Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հերմինե Նաղդալյան. «Այսօր տարածաշրջանային տնտեսական նախագծերը միտված են որոշ երկրների ներգրավմանը՝ մյուս երկրների բացառման հաշվին»

Հերմինե Նաղդալյան. «Այսօր տարածաշրջանային տնտեսական նախագծերը միտված են որոշ երկրների ներգրավմանը՝ մյուս երկրների բացառման հաշվին»
13.09.2014 | 00:29

Այս օրերին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հանդիպում են ԵԽԽՎ երկրների խորհրդարանների նախագահները: Հայաստանի Ազգային ժողովից խոսնակների երկու տարին մեկ կայացող համաժողովին մասնակցում է Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այսօր` նրա ելույթից առաջ ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը: Նա, ինչպես միշտ, հիշեցրել է «օկուպացված» 20 տոկոսը և 1 միլիոն փախստականներին, որոնց թիվը տարիների հետ չի պակասում ու չի ավելանում՝ հակառակ բնության օրենքների: Նա հնչեցրել է հայտնի կշտամբանքներն ու մեղադրանքները՝ դուք ժամանակին չկանխեցիք, չէիք կարևորում և այդ գործընթացները հանգեցրին հայտնի է թե ինչի. պարոն Ասադովը զուգահեռներ է տարել Ուկրաինայի հետ: Նա մեծ հայտնագործություն է արել՝ պետք չէ անջատողականությունը ինքնորոշման իրավունք համարել, տեռորիզմն ազատագրական պայքար չէ: Ադրբեջանի խորհրդարանի նախագահը, անդրադառնալով ներկա իրողություններին (Շոտլանդիայի և Կատալոնիայի առաջիկա հանրահավաքներին) և հաշվարկելով որոշակի երկրների շահագրգռությունները՝ առաջարկել է «սպեկուլյացիաներին» վերջ տալու համար կոնվենցիա ընդունել և ամրագրել, որ ինքնորոշման իրավունքը կարող է տեղ ունենալ միայն տարածքային ամբողջականության տիրույթներում: Փաստացի՝ ԵԽԽՎ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին Ադրբեջանի խորհրդարանի նախագահն առաջարկել է առաջնորդվել դիկտատորական նպատակահարմարությամբ: Նրա որակումներում ժողովուրդների ազատության և անկախության ձգտումները որակվում են սեպարատիզմ, իսկ միջազգային իրավունքի ընդունված նորմերը՝ սպեկուլյացիա:

Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը իր ելույթում շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի խորհրդարանի նախագահ Թոմեսենին՝ համաժողովի բարձր մակարդակով կազմակերպման համար և շնորհավորել է Նորվեգիայի Սահմանադրության 200-ամյակի առիթով՝ նշելով, որ այդ պատմական փաստաթուղթը իրապես հիմնարար է համարվում Եվրոպայում մարդու իրավունքների և հանդուրժողականության առումով: Տիկին Նաղդալյանն ասել է, որ մի քանի օրից Հայաստանը կնշի իր անկախության 23-ամյակը: Անկախության վերականգնումից հետո Հայաստանի համար գերակա է դարձել պետականության կառուցումը՝ ժողովրդավարական հասարակության, համաեվրոպական արժեքների, շուկայական տնտեսության, իշխանության ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայութան, մարդու իրավունքների պաշտպանության հիմքով:
Նշվել է, որ վերջին տարիներին երկրում իրականացվել են լայնամասշտաբ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության, կառավարութան գործունեության թափանցիկության, դատաիրավական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխիքներին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությանը: Քաղաքական ու տնտեսական բարեփոխումները հնարավոր են դարձել՝ շնորհիվ Հայաստանի ու եվրոպական հանրության, մասնավորապես Եվրոպայի խորհրդի, սերտ համագործակցության:
«Միջազգային բոլոր հարթակներում համագործակցության համար բաց լինելով և հանդես գալով հօգուտ ինտեգրացիոն գործընթացների՝ Հայաստանը նախևառաջ հարկադրված է ուշադության կենտրոնում պահել իր ռազմավարական շահերը, հատկապես փակ սահմանների ու իր սահմաններին կոնֆլիկտի առկայությամբ:
20 տարուց ավելի Հայաստանի նկատմամբ իրականացվող արհեստական ու անօրինական տրանսպորտային ու էներգետիկ շրջափակումը Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից խոչընդոտում է երկրի տնտեսության բնականոն զարգացմանը: Հայ-թուրքական սահմանը մինչ օրս մնում է Եվրոպայի միակ փակ սահմանը: Մենք վստահ ենք, որ անօրինական շրջափակումը պետք է միջազգային հանրության գնահատականը ստանա: Առանց նախապայմանների՝ Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու Հայաստանի նախաձեռնությունը ստացավ միջազգային ողջ հանրության աջակցությունը: Սակայն Թուրքիան նահանջեց իր պարտավորություններից ու վերադարձավ նախապայմանների նախկին լեզվին: Հայաստանը պատրաստ է առաջ գնալ, երբ Թուրքիան պատրաստ կլինի հրաժարվել արհեստական խոչընդոտներ հարուցելուց:
Ցավոք, այսօր տարածաշրջանային տնտեսական նախագծերը միտված են որոշ երկրների ներգրավմանը՝ մյուս երկրների բացառման հաշվին, դրանով խորացնելով բաժանարար գծերը, որ գոյություն ունեն տարածաշրջանում: Գլոբալացման մեր բուռն ժամանակներում աշխարհի տարբեր մասերում ինտեգրման գործընթացները դիտարկվում են տնտեսական զարգացման ու անվտանգության ապահովման այլընտրանք չունեցող կարևորագույն տարր:
Իսկ Հայաստանն ապրում է Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման մշտական սպառնալիքի տակ: Այդ երկրի նախագահ իր հրապարակային ելույթներում մշտապես պատերազմից է խոսում՝ հայերին թշնամի ներկայացնելով: Հենց դա է ատելության դրսևորումը, որի վտանգը երեկ իր ելույթում ընդգծեցին պարոն Թոմեսենը և ԵԽԽՎ նախագահ Բրասերը: Ավելին՝ այդ ատելության դրսևորումը, որը միջզգային հանրության համարժեք գնահատականը չի ստանում, իր «պտուղները» տվեց այս ամռանը, երբ Ադրբեջանը քանիցս խախտեց հրադադարի ռեժիմը, ինչն էլ հանգեցրեց բազմաթիվ զոհերի երկու կողմից էլ: Իր ժողովրդին կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը նաապատրաստելու փոխարեն Ադրբեջանը ավելի քան 20 անգամ մեծացրել է ռազմական ծախսերը: Հայատյացությունը դարձել է այդ երկրի պետական գաղափարախոսությունը: Ադրբեջանը փակել է երկրի մուտքը հայկական ծագում ունեցող մարդկանց համար՝ անկախ նրանց քաղաքացիությունց: Դա հենց քսենոֆոբիա է: Մեծանում է տխրահռչակ «սև ցուցակը» այն օտարերկրացիների, որոնց արգելված է Ադրբեջան մուտք գործել, որովհետև նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղ: Այդ ցուցակում ոչ միայն քաղաքական գործիչներ են, այլև՝ լրագրողներ, արվեստագետներ մարզիկներ: Մենք բոլորս ականատես եղանք՝ ինչպես վերջերս ԵԽԽՎ անդամ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեին հենց այդ պատճառով արգելեցին երկիր մտնել: Ադրբեջանական հասարակության՝ շփումներ հաստատելու, երկու երկրների միջև վստահության ձևավորմանը նպաստելու ցանկացած փորձ հանդիպում է իշխանության դիմակայությանը և դաժանորեն ճնշվում է: Հույս ունեմ, որ ԵԽԽՎ-ի No hate Parliamentary Alliance նախաձեռնությունը անկեղծ խոսակցության արժանապատիվ հարթակ կդառնա:
Ներկայացված խնդիրները տագնապահարույց են ոչ միայն տարածաշրջանի,այլև ամբողջ մայրցամաքի համար: Քաղաքակիրթ աշխարհում տեղ չպետք է ունենա ատելության ու անհանդուրժողականության քաղաքականությունը: Մեր հետևողական ջանքերը պետք է ուղղված լինեն առանց բաժանարար գծերի Եվրոպայի պահպանմանը: Չնայած առկա դժվարություններին ու մարտահրավերներին՝ Հայաստանն ընտրել է ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը իբրև բարեկեցության ու խաղաղ գոյության երաշխիք»,-ասել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Օսլոյում՝ ԵԽ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ