«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Մելքոնյան եղբայրները և Ազգային գրադարանը

Մելքոնյան եղբայրները և Ազգային գրադարանը
12.09.2014 | 11:45

Ամեն ոք, ով տասնամյակներ շարունակ եղել է Ազգային գրադարանի մշտական ընթերցող, չի կարող անտարբեր լինել այն ամենի հանդեպ, ինչն առնչվում է մեր երկրի այդ խոշորագույն կրթամշակութային հաստատության հետ: Մանավանդ երբ խոսքը վերաբերում է ազգային ավանդույթների պահպանմանն ու մարդկային երախտագիտությանը:
Գրիգոր (1843-1920) և Կարապետ (1849-1934) Հարությունի Մելքոնյան եղբայրները մեր ժողովրդի փառապսակ զավակներից են: Նախնական կրթությունն ստացել են ծննդավայր Կեսարիայի Գյումուշյան վարժարանում, ապա զբաղվել առևտրով: 1878 թ. Ռուս-թուրքական պատերազմից հետո անցել են Ռումինիա և Ֆոքշանում առևտուր արել: Ապա կարճ ժամանակ անց տեղափոխվել են Եգիպտոս և ճանապարհամերձ մաքսատներից մեկի մոտ խանութ վարձակալելով` ծխախոտ վաճառել: Հմտանալով այս գործում` եղբայրներն անցել են արտադրական ոլորտ. 1882 թ. Զագազիգում հիմնել են «Գ. և Կ. Մելքոնյան» ֆիրմայի առաջին գործարանը, որը հետագայում տեղափոխվել է Ալեքսանդրիա: 1888-ին Ֆայումում շարք է մտել նրանց երկրորդ գործարանը, իսկ 1900 թ. Կահիրեում կառուցել են նոր գործարան, ուր տեղափոխվել են Ալեքսանդրիայի ու Ֆայումի ձեռնարկությունները: 1914 թ. այստեղ ամսական արտադրվում էր 10 մլն հատ գլանակ: Գրիգորն զբաղվում էր տեղական գործառնություններով, իսկ Կարապետը` հումքի գնմամբ և արտադրության ընդհանուր վերահսկմամբ: Ֆիրման ներկայացուցիչներ ուներ Եգիպտոսի ու Սուդանի գրեթե բոլոր քաղաքներում, գործնական սերտ կապեր էր պահպանում եվրոպական ու հեռավորարևելյան տարբեր երկրների հետ: Մելքոնյանների արտադրանքը լայն սպառում ուներ, հատկապես «Մատեն» (ֆրանսերենից թարգմանաբար` գարուն) մակնիշի սիգարետը:
Ավագ եղբոր մահից հետո (1920 թ.), Կարապետն իր ու եղբոր ամբողջ ունեցվածքը տրամադրում է Հայաստանի Առաջին Հանրապետությանը, ինչի համար արժանանում է «Ազատ Հայաստանի արտասահմանյան առաջին հայ քաղաքացի» կոչմանը: Սակայն Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու պատճառով մեկ տարի անց` 1921 թ. հուլիսի 25-ին, Կ. Մելքոնյանը կազմում է նվիրատվության մի ակտ, որի համաձայն իր ու եղբորից մնացած ամբողջ կարողությունը հատկացնում է Տաճկաստանում ու Կիլիկիայում հայ օրիորդների ու պատանիների համար երեք հայկական դպրոց պահելու նպատակին:
Իզմիրի հայաթափումից հետո, 1924 թ. մայիսի 19-ին, նա կազմում է մի նոր ակտ, որով իրավունք է տալիս որբանոցներ ու դպրոցներ բացելու այն վայրերում, որտեղ իրավարարները նպատակահարմար կհամարեն: Իրավարարն էր Պոլսո պատրիարքարանը, որը որոշում է որբանոց բացել Կիպրոս կղզում, և կառուցվում է մի հոյակերտ շենք: Սակայն 1925 թ. դեկտեմբերի 28-ին Ալեքսանդրիայում կազմվում է մի նոր ակտ և ամբողջ նվիրատվությունը փոխանցվում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ): Վերջինիս նախագահ Պողոս Նուբար փաշայի և Կարապետ Մելքոնյանի միջև կայացած բանակցությունների հիման վրա բարերարների ամբողջ հարստությունը Ալեքսանդրիայի Խառն դատարանում նախ 1925-ին, ապա 1926-ին, պաշտոնապես ՀԲԸ միությանն է փոխանցվում նոտարական ակտերով (պայմանագրություն):
1927 թ. Կ. Մելքոնյանի ցանկությամբ` Պ. Նուբարը Կահիրեի ծխախոտի գործարանը վաճառում է անգլիական «Իսթերն ընկերությանը»` 564696 ֆունտ ստեռլինգով, որն էլ հավասար մասերով ի պահ է դրվում Լոնդոնի «Միդլենդ» բանկում և Նյու Յորքի «Նեյշնըլ Սիթի բանկում», որպես անձեռնմխելի գումար: Դրանից ստացվող շահույթը սկսում է հատկացվել ազգօգուտ նպատակների` համաձայն բարերարի հանձնարարության:
1925 թ. ՀԲԸՄ-ը եղբայրների նվիրատվությունից 3000 եգիպտոսյան ֆունտ հատկացրեց Երևանի համալսարանին` հայ գրականության և պատմության ամբիոնների հիմնման ու պահպանման համար:
1930 թվականից սկսած Մելքոնյան հիմնադրամի գործադիր հանձնաժողովը ձեռնամուխ եղավ Հայաստանում հայագիտական աշխատությունների հրատարակմանը: Լույս տեսան Հր. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը»` 7 հատորով, Հ. Մանանդյանի «Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում» և «Մանր հետազոտություններ», Մ. Աբեղյանի «Հայոց լեզվի տեսություն», Ե. Շահազիզի «Հին Երևանը», Ե. Լալայանի «Դամբարանների պեղումներ Խորհրդային Հայաստանում», Թ. Թորամանյանի «Շինանյութերն ու նրանց գործածության կերպը Հին Հայաստանում», Ս. Մելիքյանի «Կոմիտասի ստեղծագործության անալիզը», Խ. Սամվելյանի «Հին Հայաստանի կուլտուրան», Լ. Մելիքսեթ-Բեկի «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին»` 2 հատորով և այլն, ընդհանուր առմամբ` շուրջ 30 անուն հիմնարար ուսումնասիրություն:
1933 թ. գործադիր հանձնաժողովը, Հայկական ԽՍՀ կառավարության մասնակցությամբ, ձեռնամուխ եղավ «Մատենադարանի»` Հանրային (ներկայիս` Ազգային) գրադարանի և տպարանի շինարարությանը (ճարտարապետ` Ալ. Թամանյան): Չորս տարվա ընթացքում Մելքոնյան հիմնադրամը շինարարության համար հատկացրեց 1 մլն 369650 ռուբլի, իսկ կառավարությունը 1 մլն 219873 ռուբլի (նշենք, որ այդ ժամանակ ԽՍՀՄ-ում բանվորների ամսական միջին աշխատավարձը 200-250 ռուբլի էր): 1937 թ. փետրվարին գրադարանի շինարարության մեծ մասն ավարտվել էր, բայց նույն տարվա դեկտեմբերի 8-ի որոշմամբ Մելքոնյան հիմնադրամի գործունեությունն արգելվեց։
Այժմ զուգահեռներ անցկացնենք պատմության և այժմեականության միջև:
1924-ին Կիպրոսում բացված որբանոցը փոխեց նշանակությունը, և 1926-ին դրա տեղում պաշտոնապես հիմնվեց Մելքոնյան կրթական հաստատությունը, ուր տասնամյակներ շարունակ բարձրակարգ կրթություն ստացան բազմաթիվ երկրների հայ սերունդներ (այդ թվում և` Արցախից): Այն միակ գիշերօթիկ, երկրորդական, ամենօրյա դպրոցն էր Սփյուռքում: ՈՒսումնական ծրագրերն էին` հումանիտար, գիտական և տնտեսական (բիզնես): Հայերենից ու անգլերենից բացի, դասավանդվում էին հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն, բուլղարերեն:
Հաստատությունն զբաղեցնում է 125 հազ. քմ տարածք, որտեղ տեղակայված են 2 եռահարկ ուսումնական մասնաշենք, 2 հանրակացարան տղաների ու աղջիկների համար, մարզահամալիր, տարբեր մարզադաշտեր, պաշտոնատարների բնակելի շենք և այլն: Սակայն հիմնադրումից 80 տարի անց` 2006 թ., ՀԲԸՄ ղեկավարության որոշմամբ, հաստատությունը փակվեց։ Անձամբ եմ տեսել մետաղացանցով պատված կրթահամալիրը` մեր մեծերի պղծված կիսանդրիներով: Այդ «բանտարկված» համալիրում են գտնվում նաև երջանկահիշատակ ու ողբալի Մելքոնյանների գերեզմանները:
Ազգային գրադարանի` Տերյան փողոցի վրա գտնվող հոյակերտ կառույցի (ինչը խոսակցական լեզվով կոչվում է ճարտարապետի անունով` Թամանյանական) ֆինանսավորումը տրամադրել են Մելքոնյան հիմնադրամը և Խորհրդային Հայաստանի կառավարությունը: Կարծում եք` այն ժամանակ փող ծախսելու տեղ չկա՞ր. անազնիվ մարդ պետք է լինել չընդունելու համար այն իրողությունը, թե խորհրդային իշխանությունը որքան էր կարևորում կրթությունը, գիտությունը, արվեստը, մշակույթը, մտավոր գործունեության մյուս ոլորտները:
Եվ կարծում եք, թե անցյալ դարի 30-ական թվականներին ավելի հոգատար, սրտացավ էին ընթերցանության հանդեպ, քան հիմա՞: Ոչ, և փառք Աստծո: 2012-ին իշխանությունն ավելի քան 709 մլն դրամ հատկացրեց Ազգային գրադարանի գոնե մի մասի հիմնանորոգման համար, և պայմանների քիչ թե շատ բարելավումը կարող ենք վկայել մենք` հին ընթերցողներս:
Բայց ինձ հանգիստ չի տալիս մեկ միտք. դժվա՞ր էր մի հարթաքանդակ, մի պղնձե կամ քարե տախտակ, թեկուզ մի շորե պաստառ փակցնել գրադարանի պատին կամ ներսում, մուտքի մոտ, որտեղ նշված լինեին Գրիգոր և Կարապետ Մելքոնյանների անունները: Այդ մասնաշենք օրական հարյուրավոր երիտասարդներ են ներսուդուրս անում, ինչո՞ւ նրանց չասենք, որ Տերյան փողոցում Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցվեց Ազգային գրադարանի շենքը, ֆինանսական միջոցները հատկացրին Մելքոնյան հիմնադրամը և խորհրդային կառավարությունը, հիմնանորոգեց անկախ Հայաստանի իշխանությունը:
Սերունդներին այսպիսի շարունակականություն է պետք փոխանցել: Հոգևոր-մշակութային արժեքները և ազգային կապիտալն են ազգ պահել:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

անում" />
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում