էին: Արագած Ախոյանը խոսեց Հունաստանի խորհրդարանում քննարկվող ռասիստական հայտարարությունները և ժխտողականությունը քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագծի քննարկումից: Մհեր Շահգելդյանը տրանսպորտային միջոցների տուգանքների խնդիրների չլուծվածությունը հիշեցրեց, որոնց ընդհանուր գումարը հասնում է մեկ միլիոնի: Հեղինե Բիշարյանն անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը հաջորդած շղթայական թանկացումներին, որոնք մեծ գումարներ են կազմում: Թանկացումները նա որակեց արտագաղթի հնարավոր ալիքի պատճառ:
24 հայտարարությունները, որ հնչեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի նիստին հավելած կես ժամը ևս օգտագործելով, քաղաքական տարբեր ուժերի և խրամատի տարբեր կողմերում գտնվող պատգամավորների տեսակետներն էին ներկայացնում: Ինքներդ դատեք` որքանով են այդ հայտարարություններն արտացոլում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու խնդիրներն ու այդ խնդիրների լուծման մեխանիզմները, որքանով են ադեկվատ խորհրդարանի պատերից ներս ու դուրս գտնվող աշխարհների պատկերացումները: Սա խորհրդարանի ընդամենը մեկ նիստի խստիվ համառոտ ներկայացումն է, որ ավելի շատ վերաբերում է քաղաքական, քան օրենսդրական գործունեությանը: 15-20 տարի առաջ ևս պատիվ ունենալով լուսաբանել խորհրդարանի աշխատանքը, ես լսում էի պատգամավորների հայտարարությունները և ջանում հիշողությանս մեջ վերականգնել այն տարիների խնդիրները ու համադրել ներկա խնդիրների հետ: Անկախ կուսակցական պատկանելության, անկախ անձերի, պարզապես պարզելու համար երկրի զարգացման դինամիկան: Իհարկե, հիշողությանս առաջին ալիքի վրա բարձրացավ աղետի գոտին իր խնդիրներով, որոնք դեռ լուծված չեն, հետո Ծաղիկ Ռուբոյի (նույն ինքը` Ռուբեն Գևորգյանի) խիստ զգայացունց, պարտադիր արյունալից, միշտ անբովանդակ խոսքը: Հիշողությանս երկրորդ ալիքը եկավ հավաստելու, որ խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները դարձել են նվազ գաղափարական, նվազ քաղաքական ու սկզբունքային ու իսկապես վերածվել են կոնյունկտուրային, դիրքային մարտերի, խրամատներում, սակայն, պաշտպանվում է ոչ թե պետությունը, այլ նեղկուսակցական շահը, մի կողմից` իշխանությունը, մյուս կողմից` իշխանությունից իշխանություն պոկելու ձգտումը: Որո՞նք են իշխանության խնդիրները ըստ հայտարարությունների` սահմանադրական բարեփոխումների անխուսափելիության, արտաքին քաղաքականության մի քանի օրվա իրենց գնահատականով անվիճելի հաջողությունների մեջ համոզելը: Համարյա վերջ: Որո՞նք են ընդդիմության խնդիրները` ապացուցել, որ սահմանադրական բարեփոխումների ժամանակը չէ և, բացի իշխանության վերարտադրությունն ապահովելուց, Սահմանադրություն փոխելը ռեալ կյանքում այլ խնդիր չի լուծելու, հավելենք գործազրկությունը, արտագաղթը, թանկացումները: Համարյա վերջ: Քաղաքականությունը, այո, միշտ էլ սառցալեռ է եղել, որի հիմնական ու վճռական հատվածը երբեք էլ ջրի երես դուրս չի եկել: Հրապարակային քաղաքականությունն արդեն քարոզչությունն է, որտեղ բոլոր օրենքները ենթարկվում են մեկ օրենքի` ինչ միջոցով ուզում ես, բայց հասիր արդյունքի: Հաղթական արդյունքի: Ոչինչ էլ չի փոխվում: Հարյուրամյակների մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ հիշողությանս երրորդ ալիքը ինձ ուղղակի դուրս բերեց խորհրդարանից, որի պատերի ներսում, հակառակ թվացյալ խաղաղության ու հանդարտության, ծավալվում են ամենահակասական գործընթացները, հնչում են ամենասուր ելույթներն ու տեսակետները, բայց որտեղ միշտ արդյունքի հասնում է մեծամասնություն ունեցող իշխանությունը, նույնիսկ երբ փոքրամասնությունն իրեն անվանում է ոչիշխանություն և ելակետ ունի ճշմարտությունը: Խիստ գրոտված է մեր քաղաքական tabula rasa-ն, որտեղ ոմանք ինքնագրեր են թողնում, ոմանք` մատնահետքեր:

Դիտվել է՝ 1575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ