Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ին անհանգստացնում է սպառազինությունների կուտակման փաստը

ԱՄՆ-ին անհանգստացնում է սպառազինությունների կուտակման փաստը
17.09.2014 | 12:16

«Մենք անհանգստացած ենք սպառազինությունների կուտակման փաստից, ինչը սպառնում է խաղաղությանը և արդյունավետ բանակցություններին»,- Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը հրավիրված ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչքա՞ն են անկեղծ Մոսկվայի խաղաղար ջանքերը, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մինչև 2015-ի ավարտը Ռուսաստանը Т-90 տեսակի ևս 100 տանկ է մատակարարելու Ադրբեջանին: Ավելին, «Ռոսօբարոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի խորհրդականը տեղեկացրել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին կարող է վաճառել նաև հակահրթիռային համակարգեր, և Բաքվում այժմ քննարկում են այդ առաջարկը: Միլիարդավոր դոլարների զինտեխնիկայի ձեռքբերումից բացի, Ադրբեջանը նաև դիմել է ռուսական կողմին իր երկրի տարածքում զրահատեխնիկայի և ուղղաթիռների վերանորոգման և սպասարկման կենտրոններ կառուցելու առաջարկով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, իր անհանգստությունը հայտնելով սպառազինությունների կուտակման փաստի առնչությամբ, միաժամանակ ընդգծեց. «Մենք շատ սերտորեն ենք աշխատում ռուսների հետ, ես հաճախ եմ հանդիպում ռուսաստանցի համանախագահի հետ Մինսկի խմբի շրջանակում: Չնայած աշխարհի այլ կետերում ունեցած մեր տարաձայնություններին, այս հարցում մենք համաձայնության եկել ենք, մենք ցանկանում ենք համակարգել մեր դիվանագիտությունը, աշխատել միասին, և ես հույս ունեմ, որ որպես միջնորդներ կկարողանանք հասնել խնդրի երկարատև կարգավորման»:
Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ռուսաստանցի գործընկերոջ հետ քննարկո՞ւմ են Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զինտեխնիկա վաճառելու հարցը և դրանից բխող վտանգները, Ջեյմս ՈՒորլիքն ասաց, թե դա այն հարցը չէ, որով համանախագահները պետք է անմիջականորեն զբաղվեն, բայց իրենք խոսում ենք այն բռնությունների մասին, որոնք տեղի են ունենում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: «Մենք անհանգստացած ենք տեղի ունեցող բռնությունների, մահերի և վիրավորների առկայության փաստով: Եթե ցանկանում ենք հասնել երկարատև խաղաղության, բռնություններին պետք է վերջ դրվի և հրադադարը պետք է հարգվի», - ասաց ամերիկացի համանախագահը:
Ի պատասխան հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու սահմանային միջադեպերն ու հրադադարի խախտումները կանխելու համար, Ջեյմս ՈՒորլիքն ասաց , թե ԵԱՀԿ-ի կողմից եղել են առաջարկներ կողմերի միջև վստահության հաստատման ուղղությամբ, բայց խնդիրն այն է, որ բոլոր կողմերն էլ պետք է ընդունեն դրանք: «Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բռնությունների կրճատմանն ուղղված ցանկացած քայլ կարևոր է և կողմերը դրանք պետք է ընդունեն: Խնդիրն այն է, որ շատ դժվար է իմանալ, թե ինչպես են բռնությունները սկսել և ով է դրանց համար պատասխանատու: Փաստն այն է, որ մի կողմը մեղադրում է մյուսին»,- ասաց համանախագահը։
Նա կարծում է, որ ժամանակը եկել է, որ բանակցությունները դրվեն նոր մակարդակի վրա, ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող նախագահների կամ արտգործնախարարների հանդիպումները բավարար չեն: «Իմ հարցադրումը Հայաստանին և Ադրբեջանին հետևյալն է՝ ինչո՞ւ չի կարող լինել բանակցային գործընթաց: Մենք չենք ցանկանում կանխորոշել արդյունքները, մենք չենք խնդրում կողմերից և ոչ մեկին գնալ զիջումների, մենք խնդրում ենք, որ բանակցային գործընթացը սկսվի»,- ասաց ամերիկացի համանախագահը:
ՈՒորլիքն ասաց նաև, թե ակնկալում է, որ մյուս շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ