Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խաչաբլուր

Խաչաբլուր
12.09.2014 | 11:55

Նման անունով բլուր կամ բառ չկա մեր հայոց լեզվում և իրականության մեջ, բայց եթե Աստված կամենա և մարդիկ աջակցեն, ապա այն իրականություն կդառնա, ու այդպիսով մենք` 100 տարի հետո ապրողներս, մեր պարտքի և հարգանքի վայել տուրքը կմատուցենք Մեծ եղեռնի հիշատակին ննջած մեր նահատակներին:
Այս մասին տարիներով եմ խորհել, թե ինչպես կարող ենք ազգովին մի նշանակալից բան անել Հայոց եղեռնի 100-ամյակի կապակցությամբ: Մի քանի անգամ գրել ու առաջարկություններ եմ արել «Իրատես de facto»-ի էջերից: Օրինակ, հայոց գերբի ու դրոշի վրա անպայման սուրբ Խաչի քրիստոնեական կնիքը համարվող սիմվոլն ունենանք, որով մենք ներկայանում ենք աշխարհին: Առաջարկել եմ նաև Հանրապետության հրապարակի այն թափուր տեղում, որտեղ մի ժամանակ մոլորյալների առաջնորդի արձանն էր, այս անգամ հայկական գեղեցիկ ծաղկած Խաչ կանգնեցնել: Բայց ինչպես Ավետարանն է ասում. «Ձայն բարբառո հանապատի…», հայոց իշխանավորները առավել կարևոր ու անձնական խնդիրներով են զբաղված:
Բայց մտովի պրպտումները չէին դադարում, ու այժմ էլ երկու առաջարկ եմ անում.
ա¤ Թամանյան փողոցի կասկադի վերևի 50-ամյակի սյան վրա գեղեցիկ հայկական խաչ կանգնեցնել, որը, ի միջի այլոց, ծովի մակերևույթից ամենաբարձր Խաչը կդառնա եվրասիական ողջ տարածքում (քանի որ մեզնից հետո դեպի արևելք քրիստոնեական պետություններ չկան այլևս): Քարտեզներով ուսումնասիրել եմ, որ դա այդպես էլ կլինի ու եթե հարկ է, նաև զբոսաշրջիկային կարևոր ուշագրավ ու հետաքրքիր փաստ կլինի Հայաստան այցելողների համար:
Հիմա էլ մեկ այլ գաղափար է ծնվել ներսումս, որ եղեռնի միլիոնուկես նահատակներին վայել ոչ պակաս տեսանելի, քան եղեռնի կոթողն է, մի արժանահիշատակ գործ կազմակերպել ու իրականություն դարձնել: ՈՒ այդ միտքը հղացավ, երբ մի օր այցելել էի Արցախյան ազատամարտիկների Եռաբլուրը: Այդ տարածքին կից կա մեկ այլ ամայի ու չօգտագործվող տարածք, որը կարծես պահված է իմ այս նոր մտահղացման համար: Հիմա մանրամասն այդ մասին:
Շատերը գուցե տեսել են կամ տեղյակ են, որ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից մոտ 12 կիլոմետր հեռու, կա մի հիշարժան տարածք, որը կոչվում է Խաչերի լեռ, և ամբողջովին ծածկված է տարբեր չափսերի խաչերով: Ես, որ այդ մասին լսել էի տարիներ առաջ Վիլնյուս այցելության ժամանակ, անպայման ուզեցի այցելել այդ տեսարժան վայրը: ՈՒ այն իսկապես տեսարժան էր նրանով, որ հանկարծ այս աշխարհի թոհուբոհից հետո հայտնվում ես ձեռակերտ մի անտառում, որտեղ ծառերի փոխարեն խաչեր են, այն էլ տարբեր չափսերի ու ձևերի: Քայլում էի այդ խաչանտառի շավիղներով ու յուրահատուկ օրհնանք վայելում դրանց հոգևոր պահպանության տակ: Խաչերի լեռը անվանեցին Սուրբ լեռ, երբեմն էլ` աղոթքի թանգարան: Խաչանտառի խաչերի քանակն այնքան շատ է, որ այլևս չես կարող մեկ-մեկ նայել, բայց երևույթն ինքն է դառնում անմոռանալի. Խաչերի մի ամբողջ անտառ. հազար-հազարավոր խաչեր, ի նշան Քրիստոսի հաղթական հարության` ամենակուլ մահվան դեմ: Խաչերի լեռան պատմությունն այնքան հին է, որ նույնիսկ արմատների մասին մի քանի ավանդություն կա, բայց ամենակարևորն այն է, որ այդ Խաչալեռը հարատևեց նույնիսկ կոմունիստական աթեիզմի տարիներին, չնայած փորձ արվեց անտառը հրդեհելով ոչնչացնել այդ ամենը։ Բայց ինչպես ասում են` Աստված Իր սուրբ Խաչով պահապան եղավ և այն մնացել է մինչ օրս ու դարձել է հազարավոր զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկը: Համանման բնույթի մի ամբողջ պատ կա նաև Երուսաղեմի սուրբ Հարության տաճարի Գրիգոր Լուսավորչի հայոց սրահում, որտեղ քանդակված են հազարավոր խաչեր ի հիշատակ այստեղ այցելած մահտեսի հայորդի ուխտավորների, ովքեր, կյանքի գնով վտանգվելով, եկել, հասել էին Տիրոջ սուրբ Գերեզմանին: Կարծում եմ, ընթերցողն արդեն ընկալեց իմ առաջարկի ուրվագիծը, իսկ հիմա մանրամասնեմ: Եռաբլուրին կից տարածքը նախ Երևանի քաղաքապետի հրամանագրով պետք է հայոց ազգի սեփականություն հայտարարել ու ճարտարապետական լուծում տալ, թե ինչպես այդ տարածքում պետք է զետեղել միլիոնուկես խաչեր, որոնցից առաջինը պետք է լինի հենց բուն Էջմիածնից բերված մի հինավուրց և օրհնված խաչքար, իսկ մնացածը լրացնել Ջուղայի խաչքարերի պատճեն-խաչքարերով ու յուրաքանչյուր քրիստոնյա հայի բերած խաչով, թեկուզ և այն լինի փոքրիկ ու անտեսք, նույնիսկ իր ձեռքով սարքված, բայց ամենակարևորը` սրտից բխած նվիրատվություն լինի: Կարելի է այս գործի համար հրավեր ուղարկել նաև Հայաստանի արգելավայրերում իրենց պատժաժամանակը կրող մարդկանց, ովքեր գիտենք, թե ինչ ջանասիրությամբ են զանազան գեղեցիկ իրեր ու խաչեր պատրաստում` իրենց առատ ժամանակը նման ձևով կարճելով: Խաչաբլուրում անպայման պետք է լինի գրասենյակային ծառայություն, որտեղ պետք է գրանցվի յուրաքանչյուր անձի բերած խաչանվիրատվությունը և համապատասխան շնորհակալական փաստաթուղթ տրվի նվիրատուին, ի հիշատակ իր քայլի: Անձամբ ինքս մեծ ուրախությամբ կնվիրեմ Խաչաբլուրին տարիներ առաջ Երուսաղեմում ձեռք բերած մի Խաչ, վրան Գողգոթայի քարամասունքով: Հիշում եմ, որ այդ սուրբ քաղաքում, երբ ուխտավորները թանկարժեք նվիրատվություններ էին անում, ապա դրանք կախում էին մեծ մասամբ սուրբ Աստվածածնի սրբապատկերի վրա, ոսկե վզնոցի նման, ի նշան Երկնքի Թագուհուն երախտապարտ որդիների ընծայաբերության: Այդ ձևով էլ յուրաքանչյուր նվիրատուի խաչը կլինի իր յուրովի հարգանքի տուրքը եղեռնի Խաչաբլուր հուշարձանի միջոցով հիշատակվող զոհերին: Իսկ եթե կլինեն հարազատներ ու բարեկամներ, կամ էլ անունով հիշատակելի եղեռնի զոհերից, ապա կարելի է հենց այդպես էլ` նրանց անունով ընդունել այդ խաչընծայությունը: Իհարկե, Խաչաբլուրի տարածքում կհնչի հոգևոր մեղմ երաժշտություն եկեղեցու սուրբ Պատարագից, ինչը թե՛ այցելուներին, թե՛ եղեռնի զոհերի հոգիներին հոգեշահ կլինի: Կարծում եմ, այս մտահղացման համար առայժմ այսքանը բավական է, իսկ մանրամասների մասին` հետագայում, երբ կամոքն Աստծո այս ամենը մի օր էլ իրականության կվերածվի: Իսկ առայժմ մեր բոլոր ընթերցողներին, ովքեր ցավ են կրում եղեռնի զոհերի համար, թող իրենց նախնական հոգևոր լուման բերեն այս մեծ գործի համար, այսինքն` իրենց հաղթական աջակցությունը, իսկ ովքեր ունեն իշխանություն և կարողություն ավելին անելու համար, թող նրանք էլ այդ կերպ աջակցեն, մինչև մեր ազգի համապատասխան պաշտոնյաները կքննարկեն ու իրականության կվերածեն այս մտահղացումը:
ՈՒ ինչպես ժողովուրդն է ասում` առաջն Աստված: Եվ թող Տիրոջ սուրբ և հաղթական Խաչը օգնական և պահապան լինի Հայոց ազգին, թե՛ ննջեցյալներին ու նահատակներին, թե՛ ապրող ու մաքառողներին: Ամեն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ