Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աննախադեպ համերգով մեկնարկեցին ՀՊԵՆ-ի նոր համերգաշրջանն ու Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը

Աննախադեպ համերգով մեկնարկեցին ՀՊԵՆ-ի նոր համերգաշրջանն ու Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը
17.09.2014 | 10:58

Սեպտեմբերի 16-ին հայաստանյան իրականության մեջ աննախադեպ համերգով մեկնարկեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր՝ 2014-2015 համերգաշրջանն ու Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը։

Առաջին անգամ Հայաստանում նույն բեմում Երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան հանրահայտ դիջեյ Սուիչը/DJ Switch (Միացյալ Թագավորություն) և Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը: Հանդիսատեսին ներկայացվեցին Գաբրիել Պրոկոֆևի ձայնարկչի և նվագախմբի համար կոնցերտը և Մայլս Հենքոքի ձայնարկչի, բիթբոքսերի և նվագախմբի կոնցերտը (համաշխարհային պրեմիերա):

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ նման ձևաչափով համերգ եղել է միայն Լոնդոնում։ Սերգեյ Սմբատյանը նշում է, որ իր աշխատանքային փորձը ցույց է տվել, որ միշտ պետք է փորձել որևէ նոր բան անել. «Մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ շատ ընդունված են փորձարկումները, և պետք է կարողանանք մարդկանց ճիշտ մատուցել նորարարությունները»։ Սերգեյ Սմբատյանը կարևորեց նաև աշխարհում հայկական մշակույթի տարածման ու պրոպագանդման խնդիրը, և Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն ու նրա շրջանակներում հանդես եկող հանրահայտ երաժիշտները նպաստում են հայկական մշակույթի հանրահռչակմանը։

Արամ Խաչատրյանի անվան փառատոնի բացման համերգը նվիրված էր Երևանի պետական համալսարանի 95-ամյակին և անցկացվում էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանու ներքո և Բրիտանական խորհրդի աջակցությամբ:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչը կարևորեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի անցկացումը։ Իսկ փառատոնի բացման համերգը տիկին դեսպանն անվանեց նորարարական և դասական երաժշտության խառնուրդ։ Ըստ Քեթրին Լիչի՝ Հայաստանի մշակութային կյանքը զարմանալիորեն հարուստ է։ Տիկին դեսպանը նշեց, որ Հայաստանում ինքը հաճախ է լինում դասական երաժշտության համերգների. իր երկու դուստրերը սովորում են լարային գործիքներ նվագել, և նրանց հաճախ համերգների է տանում, որպեսզի տեսնեն՝ շատ աշխատելու դեպքում ինչպիսի հաջողությունների կարող են հասնել։

Դիջեյ Սուիչը տպավորված էր Հայաստանով և հայ հանդիսատեսով։ Նա նշեց, որ նվագախմբերի հետ աշխատելու փորձառություն ունի։ Հայաստանյան նվագախմբի հետ առաջին անգամ է համագործակցում, և ըստ նրա՝ այդ համագործակցությունը ստացվել է։ Նա հույս հայտնեց, որ հետագայում նույնպես հնարավորություն կունենա նվագելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։

Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ այսուհետև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի համերգները դասական երաժշտության սիրահարները կարող դեն դիտել ուղիղ հեռարձակմամբ առցանց տիրույթում՝ փառատոնի պաշտոնական կայքէջում՝ www.akhif.am, ինչպես նաև նվագախմբի պաշտոնական էջում՝ www.syoa.tv:

Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հայաստանյան հանդիսատեսին սպասվում են հետաքրքիր անակնկալներ։ Ծրագրի շրջանակներում Երևանը հյուրընկալելու է հանրահայտ երաժիշտների՝ Զախար Բրոն, Վահագն Պապյան, Աննա Տիֆու, Ալեքսանդր Ռոմանովսկի, Նին Ֆեն, Մարիա Դոմաշենկո և այլք:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ